ԻՆՉՈ՞Ի ՀՈՒՍԵՅՆԸ, ՄՈՒԲԱՐԱՔԸ, ԱՍԱԴԸ ԵՎ ՈՉ՝ ԱԼԻԵՎԸ… / Սամվել ԿՈՍՅԱՆ

Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել հակահայկական և ռազմատենչ հայտարարու­թյուններով, հավաստիացնելով, թե իրենց կհաջողվի «վերականգնել պատմական արդարությունը և իրենց դրոշը ծածանել Լեռնային Ղարաբաղում»: Ապա հավելել է, որ մի օր իրենք բնակվելու են իրենց «պատմական հողերում»՝ Երևանում, Սևանում և Զանգեզուրում: Ալիևյան նման վարքի տրամաբանությունը կարծես հասկանալի է, մինչև նախագահական ընտրություններ ավելի զառանցագին ու ցնորամիտ մտքերի հրավառություններ ու սադրանքներ կլինեն, անհասկանալին նրա ուղեղի կազմախոսությունն է, որի մանկամիտ ձևակերպումները ավելի անմեղսունակներին են հատուկ: Չնայած տեղի իշխանությունները փորձում են համոզել, որ Ալիևին այլընտրանք չկա, այդուհանդերձ, անկանխատեսելի ու շարունակական են Բաքվի իշխանության՝ քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշումները: Human Rights Watch միջազգային կազմակերպությունը 100 էջանոց զեկույց է հրապարակել, ըստ որի. «Նման քաղաքականությունը նպատակ է հետապնդում նվազեցնել ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, սահմանափակել իշխանության հրապարակային քննադատությունն ու ապահովել պետության վերա­հսկողությունը ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ»: Բաքվի բանտերը լիքն են ընդդիմադիր գործիչներով, որոնց մեծամասնությունը դատա­պարտված է «թմրամոլության» կամ թմրանյութեր տարածելու կասկածելի մեղադրանքով: Ալիևյան կլանը բոլոր անթույլատրելի միջոցներով փորձում է ժողովրդին ներշնչել Ալիև կրտսերի գերազանցությունը, ում օրոք երկիրն աննախադեպ հզորացել է, կարևորվել է նրա դերն աշխարհում, ինչը թույլ է տալիս ամբարտավան լինել ոչ միայն Հայաստանի, այլև ավելի ուժեղների հետ: Ինչպես նշում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան (1994-1997թթ.) Ռիչարդ Կոզլարիչը, ազերի իշխանություններն այնպես են ներկայացնում, թե այժմ Ադրբեջանն Արևմուտքին ավելի շատ է պետք, քան Արևմուտքն՝ Ադրբեջանին, ապա ներկայացնում է իրական պատկերը. «Վերջին 20 տարիներին Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունները կտրուկ փոխվել են: ԱՄՆ-ն հեռանում է Աֆղանստանից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի դերը, որպես ՆԱՏՕ-ի գործողությանն աջակցող պետության, նվազում է: Բացի այդ, էներգետիկ ռեսուրսների հանդեպ Եվրոպայի պահանջարկն այլևս չի ավելանում: Եվրոպայում տեղական գազի օգտագործման գործընթաց է ընթանում: Այդ առումով Ադրբեջանի նշանակությունն այնքան մեծ չէ, որքան առաջ: Ընդհանուր առմամբ, եթե այսօրվա իրավիճակը համեմատենք նախորդ 5 տարիների հետ, ապա կկարողանանք վստահությամբ ասել, որ Ադրբեջանի նշանակու­թյունն Արևմուտքի համար նվազել է»: Այդուհանդերձ, որքան մոտենա հոկտեմբերի 9-ը, ազերիների քարոզչական փուչիկն անհավատալի չափեր է ընդունելու՝ ավելի ու ավելի շեղվելով քաղաքակրթության մայրուղուց: Ազերիները միջազգային դիտորդական խմբերին էլ են ընտրությամբ ընդունում և անհաճոներին մերժում են անգամ դիվանագիտական հե­տևանքներից չխորշելով: Ինչպես հայտնում է asbarez.com կայքը, Բաքուն նույնիսկ չեղյալ է հայտարարել ամերիկյան կողմի նախընտրական այցը Ադրբեջան, որին ի պատասխան, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն իր խորին ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը խոչընդոտել է ամերիկյան պատվիրակության մուտքը երկիր, ինչի հետևանքով պաշտոնական նախընտրական այցը տեղի չի ունենա: Ադրբեջանի կառավարության գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում այն մթնոլորտի վերաբերյալ, որը տիրելու է հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն ապահովել ազատ ու արդար ընտրական գործընթաց, որը կարտացոլեր ժողովրդի կամքը»: Սակայն Բաքուն վաղուց է խլացել խելամիտ կոչերի համար, իսկ նախընտրական շրջանում ընդհանրապես խցանված են նրա ականջները: Այդ երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին միջազգային հանրության կոչերը աշնան տերևների պես մի պահ երևալով՝ ոտնատակ են գնում: Բաքուն ռազմատենչ է, Բաքուն զինվում է, ժողովրդավար չէ, տնքում է բռնապետությունից, կոռուպցիան կենսաձև է, ընտրությունները՝ կեղծ ու բեմադրված…
Ուրեմն, ինչո՞ւ Սադամ Հուսեյնը, Հոսնի Մուբարաքը, Ասադը և ոչ՝ Ալիևը: Այդ ինչպե՞ս է, որ նրանք խանգարել կամ խանգարում էին Արևմուտքին, Ալիևը՝ չէ: Հարցը հռետորական չէ, այլ թեմա` բարոյական քննարկումների համար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։