Թվում է` տղամարդու և կնոջ սիրո առեղծվածն է լուծելու Զորայր Խալափյանն իր «Արա Գեղեցիկ և Շամիրամով», որ ինքն անվանել է «պատմաէրոտիկ սիրավեպ»: Եթե այս դիտանկյունից նայելու լինենք նրա ասքապատումին, ավելի ևս կխճճվենք: Այստեղ մի քանի անգամ ասվում է, որ սեր հասկացությունն առաջին անգամ մարդկային կյանք մուտք գործեց վեպի հերոսների ապրած, վայելած, տվայտած, հաճախ կախարդական, հաճախ հերոսական, նաև` անչափ անգութ կյանքում: Օնեսը Շամիրամին բնորոշելիս ասում է, որ նրա մեջ բացակայում է գթասրտությունը: Եվ այսպես սկսվում է հակասությունների մի մեծ շարք` էրոտիկայի, վեհության, կրքի, ստորության, փառատենչության` փառահեղ, խելացնոր դրսևորումներով: Մարդկային այս հատկանիշներին ավելի կամ պակաս չափով հանդիպելու ենք Խալափյանի կերտած մյուս կանացի դիմանկարներում: Բայց եթե այդ կանայք ու նրանց սերերը, առեղծվածային լինելով, ինչ-որ չափով բացատրելի են, ապա Շամիրամի սերը բոլորովին այլ նյութից է հունցված: Թերևս նրա կրքերի բուռն, անսանձ լինելը փոքր-ինչ մոտենում է «Մեռնող հառնողի» Աշխենին, Անահիտին, «Ջերմանց մխիթարության» Գայանեին և «Վասիլ Մեծի» Ղլիկերիային, սակայն սրանք միմյանց մոտենում են այնքան, որքան միմյանց գրեթե քսվելով անցնող չորս տարբեր մոլորակներ: Եթե Աշխենը անեծքների ու մարդկանց աչքերից հեռու գիշերային պարերի մեջ էր գտնում իրեն համակած կրքերը լիացնելու հնարը, եթե այլազգի Ղլիկերիան ազատության զավակն էր իր բնույթով, ապա Շամիրամի կիրքը հագեցնող սահմաններ չկան, և այս օտարազգի, կիսաստված գեղուհին աշխարհից ոչինչ չունի թաքցնելու, այլ կարծես ամեն ինչ հատուկ ի ցույց է դնում: Սրա մեջ է նաև նրա հմայքն ու ընթերցողի վայելումը:
Իր էությունը թաքցնելու, ավելի լավը երևալու ջանքերի բացակայությունը Գայանեի («Ջերմանց մխիթարություն») քարուքանդ եղած էության հատկանիշն է նաև, որին միայն խալափյանական գեղագիտությունը կկարողանար բարձրացնել իր նսեմությունից: Նա թքած ունի հասարակական կարծիքի վրա: Անում է բաներ, որ միանգամայն հակադիր են հայ կնոջ մասին մեր գրականության պատմության մեջ գրեթե տեղ չունեցող պատկերացումներին: Նրան վիճակված է Խալափյանի կերտած ողբերգական կին կերպարներից ամենաողբերգականը լինել, և իր գրական ծնունդով սա երևի թե սկիզբն էր հայ կին արարածի հանդեպ նոր հայեցակետի, որ առայժմ մնում է բացառություն: Գայանեն, 2-րդ համաշխարհայինից հետո կենդանի մնալով, զոհ էր ավելի, քան միլիոնավորները, որ պատերազմում կնքել էին իրենց մահկանացուն: Որպես փշուր-փշուր եղած ավերակ` նրան այլևս չէր հանդուրժում ոչ մի միջավայր, բացի իր եղբոր ընտանիքից: Նրա հոգեկան խանգարվածությունը ստիպում էր խորտակել շուրջը եղած ամեն ինչ: Աշխենը («Մեռնող հառնող»)` այդ չարացած վհուկը, այնուամենայնիվ իր բնական միջավայրում է, իսկ Գայանեն ապրում էր Բաքվում և դուրս էր շպրտվում բոլոր միջավայրերից` որպես օտար մարմին: Այսպես եղավ, որ Աշխենը պիտի ապրեր ու շարունակեր անիծել, իսկ Գայանեն պիտի ինքնասպան լիներ, կախվեր:
Խալափյանի կերտած կանանց պատկերասրահը բազմազան է: Այնտեղ գրեթե չեն կրկնվում մեկմեկու գծերը, բացի «Մեռնող հառնողի» երկու Անահիտներից, որոնցից մեկը` ժամանակակիցը, եթե պարզունակ մոտենանք, մեր հին աստվածուհու վերամարմնավորումն է: Նրանցից յուրաքանչյուրի մեջ էպիկական անխառն պարզությամբ հայ կնոջ գեղեցիկ հատկանիշներից մեկն է ընդգծվում: Արևհատը («Միջնաշեն») և՛ իրական է իր դաժան, ճանաչելի ճակատագրով, և՛ բարձրանում է իրականությունից իր դյուցազնական ուժով, կարողանում է դեպքերի վրա վճռականորեն ազդել, ինչպես հայրը` դարբին Յավրին էր իր դրոշմը դնում իր կոփած իրերի վրա: Նա հոր եղերական մահվանից հետո ձեռքն առավ դարբնոցը, և դա իր ուժերից վեր չէր: Իր ամուսին Հովսեփի թուլությունը, սայթաքումներն իրենը համարեց. հավատարիմ կին մնալով նրա մահվանից հետո էլ, զավակին կորցնելուց հետո էլ` մնաց Չալունց հարսը, երբեք չբողոքեց: Նրա, ինչպես և Անտիկի («Որտե՞ղ էիր…»), Հռիփսիմեի («Երիցուկի թերթիկներ») սերերը սխրանքի հասնող վեհանձնություն են նաև…
Խալափյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամի», ինչպես և նրա շատ այլ գործերի մասին երկար պետք է մտածել, պետք է խոսեն շատերը, քանի որ այս բազմաբարդ ստեղծագործությունները ենթակա չեն միանգամյա մեկնաբանության: Այս ասքի, ինչպես և նրանում Շամիրամի էության շերտերը մեկ առ մեկ, ինչպես գրականագիտական, նույնպես և հոգեբանական, փիլիսոփայական դիտարկման մեծ նյութ են: (Այս առումով արժանին պետք է հատուցել Ժ. Քալանթարյանին իր «Արա Գեղեցիկ և Շամիրամ» բարձրարժեք ուսումնասիրության համար և նրա արծարծած դրույթներին պետք է մանրազնին հետևել այս գործը վերլուծելիս): Այստեղ Խալափյանը խոսում է սիրո վերարժևորման մասին, որի մեջ համբույրը կարծես թե Շամիրամի նորարարությունն էր` պետք է փոխեր այս զգացումի ողջ համակարգը: Բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվում, և սերը մնում է զգայական աստիճանի վրա: Խալափյանը, բուն պատմությունն սկսելուց առաջ, խոսք է բացում աշխարհի երեք «նշանավոր կանանց»` Կլեոպատրայի, Նեֆերտիտիի և Շամիրամի մասին, ասելով, որ երեքն էլ առնչվում են հայոց պատմությանը: Ինչո՞վ է սակայն նրանցից տարբերվում 19-րդ դարի երեսառած, հանդուգն գնչուհին, մաքսանենգների գործընկեր Կարմենը: Գուցե նրանով միայն, որ նրա մասին ստեղծված հանճարեղ օպերան, նախերգանքից սկսած, հանդիսականին պահում է հիպնոսի տակ: «Ես քեզ սիրել չեմ կարող, իսկ ապրել քեզ հետ չեմ ուզում»,- ասում է Մերիմեի Կարմենն իր հրապույրների որոգայթում հայտնված Խոսեին:
Շամիրամն անկանխատեսելի է… Գուցե սա՞ է կին լինելու գաղտնիքը… Անկանխատեսելին լուրջ հասկացություն է, նույնիսկ անչափ լուրջ… Չէ՞ որ պատերազմների ելքը հաճախ որոշվում է հենց սրանով: Եվ այս հատկանիշն է, որի վրա կենտրոնացել է Խալափյանը և ճիշտ է արել: Հենց անկանխատեսելի շրջադարձները չե՞ն գրականության և հատկապես դետեկտիվ կամ ֆանտաստիկ գրականության խայծերը, որոնցից մեկը երբ թուլանում է կամ պրկվում, լուծվում է հանգույցը:
Երբ Արան բացահայտեց Շամիրամի գաղտնիքը, չշահեց ոչինչ, բայց մեծապես շահեցին անձնազոհություն, պատասխանատվություն գաղափարները: Անկանխատեսելին, սակայն, ունի իր աստիճանները` պարզագույնից մինչև հանճարեղը: Ինչ վերաբերում է կնոջ և տղամարդու սիրուն, ապա սրա անբացատրելությունն անսահմանափակ է, ինչպես ԱՍՏՎԱԾ է անսահմանափակ, և ՆՐԱ առաջադրած տիեզերականությունը, որից որքան, երբ և որտեղ նվաճել-ստանալը, ավա՜ղ, թողնված է մեր կամքին: