Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ԱՇԽԱՐՀԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

«Փոխադարձ անհասկացվածության վտանգն իրական է». Եվրաատլանտյան անվտանգության առաջնորդների խմբի հայտարարությունից

Բոլորիդ համարում եմ իմ ընկերը,
Մենք միասին կերել ենք
Մեղրահացը
Աստղային մեղուների,
Իրար հետ խմել ենք ջուրը
Հույս-անձրևների,
Երազանքների ձյան
Եվ նստել մի սեղանի շուրջ,
Նա կլոր է լիալուսնի պես
Եվ հենվում է բանաստեղծության ոտքերի վրա:
Մենք ընկեր էինք մանուկ ժամանակ
Շներին ու կատուներին,
Միավորել է սերը գիշերվա վախից շողացող,
Մենք փնտրել ենք բացատ արևոտ օրվա,
Մենք ոտաբոբիկ տրորել ենք կավը
Ապագայի աղյուսաշեն տան:
Ա՜խ, սիրելի՛ ղեկավարներ,
Այն խաղը մեր մանկական` «Կռիվ-կռիվ», ի վերջո
Վերածվել է համակարգչայինի
Եվ իրական դոփում է աջ ու ձախ:
Մայրս կասեր. «Ամոթ է, տարիքն առած մարդ եք»:
Ա՜խ, միամի՛տ մայրեր,
Ախր դուք եք ծնել այսքան ճանկերը սուր գեներալների
Եվ գաղտնի գործակալներ Լուցիֆերի:
Եվ զենքերն էլ, կարծեմ, օդից չեն ընկել,
Ձեր ծնած գիտուններն են հորինել միամիտ հավատով,
Թե հանուն խաղաղության
Աշխարհի կործանման նոր գաղափարներ են անհրաժեշտ:
Սիրելի՛ մայրեր,
Դեռ ոչ մի գրող չի զսպել բռնակալի կիրքը`
Սպանելու, տիրելու:
Դեռ ոչ մի տիրակալ լուրջ չի ընդունել
«Աստվածաշունչը», «Աստվածային կատակերգությունը»,
«Իլիականը» կամ չի հավատացել
Գառան պես արածող հեքիաթների:
Աշխարհի մեծարգո՛ ղեկավարներ,
Լիրիկայով Ձեզ հետ խոսելը
Միակ քարեդարյա զենքն է բանաստեղծի ու ընթերցողի,
Այս բրածոների
Ատոմային զենքը` երբեք չպայթող,
Չոչնչացնող խիղճն է:
Պոետները չեն ընդունում
Ինքնասպան ռումբերի և հուդաների հանդեպ
Խղճահարություն:
Պատմության հուշատախտակին անունը գրվում է հրի լեզվով,
Լաբորատորիայում անջնջելի կրիչների
Ղեկավարներից ոմանց անուններն
Առավել ապրում են ծծմբաթթվի լուծույթի մեջ,
Եթե անգամ երկրներ են հեծել արքայավայել
Կամ զարկված առյուծի
Եվ կամ զոհված կայսրության գահի:
Դա է պատմության քիմիական դատաստանը,
Տեսեք` Ձեր պատճառով ուր է հասել երկրագունդը.
Նա ճղճղում է`
Մորթվելու հոտն առած խոզի պես
Եվ խոժոռ հայացքով
Արմագեդոնի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.