Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ – Պարո՛ն Բեգլարյան, Դուք գրողների, ժուռնալիստների և թատերական միությունների անդամ եք, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ – Տասնհինգ տարեկանից մինչև այսօր պատմվածքներ, բանաստեղծություններ ու պիեսներ եմ գրում, տասը տարեկանից բեմում եմ, քառասուն տարի էլ հանդես եմ գալիս նաև որպես ռեժիսոր: Վաղ հասակից թղթակցել եմ թերթերին, հիսուն տարի մամուլի հաստիքային աշխատող ու խմբագիր եմ եղել, այնպես որ, երեք «միությունները» վաղուց սերտացել, նույնացել են կյանքիս և էությանս հետ, մանավանդ` ստեղծագործողի համար պետք է տարբերություն չլինի, թե որտեղ ու ինչ բնագավառում է հոսում իր մտքի թանաքը, կարևորը ստեղծագործելն է, մարդու, կյանքի մասին գրելը: Կյանքի, որը պետք է ընկալել, ապրել ու նրա մասին գրել ամբողջական և ոչ թէ զատ-զատ:
Ռ. Մ. – Գրում եք պատմվածքներ, բանաստեղծություններ, պիեսներ: Ավելի շատ արձակագի՞ր եք, բանաստե՞ղծ, թե՞ դրամատուրգ:
Ս. Բ. – Բոլորը միասին եմ, գումարած` դերասանությունը: Այլ բան է, որ մարդիկ տարբեր «Սամվել Բեգլարյան» են սիրում կամ չսիրում:
Ռ. Մ. – Վերջերս արժանացաք Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: Արժանացել եք գրական մրցանակների, մի շարք պատվոգրերի: Ի՞նչ նշանակություն ունեն պարգևները, Ձեզ գնահատվա՞ծ եք զգում:
Ս. Բ. – Բազմաթիվ գրական մրցանակներ եմ ստացել, բարձր գնահատվել թատերական փառատոներում, երկու անգամ արժանացել եմ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: Գնահատվելը միշտ էլ ցանկալի ու հաճելի է, մի տեսակ ստեղծագործական մանանա է, և չեմ հավատում նրանց, ովքեր ասում են, թե մրցանակները կամ գնահատականները նշանակություն չունեն իրենց համար: Ինձ համար ունեն, և հաճույքով կստանամ նորերը, եթե արժանի լինեմ:
Ռ. Մ. – Վերջին շրջանում Դուք հաղթահարեցիք «քաղցկեղ» կոչվող չարաբաստիկ հիվանդությունը: Հասկանալի է` մեր փորձառու բժիշկների օգնությամբ: Փառք ու պատիվ բժիշկներին, բայց հոգեկան ծանրությունը Դո՛ւք հաղթահարեցիք, ինչպե՞ս արեցիք, ովքե՞ր օգնեցին:
Ս. Բ. – Հիվանդությունը Հադրութում հայտնաբերվեց, երբ կամավոր քառօրյա պատերազմի առաջնագիծ էի մեկնել: Բժիշկն ասաց, որ անհապաղ պետք է վիրահատվեմ, բայց մեկ ամիս մնացի այնտեղ, հետո էլ, չնայած վիճակիս, մեկնեցի Ծովինար ԵԿՄ ճամբար` դասախոսություններ կարդալու, ապա նոր գիրք, թատրոն, զանազան գործեր, և երբ ժամանակ գտնվեց նորից բժշկի դիմելու, պարզվեց, որ ուռուցք եմ «վաստակել»: Մեկ տարվա ընթացքում` վեց քիմիաթերապիա, վիրահատություն և երեք բեմադրության ռեժիսոր ու գլխավոր դերակատարում: Դժվար կհավատաք, բայց փաստ է, որ այդ ընթացքում միայն քիմիաթերապիայի օրերին եմ բացակայել, վերադարձել երկու հարյուր կիլոմետր ու շարունակել եմ փորձը: Թատրոնից ամենաերկար բացակայությունս վիրահատության մեկ շաբաթն է եղել: Շնորհակալ ու երախտապարտ եմ բժիշկներ Ներսես Բերբերյանին և Լիանա Լեոնիդովնային: Բայց ինչպես երևում է` «թատրոնաթերապիան» էլ է լավ բուժում: Այնուամենայնիվ, չար ու անողոք հիվանդությունից շատ քիչ ազատվելը, դիմակայելը կամք ու մեծ ծախսեր է պահանջում: Միշտ կատակում եմ. «Նա, ով չի ցանկանում մեռնել, ստիպված է ապրել»:
Ռ. Մ. – Ձեր կարծիքով, ժամանակակից հայ գրականությունը մեր բազմադարյա գրականության պատմության մեջ ի՞նչ տեղ ունի:
Ս. Բ. – Բազմադարյա մեր հզոր և իմաստուն գրականության ժառանգորդն ու շարունակողը լինելու մեծ ու պատմական պատիվ:
Ռ. Մ. – Ձեր խորհուրդը մեր երիտասարդ գրողներին:
Ս. Բ. – Չմեծամտանալ, անկեղծ լինել և չստել: Երբեք չմտածել, որ իրենք լավն են ուրիշներից և երբեք չմտածել, որ ուրիշները լավն են իրենցից: Գրականությունն անտառ է` տնկիներն ու երիտասարդ ծառերը կչորանան, եթե հսկա ծառերի ստվերները չլինեն, հաստաբուններն էլ մի օր կվերանան, եթե նորերով չփոխարինես:
Ռ. Մ. – Դուք այն եզակի ազատամարտիկներից եք, որ մասնակցել եք ազատամարտին, քառօրյային և, ընդհանրապես, միշտ եղել եք սահմանի մոտ: Պատերազմի թեմաներով ունե՞ք պատմվածքներ, հուշագրություններ, բանաստեղծություններ: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի թեման մեր գրականության մեջ:
Ս. Բ. – Ոմանք այսօր հայրենապաշտպան պատերազմին իրենց մասնակցությունը հերոսություն ու նվիրյալություն են համարում: Արդեն երեսուն տարի երկրի պաշտպանության դիրքերում եմ, սակայն միշտ համարել ու այսօր էլ համարում եմ ընդամենը պարտականություն: Հայրենիքի հետ առևտուր չպետք է անել, հայրենիքին միշտ պետք է վերադարձնել ու ծառայել իր զավակը լինելու հպարտության և արժանապատվության համար: Միշտ եմ ասել. հայրենասիրությունը, նրա կանոնը սահմանին է սահմանվում:
Ցավոք, Արցախյան գոյամարտը արդարացի, ճշմարիտ չի ներկայացվել ու ներկայացվում. թե՛ հեռուստատեսությունը, թե՛ գրականությունը, թե՛ մամուլը այն մատուցում են որպես ընդամենը տասնյակ մարդկանց հերոսապատում: Հերոս բառը դարձել է ամենաշատ ու նամանավանդ անտեղի գործածվողը, մինչդեռ պատերազմին մասնակցելը հազվադեպ է հերոսություն դառնում: Մի՛ զարմացեք, բայց դա ընդամենը գործողություն է, ազատամարտիկի աշխատանք:
Հարցազրույցը վարեց
Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆԸ