Մեր ժամանակ, երբ միջնակարգ կրթությունը տասնամյա էր, 5-րդ ու 6-րդ դասարաններում անցնում էինք ձևաբանություն (հայոց լեզվի ուղղագրություն), իսկ 7-րդ և 8-րդ դասարաններում` հայոց լեզվի շարահյուսություն, և վերջ:
9-րդ ու 10-րդ դասարաններում անցնում էինք հայ գրականություն միայն, բայց մեզ նշանակում էին նաև հայոց լեզվի կիսամյակային գնահատականներ` հիմք ընդունելով շարադրություններում առկա հայոց լեզվի մեր իմացությունը ներկայացնող գնահատականները:
Շարադրությունները գնահատվում էին հինգ բալային համակարգով. երկու թվանշանով: Շարադրության տակ դրվում էր, օրինակ` այսպիսի գնահատական` 5/5, որոնցից մեկը հայ գրականության գիտելիքդ էր գնահատում, մյուսը` հայոց լեզվին տիրապետելու մակարդակդ: Դա հեռավոր 1971 և 1972 թվականներին էր…
Խորհրդային Հայաստանի բոլոր բուհերում ընդունելության քննությունների մեջ ներառված էր նաև հայոց լեզվից գրավոր շարադրություն: Անձամբ ես ընդունվել եմ ֆիզիկայի ֆակուլտետ` հանձնելով հայոց լեզվից գրավոր շարադրության քննություն և դրանից հետո ուսանել եմ միայն մասնագիտական առարկաներ: Իրականության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ այդ տարիներին պարտադիր դասավանդվում էին նաև այնպիսի առարկաներ, որոնք ապահովում էին խորհրդային համակարգի քարոզչությունը. գիտական կոմունիզմ, ՍՄԿԿ պատմություն…
Փաստորեն, 8-րդ դասարանից հետո մեզ դպրոցում հայոց լեզու չէին դասավանդում, բայց այդ համակարգում ստացած գիտելիքներն ինձ բավարարում են բավականին կիրթ ու գրագետ գրավոր խոսք ուղղել ցանկացած լսարանի, և դա, կարելի է ասել, անում եմ մինչև 8-րդ դասարանը ստացած հայոց լեզվի գիտելիքների պաշարով. իհարկե, ընթերցանությունն էլ, որ ինքնակրթության բաղկացուցիչ բաղադրիչ պիտի համարել, իր դրական ազդեցությունն է ունեցել իմ լեզվական գիտելիքների խորացման մեջ:
Այնպես որ, բուհերում հայոց լեզվի դասավանդման շուրջ ծավալված այս օրերի վեճն իմ անցած կրթական համակարգի տեսանկյունից բավականին ծիծաղելի է:
Կրթական բարեփոխումներ անվանման տակ, առանց լուրջ փորձագետների մասնակցության` կիսագրագետների թեթև ձեռքով բոլոր ուսումնական ծրագրերը ոչնչացրել եք ու խրվել ճահճի մեջ:
Դպրոցներում առարկաների դասավանդման իրականությունից բոլորովին անտեղյակ, իրենց կյանքում երբևէ մի երեխայի դաս չսովորեցրած որոշ «գրանտակերներ» դպրոցների համար դասագրքեր են «գրել» և կրթության վիճակն էս օրին հասցրել…
Ու քանի ուշ չէ` մտածեք էս ողբալի վիճակից կրթական համակարգը փրկելու մասին, ոչ թե կեղծ ու խառնակիչ օրակարգերով ելույթներ ունեցեք…