Գրականության պատմությունը պլագիատի հարուստ փորձ ունի: Շնորհազուրկ (երբեմն նույնիսկ շնորհալի) գրողը բոլոր ժամանակներում ինքնահաստատման մոլուցքով սեփականել է այլոց ստեղծած գեղարվեստական պատկերն ու պատկերավորման միջոցը, սյուժեն ու թեման, ոճն ու հանգերը և այլն, դրսևորելով հազար ու մի վարպետ հնարանքներ ու եղանակներ, հետամուտ իր առջև դրված միակ ու գլխավոր նպատակին` որքան հնարավոր է աննկատ, թաքուն, քողարկված անցնել ուրիշի բացած ճանապարհով: Եվ հաճախ այնքան նուրբ ու անթափանց է կատարվել թալանն այլոց պարտեզից, որ հմուտ գրականագետները չեն էլ կարողացել մի կարգին կողմնորոշվել` դա ա՞յն է, ինչ որ մտածում են իրենք, թե՞ պարզապես չմարսված գրական ազդեցություն: Հակառակ դեպքում, եթե ցցուն է պլագիատը և արարքը` թափանցիկ, պիտի չքմեղանան Մկրտիչ Սարգսյանի հաշվապահ-բանաստեղծ հերոսի նման, որը ճիգ ու ջանք էր գործադրում` համոզելու խմբագրին, որ իր արտագրությունը Թումանյանից որևէ կապ չունի թումանյանական Լոռվա ձորի հետ, քանի որ ինքը նկատի է ունեցել էն Զանգվի ձորի «ժայռերը խորունկ, նոթերը կիտած»:
Գրադարանում ձեռքս առա Ժաննա Հակոբյանի ոչ ավել, ոչ պակաս «Ճակատագրով դատապարտվածները» վերնագրված վեպը, որ լույս է տեսել 2019 թ. («ՎՄՎ-պրինտ» հրատարակչություն): Պարզեցի, որ իսկապես այս ճակատագրով դատապարտվածները ուրիշ ճակատագրով դատապարտվածներ են, Մկրտիչ Սարգսյանի պատկերած Երկրորդ աշխարհամարտի հայկական լեգեոնի խիզախ ու անվեհեր զինվորները չեն, այլ մեկ այլ ժամանակների` 20-րդ դարասկզբի դրամատիկ անցքերի ականատես ու դեպքերի մասնակից մարդիկ, և երբ ծանոթացա հեղինակի «ճակատագրի» մասին գլխիվայր շրջված «փիլիսոփայական» մեկնաբանությանը. «…Եթե ձևավորելու լինենք այն միտքը, որ մարդն է իր ճակատագիրը ստեղծում (՞), այնքան էլ իրավացի չենք լինի, քանզի գոյություն ունեն նաև արտաքին հանգամանքներ, որոնք փոխում են մարդու ճակատագիրը (՞): Մարդը ոչ իր մեղքով կարող է հայտնվել տարբեր իրավիճակների մեջ (՞): Իզուր չեն ասում, որ ճակատագրից չես կարող փախչել: Ոչ ոք չի կարող գուշակել, թե իրեն ինչ ճակատագիր է սպասվում», հասկացա, որ այս տողերից հետո էլ չեն գործելու ֆատալիզմի, նախասահմանվածության մասին բոլոր դասական ըմբռնումները: Եվ, ուրեմն, ճակատագիր բառի իմաստային ձևախեղումից արդեն միանգամայն հասկանալի դարձավ վիպասանուհու ստեղծագործության վերցնովի, անինքնուրույն, արհեստադիր վերնագրի իրողությունը: Ես շտապեցի գտնել գրքում հարգալից որևէ ակնարկ, հղում, գուցե մի տեղեկություն, թե ինչու է հեղինակը որոշել իր վեպը վերնագրել Մկրտիչ Սարգսյանի` 1965 թ. հրապարակած հանրահայտ վեպի անունով, և չգտա: Բայց փոխարենը շատ պարզ մի արդարացում գտա. Ժաննա Հակոբյանը ծանոթ չի եղել Մկրտիչ Սարգսյանի վեպին, թեև այն քանիցս վերահրատարակվել է, վերջինը` 2015-ին, բայց սա էլ քննություն չբռնեց` պարզվեց վիպագիրը նաև բան. գիտ. թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, քննություն է հանձնել արդի հայ գրականություն առարկայից: Այս առումով մի փոքր նեղսրտեցի, հրատարակչությունում գիրքը խմբագրական տարբեր փուլերով է անցնում, գիտակ մարդիկ են կյանքի կոչում գիրքը, վեպը գրախոսվում է «Գրական թերթում» (Ռ.Գալստյան, 22.11.2019, N 38), մի՞թե որևէ մեկը չհուշեց, չզգուշացրեց հեղինակին` չխախտել այլոց հեղինակային իրավունքի սահմանները, չէ՞ որ դա նաև իրավական տարածք է:
Այսպիսի մտքերի մեջ էի, երբ գրադարանավարը սեղանիս դրեց մեկ այլ գիրք` «Ճակատագրով դատապարտվածները» վերնագրով, վեպի հեղինակ` Ավետիս Դավթյան (2003, «Արտագերս»): Փաստորեն, այս վերնագրի պլագիատը սովորույթի ուժ է ստացել, ձեռք բերել «թափառող վերնագրի» կարգավիճակ:
Ինչ խոսք, դատապարտված է պլագիատի ցանկացած դրսևորում, ընդ որում` թե՛ օրենքի ուժով և թե՛ ճակատագրով:
Վահագն ՍԱՐԳՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու