Գարուն է: Ծաղկած ծառեր, թռչունների ուրախ ծլվլոց: Հասնում ենք Կասյան փողոց, մոտենում շենքին, մտնում շքամուտք, սկսում ենք բարձրանալ աստիճաններով: Բնակարանների գեղեցիկ դռները հուշում են, որ նրանց հետևում հարուստ մարդիկ են ապրում: Արդեն չորրորդ հարկում ենք: Տեր Աստված… մեր դիմաց հին, ջարդված, ներկաթափ ու սևացած դուռ է՝ «Գուրգեն Մահարի» քառանկյունի շերտիկի վրա գրված: Գուրգեն Մահարին վերադարձավ իր տունը. 17 տարիների աքսորից հետո, ծանր հիվանդ (45 կիլոգրամ էր կշռում), բայց և այնպես վերադարձա՜վ: Իսկ հիմա բացենք դուռն ու ներս մտնենք: Ու ես կպատմեմ, թե ովքեր են թակել և ում առջև է բացվել այդ դուռը:
Վարդան Աճեմյանը՝ Մահարու հավատարիմ բարեկամն ու եղբայրը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր, մեր մշտական հյուրն էր, հաճախ նրան էր ընկերակցում Լևոն Հախվերդյանը: Գուրգենը ընդունում էր «Օ՜, Վարդան ջան» ուրախ բացականչությամբ, իսկ հետո երկար զրուցում էին աշխատասենյակում: Ի՜նչ հրաշալի ժամանակներ էին:
Մեր տան հյուրերից էր Աշոտ Սանամյանը՝ Գուրգեն Մահարու սիբիրյան ընկերակիցը, ինչպե՞ս մոռանամ նրա օգնության ձեռքը աքսորի դժվարին օրերին: Աշոտը Մարդ էր մեծատառով, տաղանդավոր նկարիչ, նրա ծաղրանկարները զարդարում են Գուրգեն Մահարու տուն-թանգարանը:
Գալիս էր Նաիրի Զարյանը՝ Մահարու մանկության ու ծերության ընկերը, մինչև վերջին օրերը նրանք հոգեկան կապերով էին իրար կապված: Այստեղից նրանք հեռացան որպես բարեկամներ:
Սիլվա Կապուտիկյանը՝ հայ ժողովրդի արժանավոր դուստրը, մեր տան բարեկամն էր, Գուրգենի հետ հաճախ էին քննարկում հայկական հարցը:
Գալիս էին այն օրերին երիտասարդ գրողներ Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, Համո Սահյանը, էլի ու էլի ուրիշներ… Գուրգենը նրանց անվանում էր հայ գրականության արծիվներ: Այդ արծիվների հետ նա իրեն շատ լավ էր զգում. «Լավ է նրանց հետ, մոռանում եմ ցավերի ու մահվան մասին»: Սփյուռքից եկած երիտասարդ բանաստեղծներին ու գրողներին նույնպես գրկաբաց էր ընդունում Մահարին: Նա հոգով ջահել էր ու պատիվ էր համարում հանդիպել ու զրուցել նրանց հետ: «Ջահելների հետ դու էլ ես ջահելանում, նրանք ինձ գարուն են բերում…»:
Մեր բարեկամ Ալմաստ Զաքարյանն էր մեզ այցելում՝ հայտնի գրականագետ ու դաժան ճակատագրի զավակ:
Գարնան մի օր ուրախ-ուրախ տուն մտավ ու ասաց, որ եկել է հին ընկերը՝ Անդրանիկ Ծառուկյանը, ում հետ երկար տարիների նամակագրություն ուներ: Հաջորդ օրը եկավ Ծառուկյանը, ու նրանք խոսեցին մինչև առավոտ:
Մի օր ասաց. «Անտոնինա, Վիլյամ Սարոյանը Երևանում է: Այսօր հանդիսավոր հանդիպումն է կազմակերպվում: Նա ուզում է տեսնել ինձ ու վաղը գալու է»: Ու նա եկավ՝ մեծն Վիլյամ Սարոյանը…
Շատ մեծ ուրախություն էին պարգևում Գուրգենի ազգականները: Նրանք գալիս էին, երկար նստում ու հիշում էին Վանը… Ամբողջ կյանքը Գուրգենը կարոտով ապրեց. «Անտոնինա, եթե այնտեղ գնայի, կպառկեի ծառի տակ ու միանգամից կառողջանայի… »: Ազգուտակը մեծ էր, բոլորին չես հիշի, բայց մի ընտանիք մնացել է հիշողությանս մեջ: Գուրգենի կյանքի վերջին տարիներին նրանք մեծ նեցուկ եղան: Էմմա Բրուտյանը Գուրգենի մոտիկ ազգականուհին էր, ամուսնացել էր ուկրաինացի զինվորականի հետ: Ապրել էին միության տարբեր քաղաքներում, իսկ երբ ամուսինը զորացրվեց՝ տեղափոխվեցին Երևան: Գուրգենը առանձնահատուկ սիրով էր սիրում նրանց դուստրերից Նատաշային, որն այդ ժամանակ օտար լեզուների ինստիտուտի ուսանողուհի էր, իսկ հետագայում՝ դասախոս այդ նույն ինստիտուտում: Նա ամուսնացավ պոլիտեխնիկական ինստիտուտի դոցենտ Արիկ Աղավելյանի հետ: Մեր դժվար օրերին Արիկն էր Գուրգենին տանում հիվանդանոց, բոլորն էին մեր կողքին, ու հիմա շնորհակալությամբ եմ հիշում նրանց, ովքեր, ցավոք, չկան՝ Էմման, նրա ամուսինը, Արիկը: Մնացել է միայն Նատաշան՝ իմ սիրելին ու միակը, հարազատն ու թանկագին մարդը, իմ ապավենը:
Կահիրեում բնակվող Արամ Աճեմյանը՝ Գուրգենի զարմիկը, մեկ ամիս հերթապահել է Գուրգենի հիվանդասենյակում, նրա կողքից չի հեռացել: Նա պատմում էր Կահիրեի, հոր, եղբոր մասին: Գուրգենը երջանիկ ժպիտով լսում էր նրան, Արամին սիրում էր հարազատ որդու պես:
Մի անգամ, «Այրվող այգեստանների» ջախջախումից առաջ էր դա, Գուրգենը խորհրդավոր տոնով ասաց. «Այսօր մի հետաքրքիր անձնավորություն պիտի գա: Ոչ ոք չպիտի իմանա, որ նա եղել է մեր տանը: Ամերիկայից եկել է դաշնակցական կուսակցության առաջնորդը: Նա հատուկ եկել է ինձ հետ հանդիպելու համար: Ոչ մեկը չպիտի խանգարի մեր զրույցին: Դրա համար դուռը ոչ մեկի առաջ չբացես, իսկ երբ նա կգա, փակիր կաբինետի դուռն ու գնա ննջարան: Նա գալու է ժամը 9-ին»:
Դռան զանգ: Բացում եմ: Զինվորական կեցվածքով, ազնվական դեմքով տղամարդ է: Նա ժպտում է:
– Good evening, Mrs. Antonina. Can I see Mr. Gourgen Mahari?
– Yes, of course. He is waiting for you.
Ես նրան ուղեկցում եմ աշխատասենյակ ու փակելով դուռը՝ փակվում եմ ննջասենյակում: «Ո՞վ եկավ,- հարցնում է Գուրգենչիկը»: «Մի մեծ մարդ»: Տագնապած եմ: Դաշնակցականի հյուրընկալել, ուրեմն՝ սպասիր սկանդալի: Ականջ եմ դնում՝ աշխատասենյակում լռություն է, հետո հանկարծ՝ ծիծաղ, նույնիսկ քրքիջ, բարեկամաբար են զրուցում: Հանգիստ քնում եմ: Արթնացա, երբ նրանք արդեն միջանցքում իրար հրաժեշտ էին տալիս: Ու նորից քնում եմ: Առավոտյան հարցրի. «Հիմա դաշնակների հետ հաշտ ու համերա՞շխ ես»: «Անտոնինա, ես ուրախ եմ, որ դաշնակցական կուսակցությունը այսպիսի ղեկավար ունի: Վառ անհատականություն է: Բարձր էրուդիցիայի տեր, իդեալիստ, ու շատ հեշտ է նրա հետ ընդհանուր լեզու գտնելը: Ես երջանիկ էի նրա ընկերակցությամբ: Ուրախ եմ, որ եկավ, ու մենք հանդիպեցինք: Իսկական մտավորական է, եզակի մարդ, նախկինում ինձ չհանդիպած տեսակ»:
Ինչպես տեսնում եք, այս դուռն այնքան սովորական չէ, ինչպես երևում է: Սա առասպելական, հեքիաթային դուռ է, փառավոր անցյալով, որ տեսել է Գուրգենին այցելության եկած համաշխարհային անունների տերերին, ովքեր սիրել ու հարգել են նրան: Դա եղել է հրաշալի, անմոռանալի ժամանակ, երբ կյանքը եռում էր մեր տանը:
Ավարտելով պատմությունս՝ ուզում եմ հիշել իմ սիրելի բանաստեղծ Մ. Լերմոնտովի տողերը. “Да, были люди в наше время, не то что нынешнее племя…”: