«ՄԱՅՐԵՆԻ 6». ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՌՆԱՐԿ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ Աշոտ Գալստյանի և Թամարա Թովմասյանի հեղինակած «Մայրենի 6» ուսումնական ձեռնարկը հանձնարարվել է հայոց լեզվի և հայ գրականության առարկաների ուսուցիչներին` որպես ուղեցույց:
Երկար տարիների միջազգային փորձ գոյություն ունի. տարբեր դասարանների աշակերտներին հանձնարարվող դասագրքերի հետ մեկտեղ հրատարակվում են ուսուցիչների համար նախատեսված ուղեցույց դասագրքեր՝ ամենատարբեր առարկաների:
Աշոտ Գալստյանը և Թամարա Թովմասյանը նաև «Մայրենի 5» նոր ու հիանալի դասագրքի հեղինակներն են:
Ես գնահատանքի խոսք պետք է ասեմ բանասիրական ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանի՝ Հայաստանի դպրոցների հանդեպ ունեցած նվիրման մասին: Նա շարունակաբար լինում է դպրոցներում, լսում ուսուցիչների կարծիքները, մասնակցում իր հեղինակած դասագրքի միջոցով անցկացվող դասերին:
«Մայրենի 6» ձեռնարկն ունի «Նախաբան» և հետևյալ խոսուն ենթաբաժինները՝ «Նախնիների կանչը», «Կա մի զրույց, թե…», «Հնագույն ազգերի հերոսական էջերը», «Ականջդ բեր՝ ասեմ», «Պատմությունները մեզ հուշում են»:
Այս ենթաբաժիններն ունեն իրենց «Բաժնի ուսուցման վերջնարդյունքները» ամփոփող հատվածը, որը խիստ կարևոր է նորացված մանկավարժական մեթոդների առումով: Գիրքը գրված է օրինակելի նորացված մեթոդներով, հստակ շարադրությամբ և հարուստ բովանդակությամբ:
Յուրաքանչյուր դաս պարտադիր ձևով ունի լեզվական հատված, որն ապահովում է գրականության ու լեզվի ուսուցման այնքան անհրաժեշտ կապը:
Ազգայինն ու համամարդկայինը հմտորեն միահյուսված են գրքի ողջ շարադրանքում:
Ձեռնարկի վերջում դրված է բառացանկ-բացատրական բառարան, որը մեծապես կօգնի ուսուցիչներին:
Արդեն բանասիրական ֆակուլտետն ավարտած ուսուցիչը հաճույքով կարձանագրի, որ «Մայրենի 6» ձեռնարկի շնորհիվ ինքը կատարյալ ձևով կարող է աշակերտներին հայոց լեզվի ուղղագրությունը, ուղղախոսությունը, բառակազմությունը, շարահյուսությունը այնպես յուրացնել տալ, որ նրանք դառնան իսկական գրագետներ:
Նպատակային է, որ աշխարհի հին քաղաքակրթություն ունեցող երեք ժողովուրդների վիպասքներն են ընդգրկված ձեռնարկում՝ հունականը, պարսկականը, հայկականը: Հայոց հին վեպից գրքում ընդգրկված են «Վահագնի ծնունդը», «Հայկ և Բել» առասպելը՝ ըստ Մովսես Խորենացու: Հայկյան Արամի, Տորք Անգեղի, Արտաշեսի և Սաթենիկի առասպելական հատվածները ներկայացվում են հետագա մշակումներով:
6-րդ դասարանի աշակերտն արդեն իմացավ, որ հայ պետականության հիմնադիրը եղել է Հայկը:
«Տորք Անգեղ» առասպելը ներկայացված է Ղազարոս Աղայանի հիանալի մշակմամբ, և օգտագործված են ուսուցողական, դաստիարակչական հատվածները, ինչպես օրինակ.
Բայց կա մի այլ խելք, խելք դյուցազնական,//Որ հնարում է, ստեղծում է բան, //Որ մեզ տանում է միշտ դեպի բարին,//Եվ մոտեցնում Արարչի գահին:
«Զրույց» գրական ժանրը բաժնում Թ. Թովմասյանը և Ա. Գալստյանը տեղադրել են իրենց պատրաստած երկու զրույցները:
Հիանալի է Խրիմյան Հայրիկի` շատ հայտնի «Պապիկի կտակը» երկի մի հատվածի ընդգրկումը ձեռնարկում: Այդ խորիմաստ կտակում ասվում է. «Քեզ եմ ավանդում նաև նահապետական տան պատկառանքն ու պարկեշտությունը. պետք է թողնես հուզմուքդ և անկեղծ պահես այդ տոհմական առաքինությունը»:
Գիրքը մեզ տանում է նաև Հայոց միջնադարի մեծերից Գրիգոր Տաթևացու հիմնած համալսարանը, ծանոթացնում նրա մեծ ուսուցչի՝ Հովհան Որոտնեցու, ինչպես նաև այդ ժամանակ Հայաստանում ավեր ու կոտորած տարածած Լենկ Թեմուրի հետ: Ընդհանրապես ողջ գրքում առկա է նաև հայոց լեզվի, հայ գրականության կապը հայ ժողովրդի պատմության հետ:
Ուսուցիչը վեցերորդ դասարանցուն կծանոթացնի հանճարեղ Գրիգոր Նարեկացու մասին պատմող մի ավանդազրույցի հետ, որը քաղված է հմուտ բանագետ Արամ Ղանալանյանի «Ավանդապատումից»:
«Հնագույն ազգերի հերոսական էջերը» բաժնում զետեղված են հատվածներ «Սասնա ծռեր» վիպերգից, Հովհ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմից, Հոմերոսի «Իլիականից», Ֆիրդուսու «Շահնամե» դյուցազներգությունից: Սա հնարավորություն կընձեռի ուսուցչին մատչելի ձևով աշակերտներին ծանոթացնել հին աշխարհի պատմությանը: Չէ՞ որ այսօր էլ Աքիլլեսի կերպարը հուզում է մարդկությանը՝ որպես խիզախության ու հայրենասիրության խորհրդանիշ: Իսկ X-XI դարերում ապրած Ֆիրդուսին փառաբանել է Աքեմենյանների հերոսներին: Հովհաննես Թումանյանն էլ հանճարեղորեն անմահացրել է հայ ազգի մարմնացումը դարձած Սասունցի Դավթին: Վերջինս, ազատ արձակելով թշնամու զորքին, զգուշացնում է այլևս չհարձակվել Հայաստանի վրա, այլապես ինքը կելնի նրանց դեմ.
Էն ժամանակ Աստված գիտի՝
Ով մեզանից կլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման:
Մտածված ձևով «Ինչ է բանաստեղծությունը» բացատրությունից հետո դրված է Պարույր Սևակի «Էրեբունի-Երևան» բանաստեղծությունը, որը դարձել է 3000-ամյա պատմություն ունեցող Երևանի օրհներգը: Բացատրվում են նաև Երևանի խորհրդանիշները՝ զինանշանը և դրոշը:
Բանաստեղծության բաժնում ընտիր հատվածներ կան Համո Սահյանից, Վահագն Դավթյանից, Հուսիկ Արայից: Հայ հեղինակներից ձեռնարկում ընդգրկված են Մուշեղ Գալշոյանի «Կռունկը»՝ նվիրված անմահ Կոմիտասին, Ռուբեն Մարուխյանի «Անտառապահի խորհուրդը» և սփյուռքահայ գրող Հակոբ Կարապենցի «Վերջին կայարանը» ուշագրավ հայրենաբաղձություն պարունակող պատմվածքը:
Ձեռնարկում ընդգրկված են նաև թարգմանություններ շատ հայտնի օտարազգի գրողներից՝ շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենից և ֆրանսիացի արձակագիր Թալի դը Մոլենից:
Գիրքն ավարտվում է տաղանդաշատ Ռուբեն Հովսեփյանի «Կակաչները» այլաբանական պատմվածքով:
Ամեն մի բաժին սկսելուց առաջ ձեռնարկի հեղինակները դնում են «Բաժնի ուսուցման նպատակները» բացատրականը: Բոլոր դասերն ունեն իրենց QR ծածկագրերը, որոնք խիստ նպատակային են ու ճշգրիտ:
Գիրքն ավարտվում է հեղինակների հրաժեշտի խոսքով. «Սիրելի՛ բարեկամ, քո դասագրքի հեղինակները հուսով են, որ դու լավ սովորեցիր «Մայրենի 6»-ի բոլոր դասերը՝ գրական և լեզվական նյութերի համակցումով: Գրի՛ր քո կարծիքը գրքի մասին և ուղարկիր հեղինակներին: Անհամբեր սպասում ենք»:
Մենք էլ մաղթում ենք «Մայրենի 6» ձեռնարկին երկարատև ու արդյունավետ ընթացք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։