Հիրավի, մեծ են նրանք,
ում սիրտը ծփում է բոլորի համար:
Ռոմեն Ռոլան
Սուրեն Մուրադյանի կյանքի շղթան կազմող պահերից յուրաքանչյուրը լի է անհատակ խորություններով, որոնք վերաբերում են մեծին ու փոքրին, ծեր ու մանուկին, սեր ու հարգանքին, կրթության գործին, արվեստագետին, ստեղծագործողին, ժողովուրդների ծոցից դուրս եկած արժանավորին, բնության հրաշք դրսևորումներին, հայրենի երկրին, ծննդավայրին… Այսինքն՝ նրա սիրտը ծփացել ու շարունակում է ծփալ բոլորի համար՝ հաստատելով այն, որ հենց իր մասին է նաև Ռոմեն Ռոլանի վերոհիշյալ խոսքը:
Յուրաքանչյուր անգամ, երբ ձեռքդ ես առնում հիրավի այս մեծ մարդու հեղինակությամբ հրատարակված նոր գիրքը, զարմանում ու հիանում ես նրա կենսագրության անհատակ խորքերում շարունակվող կյանքային առողջ ու գեղեցիկ մթնոլորտով:
Ահա հերթականը՝ «Ձմեռնամուտի գանձեր» կոչվող ժողովածուն, որ կենդանի կերպով թրթռում ու շնչում է ձեռքիդ մեջ: Այն հերթական անգամ ապացուցում է, որ բազմաբեղուն գրչի տեր ոգեշունչ այս մարդու՝ Սուրեն Մուրադյանի ապրած օրերի մեջ դատարկ պահեր չկան: Ավելին, պահերը լրացնում են իրար, շարունակվում նոր ռիթմերով, բոլոր-բոլորին հասանելի դարձնելով նրա պաշտելի հավատամքը և կյանքի ուղեկիցը դարձած միտքն այն մասին, որ աշխարհում ամենաթանկ էակը մարդն է: Ահա մեկ անգամ ևս մարդ-գանձերի, մարդու ու մարդկայինի շուրջն է պտտվում Սուրեն Մուրադյանի յուրաքանչյուր պատմություն, բանաստեղծություն, խոսք-դիմանկար, որոնցից շատերն անտիպ են եղել մինչև այսօր: Այդ ամենն անշուշտ, շաղախված են նրա կենսագրության թրթիռներով:
Ավելի հակիրճ, բայց խոսուն, ավելի ազնիվ, ճշմարիտ ու գեղեցիկ խոսել սեփական կենսագրության մասին, կարող է միայն իր առաքելությամբ անհանգիստ, այս դեպքում՝ հոսելուց հոգնող անձնավորությունը, ինչպիսին հարգարժան գրողն է՝ Սուրեն Մուրադյանն ինքը: Այդ մասին նրա գեղեցիկ նկարագրությամբ էլ բացվում է գիրքը: Այստեղ նաև նրա խոստովանությունն է՝ «Իմ գրական արխիվն այնքան բեղուն ու անպարփակ է, որ, երբ ցանկացա կարգի բերել, խճճվեցի, գլուխս կորցրի այդ անծայր լաբիրինթոսում»:
Համաշխարհային գրականության հսկայածավալ ծովում հաճախ է ընթերցողին հետաքրքրել այն հարցը, թե ինչպես է պատահում, որ հանրաճանաչ գրողի գաղափարները, ստեղծած կերպարները երբեմն ոչ մի կապ ու նմանություն չեն ունենում նրա սեփական կյանքի ու անձնական մարդկային կերպարի հետ: Ներկա դեպքում Սուրեն Մուրադյանի կենսագործունեության գրական-ստեղծագործական մասը այնքան ներդաշնակ է նրա մարդկային և անձնական կյանքի պահվածքներին, որ դրանք հաճախ միավորվել ու նույնացվել են՝ մեծացնելով հարգանքը նրա զուտ մարդկային տեսակի նկատմամբ: Գեղեցիկ, սրտահունչ, կարոտակեզ տողերը, որոնք բանաստեղծը նվիրել է իր Մարոյին, սիրային լիրիկայի մեջ իրենց տեղն ունենալուց զատ կյանքի ընկերուհու նկատմամբ անմնացորդ նվիրումի ու հավատարմության վկայություններ են, ինչպես՝
Ծաղկաձորում ձմեռ է,//Իմ կարոտը մի լեռ է://Փաթիլներն են մեղմ իջնում,//Քո անունն են շշնջում://Մենության մեջ ողջ գիշեր//Քեզ եմ, քեզ եմ ես հիշել://Քո սիրով եմ զորանում//Ու կյանքում չեմ ծերանում: //Առանց քեզ ծառ եմ հատված-//Դու կարոտի իմ Աստված: (1989 թ. Ծաղկաձոր):
«Ձմեռնամուտի գանձերը» անտարբերություն կոչվող չարիքի գլխին կախված սուր է՝ պատրաստ կտրելու այն՝ հենց իր արմատից: Անտարբերություն, որ մարդը կարող է ունենալ իրեն շնորհված պահի, օրվա, ընդհանրապես ժամանակի նկատմամբ: Գրքում նկարագրված պատմությունները փակում են անտարբերության ճանապարհը դեպի արժանավոր մարդը, վերանորոգման կարիք ունեցող դպրոցը, շնորհավորանքի խոսքի հեղինակը, բարին կամեցողը, լավագույն մասնագետը, դեպի ընտանիքը, հարազատը, հայրենի եզերքը, դեպի մանկություն, ծննդավայր ու նման այլ արժեքներ:
Սուրեն Մուրադյանի կենսագրության անհատակ խորքերի մեջ փայփայված պահեր են մանկության հիշողությունները: «Ակների միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ծատինյանին» վերնագրված նամակ-պատմությունը ձմեռնամուտի մեջ պահված ջերմաշունչ իրողության վկայություն է, որը պտտվում է «Մենավոր ծառի» շուրջը:
Մեր գյուղի ծայրին, կանաչ ծառի տակ//Ծերունիներն են խմբվում ամեն օր,//Մինչև երեկո վիճում են տաք-տաք,//Պատմություններ են անում հին ու նոր: (1965 թ.)
2015 թ. հայրենի գյուղի դպրոցի տնօրենին գրած իր նամակում Սուրեն Մուրադյանը վերհիշում է. «Այդ ծառը՝ բռնչենին, իմ մանկության ամենաթանկ ծառն է, վկան, որին մի առիթով ես համարեցի մեր գյուղի եկեղեցու խորհրդանիշը, քանի որ Հաղպատն ու Սանահինը եկեղեցի ունեն, մենք չունենք»: Սրանից ավելի շատ որքա՞ն կարող է մարդը քրիստոնյա ու բնության մի մասնիկը լինել: Մի՞թե գանձեր չեն այս խոսքերը, և մի՞թե, իսկապես, գանձեր չեն Մեծերի կենսագրություններում թրթռացող, նրանց իսկ խոսքերով կրկին շունչ առնելուն սպասող նրանց կերտած պահերը:
«Ձմեռնամուտի գանձերը» ընթերցելուց հետո ես նորովի ընկալեցի Սուրեն Մուրադյան մարդուն և գրողին: Հասկացա, որ նա մարդ է, ում սիրտը նման է գարնան լուսաբացին դրած պարզ ու մաքուր ցողի, թեպետ նա այնտեղ պահում է իր ձմեռնամուտի գանձերը: