(Արա Արթյան, Լույսը հողից է բարձրանում, 2022 թ.)
«Այո՛։ Կգա օրը։ Եվ վերջին անգամ
կլինես թախծոտ…
…Դու կլսես մեռնող մայրամուտի տնքոց…
…Այնժամ կհասկանաս,
Թե ինչու ես քայլել դեպի հավերժը.
այնժամ կհասկանաս,
Թե ինչու է լույս բարձրանում հողից…»։
Արա Արթյան
Մտորումների շավի՛ղը հավերժի ճամփորդի, և ինչպես նրա բառը՝ լույսն է, որ հողից է բարձրանում։ Համանուն ժողովածուն լույսով է շնչում, և սեփակա՛ն լույսով անմահության կամուրջ է կապում նաև գրողը։
Կույս աղջիկների և կույս տղաների ոգեցունց ուղերձներն է հղում հեղինակը՝ ասես դարերի հեռվից թովելով ծնունդի ու մահվան ճիշտ կենտրոնում հանդիպող… կյանքին։ Այդպես և՛ ծովը, որ բարի է շատ, և՛ նրա խորքի կապույտ հեքիաթները, և՛ հոգու անսահման խորհրդավորությունը, որ միայն դեպի կործանում են տանում («Կործանում»)։ Եվ ցավ՝ բարության անտակ խորքում կործանումից՝ մինչև պատերազմի ցավ, ու բյուրածունկ բամբուկ, որ սփոփանքի մեն մի հնարավորություն ունի՝ ձեռքը՝ ցավից ծնկները փշրելու, այն էլ՝ անկարելի («Անկարելին»)։
Ամենուր ասես մահվան ստվերն է թափառում. ինչ խոսք, գրքում գրողի մտորումների անկանգ պտույտը մի կետի շուրջն է՝ մարդկայնորեն ճշգրիտ և ճշմարիտ՝ զուգահեռը մարդու ծնունդի. մահն ու առավոտը՝ մի դեպքում՝ մահվան, մյուս դեպքում՝ մահվան սպասումի. «Փլվի՛ր, առավո՛տ, ծնկներիս,//…//Մեռնում եմ, բայց թե իմ վերքը//Կփակի՞ վերքդ, առավո՛տ…»։
«Անտիպներում» թե «Հաղթանակի այբուբենում» ամենուր հաղթողը նա է՝ նորին մեծության մահը. ասես համազոր՝ լույսն ու մահը, իսկ զարմանալին այն է, որ լիովին բացակայում է լռությունը, և չկա անշարժ վիճակ. կա շրջապտույտ, կա թռիչք, կան գույներ, այն ամենը, ինչը կենսախնդության սերմն ունի ներսում, և կա բանաստեղծություն. «Եվ ջուրը լույս է ծնում, և հողը ծնում է աստղանավորդ»։
Մահին՝ այո՛. գուցե սա ի սկզբանե ունեցած զգացողություն-խլիրտն է, որ ակամա հայտնվում է ժամանակ առ ժամանակ, բայց՝ իր տեղում՝ ճիշտ լույսի ակնախտիղ հագեցումի պահին։ Ապա և կյանքի ճանապարհի բանաձևն է, թե ինչպե՛ս կույրերը լայն ճանապարհ են բացում լայնաչ տեսանողի առջև՝ ի զարմանս համայնի՝ մատնացույց անելով աներեր ու զգուշավոր, վստահ քայլելու ճշմարիտ ուղին։
«Մեկիկ-մեկիկ ու թել առ թել//Ճերմակում են մեր մազերը,//Ո՞ւր է հույսը խարիսխ նետել,//Ո՞ր երակի մեջ է սերը»։ Ամեն ինչ ճշմարտության չափ գեղեցիկ է հեղինակի սիրային՝ թե՛ բանաստեղծություններում, թե՛ գազելներում՝ ժողովրդական լեզվամտածողության զուգորդմամբ. «սերը-կանաչ իր աչքերով ձաղկող, ինչպես բարի եղինջ». էլի ծովն է անտակ, այս անգամ՝ սիրային խորխորատներով, էլի ձկնիկը ոսկե ու էլի մենության կղզին՝ խաղաղված. «քանի որ դու միակ ծովն ես, սիրելի՛ս,//ուր ոչ ոք, ոչ ոք չի խեղդվում//ինձնից բացի», իսկ հետո՝ «վերմակը սահել է իմ թախծի վրայից//թախիծ-քար-վերմակ-մամուռ-եղջերու.//եղջերուն արածում է քո բարձի տակ…//…//ես անկարող եմ բացել դարպասներն արևի»։ Ապա՝ «Ես չեմ եկել-ես ծնունդն եմ ու մահը քո,//լույս է հավետ-չկա գիշեր կամ երեկո,//մանուկ երազ, ձեռքս բռնած ո՞ւր ես տանում…//Եղջերուներ են արածում մեր բարձի տակ,//սերն ասում է՝ այժմ և միշտ իրար գտաք,//կայծակներն են այսպես հողում հանգստանում»։
Ծնունդից սկսյալ՝ մանկության հուշեր, սեր, մահվան մասին խոհեր. շղթան ամբողջանում է, գծվում է ճանապարհը մինչև վերջ՝ առանց ընդհատումի և՝ երգով իհարկե, ինչպես գրողն է ասում, «երգը հրճվաթախիծ այն օրերի»։ «Իմ թախիծը մի կամուրջ է, որից ոչ ոք ցած չի նետվում»,- ամփոփում է բանաստեղծը։
«Դրախտ իջա ես քիչ առաջ,//Լույսից բացի չկար ոչ ոք»։ Նրա՝ դրախտի լույսն անգամ տեսանելի է այնպես, ինչպես լույսը այսկողմյան աշխարհի։ Իսկ կյանքի և մահվան խաչմերուկում բանաստեղծը ասես գոչում է. «Ծիծեռնակի խմած պուտմ ջրի նման կյանքս անցավ,//Ու ծովափնյա ավազների գրի նման կյանքս անցավ,//Ու թողնելով իմ մատների վրա գույն-գույն ալրափոշի՝//Թիթեռների իրիկնային պարի նման կյանքս անցավ»։
Բանաստեղծությունից բանաստեղծություն ձգվում է տողը նրա հոգու՝ մեկ՝ որպես կապող օղակ, մեկ էլ՝ որպես մտքի արձագանք՝ մի զուսպ ցասում. այդպես ամբողջ ժողովածուում։
Ուշագրավ են նրա ինքնահատուկ «ոսպնյակները» արևի տակ։ Լույսի առանձնյակներով, սիրով, մահվան մասին խոհերով կրկին, բայց և՝ անշուշտ տարբեր՝ հար և նույն արթյանական ձեռագրով։
Ե՛վ քաղաքը՝ հայրենի «յոթնագմբեթը», և՛ տունը, որ տնքում է հսկա շենքի տակ, և՛ Արթեն պապը, որ «իր կորած երկիրն էր նստեցնում ծնկանը, ու ծունկը չէր ցավում», մի անգամ էլ, երբ արևի տակ գլխաբաց էր քնել, «Երկրի կարոտը արեգակ դարձավ ու գլխին զարկեց». այլ, մեկ ուրիշ ի՞նչ բառաշերտ պետք է որոնել-փնտրել, որ էրգիրն ու հայրենի հողի հարազատությունը այսպես զուսպ, բայց շողուն օծվի գրողի, ապա և՝ ընթերցողի շուրթերին։ «Լացս մնում է վերելակի մեջ կծկված,//ինչպես շան մրսած քոթոթ,//որ ո՛չ ցած է իջնում, ո՛չ էլ ելնում է վեր»։
Ապա՝ ավարտը, իղձը գուցե բանաստեղծի. «Ու հանկարծ մի օր, թե ինձ հաջողվի//Ճակատագրիս ընթացքը բեկել,//Այն աշխարհ կերթամ ես այն նույն ճիչով,//Որով մի օր այս աշխարհ եմ եկել»։
Ի վերջո, որտե՞ղ է սպառվում նրա հոգու լույսը, և սպառվո՞ւմ է արդյոք. պատասխանը մեկն է՝ իր իսկ տողերում. «Իմ քաղաքի՛ առավոտ, քարի՛ վրա թխած հաց։//Իմ քաղաքի՛ առավոտ, իմ հարսնացո՛ւ լողացած,//Կաթիլները քո հնչուն իմ սրտխփոցն են ասես…»։
Եվ առանձին շարքով նրա մանրակերտները՝ հիրավի անվանը համահունչ՝ մեծ խորքով ու ասելիքով, խոհափիլիսոփայական հենքով։ Այսպես. «Դեպի գագաթ տանող//Արահետը կորավ//Թանձր մշուշի մեջ.//Եվ իմ սիրտը ասաց՝//Ես եմ ճանապարհը»։ Կյանքի մասին՝ լայն շրջագծով՝ ամենատարբեր դիտանկյուններից. «Ավարտեցի հունձքը,//Եվ իմ բառերն են հաց»՝ խոսուն վերջաբանով։
Հիրավի վարարուն է նրա հունձքը, և բառը՝ անկրկնելի, բերրի է նրա լռությունն անգամ, ինչպես այն ինքնատիպ արարումը, որ թողեց որպես վառ հետագիծ՝ հայ պոեզիայի ուղեծրում՝ անշուշտ հաստատուն գրի արժեքով։
…«Ես հաղթանակի Արևածագն եմ,//Ես լսում եմ տնքոցը բոլոր-բոլոր արևածագերի,//որ ոռնացել են ցնծության//իմ արևածագը ծնելու համար»։