Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» ժողովածուն / Անի ՓԱՇԱՅԱՆ

Աշոտ-ՀովսեփյանՀեքիաթները սովորաբար երջանիկ ավարտ են ունենում, այնպիսի ավարտ, որից հետո այլևս ոչինչ չի գրվում: Որովհետև երջանկության սահմանը բոլորելուց հետո խոսքերն ավելորդ են: Բայց այդ Սահմանին հասնելու համար հերոսները վիթխարի ջանքեր են գործադրում: Եվ հետաքրքիր են բոլոր այդ ջանքերը, ոգորումները, որից հետո այլևս խաղաղություն է ու անդորր: Աշոտ Հովսեփյանի արձակը ոչ մի կապ չունի հեքիաթի հետ: Բայց… Նրա ստեղծագործություններում Կատարվողը` տեղի ունեցող իրադարձությունների շղթան, իրականության ներկայությունը, բազմանուն ու տարաբնույթ հերոսների մեկտեղումը, նրանց ներքին բախումները, ժամանակի արտացոլանքը և հերոսների ճակատագրերն իրենց զարգացումներով ահռելի ջանքեր են պահանջում գրողից, որոնք ևս ուղղված են լավագույն կյանք արարելուն: Գրողը հետևում է բոլոր այս զարգացումներին, որոնք հաճախ մեծ թափ են վերցնում և գուցե շատ հեռվում տեղ են թողնում Լույսին ու Մաքուրին: Եվ գրողի ջանքերը մարդուն իրական «հեքիաթին» հասցնելու, երկրասեր մարդուն իր երկրում տեսնելու և ունենալու փորձեր են:
Ոչ մի ժամանակաշրջան անհետ չի կորչում, մանավանդ հոգի ու սիրտ կեղեքող, որ անցնելով էլ իր ետևից խոր և ակնհայտ սպիներ է թողնում: Սպիներ, որ իրականում բաց վերքեր են: Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» ժողովածուն վավերացնում է դժվարին մի ժամանակահատված` 20-­րդ դարավերջից մինչև մեր օրերը: Գրողի հայացքը կենտրոնացել է Հայաստանի համար ճակատագրական մի ժամանակահատվածի վրա… Անլույս, խավարի ցուրտ օրեր, սումգայիթյան դեպքեր, քաղաքական թոհուբոհ և էլի մի շատ կարևոր իրողություն. այսօրվա վտանգահարույց մարդանմանների նախածննդյան վավերացումներ, անհոգիների մի վիթխարի բանակի գոյության և առաջխաղացման փաստեր ու վկայություններ, որ այդպես էլ չկանխվեցին: Իսկ գրողը դա վաղուց էր նկատել:
«Հերվան ձյունի փնտրտուք» խորագրով վիպակների, պատմվածքների, մանրապատումների և էսսեների ժողովածուում տեղ գտածներից շատերը ժամանակին լույս են տեսել գրական ու պարբերական մամուլում: Ես հիշում եմ նաև Գրողների միության կողմից կազմակերպված արձակի մրցույթին Ա. Հովսեփյանի ներկայացրած «Խաղագումար» պատմվածքը, որը նորույթ էր հատկապես իր պատմելու արվեստով, «հնարամիտ» հերոսի ներկայությամբ…
«Հերվան ձյունի փնտրտուք» պատմվածքում մարդը չի հարմարվում իրականության ու գորշության հետ և մտնում է իր համար խիստ անհավասար պայքարի մեջ` լավ իմանալով, որ լուսամփոփը ջարդուփշուր անելով էլ ոչինչ չի փոխվի: Այնուամենայնիվ անում է դա, չնայած հաջորդ գիշերն իսկ հասկանում է իր արարքի անհեթեթությունը: Այո՛, դժվար է խավարի «լույսը» ջախջախելը. այն միանգամից դժվար է ոչնչացնել: Բայց գրողն իր հերոսի հետ է, նրա խոհի, փնտրտուքի, անհաջող, բայց փորձի, որին հավատում է և հետևում: Սա հենց Աշոտ Հովսեփյանի մտածելու կերպն է, գեղարվեստական աշխարհը: Ուրույն աշխարհ, որի բնակիչները հորինված չեն:
Ոչ մի գիրք միանգամից չի գրվում: Այն խմորվում և հունցվում է երկարատև մտորումներից, տառապանքներից ու քավարանից հետո միայն: Աշոտ Հովսեփյանի ստեղծագործությունների կերպարային պատկերասրահը հարուստ է և նորարարական: Ինքնատիպ հերոսներ` ինքնատիպ անուններով` Ճնճուղ, Խև­Խանի Չախկալ, Տեր­Վռազ, Գեչո Գևոր ու Գոջո Գոքոր, Փոքրիկ Մրջյունիկ ու Շեկ Մրջյուն… Ամփոփիչ խոսք է հատկապես «Հոգեհացը», որն անդիմագիծ ու անհոգի, հոգու բոլոր հարստությունները վաղուց պարպած մարդկանց «շքահանդես» է, որ կարծես շարունակում և ընդհանրացնում է չարենցյան «Երկիր Նաիրիի» համայնապատկերը: Բենզին Բենո, Ամպուլ Արմո, Արաղ Ավո, Շոֆեռ Շեռոժ, Ճիզվիտ Ճուտ, Աղվես Ապրես, Ակադեմ Ասկո, Նախարար Նորո, Դեպուտատ Դերո, Գեներալ Գելո և այսպես շարունակ. յուրատեսակ և արժանահիշատակ «մեծություններ», ովքեր մարդկանց ճակատագրեր են որոշում, ապրում այնպես, ինչպես ուզում են, «վայելում» են կյանքը և մնում խորապես դժբախտ:
«Հոգեհացում» գրողն աղաղակում է ապագա բոլոր հասարակական աղետների մասին: Ընթերցողին մնում է վայելել չափազանց հետաքրքիր այս նոր ժողովա­ծուում տեղ գտած ստեղծագործությունները:
Աշոտ Հովսեփյան արձակագրին հաջողվել է որոնել և գտնել Մարդուն, որը հաճախ պարտվում է: Հետաքրքիր մի փաստ. նրա «պարտվող» հերոսները հաճախ իրենց նկրտումներով արդեն իսկ հաղթող են, ինչպես և Սարտրի հերոսները, որովհետև հուսալքման դեմ են ելնում: Ե՛վ «Գիշերվա երազներն ու մարզահագուստով փողկապավոր մարդը», և՛ «Գիշերային կյանքը Տորոնտոյի փողոցներում» պատմվածքների գլխավոր հերոսները չեն կարողանում գտնել իրենց տեղը կյանքում ոչ թե նրա համար, որ թույլ և անօգնական են, այլ որ չհասկացված ու չգնահատված են, հաճախ անտեսված: Նույնպիսի վիճակում են հայտնվում նաև «Ճնճուղը» և «Ճիտին պարտքի տոնավաճառ» վիպակների գլխավոր հերոսները:
Ժողովածուում հետաքրքիր մաս են կազմում «Ներհայեցողական դիտումները», որ փիլիսոփայական վերլուծություններ ու եզրահանգումներ են:
Գրողը հմտորեն է օգտվում հայ և համաշխարհային գրականության լավագույն նմուշներից: Ունի հարուստ բառապաշար, խոր դիտողականություն` ժամանակակից կյանքի այլազան կողմերը ցուցադրելու համար, ինչպես նաև խոսակցական, ­ժարգոնային, բարբառային ձևերից օգտվելու բացառիկ կարողություն և հմտություն:
Մենք գործ ունենքն ապրո՛ղ գրքի հետ, իսկ Ապրող գրքի ծնունդն ու կյանքը չափազանց կարևոր իրադարձություն է: Իր առաջին ժողովածուով Աշոտ Հովսեփյանը գրականություն է մտնում` հաստատելու ճշմարիտն ու գեղեցիկը, սիրվելու, շարունակելու և նորն ստեղծելու կարևոր նախապայմանով: Իսկ ընթերցողին մնում է ընդամենը լսել նրա սրտի զարկը…

One thought on “Աշոտ Հովսեփյանի «Հերվան ձյունի փնտրտուք» ժողովածուն / Անի ՓԱՇԱՅԱՆ

  1. Աշոտ Հովսեփյանի գիրքը՝ «Հերվան ձյան փնտրտուքը», ձեռքս ընկավ մոտ մեկ տարի առաջ: Կարդացի: Համոզվեցի, որ մեր մեջ չի պակասելու տաղանդավորը, պակասում են, գուցե հիասթափությունից, այլոց մեջ տաղանդավորը փնտրողները: Չեմ կարող բացատրել, բայց տարբեր պատմվածքները կարդալիս տարբեր բանաստեղծություններ էի մտաբերում, կարծես նկարագրված գորշ իրականությունն ու կերպարը տեղ թողներ երազելու, ճանապարհ ցույց տար դեպի լուսավորը, ստիպեր տեսնել զբաղվածության պատճառով վաղուց չհանդիպած հին ընկերոջդ, ու պատմել, թե ինչպիսի բացահայտում ես արել, ձեռք բերելով այս գիրքը:
    Պատումներն ապրված են, զտված զսպված ցավով և լուսավորն ու բարին որպես միակ լուծում ցուցանող՝ ճիշտ այնպես, ինչպես ձեռագրերն են անասելի դժվարություններով գիրք դարձել: Գիրք, որից ճառագայթող լույսը մարդկանց հետ շփվելիս լավը տեսնելու կարողությունն է արժեվորում՝ եթե այն կա, և արթնացնում՝ եթե այն խորը քնած է: Եթե այսպիսի արթնացում եք ուզում, կարող եք օգնության կանչել Աշոտ Հովսեփյանի ստեղծագործությունը:
    Տարօրինակ զգացողություն. կարծես պիտի կոչ անեի վազել գրատներ գիրքը գնելու, ասելու, որ թանկ չէ, շատ ավելի էժան է իր իսկական արժեքից, որ գնողը չի փոշմանի և նման բաներ: Ոչ մի կոչ էլ չեմ անի: Գիտեմ մի քանի հոգի, որ ոչ միայն ունի գիրքը, այլ նույնիսկ վերընթերցում է ոչ մեկ անգամ: Ու ցանկանում է դրա մասին խոսել թանկ, հասկացող մարդու հետ: Ահա այսպիսի գիրք է «Հերվան ձյան փնտրտուքը»:
    Աշոտ Հովեսփյանը ասելիք ունի, պատմելիք ունի: Եվ նա ասում ու պատմում է: Մնում է լսել: Ինչպես լսեց իմ սիրելի ընկերներից մեկը «Լսիր սրտիս զարկը» կարդալուց հետո՝ սկսեց անջատել իր բացօթյա պատշկամբի լույսը: Ինչպես առաքինի մի տարեց տիկին, գրադարանավար և մասնագիտությամբ լեզվաբան, իր համար լեզվական բացահայտումներ արեց և ուրախությամբ հայտնեց այդ մասին իրեն թանկ մարդկանց: Եվ նրանք էլ կարդացին:
    Չգիտեմ, պատահական էր, թե ոչ, բայց «Ի հիշատակ հայրիկիս» ընծայականին հաջորդում են առաջին պատվածքի «Լսիր սրտիս զարկը» վերտառությունը կազմող բառերը: Ես վստահ եմ, որ հայրիկդ էլ է լսել արդեն սրտիդ զարկը, որ գրով ես փորձել հասցնել իրեն, և այն լսելու են ընթերցողները: Նրանց, հավանաբար, ժամանակ է պետք, մի փոքր ժամանակ վերագտնելու հավատն առ այն, որ գիրքը ուժ է տալիս… այլ բաներ, որ հավատ և ուժ տան, առանց այն էլ քիչ՝ կարծես արդեն սպառվում են մեր երկրում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։