ՀԳՄ վարչությունը շնորհավորում է հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանին ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
***
Մեզանից ո՞վ չի գերվել, ո՞ւմ չեն հուշել խոսքի մեծագույն վարպետները։ Մերուժան Տեր-Գուլանյանի թիկունքում կարելի է նկատել նրա սիրելի ուրվագծերը՝ Ուիլյամ Սարոյան ու Էռնեստ Հեմինգուեյ։ Բայց եկեք անմիջապես մի բան ճշտենք. նրանք խորհուրդներ են տալիս արժանի աշակերտին։ Տեր-Գուլանյանի նույնիսկ այն ստեղծագործությունները, որոնցում նկատելի է նրանց ազդեցությունը, ընթերցողի մեջ հաճելի ջերմություն են թողնում, որը նշան է երիտասարդ տաղանդի ուժի ու ճկունության։ Հետո անհետանում են հսկաների ուրվագծերը, և մենք մնում ենք պատմողի հետ դեմ առ դեմ։ Առաջին էջերում, հենց առաջին նախադասություններում, կան մի քանի դիպուկ դիտարկումներ, ու դուք միանգամից վստահում եք հեղինակին, հասկանում եք, որ նա ձեզ չի խաբի։ Ձեր մեջ մտահոգություն չի մնում հաջորդ էջերի, ստեղծագործության շարունակության համար։ Դուք գիտեք, որ հեղինակը ազնիվ է, խորն է տեսնում կյանքը և գիտի, թե ինչպես խոսել դրա մասին։ Հեղինակի գրչի տակ կարևոր ու նշանակալից են դառնում անգամ անցողիկ կամ թվացյալ անցողիկի մանրամասները, նշաններն ու պատկերները։
Կյանքը, սակայն, առավել բարդ է, քան կիսատոնայնության և նրբերանգների արվեստը։ Լինելով իր ժողովրդի զավակը՝ Տեր-Գուլանյանը յուրովի է տեսնում ու զգում աշխարհը։ Նա կարող է և պարտավոր է ասել ԻՐ խոսքը աշխարհի մասին։ Միաժամանակ Մերուժան Տեր-Գուլանյանի ստաղծագործությունների մեջ շարունակում է խոսել հայ բազմադարյան գրականությունը։
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Дружба народов №11, 1980
ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ
Մերուժան Տեր-Գուլանյանի արձակի մեջ բազմիցս կրկնվում է ճանապարհի թեման, նրա պատմվածքներից մեկը հենց այդպես էլ կոչվում է՝ «Կիսակայարան»։ Մերուժան Տեր-Գուլանյանի արձակի գնացքը նոր է սկսել իր մեծ ու երկար ճանապարհորդությունը։ Ապագայում շատ «կիսակայարաններ» կան, որոնցից մի քանիսով նրա գնացքը կանցնի առանց կանգ առնելու, իսկ մի քանիսում մի պահ կանգ կառնի։ Այսօր երիտասարդ արձակագիրը դեռ ուսումնասիրում է իրեն շրջապատող աշխարհը, անհամբեր տպավորություններ է փնտրում, երբեմն իրեն շրջապատող իրերին ու իրադարձություններին նայում է ասես արագընթաց գնացքի պատուհանից և հազիվ է կարողանում նկատել ու նկարել մարդկային ճակատագրերի նուրբ երանգներն ու մեղմ գույները։ Սա սովորական երևույթ է. շատերն են սկսել հենց այդպես։
Ես վստահ եմ, որ Մերուժան Տեր-Գուլանյանի գրական ճանապարհին կլինեն նոր կիսակայարաններ և մեծ, իրական կայարաններ։ Վստահ եմ, որ կգա մի օր, ու նա կթողնի այս որոնումների գնացքը և ծառի նման կսկսի արմատները խորացնել երկրի մեջ, և ճյուղերը կձգվեն դեպի երկինք, դեպի մեծ, ընդարձակ աշխարհ։
Մերուժան Տեր-Գուլանյանի պատմվածքներում կա ռոմանտիզմ, կարոտ դեպի չուսումնասիրված մայրցամաքներն ու օվկիանոսները, արտասովոր երջանկության, բարության ու մեծահոգության ծարավ։ Բարությունն ու մեծահոգությունը մարդու մեջ գրավում են ոչ պակաս, քան առասպելական հեռավոր երկրներն ու էկզոտիկ ծովերը։ Հենց Մերուժանին ես կբնութագրեմ որպես բարի ու մեծահոգի մարդ։ Նա անտարբեր չէ իր հերոսների նկատմամբ, նա ցանկանում է, որ տղան ու աղջիկը իսկապես սիրեն միմյանց, որ որդիները չմոռանան իրենց հայրական տունը, իսկ ծնողների սրտերը գոնե երբեմն լցվեն հպարտությամբ զավակների համար։
Ես չեմ առանձնացնում հեղինակի գրական լրագրությունն ու էսսեները նրա արձակից։ Ավելին, ինձ թվում է, որ այստեղ նա ավելի լավ է զգում ու փոխանցում կյանքը։ Եթե պատմվածքներում նա արտահայտվում է սեփական, առայժմ սահմանափակ փորձից, ապա էսսեներում տեսնում ենք իրադարձություններ ու ճակատագրեր, որոնց ականատես է եղել գրողը։ Երիտասարդ արձակագիրն ու հրապարակախոսը այցելել է Արևմտյան Սիբիր, շատ կիլոմետրեր անցել ԲԱՄ-ի մայրուղով, տեսել է, թե ինչպես է անցկացվում Արփա-Սևան ջրանցքը։ Նա ոտքով քայլել է գրեթե ողջ Հայաստանը և լավ գիտի իր բազմաչարչար, սիրելի հողը։ Կարելի է ասել, որ գրողը ոչ միայն տարածության մեջ, այլև ժամանակի մեջ շարժվելու կարողություն ունի, կարողանում է տեսնել իր ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան։ Այս միտքը կարող է հաստատել «Արարատյան երկիր» էսսեն, որտեղ, իմ կարծիքով, լավագույնս դրսևորվեց երիտասարդ գրողի տաղանդը։ Հեղինակն իր առջև կոնկրետ խնդիր է դրել՝ ընթերցողին ներկայացնել ժամանակակից Հայաստանի տարածքի մի մասը՝ Արարատյան դաշտը։ Բայց… Հնարավո՞ր է բաժանել անցյալն ու ներկան, պոկել դրանք միմյանցից. անցյալը՝ մշակութային հուշարձանների տեսքով, իսկ ներկան՝ որպես իրականություն, գոյություն ունե՞ն առանձին երկրի վրա։ Միևնույն ժամանակ Հայաստանի անցյալն ու ներկան (ինչպես նաև երկրի ու ժողովրդի ապագան) մի՞թե սերտորեն չեն ապրում յուրաքանչյուր հայի հոգում։ (Իմաստուններից մեկն ասել է. «Յուրաքանչյուր մարդու հոգում կա իր ժողովրդի փոքրացված դիմանկարը»)։ Իսկ գրողի ստեղծագործությունը, ինչպես տեսնում ենք, մարդու մեջ սրում է պատասխանատվության զգացումը այս եռամիասնության առաջ. անցյալ, ներկա և ապագա։ Եվ այս ամենն ավելի արժեքավոր է դառնում, քանի որ Մերուժան Տեր-Գուլանյանի ստեղծագործությունն առաջին հերթին ուղղված է երիտասարդներին։ Երիտասարդ սերունդը պատրաստի շատ բան է ստանում, այդ թվում՝ սեփական ժողովրդի անցյալը, անցած ժամանակներից ծնված տառապանքներն ու խնդիրները։ «Արարատյան երկիր»-ը հեղինակի պատմության ոլորտում ունեցած լուրջ գիտելիքների և միևնույն ժամանակ հայրենիքի ճակատագրի վերաբերյալ լուրջ գրական, քաղաքացիական մտորումների արդյունք է։ Այս ամենը չի կարող իր ազդեցությունը չունենալ երիտասարդ ընթերցողի վրա։ Մերուժան Տեր-Գուլանյանի «Արարատյան երկիր» պատմվածքը 1981 թվականին արժանացել է հայ նշանավոր գրող, հրապարակախոս, հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին։
Մերուժան Տեր-Գուլանյանի այս գիրքն առաջինն է, որ լույս է տեսնում ռուսերեն լեզվով։ Կցանկանայի հավատալ, որ հայ երիտասարդ արձակագիր-էսսեիստի գիրքը մեր մեծ երկրի բոլոր անկյուններում արձագանք կգտնի ընթերցողների՝ հատկապես երիտասարդների սրտերում։ Իսկ նրա ստեղծագործական ճանապարհի գլխավոր կայարանները դեռ առջևում են։
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Молодая гвардия»
***
Մերուժան Տեր-Գուլանյանի «Մնացող հողն ու գանցող մարդիկ» գիրը անչափ հավանեցի։ Հրաշալի է մուտքը՝ «Մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից»:
Այո, մեր ամեն ինչն է կենարար ջրից՝ և Նոյը (իրական է), և Վիշապաքաղ Վահագնը, որ հինգ հազար տարվա բարձր քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդի հավաքական կերպարն է, և որդան կարմիրը, որով մեծ Ռոսլինն իր կտավներին հավերժություն է տվել: Ջուրը մնայունի կենդանի նշանակն է հայոց մտածելաձևի ու կյանքի մեջ… մինչև այսօր:
«Մնացող հողն ու գնացող մարդիկ» գրողական հզոր տաղանդով ստեղծված գեղարվեստական շարք է: Գրական հրապարակախոսությունը հայերիս մոտ շատ հին արվեստ է, ճշմարտության չմարող կրակ: Աբովյանով այս ժանրը վերածնվեց, Րաֆֆիով դարձավ ազգային գոյության ծրագիր: Ուրախ եմ, որ մեր այսօրվա ջահել գրականությունը հենց այդ ճշմարիտ ու պետքական ուղու վրա է: Դրա հենասյուներից մեկը Տեր-Գուլանյանն է:
– Ի՞նչ է, հիշելու իրավունք չունե՞մ:
Սա Մերուժանի տողն է: Եվ նրա այս ասածը, պահանջը, ինչ պայմաններում էլ լինելու լինի, ընդունելի է: Ցանկալի է մանավանդ ինձ նման «ալևորած» ճշմարտախոսիս համար: Կարծում եմ՝ շատերի, բոլորի համար: Եվ այս բանաձևումը խեղճումեղճ չի ասված, այլ՝ հինգ հազար տարվա քաղաքակիրթ անցյալ ունեցողի, դրանով էլ՝ ժողովրդական կյանք ստեղծողի հպարտությամբ: Սա նաև խարխլացնող հարված է բոլոր նրանց (տանու և օտար), ովքեր տգիտության կեռիքներով կրծում են մեր ազգի պատմության կրունկները, փորձում մեր ազգի փառավոր ու հայաշունչ անցյալը պոկել մեզանից ու օտարացնել…
Այս գեղավեր-գայլուկ պալարը մեր մարմնից պոկում է նաև Մերուժան Տեր-Գուլանյանը:
Ընդունելի է: Խրախուսելի է: Արդար է: Ճշմարիտ է:
Այս խիզախ, հավատ ներշնչող ջահել գրողի մոտ «Քարերը, որոնցով պատ են շարում», դառնում են սիրելի, հարազատ, քո էության մի մասնիկը:
Մեռած քարին կենդանություն է տալիս իմ այս լավ հետնորդը: Վայ նրան, ով իրենից լավ հետնորդ չունի: Այս դեպքում՝ «Հայրենապատումը»:
Տեր-Գուլանյանի «Պաղ, հոգեմաշ անձրևը» դառնում է մեր ջահել գրական հողին կենդանություն տվող մի երակ, և թեկուզ այս գիրքը կարդաս «գիշերվա ժամը մեկին», միևնույն է՝ լուսաբացի ցնծություն ես զգում, տեսնում, ապրում:
Գրքի ժողովրդական ու գաղափարական ընդգրկումը մեծ է (հաղթահարված), ասելիքը՝ հստակ ու հետք թողնող:
Այսքան ջահել ու այսքան իմաստուն: Հպարտանալու բան է: Կարծում եմ՝ պակաս չի հպարտանա Ջավախքի Գոման գյուղը, որ իր Մերուժանով ավելի ճանաչելի դարձավ:
Երիտասարդ մարդիկ, ուստրերս ու դուստրերս, ապրեցեք ու ջանադիր եղեք Տեր-Գուլանյանի նման, նրա սխրանքով, որպեսզի «երբ դառնաք ծեր, ձեր անցած ջահելությունը ձեզ հենարան դառնա, որպեսզի նորից անելիք ունենաք»:
– «Ոտքերիս տակ այրված, քրքրված հողն է խանձված,- գրում է Մերուժանը,- ճաքեր տված ժայռեր, ճեղքերից սարդի աչքերով ինձ է նայում քար ծամող ժամանակը»:
– Ցնցող ու սթափեցնող է մեր ժողովրդի գլխով անցած այս, «քար ծամող ժամանակը»:
– «Մառախուղի գետ էր հոսում Արաքսն ի վեր, հրաշալի է՝ կորստյան ցավի նորսերնդյան բողոքով»:
«Արարատյան երկիր» խորագիրը էություն է, ոչ սոսկ անուն, բնիկ ժողովրդի «քար ծամող ժամանակի» պատմությունը՝ Նոյից մինչև Խոր Վիրապի լույսը, մինչև ինքը՝ այդ լույսի ծնունդ գրող Մերուժանը:
Ջահելական անունը հավատ ունի դեպի իր ժողովրդի գալիք օրը: Այսպես, միայն այսպես պետք է լինի գրողը՝ միայն այսպես՝ հավատով ու ապրեցնող տքնությամբ:
Այսպիսին է Մերուժան Տեր-Գուլանյան գրողը:
ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ
29.11.1983 թ
ԹՈՒՂԹ ԱՌ ԲԱՐԵԿԱՄՍ
Սիրելի՛ Մերուժան, սրտանց շնորհավորում եմ 65-ամյակդ, իմ և հավատարիմ գրչեղբայրներիդ անունից ցանկանում երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր հաջողություններ… Բարեկա՛մս, ավանդական այս բարեմաղթանքից հետո, չակնկալելով նույնիսկ հոբելյարի քո համաձայնությունը, սոսկ քառասնամյա մեր ընկերության երաշխիքով եմ ուզում շարունակել, թեկուզ ոմանց համար ընդհանուր առմամբ անհաճո լինի անդրադարձս: Այսպես. մեր գրական սեղանակիցներից (դժվարացա ասել՝ գրչակիցներից) շատերը քեզ այդպես էլ չընկալեցին ու չհասկացան՝ տարանջատելով քո բոլորանվեր օրվա գիշերն ու ցերեկը… Դեռ էն գլխից ոմանց շփոթեցնում ու զայրացնում էր բոհեմի մեր բեմին երբեմն անհարիր թվացող քո արտիստիկ հագուկապն ու պայծառախոսությունը: Այդ շփոթված ու զայրացկոտ դերակատարներին դեռ այսօր էլ անհասկանալի է գրողի ու լրագրողի ներդաշնակ գոյակցությանը հավատարմագրված հայրենանվեր մտավորականի քո դերը… Ուստի պատահական չէր, որ բազում կոչեցյալներից ու սակավ ընտրյալներից քչերը հաղորդակից եղան և արձագանքեցին Սաղամո լճից մինչև Արարատյան երկիր ծավալվող իրական ու գրական տագնապներիդ. այդ թվում, ի պատիվ քո առինքնող գրչի, գրաշխարհի տարբեր բևեռներում գործող քո ոչ մերձավորներից ու մերձավորներից՝ Հրանտ Մաթևոսյանը և Վարդգես Պետրոսյանը: Ահնիձորցի մեր կենդանի դասականը չզլացավ նաև առաջաբան գրել Դրուժբա նարոդով ամսագրում տպագրվելիք պատմվածքներիդ համար, իսկ հետագայում հաճախ էր նախատինքով ափսոսում, որ չես կարողանում շարունակել ու ավարտին հասցնել քո աննման հայրենակից Վահան Տերյանի կյանքին ու գործին նվիրված «Աստծո հարսնացուն» վեպդ…
Սակավագիր իմ գրչեղբա՛յր, շնորհալիների ճաշակակից ընկե՛ր (ոչինչ, որ «ճաշակին ընկեր չկա»), ես չէ, որ այսօր հանգամանալից պիտի խոսեմ տաղանդավոր արձակագիր և հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի՝ տարբեր լեզուներով թարգմանված ստեղծագործությունների և գրական ու ոչ գրական մրցանակների, կոչումների մասին: Քո մնացող օրվա և գնացող մարդկանց երկրային սահմաններում, որպես գործող անձ ու ականատես՝ ես ուզում եմ հիշատակել «Գարուն» ամսագրի՝ քո խմբագիր եղած երևելի տարիները, երբ քեզ բնորոշ հույժ զգացմունքայնությամբ հրճվում-ուրախանում էիր նոր անուններով, նրանցից շատերի գրական կնքահայրը դառնում, իսկ բնիկ գարունական հեղինակներին բառիս բուն իմաստով հորդորում-համոզում էիր վաղեմի հավատարմությունն օծել ստեղծագործական նորանոր բխումներով… Գրողական նախանձախնդրությունդ երբեք չփոխակերպվեց գրական նախանձի, չտես ու աչքածակ չեղար բնավ, քանզի ջավախեցու հոգատար կամեցողությունն էր հավատամքդ: Իմ կրտսեր սերնդի բանաստեղծների՝ Հրաչյա Բեյլերյանի ու Հրաչյա Թամրազյանի, Աղվան Վարդանյանի ու Արմեն Դավթյանի առաջին ժողովածուները նաև քո ծննդավայր Գոմանի հացօղիով ենք թրջել… Իսկ ինչպիսի՜ համակրանք ու հարգանք էր վայելում քո հիմնադրած «Ար» հեռուստաընկերությունը, որ գրական-մշակութային իր ազգանպաստ գործունեությամբ «Գարուն» ամսագրի լավագույն ավանդույթների շարունակողը եղավ մեզանում՝ հենց նույն գարունականներիս անշահախնդիր մասնակցությամբ…
Սիրելի՛ Մերուժան, հոգատար կամեցողությանդ նախորդող քո սիրարկածային անհոգությունը ևս բեղմնավոր էր. ասենք, սիրած աղջկա քմահաճ ցանկություններին ընդառաջելով՝ խնդրում-հորդորում էիր ստեղծագործող ընկերներիդ՝ այս կամ այն թեմային անդրադառնալ, իսկ անձամբ ինձ աղերսագին պարտադրեցիր գրասեր ընկերուհուդ համար Պաստեռնակ թարգմանել (հանրակացարանային այդ օրերից դու անգիր գիտես «Եղյամ» բանաստեղծությունը): Ժամանակն է՝ անհումոր երախտագիտությունս հայտնեմ դրա և այլևայլ օգտակար բաների համար… Ուզում եմ այսօր միասին վերհիշենք նաև ընթերցամոլությամբ համակված մեր հաճելի փնտրտուքները՝ Շոպենհաուեր ու Նիցշե, Կաֆկա ու Կամյու գտնելու հույսով… Սիրատոչոր ու գրատոչոր տղերք էինք՝ ջահելության ոսկե ձկնիկներին հետամուտ… Եվ ինձ համար գրեթե զարմանալի չէ բանաստեղծական քո ապշեցուցիչ հայտնությունը՝ «Գիշերային վարդ» և «Ցավի որսորդը» գրքերդ ծանծաղոտ ներկայից մեր անհատակ անցյալին պարզած… Եվ այս ամենի ներքո օրինաչափ է, որ երևանյան իմ ամեն գալստին մեզ այնքան հարազատ սրճարաններն ես տանում, որպեսզի զանազան ըմպելիքներով ցրվի կամ վարդագունվի օտարությանս մշուշը… Ավա՜ղ, վաղեմի իմ ընկե՛ր, ամենուր անթոթափելի խորթություն եմ զգում և միայն անդավաճան ընկերներիս օջախներում եմ ջերմանում…
Արդեն հաճախակի կրկնվող այս կախման կետերը մեծահոգաբար ընդունիր որպես ցավի և ափսոսանքի անարձագանք կաթոցներ՝ մեր կարոտասույզ հոգիներում…
«Առավոտի» ուրբաթագիր իմ բարեկամ, փա՛ռք Աստծո, որ հիմա ո՛չ պատգամավոր ես, ո՛չ էլ՝ խմբագիր, և, մոռանալով կամ հիշելով քո սիրելի Ռոբինզոն Կրուզոյին, կարող ես անմնացորդ նվիրվել անավարտ էջերիդ՝ շաբաթվա մնացյալ օրերից գոնե երկուսը անվերապահորեն տրամադրելով դրանց… Ես ծանոթ եմ հղացումներիդ, ուստի և համոզված, որ Խորենացու ողբն ու Տերյանի տրտունջները վերջնականապես չեն մարել քո պարտատու սրտում… Համոզված եմ նաև, որ տնօրենի նոր պաշտոնդ սրտամոտ է քեզ և բարերար ազդեցություն կթողնի գրասևեռ հոգեվիճակիդ վրա…
Ուրեմն, սիրելի՛ Մերուժան, իմ և հազարավոր ընթերցողներիդ ցանկալի հորդորով ապավինի՛ր տաղանդիդ և, առանց դառնաղի արցունքներդ թաքցնելու, տղամարդավարի պեղիր ու գտիր այն կորուսյալը, որ վեպի համարումով «Ընկած թուղթ» ես վերնագրել նախապես՝ գոյականական որոշյալ իր առումով…
Քեզ հոբելյանական համբույրներ հղելուց առաջ զգում եմ, որ սակավագրի իմ խոսքն էլ է անավարտ մնում, սակայն, սիրելի՛ եղբայր, սույն ձևաչափում այլևս անելիք չունեմ…
Բարեկամական հարգանքս ու ջերմագին շնորհավորանքներս՝ նաև ավանդապաշտ ընտանիքիդ: Այսքանը…
Միշտ քո`
ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ
23.11.2014 թ., ք. Վանաձոր
ԼԱՅՆԵԶՐ ԳԼԽԱՐԿՈՎ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՇԱՐՖՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ութսունականների կեսերին մենք, որ ջահել էինք, քիչ բան իմացող, բայց շատ խոսող պատանիներ, քիչ հարցեր տվող, բայց ամեն ինչին «ստույգ» պատասխաններ ունեցող ուսանողներ, մի օր հասկացանք, որ երիտասարդական ունայնից փախչելու տեղ կար, հասկացանք, որ մենք «գնալու տեղ» ունեինք։ Դա «Գարունն» էր, որը մեզ համար ոչ թե տարվա եղանակ էր, այլ՝ ամսագիր, ոչ թե լոկ թարմության ու նորացման խորհրդանիշ էր, այլ՝ ոգու խրախճանք, որտեղ միախառնված էին հիշողությունն ու երազանքը, որտեղ չգիտես՝ կորցնում էինք թե գտնում, մի վայր, որտեղից տրամաբանական հետևողականությամբ գնում էինք աղմկոտ վայրեր՝ չգիտես՝ մոռանալու թե հիշելու, սիրելու թե ատելու, հարբելու թե սթափվելու…
«Գնալու տեղի» տանտերը գրեթե միշտ լայնեզր գլխարկով և կարմիր շարֆով էր, որ հրաշալի պատմվածքներ ու էսսեներ էր գրում, խոսում էր Կարին-Էրզրումի հնչերանգով, հպարտ էր իր մայրագիծ ազնվականությամբ և հայրագիծ իմաստնությամբ։ Դեմ չէր խմելուն, երբեմն էլ՝ խմեցնելուն…
Մարդ-տոն էր նա. համենայնդեպս, մեզ համար այդպիսին էր։ Տաղտուկի ու իր խոսքով ասած՝ «չափավոր անտաղանդների» անկռիվ ու անչար քննադատն էր, բայց հախուռն էր մի լուսավոր բան գտնելիս։ Կառչում էր որևէ անսովոր, անակնկալ գրական ձիրք ու շնորհք տեսնելիս. հեղինակին բերում, խմբագիր ու բաժնի վարիչ էր կարգում, մեծարում, գլխին էր դնում…
Ինչպես, օրինակ, լուսահոգի Վազգեն Սարգսյանին ու շատերին… Ու մեզ թվում էր, թե մենք ավելին էինք, քան էինք…
Հետո՝ շատ տարիներ անց, պիտի տեսնեինք, որ հավերժական խանդավառություն թվացող այդ մարդը գլխարկն ու շարֆը կարող էր մի կողմ դնել ու մնալ աղմուկներից հեռու և միանգամայն ուրիշ…
Այդ ուրիշությունն այն տարիներին թաքցնում էր, երևի դա բեռ էր դիտում կողքինների համար և դարձյալ ժպտում ու վերադառնում իր հայտնի խոսքին՝ ամեն բան լավ կլինի… Եվ մենք, որ գիտեինք, որ ամեն բան լավ չէ, այնուամենայնիվ, հավատում էինք նրա հրաշապատում հեքիաթին, որովհետև այն զարմանալիորեն իրականությունից ավելի ճշմարիտ էր…
Մերուժան Տեր-Գուլանյանի «Գարունը» երես առած տաղանդավոր երեխա էր, որի շուրթերով իսկապես ճշմարտությունն էր բարբառում, որ ոչ միայն գրականություն էր սփռում, այլև գրականություն ստեղծում։ Երես առած էր, որովհետև կամակոր էր, երբ վերևից փորձում էին խանգարել կամ կասկածի տակ առնել այս կամ այն արժեքավոր նյութը։
«Գարունը» գրքի պես էին կարդում, կրպակներում հարցնում, եթե ճարում էին, ձեռքից ձեռք էին խլում, հացի պես ուտում… «Գարուն»-ով մտածում էին, վերանայում, հուսահատվում, սիրահարվում… Եվ պարզ չէր՝ ով է հեղինակը, ով՝ ընթերցողը։
Շատ ընթերցողներ որոշում էին, որ իրենք էլ գրող են և գլխավոր խմբագրի սենյակն էին փնտրում… Տեր-Գուլանյանի «Գարունը» նաև ազգային շարժում էր, երկրաշարժի ցավ, հայրենիքի որոնում…
Հետո եկավ «Ար» հեռուստաընկերությունը՝ փոխվեց ընդամենը մեր «գնալու տեղի» հասցեն։ «Ար»-ը արարվում էր ջազի պես, հընթացս, հանկարծաստեղծվում էր, ցնցում, տակնուվրա անում այն ամենը, ինչ մահամերձ էր ու սովորական, ինչը կասեցնում էր հոգու ու մտքի ընթացքն իր տափակ զսպաշապիկներով…
Հետո այս հին աշխարհի լավից ու վատից ձանձրացած գրողը որոշեց տեսնել՝ ինչ կա իրերից այն կողմ, ու ստեղծեց իր տարաշխարհիկ «Անդինը»՝ մեր «գնալու տեղի» նոր հանգրվանը…
Այստեղ արդեն մեր հայացքը դրսից եկավ ներս, որ հայտնաբերի, թե ինչ կա ամենից անդին, որոնեց հավիտենականը։ Այստեղ պատվանդանին դրվեց միտքը, որ անխոտոր պահի մեր հոգիները։ Դիրքերում կանգնած զինվորներն այնքան էին կարդում ամսագիրը, որ ասես կրակոցներից ծակծկված մագաղաթի նման քրքրվում էր… Գուցե նախանշա՞ն էր դա, որ շուտով պաղ անտարբերությամբ պիտի փակեին «Անդինը»։
Հընթացս այս ամենին Մերուժան-Տեր Գուլանյանն իր «ուրբաթախոս» էսսեներով եկավ-հասավ անհայտի սահմանին, հենց այդպես էլ կոչեց իր նոր գիրքը՝ «Անհայտի սահման», և ասաց. «Այս գիրքն ամբողջությամբ ընթացք է դեպի անհայտի սահմանը, որը շերտ առ շերտ բացվում է, բայց թույլ չի տալիս մոտենալ ու ճանաչել Իրեն՝ Աստծուն»: Մերուժան-Տեր Գուլանյանն այսօր 75 տարեկան է։ Դա նշանակում է, որ այսօր Հայաստանը լայնեզր գլխարկով է և կարմիր շարֆով… Ուրեմն, ինչպես ինքն է ասում, «ամեն բան լավ է լինելու»։
Լևոն ԳԱԼՍՏՅԱՆ
29.11.2023թ.