ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆԻ «ԱՐՉԻ» ՎԵՊՈՒՄ / Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ

Արձակի տարբեր ժանրերով նախկինում գրած երկերի շարքը Հ. Երանյանը համալրեց 2023 թ. «Անտարես» հրատարակչության տպագրած «Արչի» վեպով։ Վեպն ունի երկպլան կառուցվածք, երկու ուղղությամբ զարգացող դիպաշարով պատումներ։ Գրական նման մտահղացման շնորհիվ հեղինակը մի դեպքում իրադարձությունները ներկայացնում է առաջին դեմքով, որտեղ պատմող-նարատորը գլխավոր կերպարն է։ Նա լրագրող է, գրող, որը Թովմա Տերտերյան անուն ազգանունով ինչ-որ մի հեղինակի վեպն է խմբագրում։ Ձեռագրի հեղինակը մահացել է բանտում, նա ճանաչված գրող չէ: Այս սյուժետային գծի կարևոր թեմաներից մեկն է դառնում Թ. Տերտերյանի վեպը խմբագրող հերոսի անունով տպագրելու թե չտպագրելու խնդիրը։ Պատմող-նարատոր հերոսը ցանկանում է սկզբունքայնություն հանդես բերել, կանխել գրագողությունը։ Բացի այդ, հեղինակային նման մտահղացումը գեղարվեստական հնարք է, որի նպատակն է ազգային գոյաբանական խնդիրները վերարծարծել տարածաժամանակային տարբեր տիրույթներում, տարբեր հայեցակետերով։ Հետևաբար «Արչի» վերնագրով վեպը դարձել է երկպլան վեպ, որի առաջին դիպաշարի շրջանակում պատմվում է 2020 թ. Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններ, որին մասնակցում է զինվոր դարձած պատմող-նարատորը։ Իր հերոսներին հեղինակը պատկերում է ռազմաճակատային արյունալի իրավիճակներում, ուր կյանքն ու մահը իրար կողքի էին։ Հայաստանի տարբեր տարածաշրջաններից Արցախում կռվող զինվորներն ու կամավորները կռվում էին անօրինակ դաժան պայմաններում, քանի որ թշնամին գերազանցում էր նրանց իր թվաքանակով, ռազմական տեխնիկայով ու կազմակերպվածությամբ։ Ադրբեջանցիներին աջակցում էին նրանց ռազմական դաշնակիցները՝ Թուրքիան և այլ երկրներ։ Հայկական կողմը զուրկ էր ռազմական դաշնակիցների աջակցությունից։ Այդպիսի տարբերության հետևանքով հայկական կողմը շատ զոհեր է տալիս, ինչը հեղինակը նկարագրել է նատուրալիստական կոնկրետությամբ, սահմռկեցուցիչ մանրամասներով։ Մի կողմից մեծ համակրանք է առաջ գալիս արյունահեղ կռիվների մեջ, վերքերից տառապող հայ զինվորի, հայրենիքը պաշտպանելու գնացած կամավոր տղաների ու աղջիկների նկատմամբ։ Մյուս կողմից` սուր ցավ է ծնվում այն իրողության հետևանքով, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի ռազմական հրամատարությունը թշնամուն հակահարված տալու պետականորեն կազմակերպված գործը չէին կարողացել այս պատերազմում ձեռնարկել այնպես, որ արժանի պատասխան տային թշնամուն։ Իսկ հակառակորդից չերկնչելու համար հայ զինվորները հիմքեր ունեին, գիտեին, որ 1990-ական թվականներին տեղի ունեցած Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր բանակը հաղթել էր՝ առանց դաշնակիցների օգնության կռվող ադրբեջանցի-թուրքերին։ Հեղինակին պատումի այս տիրույթում ավելի շատ հետաքրքրում են Արցախում ընթացող հայության գոյապայքարի, ուժերի անհավասար լինելու պայմաններում մեր բանակում տեղի ունեցած ձախողումներն ու այս ամենի հետևանքով հայկական կողմի տված զոհերն ու, ի վերջո, մերոնց կրած պարտությունը։ Հ. Երանյանն իր գրողական վարպետության շնորհիվ, հիմնականում ռեալիստորեն իրականությունը պատկերելու սկզբունքին հետևելով` միաժամանակ գրում է պատերազմում ձախողումների մասին մտահոգությունների ցավը ընթերցողներին փոխանցելու և դրանց հետևանքների մասին մտածելու հեռահար նպատակադրմամբ։
Կերպարների միջոցով տեսանելի են դառնում արցախյան գոյամարտի բարդություններն ու մարդկային բնավորությունների կենսադիրքորոշման էքզիստենցիալ, հոգեբանական առանձնահատկությունները անխուսափելի թվացող մահվան հանդեպ։ Ուշագրավ է, որ պատմող-նարատորն իր ազնիվ մղումներով է առանձնանում, ինչպես նաև իր սիրով՝ Կարինեի ու Լիանայի հանդեպ։ Նկատում է, որ եթե Կարինեն ռազմաճակատ էր եկել իրեն գտնելու և սիրած տղային իր համար փրկելու նպատակով, ապա Լիանան, որը կարող էր ընդհանրապես չգալ պատերազմական գործողությունների վայր, այնուամենայնիվ, եկել էր, նշանակում է նա եկել էր ընդհանուրի համար։ Իսկ Մոսի (Մեսրոպ) ընկերը, որ հոգնել ու սարսափել էր պատերազմի վտանգներից, դառնում է դասալիք։ Կան, այնուամենայնիվ, թշնամու դեմ կռվելու համառություն ունեցողներ, որոնցից մեկն էլ պատմողն է, ինչպես նաև ռազմաճակատ եկած, որդուն չգտած բժշկուհին։ Արցախյան հերթական պատերազմը փորձության էր ենթարկել բոլորին։ Տպավորիչ է այս առումով մի ոտքին երկաթյա պրոթեզ ունեցող Համոյի կերպարը, որը արցախյան նախորդ պատերազմին էլ էր մասնակցել. նրան հաջողվում է նույնիսկ թշնամու ռազմական ուղղաթիռ խփել։ Անմոռանալի է որդու հետ կռվելու համար Արցախ եկած հոր ու որդու հանդիպումը։ Հայրը նրան տեսնում է նահանջողների մեջ։ Որդին իրեն արդարացնում է՝ ասելով, որ պատերազմը պայմանավորված է, ու հետևաբար մեր պարտությունը անխուսափելի է, կանխորոշված։ Հայրը հակադարձում է նրան, թե՝ «անգամ պայմանավորված պարտությունը կարելի է շուռ տալ հաղթանակի»։ Եվ այստեղ կարևորվում է անհավասար ուժերի պայմաններում անգամ, հանուն հայրենիքի հակառակորդի դեմ կռվելու հայ մարդու պատրաստակամության գաղափարը, որը դառնում է ազգային ինքնությունը պահպանելու միջոցներից մեկը։ Եվ թվում է՝ հեղինակը իբրև գաղափարագեղագիտական ելակետ՝ իր վեպում դարձրել է պարտքի բարոյականության մասին Ի. Կանտի արտահայտած այն միտքը, թե՝ «Դու չպետք է անես այն, ինչ կարող ես, ինչ ցանկանում ես, այլ՝ այն, ինչը պարտավոր ես անել»։
Հայ ժողովրդի ազգային գոյաբանական խնդիրների գեղարվեստական արծարծման բարդությունը հեղինակին մղել է յուրովի զուգահեռ անցկացնել մերօրյա իրողությունների և 1915 թ. հայոց Ցեղասպանության շրջանի իրադարձությունների միջև։ Վեպի երկրորդ սյուժետային պատումը տարածաժամանակային (քրոնոտոպ) մի այլ կտրվածքի շրջանակում ներկայացնում է Արևմտյան Հայաստանում, Երզնկա քաղաքի և նրա շրջակայքի այլ հայաշատ վայրերում հայության կյանքի հարաբերականորեն խաղաղ դրվագներ, որոնք խախտվում են Առաջին աշխարհամարտի (1914 թ.) սկսվելով, ինչը մահացու վտանգ է դառնում արևմտահյության համար և հանգեցնում երիտթուրքական իշխանությունների կողմից պետականորեն կազմակերպված Ցեղասպանության կամ հայասպանության (արմենոցիդ)։ Մեր ժողովրդի այս հատվածը կանգնում է ֆիզիկապես լինել-չլինելու գոյաբանական խնդրի լուծման առջև, որի ելևէջները հեղինակը ներկայացնում է գեղարվեստորեն պատկերելու որոշակի փորձի ու հմտության շնորհիվ։
Երկրորդ պատումում իրադարձությունները պատկերվում են երրորդ դեմքով՝ նկարագրելով ժամանակի ու տարածության այլ տիրույթ։ Վեպի այս դիպաշարում պատկերվում են Երզնկայի ամենահարուստ վաճառականի՝ Ա. Հովսեփյանի ընտանիքի, նրանց սպասարկող անձնակազմի ճակատագրերը։ Ուշագրավ դերակատարություն է ձեռք բերում Արչի մականունն ստացած հայկական գամփռ ցեղի շունը: Պատումի սկզբից ևեթ ընտանիքի հարաբերականորեն խաղաղ կյանքի դրվագներին զուգահեռ՝ հեղինակը, իրադարձություններից մի փոքր առաջ ընկնելով, վարդապետ Մարինոսի և Հալեպի «շարիաթական դատարանի ղեկավար» դատավոր (մուֆթի) Հիքմեթ Յոլզանի զրույցի միջոցով արծարծում է կրոնափիլիսոփայական թեմաներ և ազգային գոյաբանական խնդիրներ։ Արդեն սկսվել են կոտորածները. թուրք դահիճ-ոճրագործները աքսորի ճանապարհին ծեծելով, զանազան այլ տանջանքների ու կտտանքների ենթարկելով՝ զանգվածաբար սպանում են հայերին։ Եվ ահա դատավորի քմահաճույքով նրա մոտ են բերում Մարինոսին։ Պարզվում է, Մարինոսը ևս ճանաչում է նրան՝ իբրև կրոնագետ գիտնականի, նրա գրքերից մեկի մասին նա ասում է. «հիացած էի ձեր աշխատությամբ։ Չորս սունիների համեմատությունը իմ Սուրբ գրքի դրույթների հետ այնքան գրավիչ էր։ Դուք նմանություններ էիք նկատել, որ կարդալուց հետո պարզ ու ակնհայտ էին թվում, սակայն մինչ այդ ոչ ոք չէր կռահել»։ Մուֆթին, թեև բանասիրական նման աշխատանք կատարելու ընդունակ գիտնական էր, սակայն նրբամիտ, խորամանկ, ազգայնամոլ գործիչ էր, երիտթուրքական իշխանությունների տեղական պաշտոնյաներից մեկը, մի իշխանության, «որը,- ինչպես թուրք դատավորն է արտահայտվում,- որոշել է ամբողջապես մաքրել երկիրը ձեր ներկայությունից,- ասում է նա հայր Մարինոսին։- Անատոլիան կամ մերը պիտի լինի, կամ ձերը։ Մեր համատեղ գոյակցությունն այլևս անհնար է։ Ու ես դեմ չքվեարկեցի այդ որոշմանը»։ Ազգայնամոլ, փարիսեցի մուֆթին սոփեստությամբ է ցանկանում արդարացնել իր դիրքորոշումը արևմտահայության տեղահանության ու սպանդի հանդեպ։ Այդ ամենի պատճառով նա Մարինոսի բանականությունը խախտված է համարում տառապանքներից, երբ նրանից իմանում է, որ վերջինս կարող էր հորդորել իր հավատացյալների հոտին հավատափոխ լինել իրենց ֆիզիկական գոյությունը պահպանելու համար։ Հայ վարդապետը, չդադարելով մնալ իր դավանանքին նվիրյալ ու հավատարիմ, այնուամենայնիվ, մտորում էր իր ժողովրդի ֆիզիկական գոյության մասին և ամեն գնով փորձում է գեթ տեսականորեն մի ինչ-որ ելք գտնել այդ դժոխային իրականությունից, որն իր ազգակիցների համար ստեղծել էին մուֆթիի բարձր պաշտոնյաները։ Եվ երբ վերջինս հարցնում է Մարինոսին. «Բայց ասա, իսկապե՞ս քո հոտի բեկորներին կոչ կանես իսլամ ընդունել։- Չգիտեմ։ Հակառակ դեպքում նրանք կսպանվեն, գեհենի կոճղ կդառնան ու կայրվեն հավիտենական կրակի մեջ,- ժպտալով ասաց հայր Մարինոսը։- Իսկ եթե ապրեն, ժամանակ կունենան ապաշխարելու, քավելու իրենց մեղքերը»։ Նկատենք, որ առերես դավանափոխ լինելու փորձը հայ իրականությանը հայտնի էր դեռևս 5-րդ դարից, երբ Տիզբոնում Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցները հարկադրաբար արտաքուստ համաձայնեցին, որ ընդունում են զրադաշտականությունը, սակայն վերադառնալով հայրենիք՝ ապստամբեցին Պարսկաստանի դեմ։ Ուշագրավ է հենց 1915 թ. հայասպանության շրջանում կրկին Հալեպում հայ նշանավոր գրող Ե. Օտյանի և նրա շուրջը հավաքված հայության՝ մահմեդականություն ընդունելով՝ ոճրագործ թուրքերի կազմակերպած սպանդից ազատվելու իրողությունը։ Վերջիններս պատերազմն ավարտվելուց հետո վերստին իրենց նախկին դավանանքն են ընդունում։ Հեղինակը նրանց օրինակը չի վկայակոչում, սակայն Մարինոսի տրամաբանության հիմքում կա Վարդանանց, Ե. Օտյանի և նրա շուրջը համախմբվածների պահվածքի հետ ակնհայտ ընդհանրություն։
Արևմտահայության կացությունն ու գոյաբանական խնդիրը Օսմանյան կայսրության մեջ ուշագրավ կերպով է քննարկվում կայմակամի և Արշակ Հովսեփյանի կնոջ՝ Տիրուհու միջև ընթացող զրույցի ժամանակ։ Երբ գավառապետը նրան ասում է, որ հայերը ուզում են կայսրությունը տրոհել ու կործանել, դրա պատճառով էլ հալածվում են, Տիրուհին նրան համարձակորեն պատասխանում է. «Մենք չենք ուզում պետությունը կործանել, իսկ եթե կան ուզողներ, միայն այն պատճառով, որ դուք մեզ ստրուկի պես եք վերաբերվում, անպատվություն եք համարում մեզ հավասար լինելը…»։ Գավառապետի հետապնդումներից ազատվելու, իր պատիվը փրկելու համար Տիրուհին ինքնասպանություն է գործում։ Վեպի երկրորդ պատումի կենտրոնական դեմքերը վաճառականի և Տիրուհու զավակներն են՝ պարմանուհի Արուսյակը և վեցամյա Արշակը: Նրանք տարբեր ճակատագրեր են ունենում։ Արշակին գետից դուրս է բերում մի թրքուհի, որի տանն էլ մեծանալով՝ նրան համոզում են, որ թուրք է, իսկ հետագայում էլ, իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ աչքի ընկնելով՝ հանդես է գալիս իբրև թուրք կոմպոզիտոր՝ Յուսուֆ Արչի անունով։ Արուսյակը հայտնվում է եվրոպացի միսիոներների, ավստրուհի ֆրաու Մադլենի հովանու տակ և դառնում է նրա ժառանգորդը։ Սկզբնական շրջանում ատելությունը թուրքերի հանդեպ Արուսյակին մղում է «վսեմ ագրեսիայի» (Ալ. Նալչաջյան)։ Նա, սեփական նախաձեռնությամբ ահաբեկչական գործողություններ կատարելով, ցանկանում է վերացնել նրանց, այդ իներցիայով Արուսյակը, նախապես չիմանալով, կործանելու էր եղբորը, որ Վիեննայի կոնսերվատորիայում դիրիժոր էր հանդես գալու իր «Ռեքվիեմ» ստեղծագործությունը կատարելիս։ Արուսյակը նրան տեսնելուց հետո կարողանում է ի դեմս Յուսուֆ Արչիի ճանաչել եղբորը։ Հետագայում նամակներ գրելով Ստամբուլում ապրող եղբորը՝ կարողանում է հիշեցնել նրան իրենց անցյալը, մանկության շրջանը: Եվ երբ ճշմարտությունն իր կյանքի մասին բացահայտվում է, եղբայրն ինքնասպանություն է գործում` փորձելով բացատրել իր արարքի դրդապատճառները։
Արուսյակը ևս աստիճանաբար հեռանում է շատ սփյուռքահայերի պես իր ազգային արմատներից։ Ամուսնանում է իրեն բուժող շվեյցարացի բժշկի հետ, իսկ նորածին աղջկան անվանում է իր մահացած բարերարի՝ ֆրաու Մադլենի անունով։ (Նա էլ թերևս մոռացել էր իր մոր՝ Տիրուհու անունը)։ Արուսյակի և Արշակի կենսուղիները սփյուռքահայ մարդկանց ուրույն ճակատագրեր են, որոնք կարող էին այլ կերպ ընթանալ, եթե Մեծ եղեռնը չլիներ:
Վեպում գոյաբանական խնդիրներին ընդհանուր առմամբ հեղինակը վերջնական լուծումներ չի առաջադրում, այդ թեմաներն արծարծելով՝ նա ընթերցողի ուշադրությունն է հրավիրում դրանց հասարակական ու ազգային նշանակության վրա և մղում մտորելու պատասխաններ գտնելու ուղղությամբ։ Մի դիտարկում ևս. վեպը վերնագրված է Արչի շան անունով, որը սակայն հանդես է գալիս միայն վեպի մի պատումում։ Նրա դերակատարությունը խորհրդանշական է, նա իրեն խնամողներին կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամությամբ է հարձակվում նրանց հալածողների վրա։ Արչիի կենդանական բնազդով թելադրված արարքների մեջ ավելի շատ մարդկայնություն ու բարություն կար, քան բանականություն ունեցող այն թուրք ու քուրդ զինվորների ու թալանչի բնակիչների մեջ, որոնք հրեշավոր տանջանքների էին ենթարկում ու սպանում հայ մարդկանց։ Արչիի նման պահվածքը պատերազմի ժամանակ հակադրված է բանականություն ունեցող մարդու անմարդկային արարքներին։ Այս տեսանկյունից հետաքրքիր է Լևոն Խեչոյանի հետևյալ միտքը, թե պատերազմը Մարդու պարտությունն է իր կոչման հանդեպ։ Եվ, իրոք, մտածելու ընդունակ մարդը, մյուսների հետ իր փոխհարաբերությունները բանականությամբ առաջնորդվելով կարգավորելու փոխարեն, ձգտում է կարգավորել ֆիզիկական ուժ ու զենք գործածելու միջոցով։ Վեպն ունի նաև տեսանելի որոշ պակասություններ, Արշակ Հովսեփյանի ինքնասպանությունն, օրինակ, բավարար չափով չի հիմնավորվել, բացի այս, արևմտահայության մասին գրված հատվածներում արևմտահայերենն ամենևին չի օգտագործվում։ Հիշյալ թերություններով հանդերձ «Արչի» վեպը ուշագրավ ձեռքբերում է և՛ գրողի ստեղծագործության մեջ, և՛ ժամանակակից հայ վեպի տիրույթում։

 

Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։