Ի՜ՆՉ ԷԺԱՆ ԾԱԽԵՑԻՆՔ ԱՐՑԱԽԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

 

Առավոտյան, հենց լույսը վետվետում է համակարգչիս տառաշարում, գրելը կամ թարգմանելն ընդհատում, Լենինգրադյանի մեր բարձրահարկի անանուն պուրակն եմ իջնում, որ Աստծո պարգևած օրը դիմավորեմ:

Շենքի առջև հառնող մեր թաղի ամենապատվախնդիր  սպայի՝ Գուրգեն Մարգարյանի դիմարձանին նայել չեմ համարձակվում:

Բացման օրը բարոնուհի Քոքսի ներկայությամբ ուխտեցինք անլուր ոճրի վրեժը լուծել, բայց փոխարենը մեր անանուն պուրակում երեք նոր՝ Արցախյան վերջին երեք պատերազմների անմեղ ու անիմաստ զոհերի հիշատակի խաչքարերը հառնեցին:

Տարեկից դրկիցս, որ հավանաբար ինձ նման անքնությամբ է տառապում, գալիս, նստում է կողքիս, գլանիկ է վառում.

– Ինչո՞ւ ես տխուր, հարևա՛ն:

– Արցախը,- տնքում, հայացքս երեք նորականգ խաչքարերին եմ հառում: Ինչպես նաև այն ձողափայտին, որի վրայից անհետացել է Արցախի Հանրապետության դրոշը:

– Մեր տարիքում չի կարելի այդքան հուզվել,- հորդորում է հարևանս,- տե՛ս, մեր Լենինգրադյան փողոցի կոյուղատար ու ջրատար խողովակները հիմնանորոգեցին, շենքի շուրջը առաջին անգամ գունավոր խճաքարերով սալապատեցին, «Աջափնյակ» խորհրդագրերով նոր նստարաններ տեղադրեցին…

Չեմ պատասխանում, վեր եմ կենում, վերելակ նստում, չնայած չգիտեմ, որ տուն մտնեմ, աշխատելու ի վիճակի պիտի լինե՞մ:

Այդքա՞նն էր ազատագրված Արցախի գերության փոխարժեքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։