Հոկտեմբերի 24-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Զորայր Խալափյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. «Զորայր Խալափյանը 60-ական թվականների լավագույն արձակագիրներից էր, որի ստեղծագործությունները առաջին տպագրությունից հետո հայտնի դարձան, շրջանառվեցին գրականագիտական հոդվածներում ու խորհրդածություններում, նրա «Որտե՞ղ էիր, մարդ աստծո…» գիրքը ֆիլմի վերածվեց և սիրելի դարձավ»: Էդ. Միլիտոնյանը կարևորեց Խալափյանի գրական-հասարակական գործունեությունը՝ նշելով, որ գրողը իր հրապարակախոսական հոդվածներում հիմք դրեց ժամանակի գնահատմանը՝ տվյալ ժամանակի մեջ նշմարելով նաև ենթադրելի ապագան:
Հանդիսությունը վարող արձակագիր Ալիս Հովհաննիսյանը նշեց. «Զորայր Խալափյանը հայ մեծագույն գրողներից է, որի մասին շատ է խոսվել ու գրվել, բայց նրա գրականությունն այնպիսի շերտեր ունի, որ դեռ կարոտ է ուսումնասիրության»:
«Զորայր Խալափյանն ուներ համապարփակ հայացք կյանքին, աշխարհին ու իրականությանը, սերնդակից գրողների մեջ առանձնանում էր իր ձեռագրով, ոճով, մտածողությամբ ու գրեց «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» փայլուն ստեղծագործությունը իր սերնդի բերած նորի մասին: Նա հայացքն ուղղեց դեպի անհատը, անհատի հոգեբանությունն ու ճակատագիրը»,- ասաց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը և Խալափյանի ստեղծագործություններից, որպես ամենաշատ գնահատելի, նշեց «Մեռնող հառնող» վեպը:
Ըստ գրականագետ Վազգեն Գաբրիելյանի՝ Զորայր Խալափյանի գրականությունը գնահատվել է ժամանակին, բայց կարևոր է այսօրվա գնահատականը տարիների հեռվից. «Զորայր Խալափյանը լայնախոհ ու լայնաթեմա գրող է: Նրա շուրջ լեգենդ հյուսվեց առաջին ստեղծագործության՝ «Հեղեղ»-ի շնորհիվ, որ նրան դրեց առաջադիրների կողքին»:
Դավիթ Մուրադյանի կարծիքով՝ «Զորայր Խալափյանի և նրա սերնդի ստեղծած գրականությունը հիանալի գրական-գեղարվեստական կենսահող էր: Նա շատ հիմնավոր վիպասանի ներկայություն էր մեր գրականության մեջ: Այդ սերունդը հետստալինյան սերունդն էր՝ ճաղավանդակից դուրս եկած, որը սկսեց գրել «ես»-ով: «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» վեպում, որ հետագայում ֆիլմ դարձավ, մարդն անցնում է դարի միջով, դարն անցնում է մարդու միջով. մարդու կենսագրության մեջ մի ամբողջ էպոխա է: Իր վեպերով Զորայր Խալափյանը գրական սիմֆոնիզմ բերեց հայ արձակ»:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ բավականին շատ են Զորայր Խալափյանի գրքերի գրականագիտական ուսումնասիրությունները, բայց կա գրողի տեղի ու դիրքի խնդիր: «Մենք պիտի ասենք, որ գործ ունենք մեծ գրողի հետ. թե՛ հետահայաց, թե՛ ընթացքի մեջ՝ իր ժամանակի մեջ, իր ժամանակի մյուս մեծերի հետ, գրական տարբեր հարաբերությունների ուսումնասիրությամբ: Ազգային մտածողությունը, որով ուղղակի հեղեղված է Զորայր Խալափյանի գրականությունը, այն դարձնում է իսկապես մեծ գրականություն»,- ասաց Ա. Նիկողոսյանը: Նրա կարծիքով՝ այդ ժամանակի համաշխարհային գրականության միտումներին համաչափ է քայլել հայ գրականությունը, ու դա նաև Զորայր Խալափյանի շնորհիվ, այլ հարց է, որ խորհրդային գրականագիտությունը չի խոսել դրա մասին:
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանը հանդես եկավ «Մտորումներ Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո…» վեպի շուրջ» զեկուցումով և պատմեց Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու մասնաճյուղում Խալափյանի անվան լսարանի մասին: Բան. գիտ. թեկնածու Լիլիթ Ղազարյանը կարդաց զեկուցում «Պատկերանշանային համակարգի և երազապատկերման առանձնահատկությունները Զորայր Խալափյանի արձակում» թեմայով:
Ելույթ ունեցան և Զորայր Խալափյանի կյանքի ու ստեղծագործության մասին հետաքրքիր դրվագներ պատմեցին նրա եղբայրը՝ Թևիկ Խալափյանն ու քույրը՝ Միլետա Խալափյանը:
Սեփ. լրտ.