ՄՇՏԱՊԵՍ ԻՄ ՍՐՏՈՒՄ / ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՉարենցՀամառորեն ինձ հորդորում, նույնիսկ ստիպում են հուշեր գրել Եղիշե Չարենցի մասին: Բայց ես առժամանակ դիմադրում էի, խուսափում, որովհետև, թեև նա իմ պայծառ ժամանակակիցն էր, բայց նրա հետ իմ հանդիպումները ակնթարթային են եղել, ինչը երևի իրավունք չէր տալիս գրիչ վերցնելու: Սակայն, քանի որ պնդում էին, համարձակվում եմ խնդրանքը կատարել, գուցե դույզն-ինչ կարողանամ լրացնել մեծ բանաստեղծի մասին եղած հուշերը:

Եղիշե Չարենցի երկրպագուն դարձա դեռևս դպրոցական տարիներին: Նրա շռնդալից քնարը խորապես ազդեց հեղափոխական ռոմանտիկայով տոգորված ինձ և սերնդակիցներիս, թրծեց հայրենասիրական, քաղաքացիական ոգով: Հեղափոխության մեծ երգչի «Ամբոխները խելագարված», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» պոեմների գաղափարներով կոփվեցինք: Դրանք մշտապես իրենց տեղն ունեին Թիֆլիսի մեր հայկական դպրոցի աշակերտական ցերեկույթների ծրագրերում և անդադրում հնչում էին իմ ու ընկերներիս շուրթերից:
«Ինչե՜ր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված»… Հայոց լեզվի և գրականության մեր ուսուցիչը՝ վանեցի իմ հայրենակից Ծերուն Թորգոմյանը, մեզ հաղորդակից դարձրեց հայ գրականության բազմահարուստ ստեղծագործություններին, Չարենցին ներկայացրեց որպես հայ պոեզիայի նոր ուղղության մունետիկ, արդիական բովանդակություն և շունչ ներարկող բանաստեղծ:
Եղիշե Չարենցի «Էպիքական լուսաբացը» կարդացել եմ նավթի լույսի տակ, երբ ուսուցիչ էի մեծն Թումանյանի հայրենիքում, Լոռու Շնող գյուղում: Իր խոսքերով ասած՝ նա արդեն հասել էր մի պարզության, որը ձեռք է բերվում «դըժվար վարժությամբ»: Այդպիսին են արվեստի մեծագործությունները՝ եգիպտական բուրգերն ու Աթենքի Ակրոպոլիսը, հռոմեական պանթեոնն ու Հռիփսիմեի տաճարը: Նույն տարիներին տպագրվեցին Մ. Շոլոխովի «Խաղաղ Դոնի» առաջին հատորը, Սերգեյ Եսենինի բանաստեղծությունները, այս ամենը, ինչպես Չարենցի «Էպիքական լուսաբացը», մեծ հուզմունքով էի կարդում: Գյուղական ուսուցչիս մտքով չէր անցնում, որ տարիներ հետո պիտի առիթներ ունենամ հանդիպելու իմ կուռքին՝ սովորական մարդկային արտաքինով Եղիշե Չարենցին: 1931 թ. տեղափոխվեցի Երևան, ընդունվեցի Շինարարական ինստիտուտի (հետագայում՝ Պոլիտեխնիկական) ճարտարապետական բաժինը: Այդ տարիներին Չարենցն ապրում էր նորակառույց հյուրանոցում (այժմ՝ «Երևան»): Չարենցը և Աղասի Խանջյանի, Միքայել Մազմանյանի, Գևորգ Քոչարի ընտանիքները հարևաններ էին, ինչպես նաև այլ մտավորականներ նույնպես ապրում էին հյուրանոցում: Երկրորդ հարկի հրապարակահայաց կողմի պատշգամբում երբեմն տեսնում էի Չարենցին, իսկ մի օր էլ բախտ ունեցա անձամբ նրա մոտ գնալու:
Մեր ինստիտուտի տնօրեն Միքայել Մազմանյանի նախաձեռնությամբ և ջերմ աջակցությամբ սկսեցինք լույս ընծայել «Խորհրդային ճարտարապետ» ուսանողական բազմատպաքանակ թերթը ( ես սկզբնապես պատասխանատու քարտուղարն էի, այնուհետև՝ խմբագիրը): Թերթի առաջին համարը տպագրվելուց հետո Մ. Մազմանյանն ինձ պատվիրեց տանել հյուրանոց, հանձնել անձամբ Չարենցին:
– Շատ կուրախանա,– ասաց,– անպայման տար:
Բարձրացա երկրորդ հարկ, վարանելով բախեցի դուռը: Հանկարծ երբ խալաթը հագին, թասակը գլխին երևաց Չարենցը, մի պահ շփոթվեցի ու կարկամած մեկնեցի ձեռքս:
– Միշան ինձ ասել է, ապրեք, լավ նախաձեռնում է, ողջունում ու շնորհավորում եմ:
Բանաստեղծի հետ հաջորդ հանդիպումը եղավ մի փոքր ավելի տևական ու ողջ կյանքումս մնաց անջնջելի հիշողությանս մեջ: Երբ 1934 թ., ի թիվս մի քանի ստեղծագործական կազմակերպությունների, հիմնադրվեց նաև Ճարտարապետների միությունը, նրա կազմկոմիտեի նախագահ, ձեռներեց և գործունյա Գևորգ Քոչարի ջանքերով Կառուցողների ակումբի (այժմ՝ Սպորտկոմիտեի շենք) երկրորդ հարկում հաջողվեց մի ընդարձակ սենյակ ձեռք բերել՝ որպես ճարտարապետների հավաքատեղի: Հանդիսավոր բացման առիթով, բացի ճարտարապետների ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից (Ն. Բունիաթյան, Բ. Արազյան, Մ. Մազմանյան, Ս. Սաֆարյան, Հ. Մարգարյան, Մ. Գրիգորյան, Ա. Ահարոնյան, Թ. Թումանյան և այլք), հրավիրված էին Եղիշե Չարենցը, Արա Սարգսյանը, Արուս Ոսկանյանը, Վահան Թոթովենցը, Մկրտիչ Ջանանը և ուրիշ մտավորականներ: Ինձ՝ ուսանողիս էլ բախտ վիճակվեց ներկա լինել այդ հավաքին: Երկրի վիճակը սկսել էր բարելավվել, մեր սեղանը ճոխ էր: Նրա շուրջ հավաքվածները ջերմ խոսքեր ասացին, բարի երթ մաղթեցին Ճարտարապետների նորաստեղծ միությանը: Հետո հավուր պատշաճի սեղանը «ծաղկեցվեց»: Ներկաները թախանձագին խնդրեցին Արուս Ոսկանյանին արտասանել: Նա երկար սպասել չտվեց, եռանդուն ոտքի կանգնեց, բացառիկ ներշնչանքով և հուզումնալից արտասանեց Ե. Չարենցի «Գանգրահեր տղան»: Ներկաները քար լռությամբ ու մտասույզ ունկնդրում էին մեծանուն դերասանուհու ասմունքը, նայում բանաստեղծին, իսկ նա նստած տեղում հնչող հանգերի հետ թեթև ճոճվում էր՝ աչքերն Արուսին հառած:
Լսո՞ւմ ես՝ այդտեղ իմ սի՛րտն է
թաղած,
Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
Օ, դու, գալիքի գանգրահեր տղա,
Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…
Վերջին քառյակը ավարտվելու պես, բանաստեղծը, որ Արուսի կողքին էր նըստած, փարվեց նրան ու արցունքակալ աչքերով համբուրեց: Տպավորությունը, իրոք, ցնցող էր: Որոտացին բուռն ծափահարություններ՝ ուղղված ինչպես բանաստեղծին, այնպես էլ ասմունքողին:
Անցել են տարիներ, ես մշտապես տխրությամբ մտորել եմ այն մասին, որ Չարենցը իր այդ փայլուն բանաստեղծության մեջ սեփական դառն ճակատագիրն է արձանագրել, գուցե և՝ կանխատեսել: Հայտնի է, որ Չարենցին վիճակվեցին մոռացության տարիներ, նրա գերեզմանը չգտնվելով, այդպես էլ անհայտ մնաց: Իր իսկ գրած «Եղիշե Չարենց, բանաստեղծ ծնված Մակու քաղաքում» տողով շարունակում է մնալ մի կորած շիրիմ: Բայց, բարեբախտաբար, ժամանակները փոխվեցին: Չարենցը վերադարձավ: Եվ վերստին մեզ հետ է, իրեն ծնող ժողովրդի սրտում:
Գևորգ Քոչարը ինձ ուղղված հայացքով հասկացրեց, որ սեղանը «ծաղկեցնելու» իմ հերթն է: (Գիտեր, որ երգում եմ, երևի դրա համար էլ տեղ էի գրավել հրավիրյալների մեջ): Այն տարիների երիտասարդական իմ հնչեղ ձայնով ու թիֆլիսյան երանգավորմամբ կատարեցի Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն իս» երգը:
Երգի վերջին տողերը հնչելու պահին Չարենցը հանկարծ իր հայացքը ուղղեց ներկաներին, իսկ երբ ավարտեցի երգը, բարձրաձայն բացականչեց՝ «Իմաստուն է Սայաթ-Նովան, թե կու պակսիմ, քիզ կու պակսիմ, աշխարհիս մեկ մազ չի պակսի», ապա մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս և ասաց. «Էս ջահելը լավ է զգում հանճարեղ աշուղին»: Դա եղավ իմ մեծ պարգևը հայոց մեծաց հետ ունեցածս առաջին ու անմոռանալի հանդիպման ժամանակ: Հետագա տարիներին այդպիսի հանդիպումներ շատ եղան:
Հերթական հանդիպումս եղավ ո՛չ թե Չարենցի, այլ «Գիրք ճանապարհի»-ի հետ, որը լույս տեսավ մեծատաղանդ նկարիչ Հակոբ Կոջոյանի ձևավորմամբ: Այն բովանդակության և գրաֆիկական մեկնաբանման հազվագյուտ ներդաշնակություն պետք է համարել: Այն դըժվարին, կրակներով ու տագնապներով լեցուն տարիների չարենցյան բանաստեղծական արվեստի բարձրակետ հանդիսացող այս գիրքը մեծ ընդունելության արժանացավ պոեզիայի երկըրպագուների կողմից՝ հեղինակին բերելով նաև դառնություններ… Դժվարությամբ ձեռք բերելով, ծայրեծայր կարդացի գիրքը: «Էպիքական լուսաբացի» հետ այն դարձավ իմ դեռևս ոչ այնքան հարուստ գրադարանի մասունքներից:
Բանաստեղծի կենդանի խոսքը ինձ մեկ անգամ ևս բախտ վիճակվեց ունկնդրել նորաստեղծ Գրողների միության տանը, որը տեղավորված էր Կուլտուրայի տան երկրորդ հարկում (այժմ՝ պատմության թանգարանի մուտքի «ԱՋՕ» (Արև-ջուր-օդ) մանկապարտեզի՝ ներկայիս ջրավազանի տեղում): Լեփ-լեցուն փոքր դահլիճում ամբիոնից ելույթ է ունենում Չարենցը: Խոսում էր բանավոր՝ համարձակ, կրքոտ, ազատ ու անկաշկանդ, մեկ-մեկ հայերենին խառնելով ռուսերեն բառեր:
Վերջին հանդիպումը Չարենցի հետ տխրառիթ էր: Թիֆլիսից ստացվել էր Աղասի Խանջյանի «ինքնասպանության» բոթը: Մինչև ուշ գիշեր Աբովյան փողոցը բազմամարդ էր: Մարդիկ հուզմունքով ցածրաձայն խոսում ու քննադատում էին այդ անբացատրելի եղելությունը, ոմանք չէին հավատում պաշտոնական հաղորդագրությանը: Կուլտուրայի տան Աբովյան փողոցի մուտքի առաջ կանգնեց փայտանյութ բարձած մի մեքենա, և արագ դատարկեցին բեռը: Ասացին, որ հաջորդ օրը դագաղը դրվելու է դահլիճում: Որոշ ժամանակ անց նույնպիսի արագությամբ փայտանյութը բարձեցին մեքենան ու տարան: Ստացվել էր լրացուցիչ կարգադրություն՝ թաղման ծեսը փոփոխելու մասին. բացատրությունը հետևյալն էր. ինքնասպանին պատվով չեն թաղում… Հաջորդ օրը հուղարկավորության բազմամարդ թափորը (որի մասը կազմեցինք ես և կինս, քանզի ողբացյալը մեր սիրված ղեկավարն էր, հայրենակիցը), դագաղը բարձր պահած, մարդկանց բազմությունը կայարանից շարժվեց ամբողջ քաղաքով. Սունդուկյան (այժմ՝ Մաշտոցի) և Սպանդարյան (այժմ՝ Արամի) փողոցների անկյան նորակառույց բնակելի տան երրորդ հարկի պատշգամբում, թասակը գլխին, մի պահ երևաց Չարենցը, ապա արագ անհետացավ, որպեսզի իջնի ու միանա դեպի Կոնդ շարժվող հուղարկավորության թափորին. դա իմ վերջին հանդիպումն էր Չարենցի հետ:
Աղասի Խանջյանի՝ Չարենցի լավ բարեկամի ու հովանավորի եղերական մահով Հայաստանում սկիզբ առան տըխրահռչակ տարիներ: Ամեն օր մարդիկ շշուկով հաղորդում էին միմյանց՝ այս գիշեր …-ին տարան: Գլխատվեց հայ մտավորականությունը, կուսակցական և պետական շատ գործիչներ «ժողովըրդի թշնամի» հնարովի մեղադրանքով բանտերը նետվեցին, նաև շատ աշխատավոր մարդիկ: Նույն ճակատագիրն ունեցավ նաև Եղիշե Չարենցը: Վախենում էին անգամ անունն արտաբերել: Նրա գրքերը ոչնչացվում էին կամ… իսկ հրաշքով փրկված անտիպ գործերը թաքուն ընթերցում էինք ընկերոջս՝ Եղիշե Հովհաննիսյանի (Կուրդոյանի) տանը: Չարենցը շարունակում էր մնալ մեր սըրտում: Տարիներ հետո, երբ Չարենցը վերադարձվեց իր ժողովրդին, թաքստոցից հանեցի կիսափտած «Էպիքական լուսաբացը» և «Գիրք ճանապարհին»: Ինձ վտանգի ենթարկելով, չէի կարողացել դրանցից բաժանվել, և հիմա վերստին իմ արդեն ստվարացած գրադարանի մասունքներն եմ համալրում:

ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։