Գուրգեն Բարենց

ՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
բա­նաս­տեղծ, թարգմանիչ
ԳՈՒՐԳԵՆ ԲԱՐԵՆՑԻՆ
ծննդյան 70-ամ­յա­կի
առ­թիվ;
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին;

***

ԶՎՈՆԿՈ ՏԱՆԵՍԿԻ (ՄԱԿԵԴՈՆԻԱ)
Բա­նաս­տեղծ, գրա­կա­նա­գետ, գրաքն­նա­դատ, թարգ­մա­նիչ, խմբա­գիր։ Ծն­վել է 1980 թ.։ Բարձ­րա­գույն կրթութ­յու­նը ստա­ցել է Ս­կոպ­յեի (­Մա­կե­դո­նիա) և Պե­րու­ջա­յի (Ի­տա­լիա) հա­մալ­սա­րան­նե­րում։ Թեկ­նա­ծո­ւա­կան թե­զը գրա­կա­նութ­յան տե­սութ­յան և թարգ­մա­նութ­յան տե­սութ­յան մաս­նա­գի­տութ­յուն­նե­րով պաշտ­պա­նել է Բ­րա­տիս­լա­վա­յի (Ս­լո­վա­կիա) հա­մալ­սա­րա­նում։ Մի շարք բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րի և գ­րա­կա­նա­գի­տա­կան-գրաքննա­դա­տա­կան գրքե­րի հե­ղի­նակ է։ Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը թարգ­ման­վել են տասն­յակ լե­զու­նե­րով։ Բազ­մա­թիվ մի­ջազ­գա­յին գրա­կան մրցա­նակ­նե­րի դափ­նե­կիր է։

***

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՂՁԱՎԱՆՋ
Արագորեն կհեռանաս
ինչպես հիվանդանոցից փախած խելագար,
քանի որ ինչ-որ տեղ պետք է լինի դրախտը
և կամ էլ մի ուրիշ տեղ
որտեղ խելագարները
միանգամայն ավելորդ են

հանկարծ քո մեջ
կզգաս
համակենտրոնացման ճամբար
որից կարելի է դուրս պրծնել
միայն երևակայության շնորհիվ։

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ
Երանության մեջ պառկած ես և երգում ես
իսկ դաշնամուրը իր սև-սպիտակ խաղերն է խաղում
քո մատների հետ
քո վզին
կախազարդով
ոսկե շղթան
ժպտում է երեխայի նման

Նոր կաթնային հրեշտակը
շատ լավ գիտի
թե երբ պետք է գա
և ձայն ձեռք բերի՝ երգելու համար։

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Եվ բանաստեղծությունը մեզ համար
պայմանական նշան դարձավ
իսկ դա ըստ էության նույնն է
ինչ կրքից ծնված սերը
ինչ հիշողությունները անցած օրերի մասին
ինչ մեր ենթագիտակցության մեջ ապրող վախը
կամ էլ գարեջրից հարբելը

իսկ միգուցե
ճիշտ հակառա՞կը։

ԴԵՌԵՎՍ ԽՈՆԱՎ
Մահճակալի վրա
ցնցուղից հետո դեռևս խոնավ
պառկած է կինը

գնդակահարված
զարթուցիչի կողմից։

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Գիշեր, հեռախոսային հավաքակայան,
լուսինը հոգեվարքի մեջ։
Սպառված բժիշկները
քնած են՝ կազմ պատրաստ՝
շտապ օգնության մեքենայի մեջ։

ՔՈ ՄԱՍԻՆ
Երբեմն ես ինքս ինձ
Շշնջում եմ քո մասին՝
ասես բամբասում եմ
աշխարհի լսող ականջին

Երբեմն ես ինքս ինձ
Շշնջում եմ քո մասին՝
այնպես ինչպես
քամուն եմ շշնջում
(որի երեսին կուզեի
շպրտել շշնջոցս)

մինչև այն պահը երբ մենք
իրար կգտնենք
և հաղթանակ կտոնենք
մեր պարտված շուրթերի նկատմամբ։
ՓՉԱՑԱԾ ԵՂԱՆԱԿ
Ի սկզբանե Բառն էր
իսկ դրանից հետո
ասվեց մնացած ամեն ինչը

դրանից հետո ժամկետանց
թիթեռների թևիկները
թռթռացին և փչացրեցին եղանակը։
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Ձեռքերս թափահարում եմ
երբ խաչակնքվում եմ եկեղեցում

Երբ դուրս եմ գալիս տաճարից
վճռական տեսքով
կանգնում եմ անցումի վրա
և փողոցում
նայում եմ շուրջբոլորս
հաշվում եմ ինձ հետևող մարդկանց
երբ ինձ պաստառի նման
մերկ եմ պատկերացնում։

ԾԽԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Դեն եմ նետում քո
արդեն իրոք որ վերջին
ծխախոտի
տուփը։

ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ
Սիրված բանաստեղծները տարբեր երկրներից
գովերգում էին իրենց նախկին սերերը, հայրենիքը,
ամառային բնանկարները և ազգային հերոսների սխրանքները։
Երեխան ամբոխի մեջ կորցնում է պարզած ձեռքերը
և իր մոր գրկում
դողդոջուն ձայնով աղերսում է
որպեսզի իրեն դուրս բերեն հրաձգարանից
քանի դեռ չի սկսել ուժգին կրակոցը։

ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏ
Ինչպես ալիքը ցուրտ գիշերով
Ինչպես օրերը համեմված անակնկալ սեքսով
Մի կին է պառկած քո մահճակալում
և ես հունգարական բադ եմ ճաշակում
լավ տապակած մի բադ քո վարդագույն շուրթերին։
Ինչ լինելու է – թող լինի։ Հաջողությունը վտանգված է։
Եվ դա մեր կյանքի կետադրության
Առաջին օրենքներից է։
Իրականում զգացմունքների գագաթնակետը
Ոչ թե սեքսով զբաղվելն է,
Այլ՝ ստեղծագործելը։

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ԱՌԱՎՈՏ
Այս առավոտ քո պատուհանի վրայով
Իմ համբույրների երամն էր ճախրում։
Իսկ առավոտը այնքա՜ն մանուշակագույն էր։
Ինչ-որ մեկը կարմիրով էր լաքապատել ամպերը։
Որպես վերջաբան ուզում էի մի գրություն թողնել քեզ.
Մի՜ զղջա իմ մասին, եթե խեղդված գտնես ինձ
Քո մտքերում և կրքոտ գրկում։
Գինու գավաթներն անհամբեր սպասում են,
Թե երբ ենք նրանց դատարկելու։
Սեղանին երկու բաժակ կա՝ մեկը արդեն դատարկ,
Իսկ մյուսի մեջ գինի չի լցվել։
Մանուշակագույն առավոտը, ինչպես հասկանում եմ,
Ինչ-որ ժամանակ դեռ կշարունակվի։

Մակեդոներենից թարգմանեց
Գուրգեն Բարենցը

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։