Նոյեմբերի 1-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի Հռիփսիմէի «44 օր» փաստագրական վեպի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Արցախյան պատերազմի տարելիցին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ 44-օրյա պատերազմի մասին և՛ պատերազմի ընթացքում, և՛ հետո լրագրողները, գրողները գրել են հոդվածներ, ակնարկներ, նաև գեղարվեստական գործեր, որոնք այժմ հրատարակվում են առանձին գրքերով, տեղեկացրեց, որ Հռիփսիմէի գիրքը Արցախյան 44-օրյա պատերազմում 70-ից ավելի զոհվածների մասին է: Զոհված հերոսների շարքում են նաև երիտասարդ գրողներ՝ Վարդան Ամալյանը, Վաչագան Մանուկյանը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին, ով իր խոհագրությամբ, հրապարակախոսությամբ ծանոթ էր ընթերցողներին, մինչև պատերազմն իր առաջին գիրքն էր հրատարակել: ՀԳՄ նախագահը շեշտեց, որ «44 օր» գրքում զգացվում է հերոսների ինքնատիպ խառնվածքը, նկարագիրը, աշխարհայացքը, այսինքն՝ գիրքը գիտակցված պայքարի մեջ մտած մարդկանց մասին է: «Մեր մեծ զորավարների, մշակույթի գործիչների ոգով ամրացած երիտասարդներ են եղել, և այդ ոգուն պիտի գումարենք արագընթաց ժամանակի մեջ դիմակայելու, ուժ ունենալու մեր հավատամքն ու կամքը»,- ամփոփեց նա:
44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ցանկություն հայտնելով, որ նման գրքերը բազմացվեն և ուղարկվեն դիրքեր, վստահեցրեց, որ դրանք կարդալը դիրքերում կանգնած տղաներին ուժ կտա, և նրանք կհասկանան, որ այս տղաներն իրենց կյանքն են տվել, որ նրանք կանգնեն ոչ թե կրակի տակ, այլ խաղաղ պայմաններում: «Ես հոգուս խաղաղությունը գտնում եմ դիրքերում, որտեղ կանգնում եմ տղաների կողքին և նրանց հետ մեկ օր կամ մի քանի ժամ եմ անցկացնում: Այնտեղ ավելի հեշտ է, քանի որ տեսնում եմ երիտասարդների, որոնց ցանկանում եմ պաշտպանել, անել նրանց համար այն, ինչ չկարողացա անել իմ որդու համար: Ըստ իս՝ ցանկացած զինվոր, որը հիմա դիրքում է, մայրերի համար պետք է նույնքան կարևոր լինի, որքան սեփական զավակը, որովհետև այսօր նրանք շատ անպաշտպան են»,- ընդգծեց Կ. Տոնոյանը և խնդրեց շատ գրել զոհվածների մասին, քանի որ «44 օր» գրքում խոսվում է 72 զոհի մասին, այնինչ նրանք շատ-շատ են:
«Տղերքի հետ կապված զգացողությունը դարձել է անթարգմանելի, դարձել է մի բան, որ չես կարող մինչև բառի աստիճան իջեցնել, բայց, կարծում եմ, որ տղերքը մեր երեսնամյա անգործության սրբագիրներն էին,- ասաց պատերազմի մասնակից, բանաստեղծ Դավիթ Մշեցին և հավելեց,- հիմա ավելի քան պարտավոր ենք հանուն իրենց Արցախը որպես նպատակ ունենանք ու ետ բերենք»:
Ելույթ ունեցան նաև ռազմական գործիչ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, քառօրյա պատերազմի մասնակից, ռազմական լրագրող Զեփյուռ Սարդարյանը, կամավորական Մաթևոս Ղրզոյանի այրին՝ Գայանե Աղաքարյանը և ուրիշներ:
Հռիփսիմէի խոսքով՝ զոհված տղաների ծնողներն են իրենց զավակների կենսագրություններն ուղարկել իրեն: «Պետք է խոստովանեմ, որ ինձ համար այս գիրքը գրելը բավականին ծանր էր: Կարծում եմ, որ ինձանից հետո շատերը կգրեն, որովհետև, ավա՜ղ, մեր զոհերը շատ են, և Աստված չանի, որ նման գրքեր գրելու առիթ կրկին լինի»,- նշեց նա:
«44 օր» գիրքը հրատարակվել է «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ