Արամ Բարլեզիզյանը հայ-ֆրանսիական գրական ու լեզվական առնչությունների անխոնջ ջատագով է, բազմաթիվ մենագրությունների ու թարգմանությունների հեղինակ, բառարանագիր, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի երկարամյա դասախոս: Վերջերս նա ընթերցողին հաճելի անակնկալ մատուցեց՝ չափածոյի երկլեզվյան աննախադեպ հատընտիր հրատարակեց: Հայ և ֆրանսիական չափածոյի լավագույն նմուշները երկու ժողովուրդների գրասերներին փոխադարձաբար միմյանց ծանոթացնելու նպատակով՝ նա նույն հատընտիրում հրատարակել է երկու գրականությունների լավագույն բանաստեղծների հանգերգերը, ընդ որում՝ ֆրանսիացի բանաստեղծներին ներկայացրել է բնագրով ու իր հայերեն թարգմանությամբ, հայ բանաստեղծներին՝ դարձյալ բնագրով ու դարձյալ իր՝ այս դեպքում ֆրանսերեն թարգմանությամբ: Ուշագրավ է, որ երկու ժողովուրդների գրականություններն էլ ներկայացված են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակներով: Հայ տասնվեց բանաստեղծների ցանկում ժամանակագրական հաջորդականությամբ տեղ են գտել Հովհաննես Թումանյանը, Սիամանթոն, Ավետիք Իսահակյանը, Դանիել Վարուժանը, ժամանակակիցներից՝ Պարույր Սևակը, Հովհաննես Գրիգորյանը, Հենրիկ Էդոյանը, ֆրանսիացի հեղինակներից՝ Գիյոմ Ապոլիները, Պոլ Էլյուարը, Ժակ Պրևերը, հանրահայտ այլ հեղինակներ:
Շնորհավորենք թարգմանչին նման հիանալի նախաձեռնության համար, շնորհակալություն հայտնենք, սպասենք նոր անակնկալների: