Ինչպես ամեն ճշմարիտ գրող, այնպես էլ Լևոն Խեչոյանն իր ժամանակի շունչն է, և ներկան չէր կարող չարտացոլվել գրողի բնագրում: Այսպես, գրողը դառնում է իր ժամանակի տարեգիրը: Այդ ժամանակը Լևոն Խեչոյանի տեքստում անկախության տարիներն են: «Խնկի ծառեր» ժողովածուից հետո լույս տեսած ստեղծագործություններում պատկերվում է ներկա իրավիճակը՝ վերը նշված ժամանակներին զուգահեռ:
Լևոն Խեչոյանի բնագրում հանդիպում են նաև որոշակի ժամանակի ցուցումներ: «Խնկի ծառեր» վիպակում կարծես թե բացակայում է որոշակի ժամանակացույցը, սակայն մի քանի գեղարվեստական ուղեցույցներով գրողը մատնանշում է որոշակի ժամանակ:
Դրանցից առաջինը տոհմական շառավղի սկիզբ հանդիսացող Շուշան տատի՝ պոչն արնոտ սպիտակ ձիով հայտնվելն է, որն արտահայտում է որոշակի՝ Եղեռնից հետո եկող ժամանակաշրջան. 1915 թվական:
Նույնը նաև մարդկանց անհետացնող մարդագելի` խորհրդավոր առասպելի ստեղծան դեպքում. «Ու այդ ձմեռ ամայի գյուղի փլատակ-լռությունից դուրս եկավ մարդագելը` սահմռկած գյուղացիների ձմռան երկար գիշերների հորինած պատմություններով: Գյուղացիների վախեցած երևակայությունը նրան էր վերագրում աշխարհի բոլոր առեղծվածային չքացումները: Իբրև նա մարդուն մերկացնում է, հետո հոշոտում: Իբրև մարդու չափ խորամանկ է, մարդու չափ խելացի: Թաքնվում է ծխնելույզների տակ և սպասում ոտաց ճանապարհ գնացողներին, թաքնվում է կտուրներին, խոտերի դեզերի տակ ու սպասում լուսամութին անասունների համար կեր իջեցնողներին, թաքնվում է շվաքներում, սպասում հարսներին: Թաքնվում է գետի ափին` սառույցների տակ, սպասում կովերը ջրի տանող անասնատիրոջը»1: Առասպելատարր այս պատմության մեջ ճշմարիտը մարդագելն է` Ստալինը: Եվ այս դեպքում մարդագելի սատկելը կոնկրետ ժամանակի ցուցում է դառնում` Ստալինի մահը, 1953 թվականը. «Տասն օր ու գիշեր թափառեցին, մինչև որ միակ մարդագելին գտան: Գնդակներից խոցոտված, զոլավոր մարմինը գցեցին գյուղի կենտրոնը, սարսափը ցրվեց»2:
Որոշակի ժամանակային ցուցումների ենք հանդիպում նաև «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում: Վեպի մի մասը կառուցված է օրագրային հատվածներով, որտեղ յուրաքանչյուր օրը գրողի կողմից ցուցանվում է 5 ապրիլի, 6 ապրիլի և այլ ձևերով: Այս դեպքում գրեթե 5 տարի տևած պատերազմի ժամանակը ընդհանրական է դառնում: Սակայն մի քանի դեպքում հանդիպում ենք օրվա նշման հետևյալ կերպին` երեքշաբթի, 23 ապրիլի3 (խոսքը 1991 թվականի որոշակի օրվա մասին է), երկուշաբթի, հունիսի 124 (1992 թվական)՝ պատերազմի ամենաթեժ ժամանակաշրջան:
Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» (Երևան, 2014) վեպը, կարելի է ասել, հանրագումարային արժեք ունի գրողի ստեղծաբանական համակարգում: Հեղինակը, թերևս, այն գրել է իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Վեպ, ուսումնասիրություն, էպոսի նոր ասացում կամ մշակում, հեքիաթ և առասպել, ժամանակի վավերագրում և ինքնակենսագրապատում, ահա այն ոճերի բազմազանությունը, որն առկա է այս մոնումենտալ ստեղծագործության մեջ:
Խեչոյանն իր «Լրագրողը» պատմվածքում պատկերում է գրողի կերպար, որը կրկնակի ողբերգություն է ապրում. նախ՝ մասնակցել է երկրի պաշտպանության համար մղվող պատերազմին, կերտել է հաղթանակն ու հիմա խաղաղ կյանքում հայտնվել է լուսանցքում (քաղաքացու դրաման), և ապա՝ դեռևս չի գրել իր լավագույն գիրքը (մտավորականի դրամա): Ավելի շուտ՝ չի հաջողվում գրել: Ստեղծագործական կյանքի բարդ որոնումներն ու հոգեվիճակային կտրուկ փոփոխությունները պարտադիր պայման են ճշմարիտ ստեղծագործողի համար, մանավանդ Լևոն Խեչոյան գրողի, ով գրական տեքստում անչափ կարևորում էր լեզվամշակույթը, որը պիտի հոսքային տարածականություն ունենա, գեղագիտական ամուր հենք ունենա, բայց միևնույն ժամանակ չպիտի արհեստական ու ճռճռան երանգավորում ձեռք բերի: Լեզվական այս մակարդակը իրացված է նաև «Մհերի դռան գիրքը» վեպում, որն ինչ-որ տեղ «Լրագրողը» պատմվածքի նոր գեղարվեստական շարունակության և տարածման-ընդլայման մի նոր վարիացիա ասես լինի: Եվ գրողը սկսում է իր վեպը, որն անվանում է դասախոսություն: Սա ևս հնարանք է, քանզի դասախոսն ունի ունկնդիրներ, և նրա խոսքն ուղղված է կոնկրետ լսարանի: Այդպես էլ Լևոն Խեչոյան գրող-դասախոսի վեպ-դասախոսությունն ուղղված է համայն հայությանը:
Իր լավագույն երկի փնտրտուքներում գրողը գտնում է լուծումը. այն է՝ լավագույն գիրքը գրվել է, Սասնա պատմության մասին ազգային վեպն է, մնում է ապավինել այդ գրքին, որն անսահման հնարավորություններ է ընձեռում:
Երկու ժամանակներ և երկու տարածություններ միախառնվում են իրար. նոր ժամանակներն իրենց բիրտ ու վայրագ բարքերով, հրեշավոր կրքերով ու բնազդներով, կործանարար պատերազմներով և էպոսի համաժամանակյա ժամանակն իր խորհուրդներով ու դասերով: Եվ այսօր էլ նույնն է, գոյության պայքար, ազգի լինել-չլինելու վտանգ, նենգ ու արյունարբու թշնամի, որ ամեն պահի պատրաստ է խժռելու: Այսպես արդեն քանի դար:
Եվ սկսում է ազգային վեպի նոր պատումը, բայց ոչ թե ճյուղ-ճյուղ, ինչպես սովորել ենք, այլ՝ թեմա-թեմա անցումներով: Թեմաները ծանոթ են, բայց պատումն ու մատուցումը նորույթ է, ուստի՝ պետք է փաստել, որ սա Լևոն Խեչոյանի Սասնա վեպն է: Իսկ ինչո՞ւ «Մհերի դռան գիրքը», որովհետև դռան պես պիտի բացես գիրքն ու ներս մտնես, որտեղ խռովք ու ցավ կա, սակայն այդ ցավն ու խռովքը պիտի հաղթահարես և գտնես մարդկային արդարության վաղուց մոռացված ճանապարհը և երբ գիրքը փակես, այնտեղից դուրս ես գալու իբրև մաքրագործված մի նորօրյա Մհեր և շուրջդ արդարություն ու բարիք ես սփռելու: Սա վեպի փիլիսոփայական հիմնական հղացքն է:
Գրող-դասախոսը, տրվելով էպոսի պատումին, հղում է կատարում այն առողջ մտայնությանը, որ մեր հզորությունն ու հաղթանակը միայն մեզանից է կախված: Ուստի ավանդույթն ու հատկապես սույն ազգային վեպն այն հզոր ուժն է, որի մեջ պիտի հայ ժողովուրդը փնտրի գտնել իրեն և ճանաչել ուղենշված ճշմարիտ ճանապարհն ու շարունակել ընթանալ այդ ուղղությամբ: Ուստի էպոսը Սուրբ Գրքին հավասար դեպի հավատ ուղղորդող այն տեքստն է, որը հայ ժողովուրդը դեռևս ամբողջությամբ չի վերծանել իր համար:
Էպոսի դեպքերին զուգահեռ կերտվում է դասախոսի կենսագրության պատմությունը, որը հաճախ նույնանում է էպոսի դիպաշարի հետ: Օրինակ, Իսմիլ Խաթունի՝ Մհերից խաբեությամբ հղիանալու պատմությունը հուշում է Մարոյին նոր ժամանակներում կրկնելու այդ խորամանկությունը. «Ինձ թվում է՝ ահա այս դրվագի՝ Մհերի մեծ միամտության մասին պատմելն էր աջ ուսիս վրա խոնջացած, կիսաթմրած Մարոյին գլխի գցել խաբելով հղիանալ, Իսմիլի նման վարվել ինձ հետ. հմայվածի պես մոլագար մոլուցքով անզուսպ նորից ու նորից հանձնվեց, նույնիսկ մի երկու անգամ բազկաթոռի թիկնակի վրա, փորի վրա ծալվելով. ոսպնյակի նման կիզակետը, թելերի կապտավուն կծիկ, կապույտ մանուշակ է, օխրայակապտագույն կանացի լիճ… նման բան ոչ մի անգամ չէր պատահել»5:
Պատմողը նույնանում է Մհերի հետ, ապա Դավթի և էպոսի մյուս հիմնարար հերոսների հետ: Եվ սա այն կենսափիլիսոփայությունն է, որ յուրաքանչյուրս ենք էպոսի կերպար, այսպես թե այնպես: Այստեղ մի կարևոր խորհուրդ կա: Մեր վատնված սերմն է եղել մեր պարտությունների հիմնական պատճառը: Ինչպես Մեծ Մհերից սերված Մելիքն է ուզում ոչնչացնել իր սերմի ակունքը (բճի սինդրոմ), այնպես էլ մենք մեր դարերի ընթացքում անընդհատ մարդկային ռեսուրս ենք տվել աշխարհին, որն հաճախ աշխատել է մեր դեմ (հիշենք թեկուզ հայկական ծագում ունեցող բյուզանդական կայսրերին, կամ այսօր էլ կարելի է հայկական սերմը գտնել մեր ինքնությանը սպառնացող թուրք-ադրբեջանական բանակում): Այստեղ տեղին է վերհիշել արձակագիր Վրեժ Իսրայելյանի «Ֆեսկուկ» պատմվածքում գրողի կողմից բարձրացված խնդիրը: Տարիքն առած հայ մարդն իր կյանքի ութ ժամը չի հիշում և ֆեյսբուքի միջոցով փնտրում է այդ օրը, ու պարզվում է, որ ուսանողական տարիներին ազերի աղջկա հետ է անցկացրել, ով որդի է ծնել, որը մեծագույն հայատյաց է և թշնամու զինվորական բարձրաստիճան սպա:
Ի վերջո, ինչո՞ւ է առաջնային դառնում Փոքր Մհերը: Սա անմիջական կապ ունի նոր ժամանակների մարդու հոգեբանության հետ:
Նշեցինք, որ վեպի մի սյուժեն իրենից ներկայացնում է նոր ժամանակների ինտելեկտուալ մարդու կենսագրության պատումը: Լևոն Խեչոյանը դիմում է իր սիրելի մեթոդներից մեկին՝ օրագրությանը, և գրքում ստեպ-ստեպ ի հայտ են գալիս դասախոսի օրագրից ներկար (ներսում կարված) հատվածներ: Եվ թե ինչ հոգեվթարային արհավիրքների ու կրքերի խճճված սարդոստայնների միջով է անցնում մարդը, հատկապես երևում են այդ օրագրային գրառումներում: Հենց այս իրականությունն էլ դրդում է մարդուն խռովել աշխարհից և փնտրել իր Ագռավաքար անձավն ու փակվել այնտեղ: Այսինքն՝ գիրքը նույնանում է նաև Ագռավաքարի հետ:
Վեպի պատումը առաջին դեմքով է, քանզի հիմնական կերպարը՝ ես-ը, յուրաքանչյուրս ենք և պարտավոր ենք դասեր քաղել մեր ազգային վեպից, հզորանալ ու կերտել ուժեղ հայրենիք, զարգացած պետականություն: Մնում է անմռունչ պայքարել ոչ միայն արտաքին թշնամիների՝ մսրամելիքների, այլև մեր ներսի՝ աներևույթ վիշապների6 նման մեզ խեղդող ու ճնշող կրքերի դեմ:
——————————————————–
1. Խեչոյան Լևոն, Խնկի ծառեր, էջ 115-116:
2. Նույն տեղում, էջ 117:
3. Խեչոյան Լևոն, Ձայներ և տեսիլքներ, Երևան, Նաիրի, 2006, էջ 48:
4. Նույն տեղում, էջ 145:
5. Խեչոյան Լևոն, Մհերի դռան գիրքը, Երևան, 2014, էջ 151:
6. Ի դեպ, Լևոն Խեչոյանն իր «Տան պահապան հրեշտակը» (Երևան, 2002) հեքիաթների գրքում ունի մի հեքիաթ, որ ներկայացնում է աներևույթ վիշապի պատմությունը, որ շրջապատել է քաղաքի շուրջբոլորն ու ոչնչացնում է մարդկանց: Կարծում եմ, այս այլաբանությունը գալիս է դեռևս խեչոյանական հեքիաթներից: