Այս զարմանալի պատմությունն ինձ պատմել է քաղաքային հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք հերթական բուժման ընդունված նոր հիվանդը, որի հետ առաջին անգամ հիվանդանոցի այգում, իսկ հետո ընդունարանում հանդիպելով` անմիջապես ինչ-որ խորհրդավոր ու ձգող բան նկատեցի նրա մեջ:
Ես հիվանդանոց պառկել էի սրտիս տագնապի պատճառով և գլխավոր բժշկի հետ բարեկամական հարաբերություններից օգտվելով` ընդունարանի բժշկին խնդրեցի նորեկին տեղավորել իմ հիվանդասենյակի ազատ մահճակալին: Մի ժամ էլ չէր անցել, երբ համակրելի, բարետես, սպիտակ մորուքով տղամարդը մտավ հիվանդասենյակ: Լայնափ ձեռքն ինձ պարզելով և հարգանքով ու արժանապատվորեն հայերեն բարևելով` նա հարցրեց.
– Դուք ծխո՞ւմ եք:
Նրա բարևին նույն ոգով պատասխանելով` ես ավելացրի, որ չեմ ծխում, բայց սիրով կընկերակցեմ նրան ու հաճույքով իր հետ կգնամ տաղավար:
Ինձ լսելուց հետո անծանոթը բարեկրթորեն ներկայացավ.
– Արշակ, ծնունդով` Ջավախքից:
Ապա մի պահ դադար տվեց և մեղավոր նայելով իմ աչքերին` հուզված ասաց.
– Ներեցեք, պարո՛ն, բայց դուք ասացիք, որ չեք ծխում:
– Ո՛չ, ո՛չ, կարող եք չանհանգստանալ,- մտքերի արտացոլանքը նրա պարզասիրտ հայացքում կարդալով, ինքնագոհ ժպիտով արձագանքեցի ես,- երկու հազար չորս թվականին տարած ինսուլտից հետո իմ հոտառությունը հասել է նվազագույնի և ծխախոտի հոտն ինձ այլևս չի անհանգստացնում:
Զրուցակցիս փոխադարձ համակրանքն ու որոշակի հետաքրքրասիրությունն զգալով` ես առանց կեղծ համեստության ներկայացա իբրև գրող, մեր ծովափնյա առողջարանային քաղաքի գրական-գեղարվեստական միավորման անդամ:
Նա ինձ լսում էր ուշադիր, առանց ընդհատելու: Նրա թախծոտ, բայց միևնույն ժամանակ կյանքով լի աչքերը խոսում էին այն մասին, որ նա հարուստ ու դժվարին, գաղտնիքներով ու ապշեցուցիչ արկածներով լի կյանք է ապրել: Նախաճաշից հետո մենք հանդիպեցինք տաղավարում, ուր նա մտավ մի ոտքից մյուսի վրա հենվելով, մոտեցավ ու նստեց իմ կողքին:
Ամաչկոտ նայելով իմ աչքերին` Արշակն անսպասելիորեն, ցածր ձայնով հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանա գիրք գրել իր մասին: Նրա անսեթևեթ առաջարկն ինձ դուր եկավ: Իսկ ի՞նչ կա, գրողը տանի. չէ՞ որ ես գրող եմ, գուցե սա ճակատագրի անակնկա՞լ է, մտածեցի ես, մեկ էլ տեսար, գրեցի: Մանավանդ, որ այդ ժանրում գրչի իմ առաջին փորձերը մեր «Առագաստ» ալմանախի խմբագիրները միաձայն դրվատել էին:
Հիվանդասենյակի իմ հարևանը վարպետ պատմող էր: Դեռ նախորդ երեկոյան նա ինձ հետաքրքրել էր Հին Հայաստանին վերաբերող զարմանահրաշ պատմություններով:
Իմ հոգում բռնկված բարեկամական զգացմունքներից ազդված և նրա հանդեպ հարգանքով լցված` ես չսկսեցի իմ նոր ընկերոջը սպասեցնելով տանջել, մանավանդ որ նրա մասին ավելի շատ բան իմանալն ինձ էլ էր հետաքրքիր:
Բուժանքներից* հետո ես նրան մաքուր օդում զբոսնելու հրավիրեցի և այնտեղ` խաղաղ, առանձնացյալ պայմաններում, անբռնազբոս հայտնեցի նրա կյանքի պատմությունը լսելու իմ պատրաստակամության մասին: Նրա աչքերը փայլեցին: Անսպասելիությունից շփոթվելով` նա հանկարծ ցնծաց մանկան նման: Հետո, ներողություն խնդրելով իր անմիջականության համար, փոքր տղայի նման կարմրեց և քաղաքավարի շնորհակալություն հայտնելով` լուռ հեռացավ:
Նրա հետ շփվելով` ես հասկացա, որ մեր հետաքրքրություններն ու բնավորության գծերը մասամբ համընկնում են, և հենց այդ հատկություններն են բարերար ազդեցություն գործում մեր բարեկամության վրա: Ի դեմս նրա` ես հոգեհարազատ մարդ էի գտել:
Նրա հետ բուռն զրույցներում մենք տարբեր հարցեր էինք շոշափում` գրականությունից ու մշակույթից մինչև քաղաքականություն և միջազգային հարաբերություններ: Նա կարողանում էր ոչ միայն գեղեցիկ խոսել, այլև համբերատար լսել, ինչի շնորհիվ ինձ վրա թողեց մեր օրերի համար հազվադեպ խելացի, կրթված և մտավորական մարդու հաճելի և անմոռանալի տպավորություն:
Որևէ մեկին պարզապես լսելը և նրա կյանքի պատմությունն ի վերջո գեղարվեստական ստեղծագործության վերածելու նպատակով լսելը տարբեր բաներ են, և ես որոշեցի գնալ իմ ճանապարհով. կգրեմ այն, ինչ կլսեմ, և այնպես, ինչպես նա կպատմի:
– Դե ի՞նչ, սկսենք, իմ սիրելի բարեկամ,- քաջալերելով դիմեցի ես իմ նորընծա ընկերոջը:
Շուրջը նայելով` ևս մեկ անգամ ներողություն խնդրելով ու խորունկ շունչ քաշելով, Արշակը անշտապ սկսեց իր պատմությունը…
Ռուսերենից թարգմանությունը`
Հակոբ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
* Բուժանքներ – բուժական պրոցեդուրաներ: