Չարի ու բարու սահմանները (Դավիթ Ավետիսյանի «Զանգ կեսգիշերին» ժողովածուն) / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մարդն առանց հիշողության ոչինչ է: Յուրաքանչյուրս ունենք մարդուն տրված այդ հզորագույն պարգևն օգտագործելու մեր չափն ու առանձնահատկությունները: Կարող ենք հայտնվել հիշողության գեղեցիկ պարտեզի մեջ, տխրել կամ ուրախանալ նրա հայտնվելուն պես, կամ` խարխափել նրա խորխորատներում, և կամ` հանկարծ դուրս հորդել նրա ափերից անզուսպ լավայի պես: Օրվա ընթացքում ինչքան-ինչքան ենք առնչվում նման իրավիճակների հետ, առնչվում ու անցնում ենք` առանց մտածելու, որ հենց դրանցով էր կառուցված մեր տունը, և լավ թե վատ` այդ պահերին մենք հենց մեր տանն ենք եղել:
Դավիթ Ավետիսյանն, ահա, հնչեցնելով իր «Զանգ կեսգիշերային»-ը, խաղաղորեն խոսում է հենց դրա մասին` գիտակցելով ասվածի կարևորությունը մարդ անհատի համար: Այս անգամ զանգել ու ասում է այն, ինչ լսել է քեռի Հակոբի բերանով, ով նույնիսկ հարկ չի համարել հարցնել, թե ինչու որդիներն իրեն երբեք չեն ուզում այցելել. «Ես իրար խառնեցի նրանց դաստիարակությունն ու կրթությունը, չհասկացա, որ առանց դաստիարակության կրթությունը նման է չորացած ծառի: Ես զբաղված էի միայն նրանց կրթության համար դրամ վաստակելով, Նվարդի բացակայությունը հնարավոր չեղավ լրացնել:- Եվ հետո ավելացրեց,- ծնողի սերը կույր չպետք է լինի, երեխայի մեջ պետք է սեր ներշնչել մարդու նկատմամբ և ոչ թե միայն ինքն իր հանդեպ»:
Գրողն այնուհետև այսպես է շարունակում քեռի Հակոբի հետ կապված պատմությունը` «Իսկ երբ մի անգամ նրան առաջարկեցի տանել իր նախկին տունը, գուցե կարոտն առնի, նա հրաժարվեց` ասելով.
– Մարդու տունը նրա հիշողություններն են, որոնց նա երբեք չի լքում, այնպես որ, ես ամեն վայրկյան իմ տանն եմ»:
Չուզենալով ընդհատել քեռի Հակոբի պատմությունը կերտող հեղինակին, այնուամենայնիվ, կենտրոնանում եմ ինձ մոտ առաջացած հետևյալ մտքի վրա, թե այդ դեպքում ի՞նչ է իրենից ներկայացնում այն կառույցը, որի ներսում մարդն ապրում է: Հաջորդ պահին էլ, սակայն, հասկանում եմ, որ կառույցը, պարզապես, շուրջդ եղած հարմարավետություն է, իսկ տունը կյանքիդ անցած-գնացած օրերն իր ներսում պահող հիշողությունն է: Եվ դա այն տունն է, որ ոչ ոք չի կարող խլել, և դա այն տունն է, որի առաստաղը չի կարող փլվել, որի պատերը չեն կարող քեզնից հրաժարվել: Քանի դեռ կենդանի ես, դու անտեսանելի թելերով կապված ես քո հիշողություն-տան հետ: Ընթերցելով գրքի հենց առաջին պատմվածքը, եթե նրանից ծնված այս խոհը ընդունենք որպես կյանքի ալեկոծ ծովն ընկած գեղեցիկ ու խորհրդավոր կղզի, ապա կտեսնենք, թե ինչպես է նրա շուրջը բացված ծովն իրենից տարեց մարդու` քեռի Հակոբի կյանքի պատմությունը ներկայացնում: «Ծանր ընթրիքը», հայրենիքը որպես հիշողությունների տուն ներկայացնող թախծախառն մի պատմություն է. «Եթե դժվարություններն ազգովի չհաղթահարենք ու հեռանանք,- ասում է քեռի Հակոբը,- մենք կկորցնենք մեր հողն ու ջուրը, մեր հայրենիքը»:
Բարեբախտաբար, շնորհիվ իր քրոջ զավակի մարդկային վերաբերմունքի, կատարվում է Հակոբի երազանքը, և նրա վերջին հանգրվանը հայրենիքն է դառնում:
«Համաձայն պայմանավորվածության, Վարուժը երեկոյան սափորը բերեց, ես այն տեղավորեցի ճամպրուկիս մեջ: Երկու օր անց Երևանում էի…»:
Եվ ամեն կարգ կատարելով` աճյունափոշին հողին են հանձնում:
Այս պատմության մեջ ինչն է առավել խոսուն ու համահունչ կեսգիշերային զանգ ստանալու խորհուրդին: Պատմությունը պատմում է նա, ով Ամերիկայում գործուղման եղած ժամանակ իր ուսանողական տարիների ընկեր Սահակի հետ ընթրելու է գնում վերջինիս ընկեր Վազգենի հրավերով` նրա տուն: Ընթրիքը մի կողմ թողնելով` զրույցը պտտվում է Վազգենի քեռի Հակոբի կյանքի ու մեջտեղ բերված նրա աճյունասափորի շուրջը: Պատմությունը մեզ պատմող մարդը կիսում է Վազգենի ապրումները, ով իր ընկերոջ ընկերն է, օգնում է լուծելու նրան տանջող ծանր խնդիրը, որը վերաբերում էր իր քեռու վերջին հանգրվանին հայրենիքում:
Կեսգիշերային զանգի իրավունքից բացի, արժանի պետք է լինել նաև ստանալու նման զանգեր: Այս երեք ընկերները, որոնց մասին պատմությունը ընդամենը մի քանի էջով, բայց հրաշալիորեն հյուսել է գրող Դավիթ Ավետիսյանը, իրենց վարքով բարձրաձայնում են գիշերային ժամին զանգողի և զանգ ստացողի խորհրդաբանությունը:
Ընկերությունն իմ սիրած թեման է, անշուշտ, երկրորդը` մայրական սիրո թեմայից հետո:
Ինչևէ, իմ ողջ գիտակցական կյանքում ձգտել եմ ընկերության մեջ ինձ զգալ այնպես, ինչպես ձուկը ջրում: Այդ, այսպես ասած` ոլորտում, ես այսօր էլ փնտրում եմ այն հարցի պատասխանը, թե որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում ընկերություն ասվածի սահմանը: Այդ իմաստով, հաճախ այնպիսի սահմանախախտումներ են լինում, կամ` անհարկի մաքսակետեր են հայտնվում առջևում…
Ճիշտ է, մարդը կավից է հունցված, և եթե կավը թրծվում է սառը ջրից, բայց ես վերոհիշյալ սահմանների վրա ցնցուղի պես իմ գլխին թափված սառը ջրից ոչ թե թրծվում, այլ ողջ բջիջներով փշաքաղվում եմ: Ի՞նչ ասես նման սահմանների մասին:
Դավիթ Ավետիսյանի «Ճակատագրի հեգնանքը» պատմվածքը կարդալուց հետո չես կարող չանկեղծանալ գոնե ինքդ քո առաջ և չխորհել կյանքիդ այն միջավայրի շուրջը, որ վերաբերում է ընկերներիդ հետ ունեցած հարաբերություններին: Իսկ այն, թե որ տարիքում, որտեղ, ինչպիսի միջավայրում են հայտնվում ընկերական հարաբերությունները, անշուշտ, դա մի հսկա տարածք է, որն ուղեկցում է մարդուն իր կյանքի ողջ ընթացքում:
Երկու ընկերների` ոստիկան Հրայրի և նրա դերասան ընկերոջ ընկերական հարաբերությունների ողջ ընթացքն է ներկայացված «Ճակատագրի հեգնանքը» պատմվածքում` սկսած մանկության օրերից մինչև հասուն տարիք: Պատումների մեջ ընդհանրացումների վարպետ լինելու Դավիթ Ավետիսյանի շնորհը, երկու ընկերների կյանքի ողջ ընթացքի ֆոնին, հնարավորություն է տվել մի քանի շտրիխներով գծել ընկերության պատկերը: Նրանց, ինչպես և բոլորիս կյանքի ընթացքն ուղեկցվում է մեզ հետևող ճակատագրի շնչառությամբ, որն անպայման ուզում է կարևորել իրեն, բռնացնել մեզ հենց այնտեղ, որտեղ պատեհ առիթն է ստեղծվել: Հարցն այստեղ այն է, թե մենք ինչպես ենք վերաբերում ճակատագրի ստեղծած այդ դարաններին կամ բռնացումներին, որն այս դեպքում նաև, իսկապես, հեգնախառն է:
Մի քանի էջում, հպանցիկ մի քանի գծերով ներկայացված երկու ընկերների կյանքի պատմությունը խորհելու առիթներ շատ կտա ընկերությունը կյանքում գնահատող ընթերցողներին: Պատմվածքի ասելիքը կառուցված է իրենց չափավոր հստակությամբ, տողատակերի զգացմունքայնությամբ, հոգեբանական մոտեցումներով ու կյանքի ճանաչողության հավելումներով աչքի ընկնող հենման կետերի վրա:
«…Թաղի տղաներից մեկը` Վարդանը, կրպակ էր բացել, մտա, որ ծխախոտ գնեմ, նա էլ թե`
– Գիտես, Հրոյին մեր շրջանի միլպետ են նշանակել, աչքդ լույս,- ես հասկացա, աչքալուսանք է տալիս` նկատի ունենալով, որ թաղից նրա հետ ամենամտերիմը ես եմ:
– Է՜, Վարդա՛ն ջան, ես դերասան մարդ եմ, ինձ համար միլպետը ինչ, դու պիտի ուրախ լինես, բիզնեսով ես զբաղվում:
Մի փոքր զրուցեցինք, ու ես դուրս եկա: Ճամփան միլիցիայի կողքով էր անցնում, մտքովս անցավ մտնեմ, շնորհավորեմ, հետն էլ մի բաժակ սուրճ խմեմ:
Հերթապահին հարցրի.
– Պետը տեղո՞ւմ է:
– Ձեզ ի՞նքն է կանչել:
– Այո՛,- կատակի տալով ասացի ես»:
Պատումի համար գործողության այս դռները բացելուց զատ, ասելիքի համար որպես հենման ևս մի կետ ահա, որ ընթերցողին ստիպում է լարել ուշադրությունը.
«Անհամբեր սպասում էի` ուր որ է ներս կմտնի Հրոն, որին այստեղ Հրայր Արամիչ են ասում, ու իր լայն ժպիտով կազդարարի չար կատակի ավարտը: Երբ խուց էին տանում, ոստիկաններն ինձ ճանաչեցին, վերջիվերջո ճանաչված դերասան եմ, թարսի նման էլ հաճախ ոստիկանի դեր եմ խաղում: Հետո իմացա, որ այդ օրը սպանություն է եղել, նրանք հավանաբար մտածեցին, որ այդ գործի շրջանակներում են ինձ կալանավորում: Մանավանդ, ձերբակալելու հրաման տալիս Հրոն ոստիկաններին պատվիրեց, որ ինձ ծխախոտ չտան… … ի դեպ, նա էր ինձ սովորեցրել դպրոցի հետնամասում… …: Այլևս չէի դիմանում, դուռը թակեցի, ոստիկանը մոտեցավ.
– Խնդրում եմ, ծխախոտ տվեք,- ասացի ես:
– Պետը արգելել է.- չոր տոնով պատասխանեց ոստիկանը»:
Դերասան ընկերոջ գիշերն անցնում է բանտախցում, ուր «տարիների ընկերությունը իր հոգեվարքն էր ապրում…»:
Իսկ թե ինչ է լինում այդ հոգեվարքից հետո, բանտարկված ընկերը լռում է: Նրա փոխարեն ինքն իր հետ խոսելու է ընթերցողը, հարցեր է տալու ինքն իրեն, աշխատելու է գտնել դրանց պատասխանները և ոչ միայն. ընթերցողն ինքն է որոշելու, արդյոք իմաստ ունի՞ շարունակել նրանց ընկերությունն իրար հետ: Հեղինակն, իհարկե, հուշում է պատասխանը, մատնացույց անելով պատմվածքի համար իր ընտրած վերնագիրը` «Ճակատագրի հեգնանքը»:
Անշուշտ, չպետք է թույլ տալ, որ ճակատագիրը շարունակի իր հեգնանքները: Այն փոխելու որոշումը հենց իր` մարդու ձեռքերում է:
Գործողությունը շատ հանդարտ ձևով, առանց ավելորդ բացատրությունների փոխում է իր ընթացքը, և նկարագրված դիպվածին ընթերցողը հակառակ կողմից, հոգեբանական այլ տեսանկյունից նայելու հնարավորություն է ստանում: Այս անգամ, այսպես ասած, գրքային սյուժեի բեմին իր խոհերով ոստիկան ընկերն է, և նրանց` երկու ընկերների երկխոսությամբ այսպես ավարտվում է մարդկայինի ու անմարդկայինի խիստ հակադրությունների պատում-ներկայացումը.
«Անկեղծ ասած` նրան սփոփելու կամ արդարանալու համար բառեր չէի գտնում, միայն հարցրի.
– Շա՞տ ես նեղացել:
– Չէ՛, Ձեզնից չեմ նեղացել, ինձնից եմ նեղացել:
– Դու ի՞նչ ես արել,- հարցրի ես:
– Մարդկանց չեմ ճանաչել, մարդիկ մեղավոր չեն, որ մենք նրանց ինչ-ինչ արժեքներ ենք վերագրում, նրանք այնպիսին են, ինչպիսին կան:
– Հիմա ի՞նչ, իմ հետ էլ ընկերություն չե՞ս անելու:
Նա ոչինչ չասաց, շուռ եկավ ու գնաց…»:
«Ճակատագրի հեգնանքը», իր տարածքային շոշափելի նեղ շրջանակով հանդերձ, լի է դինամիկայով: Կյանքի ակտիվ շարժումն այնտեղ ոչ միայն կանգ չի առնում, այլև իր ներսում տեղ է տալիս հեղինակի գեղեցիկ ու ճշմարտությամբ լի ասույթ-խոհերին, պայմաններ ստեղծելով ընթերցողի համար` հանգստանալու, մնալու իր խոհերի հետ ասույթի տեսքով բացված կղզու ափերին, որոնց շարքում` «Թե սիրո մեջ պարտություն ես կրել, մնացած հաղթանակների գույները խամրում են», կամ` «Համարձակության պակասը հաճախ աղետ է բերում, մարդը բաց աչքերով նայում է դրան ու չի ընդդիմանում…» և այլն:
Դավիթ Ավետիսյանի դրամատիկ իրադարձություններով հարուստ պատմությունները, ասես, շարժման խորքում անընդհատ բացվող ու տարածվող լույսեր ունեն: Եթե փորձենք անուն տալ դրանց, անվիճելիորեն, Հույս կկոչենք:
Մարդն իր հույսի հետ ճանապարհ ունի գնալու: Այս հիշեցումը Դավիթ Ավետիսյանի գրքում ոչ միայն պատումների տողատակերում է, այլև ներկայանում է կենդանի պատկերներով ստեղծված գործողությունների մեջ:
Անվիճելի է, որ տխրության կամ նեղության մեջ, հույսն է մեզ պահում: Ինչպես ասում է Լեոնարդո դա Վինչին. «Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում»: Եվ, կարծես թե, հույսը դառնում է այն շարժիչ ուժը, որը մարդուն դրդում է գործելու, առաջ շարժվելու, նպատակին հասնելու: Հույսն անում է այդ ամենն առանց իր մասին թմբկահարումների, առանց կեղծավորելու, լուռ ու վեհ պահվածքով: Դրանում դժվար չէ համոզվել` կարդալով Գոհարի և նրա փոքրիկ տղայի մասին «Խանձված թևեր» պատմությունը:
Հույսը կարևոր է նաև նրանով, որ կարողանաս ինքդ այն ներշնչել դրա կարիքն ունեցողին:
Մեզ ամենուր շրջապատում են մարդիկ, ովքեր կարիք ունեն բարի խոսքի և գալիքի նկատմամբ հավատի ներշնչման: Մենք բոլորս երբեմն կարիք ենք ունենում մեկի, ով կասի, որ ամեն բան, ի վերջո, լավ է լինելու…: Այդ մեկին կողքին ունենալու կարևորության մասին շատ իրական ու կյանքային է «Խանձված թևեր»-ը:
Կյանքը երբեմն շատ անհարթ է լինում, լի խոչընդոտներով: Սակայն, կեսգիշերային մի զանգ ահա մեզ հետ խոսում է այն մասին, որ, նույնիսկ երբ հույս չունենք, նույնիսկ երբ թվում է` բոլորովին մենակ ենք, լքված և անուժ, հույսն անտեսանելի խորքերն անցած իր գործն է անում:
Դավիթ Ավետիսյանի համոզմամբ` հույսի թևերը կարող են խանձվել, բայց ոչ երբեք` այրվել:
«Հույսը օղագոտի է, որ սրտին թույլ չի տալիս պայթել»: Ահա Գոհարի պատմության համար համառոտագրված ասույթը, որ մարգարիտ է` խեցու մեջ:
Ընթերցողների համար կյանքի ծովին տրված Դավիթ Ավետիսյանի ասույթների կղզիները երբեմն ուղղակի հմայում են, գրավում իրենց տարածքում բացված կանոնակարգված տեսարաններով: Դրանցով լի է «Մենությունը` ճակատագիր» գողտրիկ ու շատ հուզիչ պատմությունը:
«Վաչոն գյուղի միակ հովիվն էր: Նրան նաև Եթիմ Վաչո էին ասում…»: Ինչպես է ապրում ճակատագրով իրեն տրված մենությունը հովիվ Վաչոն: Նա սպասում է: Սպասում է, ուստի` գեղեցիկ է նրա մենությունը: Ո՞ւմ է սպասում, ի՞նչ է ուզում Վաչոն. «…Տարիներ են անցել, Վաչոն արդեն յոթ տասնյակից էլ ավել է ապրել, սակայն նրա սրտում Մարոյի սերը մլմլում է ու մլմլում»: Կյանքի խառնափնթոր, խառնիճաղանջ դեմքը լավ ճանաչող հեղինակին անծանոթ չեն նաև նրա գեղեցկությունները, հուզական բավականությունները, որոնք այդ պատմության հերոսները կիսում են նրա հետ:
Անխոս, թախծախառն հուզիչ այս պատմությունն իր ներսն առած կղզիներ ունի, որոնք, ինչպես միշտ, ասույթներ են, նշանակալից մտքեր` մարդկային ճակատագրի, մենության ու կյանքի հետ մարդուն կապող օղակների մասին: Կարդալով Դավիթ Ավետիսյանի «Զանգ կեսգիշերին» պատմվածքների ժողովածուն` ես մտածում եմ, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում նա միայն բարության չափանիշներով ապրող մարդկանց հետ չէ, որ հանդիպել է: Անշուշտ, բոլորիս համար այդպես է, բայց զբաղվել այն թեմաներով, որոնք վերաբերում են մարդու մեջ նստած գազանին ու դաժանորեն կատարած նրա արարքներին, որոնց բնորոշող անուններն անգամ գրելուց հրաժարվում է իմ գրիչը, ավելին, զսպել գազանին, կյանքի կոչել նրան զսպող ելքեր` նշանակում է մոտիկից ճանաչել չարն ու բարին: Ճանաչել ու մնալ այսքան զգայուն և բարության մեջ այսքան կայուն: Դա հնարավոր է միայն մի դեպքում. երբ կամային խոր հատկանիշներից ու մասնագիտական արհեստավարժությունից բացի, մարդը գտնվում է անշրջելի բարության անշրջելի հովանավորության ներքո: Այլապես, որքան էլ իրավաբանի առջև դրված լինի արդարության կշեռքը բռնած Ֆեմիդայի պատկերը, ինչպե՞ս կարող է ճիշտ աշխատել, եթե չի զգացել յուրատեսակ մենությամբ ապրող հովիվ Վաչոյի թախծախառն ներաշխարհը, կամ Նոր տարվա լավաշի հերթում չի փնտրել ու գտել իր տատի թխած լավաշի բույրը, մոռանալով, թե ինչի համար է կանգնած վաճառասեղանի առաջ:
Ահա նա, որ զգացել է այդ ամենը, և չեմ կարող ասել, թե իր կյանքում որքան է նայել Ֆեմիդայի կերպարին, խոհերը իր հերոսի բերանով այսպես է արտահայտում. «Աստված ի սկզբանե բոլորին էլ բարություն է տալիս, սակայն ոմանք այն չեն վերցնում կամ դրա մասին մոռանում են: Չէ՞ որ խավարն այն ժամանակ է գալիս, երբ լույսը հեռանում է: Ցուրտը վրա է հասնում, երբ ջերմությունն է հեռանում: Մարդիկ իրենք են իրենց դարձնում այդպիսին: Չարի ճահիճը հաշիշ է, այն մարդուն իր մեջ քաշում է աննկատ, մարդը դրանից նույնիսկ հաճույք է զգում, ու այդ ճահճից դուրս գալը դառնում է ան­հնար:
Գալիս է պահը, երբ մարդը սատանայի մտրակից չի զգում ցավ, մտրակի հարվածները նրա համար հաճելի են դառնում, փլվում է մարդու ներաշխարհը, ու մարդն ապրում է առանց հոգևորի: Այդպիսի մարդիկ իրենց մեջ լռեցնում են խիղճը կամ սպանում: Սակայն նրանք մոռանում են, որ ուր էլ թաքնվեն, աշխարհում չկա այնպիսի մի անկյուն, որը գաղտնի լինի Աստծո ամենատես աչքից»:
Բացի անշրջելի բարության հովանավորությունից, ժողովրդական իմաստնության հավաքական մի ուժ կա, որն առաջ է մղում Դավիթ Ավետիսյանի միտքն ու հոգին: Դրանում համոզվում ենք պատմություն առ պատմություն ընթերցելով նրա արձակը:
Այսպես, երբ միանում են ընթերցողի ու գրողի հայացքի ուղղությունները, հասկանում ենք, որ, իսկապես, կեսգիշերային զանգի իրավունք ունեն նրանք, ովքեր գիտեն ձեռք մեկնել, հոգեվիճակ շտկել, օգնել ոչ միայն զուտ ապրելու, այլև` ապրելու ճիշտ և անշահախնդիր… Այսինքն` աշխարհը դեպի բարին շրջողները: Նրանց թվում են Մադաթը, հովիվ Վաչոն, Վարուժը, քեռի Հակոբը, Սելիմը… անշուշտ, այլ պատմությունների անանուն հերոսները, որոնք նույնանում են իր կյանքից մեջբերումներ անող հեղինակի հետ:
Իսկ արդյոք ո՞վ չունի իրավունք` զանգելու կեսգիշերին: Այդ մասին է գրքի պատմություններից մեկը, որ կոչվում է հենց այդպես` «Զանգ կեսգիշերին»: Հարցն այստեղ այն է, որ զանգի իրավունքով այստեղ ոչ թե գրքի բացասական հերոս Գռնոն է, ում զանգն իսկապես հնչում է կեսգիշերին, խեղճերի ընտանիքում, այլ ինքը` հեղինակը, ով զգուշության և աչալրջության է կոչում անմեղ մարդկանց, այս պատմվածքով հասկացնելով, որ, ինչպես ժողովուրդն է ասում, գայլը կարող է գառան մորթի հագնել և խաբել անմեղ-միամիտներին:
Այո՛, կան այդպիսիները: Դավիթ Ավետիսյանը կյանքի արժեքների մեջ միայն իդեալական գույները չէ, որ նկատում է: Տարված լինելով իր բարոյական կերպարներով` նա կոչ է անում զգուշավորության և չմոռանալու, որ մարդկային կյանքում մշտապես ներկա է բարու և չարի պայքարը:
Մինչև ո՞ւր կարող է տանել բարու և չարի պայքարը, իրար նկատմամբ ի՞նչ դիրքերում կարող են հայտնվել հակադիր այդ ուժերը: Փիլիսոփայությունն իր մոտեցումներն ունի չարի ու բարու պայքարի մասին, կրոնն` իր: Սակայն, հավերժական համարվող նրանց պտույտի մեջ որտե՞ղ է գտնվում չարի հատուցումը, ինչպե՞ս է իրականացվում, և ո՞րն է նրա դերը: Նման հարցեր է շոշափում այս հոգեպես ծանր ազդեցություն թողնող պատմությունը, որտեղ Դավիթ Ավետիսյանը հստակորեն գծում է չարի ու բարու սահմանները, իրար միջև գտնվող հեռավորությունները և կարևորում հատուցումը` հնարավորինս արագ ու շուտ իրականացնելով այն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։