Փոքր արձակի մեծ վարպետը / Մարտին ԳԻԼԱՎՅԱՆ

Մարտին ԳԻԼԱՎՅԱՆ2015 թ. հունվարին լրացավ նորագույն շրջանի մեր լավագույն արձակագիրներից մեկի՝ Սուրեն Այվազյանի ծննդյան 100-ամյակը, և խիստ տարօրինակ է, որ ոչ մի արձագանք չեղավ, ոչ մի միջոցառմամբ չնշվեց այն: Ցավալի է, անշուշտ, որ ժամանակի ընթացքում մոռացության են մատնվում մեր գրողներից, արվեստի ու մշակույթի գործիչներից շատերը, ովքեր հարուստ ժառանգություն են թողել, որոշակի դերակատարություն են ունեցել գրական-գեղարվեստական առաջընթացի գործում ու մշակութային կյանքում: Գլուխգործոցներ չի ստեղծել Սուրեն Այվազյանը, բարձր կոչումների ու պարգևների չի արժանացել, բայց այն, ինչ ժառանգություն է մնացել նրանից, արժանի է համակողմանի ուսումնասիրության, ինչը մի կողմից կընդլայնի մեր պատկերացումները նախապատերազմական ու հետպատերազմյան տարիների գրական գործընթացների վերաբերյալ, մյուս կողմից՝ նախադեպ կհանդիսանա մոռացությունից փրկելու մեր մի շարք արժանավոր գրողների:
Կյանքի ու գրական գործունեության դժվարին, խոչընդոտներով լի ճանապարհ է անցել Սուրեն Այվազյանը և գրականություն է բերել մի ուրույն աշխարհ, որն ինչ-որ չափով շարունակում է Ա. Բակունցի՝ լեռնաշխարհի մարդկանց կենսապատումը, նոր գույներով ու երանգներով հարստացնում զանգեզուրյան բնապատկերները:
Հայրենի եզերքին արմատներով կապված մարդիկ են Ս. Այվազյանի փոքր արձակի հերոսները: Ա. Բակունցի հերոսների շարունակություններն են նրանք՝ նոր ժամանակներում, մարդու ու ժամանակի, մարդու ու հասարակության, բնության վերաբերյալ իրենց ուրույն պատկերացումներով, դրամատիկ ապրումներով, հոգսերով ու մտահոգություններով:
Ծնվել ու մանկության տարիներն անկացրել է Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում՝ ճաշակելով որբության դառնությունները. երեք անչափահասներին կերակրողը դեռատի մայրն էր, ով հաց էր թխում ու լվացք անում գյուղի հարուստների տներում՝ աչքերում միշտ թախիծ ու արցունք, հոգում՝ կարոտի անմոռանալի կսկիծ ու ցավ:
Մանկության օրերի դառը հուշերին ու Վարդանուշ մայրիկին հետագայում բազմիցս է անդրադարձել Ս. Այվազյանը՝ ցավով ու կարոտով, որդիական անպարփակ սիրով. «Մայր իմ, այս անգամ ես քեզ պետք է զրկեմ ինձ լսելու հաճույքից: Պետք չէ, որ դու նորից վերապրես քո ապրածը, տառապանքը հիշելն էլ տառապանք է: Թող այս իմ գիրքը կարդան քո թոռնիկներն ու իմանան, թե ինչպես դու աշխարհում մնացիր մենակ ու անօգնական և քո դեռ չթևավորված ճուտերն առած թևերիդ տակ և, աչքերիդ մեջ կորած մի հույս՝ սպասեցիր փրկության»:
Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո Ս. Այվազյանը սովորում է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, որն ավարտելուց հետո, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատում է տարածաշրջանի մի շարք գյուղերում:
1942 թ. Ս. Այվազյանն ավարտում է հարևան հանրապետության մայրաքաղաքի համալսարանի բանասիրական ֆակուլտետն ու մեկնում ռազմաճակատ: Պատերազմից հետո՝ մինչև 1952 թ., աշխատում է այդ հանրապետության «Կոմունիստ» հայերեն թերթում: 1953 թ. վերջնականորեն տեղափոխվում է Երևան ու մինչև կյանքի վերջը (1981 թ. մայիսի 15-ը) զբաղվում է գրական գործունեությամբ: Գրողի աճյունն ամփոփված է հայրենի Խնձորեսկ գյուղի՝ իր ձեռքով տնկած այգում:
Ս. Այվազյանի առաջին պատմվածքները, ակնարկներն ու քնարական մանրապատումները տպագրվել են «Խորհրդային գրող» և «Հոկտեմբեր» ամսագրերում: Նրա գրական մուտքը նշանավորվեց «Անավարտ գորգը» (1947) գրքույկով, որին հաջորդեցին «Խորաձորցիք», «Լեռնցիներ» (1955), «Խիղճը» (1955) պատմածքների ժողովածուները, «Տուր ձեռքդ, կյանք» (1962), «Անշեջ կրակների կղզին» (1966) վիպակները, «Բարի առավոտ» (1964), «Ճակատագիրն հայոց» (1967), «Առավոտ լուսո» (1977) վեպերը: Ս. Այվազյանի պատմվածքների «ավազանը» հայրենի Խնձորեսկ գյուղն է՝ իր նահապետական վարք ու բարքով, սովորություններով ու ավանդույթներով, մարդկային յուրահատուկ հարաբերություններով: Նրա պատմվածքների հերոսները իրական մարդիկ են, որոնցից շատերին գրողը ճանաչում էր մանկության տարիներից: Նրանցից մեկն է Շափաղաթ պապը, ով ռազմաճակատում զոհված յուրաքանչյուր որդու հիշատակը հավերժացնում է աղբյուր-հուշարձանով: Հինգ հուշարձան-աղբյուր է կառուցել Շափաղաթ պապը և բոլորի վրա էլ թողել է նույն տապանագիրը՝ «Խմեցիր, հալալ լինի, թե հալալ ես ու պարզ, ինչպես այս աղբյուրը»:
Ժողովրդական իմաստնության մարմնացումն է Շափաղաթ պապը, և նրա փիլիսոփայական պարզ ու այդ պարզության մեջ անչափ խորիմաստ մտասևեռումները՝ մարդու, մարդկայինի, հայրենիքի ու հողի, սիրո ու ատելության վերաբերյալ կյանքի համար անհրաժեշտ դասեր են:
Իրենց լեռների պես հպարտ են խորաձորցիք՝ պատմական Խնձորեսկի մարդիկ՝ Ունանանց Ունանը, Մուսուրանց Խաչի ապերը, Սուկլունց Լևոնը, Գիլավանց Աթան, Թոփչի Խաչանը («Փրթոսի ընկուզենին»), համանուն պատմվածքի հերոս Լուռ Լալազարը, Շամոն, Թևոսը, Սաղաթելը («Թխկուտի ձորում»), Մեհրին («Վիշտը»), Վարդազարը, Ջավադը («Գողը»), ծերունի Հակոբջանը («Հերիք»), Օհանը («Մարդը»), ովքեր ընդգծված անհատականություններ են, ապրել են հասարակական-քաղաքական ցնցումների տարբեր ժամանակներում՝ Առաջին համաշխարհային, կոլեկտիվացում, Հայրենական պատերազմ, հետպատերազմյան ծանր տարիներ, ենթարկվել են հալածանքների, բռնությունների, բայց չեն կորցրել մարդկային արժանապատվությունը, «Կյանքը շատ դառն էր, ամեն օր արյուն, սպանություն, ամեն օր մայրերի սուգ, մայրերի ճիչ» («Իմ մանկությունը»), մի կտոր հացի համար տաժանակիր աշխատանք. «Եղել է, որ իմ տերն ինձ կանչել է. «Այ գյադա, ձին բեր, դե կռացիր» ու ծանր ոտքը դնելով մեջքիս բարձրացել է ձիու վրա: Ոտքի տակ չրթացել է մեջքս, աչքերս մթնել են… Եղել է, որ ես օրն ամբողջ աշխատել եմ իմ փոքրիկ ուժերով, բայց մնացել եմ քաղցած… («Որդուս»): Հայրենի լեռներն են նեցուկ եղել խորաձորցիներին. «Հազար լեռներ, քանի-քանի անգամ դուք պահել եք ինձ ձեր մութ ու ապահով գրկի մեջ և թույլ չեք տվել, որ մայրս շաղ տա մազերը մի կտոր հացի համար քարկոծ արած իր որդու դիակի վրա: Լեռներ հայրենի, դուք իմ երկրորդ մայրն եք եղել» («Որդուս»):
Ս. Այվազյանը բնապատկերներ կերտելու մեծ վարպետներից մեկն է մեր գրականության մեջ: Անկրկնելի են նրա խորաձորյան գույները՝ մերթ թանձր ու խիտ, մերթ թռվռուն ու տաք՝ նարնջագույնի և կարմիրի նուրբ երանգներով. «Ձորերից ամպի քուլաներ են ելնում, բարձրանում են, հալվում լեռնալանջերին, դառնում ցողիկներ, որոնք վաղորդյան արևի տակ շողում են ծաղիկների վրա, ծաղիկների ու արևի գույներով» («Ձորերի ձայնը»): Ձորերից առկայծող գույները ձայնային ելևէջներ ունեն, համ ու հոտ ու խիստ համահունչ են մայրության թրթիռը կրծքի խորքում առաջին անգամ զգացող Աթագի ապրումներին, Թխկուտի ձորում դարբնի աղջկան սպասող Շամոյի հոգու ելևէջներին, առաջին համբույրից խենթացած Շուշանի սրտի թրթռոցներին:
Ս. Այվազյանը պատմվածքի դասական կառուցվածքը վարպետորեն հարստացնում է նուրբ ներթափանցումներով, հերոսների ներաշխարհի խորքային բացահայտումներով: Այս տեսանկյունից նրան կարելի է համարել Ակսել Բակունցի ավանդույթների լավագույն շարունակողներից մեկը մեր գրականության մեջ: Կարծում ենք՝ ժամանակն է նրա ժառանգությունը ենթարկելու գրականագիտական հիմնավոր քննության:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։