ԱՂՔԱՏ-ՀՊԱՐՏ… / Արա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

ara

Անգամ բոլորն ամենքին ճանաչող իրենց փոքր քաղաքում քչերին ծանոթ Եղոյան Ավետիսը 1988-ի փետրվարի սկզբներին ընդամենը շրջանային թերթի խմբագրությունից սրճարան ետուդարձ իր աճապար ընթացքի ու պաթոսափուք կրծքավանդակի ետևից հազիվ հասնող բանաստեղծ Ավիկն էր` կարմիր շարֆի մի ծայրն ուսի վրայով քամուն տված: Սովետ հզոր կայսրությունն` անսասան, փլուզման նախանշույլն իսկ չկար: Փետրվարի վերջին լուր եկավ` Ստեփանակերտում հուզումներ են, Երևանում` գործադուլ, ցույցեր: Առաջինը փոստի աշխատողներին տեղ հասավ.
– Մայրաքաղաքը ոտքի, էստեղ էշի ականջում քնա՞ծ…
Ինչն ինչոցը հստակ չէր, հապճեպ, համենայնդեպս, ամեն պարագային հարմար, գրել էին «ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆՔ», պլակատի ձողը տվել էին լուրն առաջինն իմացած, միջքաղաքային հեռախոսագծի Լուսոյի ձեռքը, կեսօրին դուրս եկել փողոց: Ընդվզման առաջնեկ դույն թափորին հանդիպել էր պատմական էդ պահին դեռ Եղոյան Ավոն` Ավետիս Եղիշեն: Անցել էր երթի գլուխ. երթը, պլակատակիր Լուսոյին ու կարմիր շարֆի մի ծայրը ետևը գցած, առաջնորդել էր միակ ուղիղ, գետափնյա փողոցով: Հետո թափընթացը գլորվեց ու գնա՜ց…
Նախ ձեռքն առավ շուկայի ադրբեջանցիներին տեղեր հատկացնող հսկիչի դերը, պետավտոտեսուչներին իրեն ենթարկեց, նույնիսկ դժվար ճարվող «Սալյուտ» ֆիլտրով ծխախոտների բաշխումը խլեց շրջկոմի հրահանգիչներից, իր իսկ աշխատասենյակում դաստիարակիչ ծեծի ենթարկեց թերթի խմբագրին, ով հանդգնել էր ծխախոտների վերաբաշխման առիթով հոդված տպագրել «Ամորձիները չթրջելով ձուկ բռնելու արվեստը» վերտառությամբ, ակնարկելով, որ եթե շրջկոմականները ծանոթ-բարեկամներին էին բաժանում, նորերը վաճառում են հավելավճարով: Դա սկիզբն էր: Այնուհետև Եղոյան Ավոն, արդեն Ավետիս Եղիշե, այլևս մանր հարցերով չէր զբաղվում: Ադրբեջանցիներն անհետացել էին, տեղացիներն էլ տակավին սովոր չէին շուկայում առևտրի կանգնելուն, տեսուչի պարապ գործը հանձնարարվել էր «ֆիլտրով Սալյուտի» Նազիկին` համատեղությամբ, ավտոտեսչությունը ասմունքող Շուշաննան էր վերահսկում: Ինքը կոնկրետ պաշտոն չուներ, ընդհանուր պատասխանատուն էր, ընդհուպ մինչև նստացույցերի կազմակերպումը, միջքաղաքայինի Լուսո-Լուսինյայով ենթակարգած: Ու միտինգներում ելույթները… Մի ձեռքը` կողին, մյուսն` առաջ մեկնած, էդպես թեյնիկի դիրքով ու եռացող թեյնիկի հանգույն շեփորում էր.
– Աաազգըըը՜ս…
Ամբոխը հմայված տարուբերվում էր, ինչպես հասուն արտը վաղորդյան զեփյուռից: Հերոսական ժամանակներ էին, էդ հետո պիտի կոչվեին «մութ ու ցուրտ»: Բայց դե, այո՛, արևն անշարժ է, սակայն երկրագունդը պտտվում է` գլորելով ժամանակի չարխը: Տարվա վերջում նախկին ասմունքող Շուշաննան, Նազիկն ու միջքաղաքայինի Լուսինյան անզիջում փաստարկում էին, թե իրենցից ո՞րն է ավելի օրինականը. Ավետիսի հեղափոխական թեթև ձեռքով երեքն էլ երեխայի էին սպասում… Ապա շրջափակումը եղավ, երկրաշարժ: Էլեկտրականությունը` օրական մեկ ժամ: Գազից հուշն էր մնացել: Առջևում ձմեռն էր: Միտինգները դադարել էին: Կենտրոնից տարածաշրջանի պատասխանատու ճանաչված Ավետիս Եղիշեն այլևս փողոցում ճառեր չէր ասում, ոչ էլ ոտքն ասֆալտին կառներ. հիվանդանոցի գլխավոր բժշկից խլված «Նիվան» էնպես էր տանը մոտ կանգնում` միանգամից ցատկում էր սանդղահարթակ: Ժողովրդի մեջ երևալուց խուսափելու պատճառ էլ կար, նկատել էր` հզոր, կուռուկուշտ իր դիրքին մարդիկ սկսել էին թեք նայել… Մի բան պիտի արվեր:
– Էս ցրտին մի բան պիտի արվի, Շուշաննա:
– Շե՞ֆ… Ուզել ես` չեմ արե՞լ:
– Ազգի համար եմ ասում, մարդիկ տաքանան…
– Ոնց ասես… բայց… բոլորի՞ն…
– Ուրիշ բան եմ ասում: Տներում պարկետներն են վառում, ազգի վիճակը լավ չի, կերածս կուլ չի գնում… Մտածում եմ` տեսուչներդ կազմակերպեն, անտառից ցախ բերվի, ժողովուրդը տեսնի` գլխներին տեր կա:
– Խնդիր չի: Դու մենակ հասցեները տուր:
– Անհասցե: Բերեն, միտինգների հրապարակում բեռնաթափեն, խեղճերը… հասցեատերերն իրենք կտանեն:
– Մեռնեմ ռոմանտիկ հեղափոխականի՜ս… Կարծում ես կգնահատե՞ն, մարդիկ շատ անշնորհակալ ու երախտամոռ են դարձել:
– Է՛հ, լավությունն արա, ջուրը գցի, մի տեղ դուրս կգա: Ասում եմ` երեկոյան, մթնով բերեն, մարդիկ երես երեսի իրարից չքաշվեն: Մինչև առավոտ հրապարակը կսրբեն, կեսօրին մոտ էդ կողմերով կանցնենք… վաղուց ոտքով քաղաք դուրս չեմ եկել:
Առավոտը, կեսօրին մոտ, գիշերվա ձյան փռած կուսական սավանը թարմ հատված անտառանյութի վրա հրապարակում անաղարտ էր: Վառելափայտի արհամարհված բլուրը շյուղաչափ իսկ չէր խաթարվել. ոնց բեռնաթափել էին` էդպես էլ կար…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։