Հիմնականում մենք, Արևելքի մի շարք ժողովուրդների նման, մոր պաշտամունք ունենք: Թեև մեր գրականության մեջ քիչ չեն հայրերի ցայտուն կերպարները, բայց այսօր ուզում եմ խոսել Զ. Խալափյանի հայրական ճոխ ու բազմազան պատկերասրահի մասին: Նրա կերտած հայրերն այնքան զորեղ են` որպես ընտանիքի առանցք, որ հին ժամանակներում կարող էին էպոնիմների վերածվել: Նրա հայրական կերպարների հիմքում ասպետականությունն է` իր անձը ետին, հաճախ վերջին պլան մղելու պատրաստակամությունը, որի մեջ եղած անձնազոհությունը, նվիրումը նրանք ապրում են որպես բնական մի բան:
Հայրերից` Չալունց Սևին և Հունանը առանձնանում են իրենց վեհությամբ ու ողբերգականությամբ: Նրանք աստվածաշնչյան մոլորյալ զավակի հոր նման իրենց որդիների միջև խտրություն չեն դնում: Հունանին, Սևուն ոչ մի բան չէր կարող շեղել իրենց համոզմունքներից: Հունանը, մեղանչելով գողություն չանելու պատվիրանի դեմ (մի պարկ ցորեն էր տարել տուն)` այդ ցորենից մի տոպրակ գիշերով տարավ դաշտ և ցանեց իր իմացած այն տեղերում, որտեղ ցերեկով խնայել, նոսր էին ցանել: Այդտեղ էլ հանդիպեց իր դասալիք որդուն…
Փորձենք հիշել Չալունց Սևու որևէ արարք, որ հակասում է մարդ բառի վսեմությանը: Չկա այդպիսի դեպք: Նա մասնակիցն էր Անդրանիկի կռվի, բայց պարտվածի բարոյալքումը չգետնեց նրան: Որպես դյուցազն` ապրեց ամենադժնդակ ժամանակների Միջնաշենում, պաշտպանեց ու շահեց գյուղի բոլոր դատերը, բացի իր անձնական դատից: Աղքատ ընտանիքին օգնելու համար, որպես ժողովրդի թշնամի, գյուղապետ որդու` Յապոնի ստորագրությամբ աքսորվեց Սիբիր: Ընդունեց նահատակությունն այնքան անտրտունջ, բնականորեն, որ կարողացավ որդուն փոխանցել իր համոզվածությունը, թե` ոչինչ չանի իրեն փրկելու համար, քանի որ իրենով իր գերդաստանն է փրկում ոչնչացումից:
Ճիշտ նույն իրավիճակին ենք հանդիպում «Վասիլ Մեծում», երբ Քրիսոքիրը ստիպված էր կայսեր հրամանով ցցի հանել հարազատ հորը` երգելով, ինչպես մյուսներին էր անում: Հայրը նրան համոզեց չերկմտել, կատարել հրամանը:
Խալափյանի հայրական պատկերասրահում կան նաև թույլեր, հիվանդներ, բայց սրիկաներ չկան: Նրանք, որ ի ծնե սրիկաներ են, դատապարտված են անպտղության: Այդպիսին են Սինթադեն, Քրիսոքիրը, Գեորգի Կագարովը… Այս պատկերաշարն, իհարկե, տարբեր է այն առնացի կերպարներից, որոնք անպտուղ մնալու գին վճարելով` չկարողացան կոմպրոմիսային քայլ անել կյանքում… Ստեփանը, Մարատը, Եփրեմը…
Զ. Խալափյանի պապ Ամիրջանը 9 զավակ էր ունեցել: Որդիներից ավագը Երվանդն էր` Զորայրի հայրը, որ Մոսկվայում տնտեսագետի բարձրագույն կրթություն ստանալուց հետո ամբողջ կյանքը նվիրել էր ընտանիքին, համագյուղացիներին: Իր 8 զավակներին թեև գիրկն առնելու, գուրգուրելու ժամանակ չէր ունեցել երբևէ, բայց ամեն ինչ արել էր նրանց մանկությունը Արցախի Թալիշ գյուղում հեքիաթ դարձնելու համար: Նրանց սեղանը միշտ բաց էր հյուրերի առաջ: Ճաշում էին աղունիկների, նապաստակների ու ձեռնասուն եղնիկի ընկերակցությամբ: Մի անգամ, հյուրերից մեկի քրքրված շալվարը տեսնելով, ասում է. «Սպասի՛ր, քեզ իմ շալվարներից մեկը տամ, ես շատ ունեմ»: Տարակուսած կինը փորձում էր մի կերպ ամուսնուն հիշեցնել, որ ընդամենը երկու շալվար ունի, բայց… ստիպված էր անմռունչ կատարել նրա կամքը: Բացառիկ լեզվական ընդունակություններ է ունեցել: Գրող Գ. Բեսի վկայությամբ` Բաքվում փոստատար աշխատելու տարիներին բավական էր որևէ այլազգի մարդու հետ երեք օր շփվեր, նրա լեզուն սովորում էր` հաճախ նաև գրել-կարդալով: Գիտեր ադրբեջաներեն, պարսկերեն, արաբերեն, ռուսերեն… Աշխատում էր օրնիբուն, ինչպես Զ. Խալափյանի բոլոր հայր-կերպարները: Այս և այլ իմաստներով, նրա գեղարվեստական կրկնակը Վանատուրն է` «Մեռնող հառնողից», որ գիտեր բոլորի ցավին դարման անելու եղանակը: Նա իր հարազատ զավակների հետ հավասար մեծացնում ու սիրում էր մի քանի որբուկների: Զ. Խալափյանի` նույնիսկ այն տղամարդ կերպարները, որ չկարողացան սերունդ տալ, ողբերգական են հենց դրանով: Ստեփան Եսայանը դժբախտ էր ոչ այնքան այն պատճառով, որ չվայելեց կանացի սիրո քաղցրությունը, այլ որ չշարունակվեց իր ազնվական արյան հոսքը իր շարունակության մեջ: Նույնը պետք է տեղի ունենար Մարատի («Ձեր դիմանկարը»), Արմենակի («Երիցուկի թերթիկներ»), Լիպարիտի («Պատը»), Տավրոսի («Մեռնող հառնող»), Արշակի ու Մինասի («Միջնաշեն») հետ: Ստեփան Եսայանը, քանի որ զորեղների այս պատկերասրահում առաջինն է, ապրեց իր սքանչելի կյանքը, և նրա հազվադեպ տրտունջները կամ ափսոսանքը գրեթե տարածք ու ժամանակ չեն զբաղեցնում նրա անմնացորդ նվիրումների մեջ, իսկ եղածներն էլ կարող էին իրեն ուրացած ճգնավորին էլ այցելել իր անձավում:
Մարատի հայրը` վախեցած այդ աքսորականը, որ տուն վերադառնալուց հետո էլ մնացել էր սարսափի ճիրաններում և խելահեղության պահին որդու բոլոր ձեռագրերը մոխրի էր վերածել, այնուամենայնիվ, իրենից հետո թողել էր մի որդի, ով ինքն էր իրեն դատապարտել երբևէ չմեղանչելու հայրական բացարձակ ազնվության դեմ: Սա էլ այսպես էր շարունակվելու սերունդների մեջ` որպես գեղարվեստական եզակի կերպար, որ չէր ուզում հայրանալ` միայն հանուն ընդունված կարգի:
Զ. Խալափյանի հայրերի պատկերաշարքը երկար է թվարկելու համար, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր գույները, գույների խտության աստիճանը, որ նման են ու նման չեն միմյանց:
Ներկայիս մեր կյանքում և գրականության մեջ անհրաժեշտություն է ընտանիքի հոր տիպարը: Ցավոք, քիչ են մեր տիպար ուսուցիչները, որ պետք է կրթեն մեր տղաներին:
Ներկայիս մեր կյանքում և գրականության մեջ անհրաժեշտություն է ընտանիքի հոր տիպարը: Բարեբախտաբար, այսօր մեր բանակում բազմաթիվ են համոզմունքով, պարկեշտությամբ, նվիրվածությամբ փայլող հրամանատարները, զինծառայողները: Առօրյայում մեր տղամարդիկ փոքր-ինչ գլուխները կորցրած են, չեն գտնում իրենց տեղը, բայց դա էլ ժամանակավոր է: Գիտենք, փորձված է` նրանք կարևոր պահին իրենց դրական ներուժը դրսևորելու պատասխանատուներն են: Բայց քիչ են մեր տիպար ուսուցիչները, որ պետք է կրթեն մեր տղաներին: Այսօր չխոսենք, շատ է ցավոտ, մեր դպրոցներում և համալսարանում «կրթված» դատավորների, «արդարադատություն» իրականացնող դատական համակարգի մասին… «…Եվ մարդիկ, որ գան դատավորի առջև, երկյուղեն Աստծուց և դատավորներին չկաշառեն և թյուրել չտան ճշմարիտ դատաստանը, քանզի ծածկագետ Աստված տեսնում է նրանց գործերը, և Նրա առջև ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի»: Այսպես է գրված Մխիթար Գոշի «Դատաստանագրքում»: