Պարսված բառերը գվվալով գալիս ու արթնացնում են նրան: Բառերը մեղուներ են: Բառերի պարսի մեջ ինքը մի բառ ունի, բառն իր համար է եկել: Ուզում է գտնել իր մեղվաբառը, նայել բառի աչքերի մեջ, փայել բառը, շիջել, շշնջալ՝ ո՞ւր էիր, ես քեզ երկա՜ր եմ սպասել: Ուզում է գունավոր-գվվան շա՜տ բառեր ունենալ, հուլունք-հուլունք շարել, շարակնոցել պարանոցը, բառաբոցել կուրծքը: Ու թող լեզո՜ւն, լեզուն ծաղկի բառերի համից, բույրից: Ու լսի, մեկն ասի ու ինքը լսի՝ Ժենիկի անուշ լեզուն: Բայց չի գտնում բառը: Գոնե երազում չի գալիս բառը: Երազում գտնելու է: Բառաերազը հեռանում է: Լեզվին իջած, կոպերին իջած, հոգին ողողող, սիրտը խտխտող բառը դառնում է գունավոր պատկեր ու հեռանում է: Երազում կորցրած բառը ավելի թանկ է դառնում: Բառը գալիս խուտուտ է տալիս էությունը. ժպտում են աչքերը: Բառը պատկեր է դառնում, հառնում աչքերի դեմ: Իր բառն է, իր համար է եկել: Բայց բառն անէանում է, չքանում: Սիրտը լիքը բառեր են, հոգին ճխում է բառերի ծփանքից: Ուզում է բառեր, շա՜տ բառեր ասել: Բառերի աշխարհում է ապրում, բայց ինչո՞ւ են լռում բառերը: Ինչո՞ւ է կորցնում հնչյունը: Տաք, գունավոր բառերը հուլունք-հուլունք շարվում են, եղնիկվիզ պարանոցը դարձնում ավելի գրավիչ, թվում է՝ բոլորն իրեն են նայում: Ձեռքը տանում է՝ ոչ մի բառ-հուլունք էլ չկա:
Պատրանք է:
Բառերը պարս են դառնում, գվվում են: Ուզում է լսել բառերի երաժշտությունը: Մեղեդին պարուրում է հոգին: Իր բառերին սպասում են: Սպասում են իր մեղեդուն: Իր բաժին բառը ուշանում է: Իր հոգու բառը խայթում է իր սրտի մեղվին: Թվում է մեղուն խայթում է բոլոր բառերը: Մեղվի խայթած բառը իջնում է իր աչքերին: Բառը մեղր է քսում իր աչքերին: Խուտուտ եկող աչքերով վազում է, կանգնում շեմին: Ո՞ւր գնա մեղվախայթ բառերով:
Մայրը չի երևում:
Ինքը հաց է ուզում՝ մայրը տանը չի: Ինքը երգել է ուզում, արտասանել է ուզում: Բառերը, մեղեդիները հացի մե՞ջ են թաքնվել:
Ինքը բառ է ուզում: Բառի պահանջ ունի, բառն ասելու, բառերը թռցնելու պահանջ ունի: Հոգին լիքը բառերի պարս է: Ուզում է բոլորի՜ն, բոլորի՜ն բառեր նվիրել, ուրախացնել:
Տան փոքրն է: Գուցե իրեն երե՞ս են տալիս: Երես չէ, տան փոքրն է, մի կտոր հաց ավել են տալիս: Հաց չկա: Երբ հաց չի լինում, հեռանում են բոլոր բառերը: Բառերը որբանում են, անտեր են դառնում բառերը: Բառերը լքում են իրեն: Բառերը դառնում են արցունք: Բառերը հալվում են աչքերի մեջ, հոսում են տա՜ք, առատ՝ այրելով այտերը:
Երբ հեռանում են բառերը, ինքն զգում է բառերի որբությունը, ի՛ր որբությունը, աշխարհի որբությունը: Այդ պահին կարոտում է մորը, կարոտում է տառապագին: Մայրն աշխատում է հացի փռում: Չի աշխատում: Չեն ասում՝ մաման գնացել է աշխատանքի: Ասում են՝ մաման գնացել է հաց բերելու: Երբ մայրը տանը չի լինում, երբ բառերը լքում են իրեն, ինքը մոտենում է մոր հնամաշ շորերին, հոտոտում: Մոր շորերից հացի հոտ է գալիս: Տնեցիներից առաջինն ինքն է զգում, որ մայրը գալիս է: Հոտառությամբ: Զգացողությամբ: Մայրը գալիս է: Ինքը չի նայում մոր աչքերին: Նայում է մոր ձեռքերին: Դեռ տուն չհասած՝ մայրը մի կտոր հաց է տալիս իր Ժենիկին, շոյում, հոգնած, անուշ ձեռքերով շոյում իր Ժենիկին: Ա՜խ, էս պատերազմը, էս թշվառությունը, էս խեղճությունը: Հացի հետ ո՜նց է կերպավորվում մեղրաչք աղջիկը: Հացի պատառի հետ արթնանում են բոլոր բառերը: Ինքը պիտի տեր կանգնի բոլոր բառերին: Հացը դեռ իր ձեռքին չէ, բայց արթնացել են բոլոր բառերը, կիտվում են, դիզվում, պարսվում: Ճլորած, խեղճ բառ չկա: Բոլոր բառերը իրենց մեջ են առնում աղջկան: Աղջիկը բառերի հետ թևավորված դուրս է գալիս տնից: Հացի պատառը փշուր-փշուր բաժանում է բոլորին: Իրեն հացի բույրն է մնում: Ինքը բառերի տիրակալն է: Ինքը բառերի տիրակալն է դառնում: Ինքը բառեր է շաղելու տնով մեկ, բակով մեկ, թաղով մեկ: Ինքը արտասանելու է: Երգելու է: Պարելու է: Ջանգյուլումներ ասելով տնետուն է մտնելու: Ինքը տան երեխաներին, բակի երեխաներին, թաղի երեխաներին հավաքելու է հացի նման, կրակի նման: Երեխաները, անգամ իրենից մեծ երեխաները դառնալու են Ժենիկի երեխաներ, լսելու են իրեն: Էսքան բան ե՞րբ է սովորել: Էսքան շա՜տ բանաստեղծներ, էսքան շա՜տ բանաստեղծություններ, էսքան շա՜տ ու շատ երգեր որտեղի՞ց ունենք և ե՞րբ է սովորել Ժենիկը: Ով է սովորեցրել: Նա բառերի, մեղեդիների մաքուր, ազնիվ մետաքսով հյուսում է իր մանկության աշխարհը: Ինչպե՞ս: Ոչ մի գաղտնիք էլ չկա, իսկ եթե կա, դա մոր տված հացի մեջ աշխարհի բառերն են, պատկերներն են:
Հաց և երեխաներ:
Հացը գոյական է: Հացը գոյություն է: Հացը մեր հույսն է: Մի պատառ հաց է կերել, մի կտոր հաց է կերել, ուրեմն թող արտասանի, երգի, պարի: Թող թաղի երեխաները արտասանեն, երգեն, պարեն:
Նա սիրելի աղջնակ է: Մի կտոր հացով բառերի մեջ մտնող ու բառերը պարսերով մարդկանց դեմքերին իջեցնող մեղրահամ աչքերով Ժենիկն է, որ պիտի ծաղկած հացի միջից հանի բոլոր բառերն ու նվիրի հացի՛, սիրո՛, հավատի՛ կարոտ մարդկանց: Մանկության ծաղկած դաշտում վրնջում են աղջնակի բառերը, երգերը:
Նա Ժենիկն է, որ պիտի բառերի հետ ծաղկի ու դառնա փառավոր-բառավոր դերասանուհի Ժենյա Ավետիսյան: Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյան: