Հունիսի 14-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց Երիտասարդ գրողների 17-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ ավանդական դարձած այս խորհրդակցություններն ունեն ստեղծագործական և ճանաչողական բնույթ, քանի որ հնարավորություն են տալիս Հայաստանի տարբեր մարզերից եկած ստեղծագործողներին ճանաչելու միմյանց: Ապա տեղեկացրեց, որ համաժողովների ընթացքում` հունիսի 14-17-ը, տեղի կունենան ավագ գրողների վարպետության դասեր, քննարկումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, կլինեն նաև զեկուցումներ` նվիրված երիտասարդ գրողների պոեզիային, արձակին, հանդիպումներ գրական մամուլի խմբագիրների, հրատարակիչների հետ: Ապա մանրամասնելով, թե ինչպես է իրականացվում երիտասարդների մուտքը գրական դաշտ ապահովելու ընթացքը` արժևորեց գրական մամուլի դերը («Գրական թերթ», «Գրեթերթ», «Նորք», «Գարուն», «Արտասահմանյան գրականություն», «Ցոլքեր», «Դրամատուրգիա», «Գրանիշ» կայք) և ներկայացրեց Գրողների միության և ՀԳՄ բաժանմունքների աշխատանքը երիտասարդների հետ:
Գրականագետ Արմեն Ավանեսյանը «Արդի հայ երիտասարդական գրականության դիմապատկերի ուրվագծեր» զեկույցում անդրադառնալով երիտասարդների ստեղծագործություններին` նկատեց, որ քանակական առումով վերջին երկու տարվա դիմապատկերում ավելի մեծ տեղ է զբաղեցնում պոեզիան, որոնց մեջ նկատելի են և՛ երկարաբանություններով, շատախոսություններով լի, և՛ ընդհակառակը` մինիմալիզմի, երկու-երեք տողի ձգտող բանաստեղծություններ. վերջինս կապված է սոցցանցային, ֆեյսբուքյան շփումների հետ և հաճախ արտահայտվում է հանրագրի ձևով: Այս առումով կարևորեց «Գրեթերթի» դերը` որպես լավագույն հարթակ, որտեղ տպագրվում են տարբեր ձեռագիր, գրական ճաշակ, սկզբունքներ ունեցող երիտասարդներ: Խոսելով գեղարվեստական կաղապարների, տաղաչափական օրենքների, լեզվական համեմատությունների, ոճաբանությունների առումով երիտասարդների մոտ նկատվող անփորձութան մասին` Ա. Ավանեսյանը վստահեցրեց, որ նման հավաքները փորձառություն են տալիս երիտասարդ ստեղծագործողներին: Նա անդրադարձավ մի առանձնահատկության ևս` թեմայում անընդհատ գերիշխում է եսը, այսինքն` գրական կերպարը խիստ շեշտված եսն է: Եվ գրողներից շատերը չեն կարողանում հաղթահարել դա: Նրա հավաստմամբ` երիտասարդական արձակում հիմնականում տարածված է պատմվածքի ժանրը, վեպի տարածքը երիտասարդները կարծես թե չեն կարողանում հաղթահարել, քանի որ այն լայն շնչառություն, լայն աշխարհայացք է պահանջում: Այս ամենով հանդերձ` Ա. Ավանեսյանն ընդգծեց, որ կա ուշադրության արժանի գրականություն:
Այնուհետև մարզային բաժանմունքների աշխատանքը երիտասարդ գրողների հետ ներկայացրին Անդրանիկ Կարապետյանը, Մանվել Միկոյանը և Հակոբ Հարությունը:
Նախ, Էդ. Միլիտոնյանը նշեց, որ աշխատանքը մարզային բաժանմունքների հետ մշտապես է, մարզերում երիտասարդները մասնակից են գրական կյանքին, հրատարակվում են թերթեր, որոնց էջերում երիտասարդ գրողները տպագրվելու հնարավորություն ունեն: Նա անդրադարձավ նաև մարզերում գործող մրցանակաբաշխություններին` մասնավորապես Արարատ Մկրտումյանի անվան մրցանակաբաշխությանը, որը մի տարի Շիրակի մարզում է անցկացվում, մյուս տարի` Լոռու մարզում, և լայն ընդգրկում ունի:
ՀԳՄ Շիրակի բաժանմունքի ղեկավար Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ շիրակցի երիտասարդ ստեղծագործողները ներառված են այն բոլոր ծրագրերի մեջ, որոնք կազմակերպում է ՀԳՄ-ն, ինչպես նաև` մարզային և հանրապետական երիտասարդական մրցույթներում (Արարատ Մկրտումյանի անվան, «Հասկեր» մանկապատանեկան, «Մարո Մուրադյան-Ալաջաջյան» և այլն): Բացի այդ, մշտապես աշխատանք է իրականացվում երիտասարդ ստեղծագործողների հետ, լինում են գրքերի քննարկումներ, որոնց մասնակցում են նրանք, տպագրվում են հայաստանյան գրական մամուլում, մասնակցում են ամենամյա երիտասարդական համաժողովներին: Ա. Կարապետյանը խոսեց նաև գեղագիտական ազգային կենտրոնի մասին, որտեղ գործում է գրական ստուդիա` Ռոզա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, միաժամանակ անդրադարձավ նաև «Եղեգան փող» թերթին, որի 150-րդ համարն է տպագրվել, և «Եղեգնիկ» մանկապատանեկան պարբերականին, որի 4-րդ համարն է լույս տեսել: «Մեզ մոտ գրեթե 25 ստեղծագործող կա, ովքեր գրական պրոցեսի մեջ են»,- ասաց Ա. Կարապետյանը և հավելեց. «Այսօր նոր սերունդ է եկել, որն իր վրա է վերցնում որոշակի պարտականություններ»:
ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանն ընդգծեց, որ իրենց բաժանմունքը հատկապես վերջին 10 տարիներին առաջնային է համարել երիտասարդ գրողների կայացմանը սատարելը: Նրանց ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են «Երկունք» թերթում և գրական այլ պարբերականներում: «Ունենք երիտասարդ գրողներ, ովքեր գրական լուրջ հայտ են ներկայացրել, և հուսով եմ` առաջիկայում կհամալրեն ՀԳՄ շարքերը»,- ասաց նա:
ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար Հակոբ Հարությունը ևս խոսեց իրենց մարզի երիտասարդ գրողների հետ տարվող աշխատանքների մասին և կարդաց նրանց բանաստեղծություններից:
Այնուհետև Լորետա Մուրադյանը, Անուշ Հեքիմյանը, Լևոն Բեժանյանը (Շիրակ), Հրաչուհի Լոռեցյանը (Լոռի), Սարգիս Մելքոնյանը (Արագածոտն), Մարիամ Պետրոսյանը (Սյունիք) կարդացին իրենց բանաստեղծություններից: Կարեն Մանուչարյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լոռու մարզի երիտասարդ ստեղծագործողների գործերը:
Օրն ավարտվեց մտքերի փոխանակմամբ, որին մասնակցեցին Ալեքսանդր Թոփչյանը, Արտեմ Հարությունյանը, Էդվարդ Միլիտոնյանը և ուրիշներ:
Երկրորդ օրը խորհրդակցությունը սկսվեց Պետրոս Դեմիրճյանի ելույթով, որում նա գրականության զարգացման, խնդիրների վերաբերյալ իր տեսակետը հայտնելով` գրողի գլխավոր նպատակը համարեց գրածը տեղ հասցնելը: «Բոլորիս խնդիրն է, թե այս փոփոխված ժամանակների մեջ երիտասարդը, որ նոր է մտնում իրական կյանք ստեղծագործության միջոցով, ինչպես է արձագանքում իրականության փոփոխություններին»,- նկատեց նա:
Արմեն Սարգսյանը «Երիտասարդ ստեղծագործողները պետական ծրագրերում» զեկույցում անդրադարձավ ՀՀ մշակույթի նախարարության ծրագրերին: Մասնավորապես` 1. դրամաշնորհ ստեղծագործողներին, թարգմանիչներին, մշակույթի ոլորտի հետազոտողներին, 2. գրքի երևանյան փառատոն (տեղի կունենա աշնանը), 3. մշակութային, գրական, ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող պարբերականների աջակցություն (գործում է դեռևս 2008 թ.-ից), 4. հայ գրականությունը թարգմանություններում (ստեղծվել է երեք տարի առաջ, այս կերպ Մշակույթի նախարարությունը աջակցում է արտասահմանյան հրատարակչություններին, եթե նրանք ցանկություն ունեն տպագրել հայ գրողի գիրքը): Արմեն Սարգսյանի տեղեկատվական բնույթի զեկուցումից հետո մասնակիցների միջև քննարկում ծավալվեց նշվածների, ինչպես նաև «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շուրջ:
Այնուհետև Շանթ Մկրտչյանը «ՀԳՄ հրատարակչությունը և երիտասարդական գրականությունը» զեկույցում ցավով նշեց, որ իրենց հրատարակչությունը մեկ տարվա ընթացքում տպագրել է ընդամենը չորս գիրք: Մինչդեռ կան շնորհալի մարդիկ, որոնց գրքերը պետք է տպագրվեն պետական միջոցներով:
Գրահրատարակչական դաշտի խնդիրների մասին իրենց մտահոգությունները հայտնեցին Արքմենիկ Նիկողոսյանը («Անտարես»), Հասմիկ Հակոբյանը («Գրանիշ»): Մասնավորապես` Արքմենիկ Նիկողոսյանը կարևորեց հրատարակիչների հետ երիտասարդ գրողների աշխատանքը, ինչպես նաև բարձրացրեց գրական պարբերականներին, կայքերին տրվող գումարների հարցը` միաժամանակ փաստելով, որ երիտասարդ գրողի գլխավոր խնդիրը պարզապես լավ գրելն է: Հասմիկ Հակոբյանը առաջարկեց քայլեր գտնել գրահրատարակչական դաշտի աշխուժացման համար: «Տպարանը, հրատարակիչը, գովազդող հեռուստաընկերությունները, գրախանութները վատ են աշխատում իրար հետ: Հատկապես վերջինները ոչինչ չեն ձեռնարկում գրքերի վաճառք ապահովելու համար: Մինչդեռ գրախանութը այն տարածքն է, որտեղ քո ստեղծած ու գովազդած, հանրայնորեն ներկայացված ստեղծագործությունը պետք է վաճառվի»,- նշեց նա:
Բարձրացված հարցերի շուրջ կարծիքներ հայտնեցին Լուսինե Եղյանը, Անի Հովնանը, Պետրոս Դեմիրճյանը, Մանվել Միկոյանը: Ալեքսանդր Թոփչյանին մտահոգում էր լայն տարածում գտած գրամոլությունը: «Մեր գրական դաշտը լցված է գրամոլական աղբով, որի տակ կորչում է բուն գրականությունը, իրական արժեքը: Գրամոլն այսօր մտել է ամեն տեղ ու իր աղբով ծածկել քիչ թե շատ լույս տեսնող արժեքավոր գործերը: Նրա վնասակար ալիքները հասնում են նաև իսկական ստեղծագործողին»,- ասաց Թոփչյանը և կոչ արեց գրաքննադատներին` բացարձակ լռության մատնել գրամոլական աղբը, մեջտեղ բերել ինչ-ինչ անուններ-նշաձողեր, որոնք կդառնան նաև ուղենիշներ ոչ միայն տվյալ հեղինակի, այլև նրա շուրջը գտնվող դարձյալ օժտված հեղինակների համար:
Ծավալված բուռն քննարկումն ընդմիջվեց Անուշ Հեքիմյանի «Գլխապտույտ առանցքի շուրջ», Շիրակի երիտասարդ ստեղծագործողների «Կրակե ձայների խեցի» անթոլոգիայի և Մարիամ Սարգսյանի «Աստղահանդես» ժողովածուների շնորհանդեսով:
Շնորհանդեսից հետո Արքմենիկ Նիկողոսյանը «Արդի պատմվածքի խնդիրները» զեկույցում բարձրացրեց այն հարցը, թե այսօր ինչո՞ւ է գրվում պատմվածք, և առանձնացրեց չորս հիմնական պատճառ: 1. Գրական մամուլում, կայքերում, ֆեյսբուքյան սոցիալական ցանցում հայտնվող պատմվածքների մոտ 70 տոկոսը, ոչ այնքան ժանրի իրացում են, ոչ այնքան գրականություն են, որքան գրականության խոստում: Այսինքն` գրվում են իբրև թե գրականություն մուտք գործելու նպատակադրմամբ` իր լավ և վատ կողմերով: 2. Իր մասին հիշեցում, դարձյալ արտաքուստ կապ չունի գրականության, ժանրի իրացման յուրահատկությունների հետ, բայց ժամանակակից գրականության զարգացման, հրատարակչական միտումների և այլնի համատեքստում սա ծառայում է որպես շատ կարևոր գործոն: Գրողը տպագրվում է իր մասին հիշեցնելու համար, ոչ թե նոր նվաճումներ արձանագրելու համար: 3. Ժանրը փրկող արարք, այսինքն` վեպից վեպ ընկած միջանկյալ տարածության իրացում պատմվածքի տեսքով: Պատմվածքները բխեցվում են նախորդ վեպերի հաղթահարման ջանքով և նոր վեպի մասին խոստումով: Այս արանքում տուժում է ժանրն ինքը, որովհետև չի ընկալվում, չի գնահատվում որպես ամբողջություն: 4. Փնտրտուքի արդյունքում ծնված պատմվածքներ, արտահայտվում են բանաստեղծների` դեպի պատմվածք անցումով: Այսօր պոեզիան, որպես իրացվող ապրանք, զգալիորեն զիջում է արձակին: Շատերն իրենց հիշեցնելու գործառույթը կատարում են ժանրից ժանր փոխանցումով, փաստորեն` պոետների արձակ: «Այս չորս գործոնի շրջանակում է, որ զարգանում է ժամանակակից պատմվածքը: Սա ազդել է պատմվածքի ժանրային դրսևորումների, պատմվածքի` իբրև ժանր առաջխաղացման, հարստանալու խնդրի վրա»,- ասաց Ա. Նիկողոսյանը` հավելելով, որ վերջին 3-4 տարիների իր դիտարկմամբ` պատմվածքի ժանրում նկատելի է ժանրային ճգնաժամ, որը արտահայտվում է էսսեիստական տարրերի, ինֆորմացիոն հոսքերի, լրագրողական ոճերի առատությամբ: Նրա կարծիքով, ժանրագիտակցությունը ժամանակակից արձակագրի, հատկապես երիտասարդների ամենաթույլ կողմերից մեկն է: Բանախոսն իր դիտարկումները ներկայացրեց Մարտուն Հովհաննիսյանի, Գրիշ Սարդարյանի, Հովհաննես Հովակիմյանի, Տիգրան Գրիգորյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Արթուր Մեսրոպյանի պատմվածքների շուրջ և շեշտեց արձակագրության մի շատ կարևոր խնդիր, որը կապված է ընթերցանության հետ: «Այսօր դուք չեք տրոփում մեկը մյուսի մեջ, էն մյուսի սխալը մեկ ուրիշը չի ձգտում ուղղել, մեկի նվաճած տարածությունը մյուսը չի ձգտում զարգացնել, որովհետև դուք չեք կարդում իրար: Մինչդեռ գրականության առաջխաղացման, ժանրային կանոնակարգման, միացյալ գեղագիտական միասնության դաշտ ձևավորելու լավագույն ճանապարհը միմյանց կարդալն է»,- վստահեցրեց Ա. Նիկողոսյանը:
Մտքերի փոխանակումից հետո տեղի ունեցավ հանդիպում գրական մամուլի, կայքերի խմբագիրների հետ: Տպագիր մամուլի առջև դրված խնդիրների, գրականության մեջ բարոյական արժեքների, գրական մամուլի զարգացման տեսլականի, գրողին գնահատելու, հոնորարներ հատկացնելու, տպագրվող թերթերի տարածումն ապահովելու համար մեխանիզմ մշակելու մասին կարծիքներ հայտնեցին Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարինե Խոդիկյանը, Անուշ Վարդանյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Լիլիթ Հովսեփյանը, Նառա Վարդանյանը, Մանվել Միկոյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հերմինե Նավասարդյանը:
Երրորդ օրը պոեզիայի և արձակի խմբերում վարպետության դասեր անցկացրին ավագ գրողները: Խմբերից մեկում մասնակիցները լսեցին Արթուր Մեսրոպյանի «Տրանսգրեսիվ գրականությունը որպես ուրբանիստական մշակույթի հետևանք» խորագրով զեկույցը:
Չորրորդ օրը տեղի ունեցավ համաժողովի վերաբերյալ մտքերի փոխանակում, խմբերում աշխատանքի ամփոփում, հնչեցին մի շարք առաջարկություններ: Ամփոփելով համաժողովը` Էդ. Միլիտոնյանը նշեց, որ Ծաղկաձորի ստեղծագործական տանը կազմակերպված Երիտասարդ գրողների համաժողովը այս տարի ևս փորձեց ապահովել գրական կյանքի աշխուժացման ընթացքը: Հավաստիացնելով, որ նոր փորձառությունները օգնում են նաև ավագներին` ժամանակն ավելի ճիշտ, հետաքրքիր ընկալելու համար, Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ այս հավաքը ազդակ կդառնա նոր գրքերի, նոր որոնումների համար, կընդարձակվի գրական դաշտը, և ճանաչելի կդառնան մեր գրողները: