Երբ 475 թվականին գերմանական ցեղերը գրավեցին հավերժական քաղաքը, կազմակերպեցին մշակութային արժեքների թալան և մշակութային կոթողների ջարդ: Մշակութային եղեռնը դեռևս այն ժամանակներում գերմանական ցեղերի անունով կոչվեց վանդալիզմ…
Դրանից հետո մարդկությունն անմասն չմնաց մշակութային արժեքների ոչնչացման տենչից. միայն 20-րդ դարավերջին թալիբները Աֆղանստանում պայթեցրին Բուդդայի հիսունմետրանոց արձանը, և մարդկությունը «չլսեց» այդ պայթյունի արձագանքները… ԻԼԻՊ-ականները ոչնչացրին Պալմիրայի (Թադմորի) աշխարհահռչակ ճարտարապետական կառույցները, և մարդկությունը դարձյալ լռեց կամ նվաղուն ինչ-որ աղոթքներ մրմնջաց կործանված առասպելների համար: Ազերիները ֆանատիկի մոլեռանդությամբ փշրեցին Նոր Ջուղայի հինավուրց խաչքարերի բանակը, և մարդկությունն այս անգամ էլ «խցկեց» իր դյուրազգաց ականջները… Խաչերի ջարդը մարտնչող մահմեդականների հոգևոր անկումն է խորհրդանշում:
Անշուշտ, այս կարգի օրինակներ կարելի է շատ ու շատ բերել պատմության թատերաբեմից, սակայն մի բան պարզ է՝ թշնամիները ոչնչացրել են թշնամիների մշակութային արժեքները՝ տեղը ոչինչ չդնելու բնածին անկարողությամբ, ոչնչացրել են՝ փորձելով մշակութաստեղծ ազգերին հավասարեցնել իրենց որպես անմշակութաստեղծ ոհմակի:
Իսկ ի՞նչ անուն տալ մշակութային այն ջարդին, թալանին, մշակութապիղծ արարքին, որ թույլ ենք տալիս մենք մեր իսկ ձեռքով ստեղծած արժեքների նկատմամբ:
Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կիլոմետրին տասնամյակներ առաջ տեղադրվեց քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Հավերժության ժապավենը» պղնձաձույլ արձանը՝ քսան մետր բարձրությամբ:
Քանդակագործը երևի չգիտեր, որ մենք պղնձասեր ազգ ենք կամ… գտնվում ենք պղնձի դարում: Պղնձի հանդեպ մեր անզուսպ սերը ստիպեց հափշտակել անվանի մարդկանց հուշատախտակները (կամ նրանց վրայի պղնձե դիմաքանդակները), անգամ մեզ տարավ (իսկ ինչո՞ւ՝ մեզ) գերեզմանոցներ՝ պղնձապաշտությանը հագուրդ տալու համար՝ մոռանալով, որ անբարո այդ արարքով պղծում ենք հանգուցյալների հիշատակը…
Իսկ Չարենցավանի հարևանությամբ վեր խոյացող բարձունքի վրա հանգրվանած «Հավերժության ժապավենը» պղնձի առատ պաշար էր պարունակում, և տղաները գործի անցան:
Կտրտեցին պղնձի թերթիկները մաս-մաս, հատված առ հատված, կտրտեցին օրեցօր, ամսեամիս, կտրտեցին տարիներով…
Մի ժամանակ մեզ էր նայում բզկտված, հողմածեծ, հաշմանդամ ու պղծված արձան՝ ասես գութ հայցելով անցորդներից:
Իսկ անցորդներ՝ ինչքան ուզեք: Այդ ճանապարհով են անցնում բոլորը՝ ամենասովորական քաղաքացուց մինչև քաղաքապետ, մարզպետ, նախարար, վարչապետ, ոստիկանապետ և էլի շատ պաշտոնավոր ու անձեռնմխելի անհատներ: Անցնում են, սակայն չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել… Իսկ ինչո՞ւ…
Չէ՞ որ այդ նույն ճանապարհով արտասահմանյան հյուրերին, պաշտոնատար անձանց և զբոսաշրջիկներին ուղեկցում ենք հմայվելու Կեչառիսի վանական համալիրով, Ծաղկաձորի սպորտբազայով, ճոպանուղիով, կապուտաչյա Սևանով, Գոշավանքով, Հաղարծինով և շատ ու շատ ուրիշ տեսարժան վայրերով:
Իսկ ի՞նչ ենք պատասխանում հյուրերի, զբոսաշրջիկների այն հարցին՝ ի՞նչ երկաթյա կմախք է բարձրանում կանաչապատ բարձունքին (եթե եղանակը, իհարկե, գարուն է): Մենք կարող ենք անակնկալի գալ, հատկապես երբ փոքր-ինչ առաջ արդեն հասցրել էինք ասել, որ մենք մշակութասեր, մշակութապաշտ, մշակութաստեղծ ազգ ենք, որ մենք գրեր ենք ստեղծել շատ ազգերից դարեր առաջ, որ մենք ունեցել ենք տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացի, որ ունեցել ենք Մոմիկ ճարտարապետ, որ մենք… որ մենք…
2016 թվականի մայիսի փոթորկաշունչ օրերին, երբ «Հավերժության ժապավենն» իսպառ թալանված էր, արձանի գլխամասը, չենթարկվելով հյուծված կարկասին, պոկվեց և վայր ընկավ:
Իրոք, կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
Եվ եկան «մտահոգ» մարդիկ ու այն տարան Չարենցավանի հաշտոցաշինական գործարան (մի հարցնող լինի՝ էլ գործարան թողե՞լ եք): Տարան, սակայն պաշտոնատար անձանց վկայությամբ իրենք այն նորոգելու իրավասություն չունեն. դա չի մտնում Մշակույթի նախարարության լիազորությունների մեջ:
«Հավերժության ժապավենի» շուրջ պատմությունները վաղուց են սկսվել: Երբ արձանը (ավելի ճիշտ՝ պղինձը) դարձավ բարբարոսների գայթակղության զոհը, արվեստագետ հեղինակի կինը՝ Նադեժդա Սարգսյանը, և դուստրը՝ Էմմին, խնդրանքով դիմեցին պատկան մարմիններին: Դիմեցին՝ անհույս սպասումով:
Դա վաղուց էր, սակայն առ այսօր սայլը տեղից չի շարժվում:
Այդ դեպքում օրինական հարց է առաջանում՝ եզնե՞րն են մեղավոր, որ սայլը չեն շարժում, սայլապա՞նն է մեղավոր, որ եզներին չի հրամայում, թե՞ սայլն է մեղավոր, որ ինքն իրեն չի շարժվում…
Մշակութային արժեքների հանդեպ
խորին մտահոգությամբ՝
պրոֆեսոր Լալիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ