Ուշադրություն է հարկավոր / Վարդգես ԽԱՆՈՅԱՆ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորհրդային տարիներին մեծ հռչակ ու համբավ վայելող առողջարանային Ջերմուկ քաղաքն արտաքնապես կարծես թե նույնն է: Առաջվա նման ծորակներից հոսում են տարբեր ջերմաստիճանի ջրեր, տարբեր ազգությունների մարդիկ բաժակներն առած շտապում են ջուր խմելու, մեքենաներն սպասում են հանգստացողներին և զբոսաշրջիկներին հանքային ջրի բնական ավազան հասցնելու համար… Այնուամենայնիվ, խորհրդային տարիներին մարդկային եռուզեռն ավելի ակտիվ էր, կյանքն՝ ավելի եռանդուն: Առողջարաններից բացի, գործում էր մշակույթի հսկա պալատը՝ լողավազանով, սրճարանով, հարուստ գրադարանով, 250 տեղանոց դահլիճով: Մարդկային հոսքը ամբողջ օրը չէր դադարում: Քաղաքի կենտրոնում կար հոյակապ գրադարան, փողոցները, մայթերն ու շենքերի բակերը բարեկարգ էին:
Թվում էր, թե անկախությունից հետո քաղաքապետարանն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձներ քաղաքի արտաքին տեսքին՝ ավելի շատ զբոսաշրջիկներ ու բուժվողներ ներգրավելու համար: Բայց, ցավոք սրտի, այդպես չէ: Ինչպես ողջ հանրապետությունով մեկ՝ անտեսվել կամ վերացվել են մշակույթի օջախները: Ճիշտ է, կառուցվել է առողջարանային մեկ համալիր, ժամանակի պահանջներին համապատասխան վերակառուցվել են հները, բայց ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած մշակույթի հրաշալի օջախները երկրորդ պլան են մղված: Մշակույթի պալատն այսօր ավերակի է վերածվել, կենտրոնական գրադարանը գոյություն չունի… Հատկապես ցավալի է մեծ ջանքերով ստեղծված քաղաքային զբոսայգու վիճակը: Բնակիչները հիշում են, որ այգու տեղում անապատ է եղել: Այսօր այնտեղ անտառ է՝ հին ճեմուղիներով, երկնահաս եղևնիներով: Պարզապես անտառ է: Վայրի բնություն: Նախկինում տեղադրված նստարանների հետքն անգամ չի մնացել: Հեքիաթային այգի հիշեցնող բազմերանգ ծաղիկների փոխարեն աճած ծնկահար խոտը փակում է տեսադաշտը: Ամեն պահի կարող է հրդեհ բռնկվել, և երկար տարիների արյուն-քրտինքով ստեղծված այգին մոխիր կդառնա:
Ժամանակին զբոսայգում ծառ են տնկել մարշալ Բաղրամյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, ավիակոնստրուկտոր, լեգենդար ՄԻԳ-երի հեղինակ Արտեմ Միկոյանը, Անաստաս Միկոյանը, ԽՍՀՄ կրկնակի հերոս Պոկրիշկինը և այլք: Մի՞թե օտարազգի զբոսաշրջիկներին հետաքրքիր չի լինի մոտենալ այդ ծառ-հսկաներին և կարդալ ժամանակի մեծերի անունները: Ի՞նչ դժվար է ցուցանակներ կախել, երեք լեզվով գրել անունները, տարեթվերը, հնձել չորացող հրդեհավտանգ խոտը, որպեսզի կարողանան մոտենալ, կարդալ ու իմանալ, որ այդպիսի մեծեր են եղել Ջերմուկի առողջարաններում: Դա էլ է մշակույթի մաս:
Խորհրդային ժամանակների հիանալի ժառանգություն են նաև զբոսայգու կենտրոնական ճեմուղու երկարությամբ քարաբեկորներին քանդակված հայ ֆիդայիների կիսանդրիները: Այո, գեղեցիկ է, բնության գեղեցկությանը ներդաշնակ, բայց ովքե՞ր են բեղ-մորուքով այդ հսկաները:Նույնիսկ հայ այցելուներից շատերը չեն ճանաչում, էլ ինչ մնաց թե՝ օտարազգիները: Արդյոք չի՞ կարելի գրել կամ փորագրել այդ մարդկանց անունները, կենսագրական հակիրճ տեղեկություն: Դա էլ է մշակույթ: Շատ ենք խոսում զբոսաշրջության զարգացման մասին: Բայց միայն առողջարանների թիվն ավելացնելով չէ, որ պիտի նպաստենք դրան: Օտար մարդկանց հրապուրում է նաև տվյալ ազգի մշակութային ժառանգությունը:
Ճիշտ է, որոշ բարերարներ սեփական միջոցներով ու ցանկությամբ վերանորոգում են զբոսայգու հիմնական և դեպի ջրվեժ տանող ճեմուղիները, բայց դա բավարար չէ: Հարկավոր է համալիր միջոցների իրականացում: Բարելավելով նշված օբյեկտները, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև մայթերի, բակերի ու երկրորդական փողոցների վիճակին: Դեռևս նախորդ վարչակարգից մնացած ասֆալտի հետքը շատ տեղերում անհետացել է, բազմաթիվ փոսերը տհաճ տպավորություն են թողնում անցորդների վրա:
Ջերմուկի քաղաքապետարանը բավականին ֆինանսական միջոցներ է հայթայթում զբոսաշրջությունից: Ուրեմն և հարկ է, որ անուշադրության չմատնի նշված դիտողությունները և ձեռնամուխ լինի թերությունները վերացնելուն, նպաստելով և՛ զբոսաշրջության խթանմանը, և՛ քաղաքի բարեկարգման հնարավորությունների ընդլայնմանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։