ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԾԻԿԸ / Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24312875_1520999324662723_2627894119357277287_n

Լույս է տեսել  բանաստեղծ Սուրեն Դավթյանի հերթական ժողովածուն, որտեղ հեղինակը հավաքել  է 2014-16 թթ. գրած  գործերը: Միանգամից աչքի է ընկնում ժողովածուի վերնագիրը` «Ազատա­գրված հիշողություն»: Այո՛, ազատագրված հիշողություն, որովհետև մարդը, միշտ գերի լինելով զանազան պայմանականությունների, անգամ իր ներսում, ինքն իր հետ, ինքն իր հիշողության հետ մնում է պայմանականությունների պարտադրած հարաբերություններում ու անընդհատ կարիք է զգում դուրս գալ այդ սարդոստայնից: Բանաստեղծություն առ բանաստեղծություն Սուրեն Դավթյանը  փորձում է վերջապես դուրս պրծնել մարդկային մտքի և հոգու այդ կապանքներից, լինել անկեղծ ու ազատ առաջին հերթին ինքն իր հետ, իր հիշողության հետ, ուր խտացված  է մի ողջ կյանք, անցած ճանապարհ: Ի՞նչ կա ավելի դժվար, քան ինքն իր հետ մենակ մնալը, ինքն իրեն արած-դրածի համար պատասխան տալը:

Ու Սուրեն Դավթյանը կրկին կծկում է իր հուշերի կծիկը` այս անգամ առանց անհարթությունների, այս անգամ` անկեղծ, այս անգամ` առանց պայմանականությունների, որոնցից ազատագրվելը երբեմն այնքա՜ն դժվար է:

Մաքուր են կոշիկներդ,//Վերնաշապիկդ ու խիղճդ,//Գնա, դու ազատ ես//Աշխարհից, պարտքից,//Ինքդ քեզանից…

Ամենամաքուր մաքրությունը ԽՂՃԻ մաքրությունն է, հաստատում է բանաստեղծը: Սա բառախաղ չէ, միայն այս դեպքում կարելի է ապրել ԱԶԱՏԱԳՐՎԱԾ: Ցանկացած մարդ մարդ է դառնում, երբ ցավի մեջ, ցավով է հղկում զգացմունքները, մաքրում փորձը, ստուգում ապրածի ճիշտն ու սխալը և բողոքում, որ իր ցավը մեծ է, ծանր է, սակայն նրան ու նրա սերնդին վիճակված է ցավից մեծ լինել, անգամ պարտադրված է.

Մենք մեր ցավից մեծ եղանք,//Երբեք չմնացինք խոնարհված խաչերից կառչած,//Մենք մահվան մրուրից նոր կյանք կերտեցինք //Ու այդպես էլ չիմացանք փոքրության համը…//Եվ մենք ապրեցինք ցավից մեծացած //Ու մենք մեր ցավից մեծ եղանք:

Չլսված ու չտեսնված զգացողություն.  մեծ լինել՝ ցավից ավելի մեծին դիմանալու համար: Մարդուն համակած տագնապի երազանք-վերջաբանը:

Հեղինակը ոչ միայն խոսել չի սիրում, այլև գերադասում է լռել, չխանգարել, որ հենց իր լռությամբ լսվի ընդերքի հևքը, լսելի դառնա սիրահարների անխոս շիկնանքը, որ ամեն բան նորից սկսվի, որ բանաստեղծի ինքը` Աստված: Ինքը լռում է բարձրաձայն, որովհետև այդ ամենը տեսնում ու լսում է յուրաքանչյուր  նյարդով. իր ձեռքը երկրի զարկերակին է:

Կյանքում մեղքը շատ է, ամենուր է, ամեն տեղ է նաև գայթա­կղությունը: Էլ ուրիշ ո՞վ կարող է օգնել բանաստեղծին՝ դիմագրավելու այդ ամենին. իհարկե, ամենակարող Արարիչը,

Երբ շատ է տարբեր գինը հրապույրի

Երբ կինն է տերը, սե՞ր, թե՞ անկողին,

Տե՛ր, թողության գիր տուր, ինձնից ազատվեմ,

որովհետև  մեղքը ամեն մարդու մեջ է, մարդն առաջին հերթին իր միջի մեղքից պիտի ազատվի:

 Սուրեն Դավթյանի յուրաքանչյուր բանաստեղծություն տարբերվում է  հրապարակում եղած գործերից նրանով, որ հեղինակը անսովոր մոտեցումներ, անսովոր հոգեվերլուծություններ,  հետաքրքիր մեկնաբանություններ է կատարում` դրանով ընդգծելով իր անհատականությունը, որով էլ հաստատում է իսկական բանաստեղծ, մարդկային հոգու խորխորատների գիտակ լինելը:

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ վաստակավոր ուսուցիչ, բանասեր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։