Հովիկ Վարդումյանի «Փոքր Մհերի վերադարձը» գիրքը լինելով «Կանթեղի» շարունակությունը և, բնականաբար, ունենալով առաջին գրքի հետ ինչ-ինչ ընդհանրություններ` հերոսների, գաղափարների, նաև նրանից շատ բանով է տարբերվում: Այս երկու գրքերը իրար հետ կապված են առաջին հերթին ժամանակային ընթացքով և այդ հատվածում իրար հերթագայող իրադարձություններով: «Կանթեղում» մեր արցախյան պատերազմի դժվարին ու հերոսական էջերն են, և այն ամբողջովին մեր ապրածն է` իր փակ ու բաց ընկալումներով… և մեր հաղթանակն է, մեծ ու հրաշալի, հրաշք հիշեցնող հաղթանակը:
Այս գրքում կյանքի և հերոսների շարունակությունն է արդեն հաղթանակած երկրում: Բայց որքան էլ աբսուրդի պես է հնչում` այդ հաղթանակած կյանքում էլ պատերազմ է. այժմ արդեն ներքին մի պատերազմ` հերոսացող տղաների կռվով զբաղված լինելու ընթացքում, պղտոր ջրում ձուկ բռնողների. այսինքն` երկրի թալանով հարստություն դիզածների և մնացյալի` ժողովրդի, երկրի ու նաև պատերազմից վերադարձած մարտիկների միջև: Եվ այս մեկն ավելի վտանգավոր է, ավելի դավադիր, ավելի ստոր և ավելի ցավեցնող: «Մեր դեմ խաղ չկան», որ վայել էր թշնամու երեսին շպրտել, ոմանց կողմից հենց ազգի երեսին շպրտվեց, և քանի որ` սեփական շահը դրոշ սարքած` ազգուրաց գործունեությամբ, նմանները կարողացան իրենց ձեռքը վերցնել և՛ երկրի ողջ ունեցվածքը, և՛ իշխանական լծակները, սովորական հայի կյանքը դարձավ անտանելի իր իսկ հայրենիքում: Այն ավելի դժվար պետք է լիներ կռվից վերադարձողների համար, ովքեր արյունոտ օրերի մեջ ըմբոշխնել էին նաև ոգու ամենաբարձր թռիչքները և այժմ եկել էին այդ թևաբախումը այլևս խաղաղ երկնքում շարունակելու, այս անգամ արդեն վայելելով նաև սեփական ջանքի պտուղները: Եվ եթե ուրիշները քիչ թե շատ հարմարվել էին կռացած ու չարքաշ կյանքին, ազատամարտիկների համար այն հարմարվելու բան չէր, որովհետև ավելի ծանր էր, քան պատերազմի ամենաարյունոտ օրն անգամ: «Մեր կռիվը հետո է սկսվելու` պատերազմի ավարտից հետո: Մեր ներսի թուրքերն ավելի վատ ու վտանգավոր են, քան էս թուրքերը: Սրանց սպանելու իրավունք ունենք, բայց նրանց` ոչ: Դրա համար էլ դժվար է լինելու»: (էջ 34)… Սրանք գրքի հերոսի` Մխիթարի հրամանատարի խոսքերն են:
Բայց այդ էր իրականությունը. հարմարվելո՞վ, թե՞ առանց դրա պետք էր այն ապրել:
Չնայած «Կանթեղում» նույնպես Վարդումյան գրողը զարմացնում է իր` իրերն իրենց անուններով կոչելու համարձակությամբ, բայց այստեղ դա ավելի ցայտուն է և ավելի հիացնող, որովհետև խոսքը այլևս անցյալին չի վերաբերում, հերոսը հենց մեր օրերում է, հենց այսօրվա թաց ու չորի թնջուկի մեջ: Այսպիսի մորեմերկություն մենք նույնիսկ հակաիշխանական հանրահավաքներում չենք տեսնում` չե՞ն կարողանում, թե՞ ինչ… Հովիկը համարձակ է որպես իսկական զինվոր, ազատամարտիկ. անկոտրում և բարիկադի վրա:
Նրա համարձակությունն ապշեցնում է մեկ հարցում ևս. դա կյանքի անտես մասը տեսանելիին հավասար չափով ներկայացնելն ու պատկերելն է: Այն, ինչ մեր գիտունները սիրում են միստիկա կամ հեքիաթ համարել, Հովիկն իրականության լիիրավ մասի իրավունքով է մեզ հրամցնում: Եվ վաղուց դրա ժամանակն էր: Երբեք կյանքի այս կամ այն իրավիճակը մինչև վերջ հասկանալ չենք կարող, առանց այն տիեզերական ամբողջության մեջ դիտելու, այսինքն՝ իրարու խառնած տեսանելի և անտես աշխարհներն ու իրականությունները: Միայն այդպես կարելի է ճիշտն ու սխալը տարբերել և հասկանալ աշխարհ-բեմին խաղացվող ներկայացումը: Դա իսկապես էլ մարդ-մարդ փոխհարաբերություն և բախում չէ, դա Աստծո և Մամոնի, Լույսի և խավարի չդադարող պատերազմն է, որի մասնակիցներն ենք մենք. մեր իսկ ընտրությամբ կանգնած այս թե հակադիր կողմում, բայց հաճախ անգամ լրիվ չգիտակցած դրա կարևորությունը:
Ասում են` չարի ուժն այն բանում է, որ նրան չեն հավատում: Ուրեմն հենց այդպես, բացելով նրան ծածկող վարագույրը և տեսանելի դարձնելով նրան, մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել:
Հեքիաթը միշտ էլ ինձ համար կյանքն ամենաճիշտ կերպով արտացոլող ժանրն է եղել: Միայն այնտեղ է իրականի ողջ մակերեսն ու խորքն արտացոլվում: Նույն հրեշները, այո, հենց 7, 40-գլխանի, նույն դևերը` պոչերով ու կոտոշներով, նույն պայքարը բարու ու չարի միջև մեր կողքին է ամեն պահ, մեր ապրածը: Միայն թե մենք դա կարող ենք միայն հոգով տեսնել… իրական տեսողությունը խաբկանքի մշուշ է, ոչ այլ բան:
«Մանուկ կարոտցեր էր Մհերին,
Նայեց, ըսեց` լաո, էգա՞ր,
Հայոց աշխարհք շուդուց քեզ կսպասե`
Մինչ դու փագվեր էիր մըջ
Ագռավու քար,
Յոթ գլխանի վիշապ զորցեր է:
Նրա շունչ չէ զորավոր է,
Կվառե Հայոց հանդ ու դաշտ,
Հայ ժողովուրդ կհալածե:
Ժողովուրդ չէ նրա շնչից նեղված`
Կփախնի, այլ աշխրքներ
կէրթա»: (էջ187)
Հովիկը գրում է հոգու տեսողությամբ, հոգու տարածքի ընկալումներով և մեզ էլ սովորեցնում նույնը… Գրքում ոչինչ քողածածկ չէ, և դա հրաշալի է: Ուզես թե չուզես, ստիպված ես ինքդ էլ բացել հոգուդ աչքերը և… տա Աստված, որ դրանք այլևս չփակվեն:
Մհերի վերադարձի ճանապարհին, գրքում ծավալվող իրադարձությունները ինչ-որ պահից կտրվում են ներկայից և սլանում առաջ, դեպի գալիք: Մեր բոլորի տենչանքի գալիքը: Երևի թե, բացի մի էլիտար հորջորջվող բույլից, ամեն մի հայ քնում և արթնանում է այդ երազանքով:
Սա, երևի թե, կարելի է Հովիկի հաջորդ խիզախումը համարել: Այդ` ազգային երազը գրչին տալը, որպես այլևս իրական կյանք: «Բացվել էր Ագռավաքարը: Հազար տարի բանտարկված Հայոց ոգին ազատ արձակվեց: Բացվել էր Նոր ժամանակների և նոր մարդու մաքուր, անաղարտ ու լուսավոր առաջին օրը»: (էջ 262)
Իսկ խոսքը, առավել ևս գրավորը, մեծ ուժ ունի: Այնպես որ, մնում է սպասել: Առաջին քայլն արդեն արված է: