Եսի ազատությունը ժամանակի ճիրաններում / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Շվեյցարիան, կարելի է ասել, հարազատ երկիր է հայության և հայ գրողի համար: Հիշենք Ռուբեն Սևակին, Սիամանթոյին, Իսահակյանին… Ժնևում է Ինտրան հանդիպել Եղիա Տեմիրճիպաշյանին, «Լիրիք» սրճարանում նստած նամակներ գրել Միքայել Կյուրճյանին: Բազում հիացական տողեր ու գրվածքներ են նվիրվել Լեմանին, Մոնբլանին ու շվեյցարական բնության այլ հրաշալիքներին: Ուրեմն և բնական է այսօրվա հայ գրողի, թարգմանչի ու ընթերցողի հետաքրքրվածությունը այդ հրաշալի համադաշնային երկրում ստեղծվող գրականության նկատմամբ:
Ժակ Շասսեն մեկն է այդ գրականության դասականներից: Ապրո՛ղ դասականներից, քանզի դասական գրողի կենսագրությունը չի ավարտվում նրա երկրային կյանքով, և տվյալ դեպքում էլ գործ ունենք նրա «Մարդակեր դևը» վեպի1 շուրջ ծավալված նորօրյա բանավեճի հետ: Եվ իրոք, խորհրդանշական է, որ հայ գրող-գրականագետն է իր հայրենակից տիտուլավոր պրոֆեսորներից, ինչպես Շասսեն է բնութագրում՝ «արքա պահանջող գորտերից», պաշտպանում այդ վեպն ու նրա հեղինակին:
Եթե կարճ ասենք՝ վեպը դեռևս նախանցյալ դարի կեսերից հայտնի «հայրերի ու որդիների» հավերժական պայքարի մի պատմություն է: Բայց՝ ընդլայնված-ընդարձակված մինչև պետություն-քաղաքացի, նյութ, մարմին-հոգի, անցողիկ ու հավերժական ժամանակ հարաբերությունների ոլորտները, որի կենտրոնում մարդ-անհատի՝ այստեղ գիմնազիայի համեստ ուսուցիչ Ժան Կալմեի ես-ի ազատության հիմնախնդիրն է: Կալմեն ուզում է ապրել ազատ, անկախ, անկաշկանդ, լիարժեք, բայց… չի կարողանում, որովհետև նրա էությունը, մի տեսակ, կանխորոշված է նախ սեփական հոր՝ ամենակարող, մարմնապես առողջ ու զորեղ դոկտորի, ապա գիմնազիայի վիթխարահասակ տնօրենի, ավելի ուշ՝ նեոնացիստ ու հրեատյաց Մոլենդրյուղի, հասարակության տերերի, պետական մեքենայի ճնշող իշխանությամբ: Այստեղ, իհարկե, առկա են կոնկրետ ժամանակի՝ 20-րդ դարի 60-70-ական թվականների նշանները, բայց դա՝ այդ իշխանությունը, նաև խորհրդանիշի (սիմվոլի) իմաստ է ստանում, քանզի հայրը «ողջ է» և իշխում է նույնիսկ իր մահից ու դիակիզումից հետո էլ, կարծես թևածում է օդում: Ասես լսում եմ նաև Ինտրայի «Ներաշխարհ»-ի հայտնի արձագանքը՝ «Հայրս չմեռա՞վ ուրեմն…»: Չնայած բոլոր տարբերություններին, քննվող խնդիրը երկու գրողների մոտ ունի հոգեբանական զուգահեռ շերտեր՝ հոր մահից հետո է, որ Ինտրան զգում է, թե միշտ սիրել է հորը, նույնիսկ այն ժամանակ, երբ թվում էր՝ ատել է նրան: Ժան Կալմեն ևս «կուզեր գոռալ, թե նա՝ հայրը, սխալվում է: Թե ինքը սիրում է նրան»: Սիրում է, բայց և չի կարող ընդունել նրա հավերժական իշխանությունը, քանզի ուզում է ապրել նոր ու ազատ կյանքով:
Խորհրդանշական է, որ աշխարհի, այս կյանքի բոլոր աղտեղությունների և հատկապես նեոնացիստ Մոլենդրյուղի հետ հանդիպմանը անմիջապես հաջորդում է կյանքի հատակից՝ կոյուղուց դուրս պրծած գորշ առնետի՝ տրոլեյբուսի անիվների ծանրության տակ ճզմվելու տեսարանը: Պատահական չէ, որ հետագայում Ժակ Շասսեն առնետ էր անվանում իր ընդդիմախոսներին: Այստեղ, սակայն, կարևոր է դիտել, որ իշխանությունը Ժակ Շասսեի ընկալմամբ միանշանակ չէ. վերը բերված ճնշող իշխանության տարբերակներին հակադրվում է Թերեզի և նրա նմանների կենդանացնող, կյանքով լցնող իշխանությունը, որը միշտ ցանկալի է ու հաճելի: Բայց ծագում է հարցը. ինքը՝ հերոսը, արժանի՞ է դրան: Պարզվում է, որ ոչ. Ժան Կալմեն անզոր, տկար, ներքուստ անազատ, անկարող մեկն է, և ունի դրա ցավագին զգացողությունը: Վեպում դիտավորյալ շեշտվում է նաև մարմնական-սեռական թուլությունը՝ մի շարք (նաև վեճերի տեղիք տված նատուրալիստական նկարագրություններում), բայց որը երբեք չի հասնում գռեհկության, ընդհակառակը՝ ծառայում է հերոսի կերպարի ամբողջական ու լիարժեք բացահայտման նպատակին և այս իմաստով լիովին արդարացված է, նախապատրաստելով վեպի բարձրակետը, երբ Կալմեն իրեն դասում է հիտլերյան Վառարան-դևի, նացիստ բժիշկ Մենգելե-դևի, Մոլենդրյուղ-չղջիկ դևի հետ մի շարքում՝ «Ժան Կալմե-դև»: Ու նաև ավարտը՝ երբ իր վրա վերցնելով մարդկային եղած ու չեղած բոլոր մեղքերը՝ ինքնասպանություն է գործում, դրանով իսկ սրելով իր ներքին ազատության, լիարժեք գոյության և հոգեկան-բարոյական ուժի համար պայքարելու գաղափարը: Չէ՞ որ ինքը՝ Ժան Կալմեն, ում ամբողջ կյանքում տանջում էր «քնքշանքի կարոտը», ի վերջո, չկարողացավ ուժեղ լինել, դիմադրել հնօրյա առասպելներից հայտնի սեփական զավակներին խժռող նորօրյա քրոնոսներին… Եվ այդպես էլ չգրեց խոստովանանքային-մեղայական իր նամակները հրեա ընկերոջը՝ Բլոխին, Թերեզին և մյուսներին…
Շասսեին մեղադրել են վեպի գրության դասական կանոնները չպահպանելու համար: Մինչդեռ նա առաջնորդվում էր «Ֆլոբերից ի վեր վեպը պոեզիա է» սկզբունքով, իր ընդդիմախոսին պատասխանելով, թե՝ «Այդ բանն անտեսելու պատճառով է, որ մնացել եք այդ պստիկ պոզիտիվիստ պաշտոնյան, որը բարկանում է այն ամենի դեմ, ինչ գերազանցում է իրեն. ազատություն, երևակայություն, իրականության լրիվ կիրառում, փորձառություն, իսկական ռիսկի քաջություն և հավատարմություն ռիսկի մեջ»: Ու համոզված էր, որ գրականությունը հենց այն միջոցն է, որով գրողը «ընթերցողին է պարտադրում» (իշխանության ընդունելի ձևերից մեկը) իր «անդադար ինքնակենսագրությունը՝ կողմնակի կամ մի քիչ խորամանկած, կտրատված, վարանոտ, ճշգրիտ…»:
Այսօր մեր ժողովրդի և հասարակության համար ևս արդիական հնչողություն ունեցող հարցադրումների այս շրջանակն է նաև, որ հիմք է հանդիսացել շվեյցարացի գրողի գործը հայացնելու համար: Եվ պետք է նշել, որ Ալեքսանդր Թոփչյանը գրեթե անթերի է թարգմանել վեպը, որովհետև այն ընթերցվում է այնպես, ինչպես եթե հենց հայերեն էլ գրված լիներ: Դրա շնորհիվ հրաշալիորեն պահպանվել են բնագրային բազմաթիվ պատկեր-գյուտերը: Այսպես, օրինակ՝ տղաները «առողջության այս հոյակապ ծրարները», մայրը՝ «դողդոջուն քայլերով դու գնում էիր եկեղեցի և երկինքն ընկավ քո գլխին», «Ժամանակը մշտապես նրանց (իմա՝ Ժանին ու աղջկան) ծրարեց», Ժանը մոր «սիրելին էր, նրա ուրախությունն ու մխիթարությունը. նրա կանաչ խոտը»…
Վեպի թարգմանությունը ստիպել է ստեղծել նաև մի շարք նոր բառեր, որոնք մեծ մասամբ հաջողված են, ինչպես՝ փակոցափեղկ, աղավնիները սիրվտում են, աչապահ, գլխանեցուկ… Կան նաև բառեր ու արտահայտություններ, որոնք, ըստ իս, հետագա ճշգրտման կարիք ունեն՝ ինչպես աշնամուտ, ոստղոտ և այլն:
Ժակ Շասսեի հայերեն այս վեպը լրացնում է վերջին մի քանի տարիներին տարբեր հեղինակների ջանքերով իրականացված բարձրորակ թարգմանությունների շարքը:

——————————
1. Եր., Լուսաբաց, 2014 (Թարգմ.՝ Ալ. Թոփչյան):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։