Հայ գրականության գանձարանը հարուստ է արժանահիշատակ անուններով, որոնց թվում քիչ չեն կանայք: Սակայն պատմական ճակատագրի բերումով ոչ բոլորին է տրվել ճանաչված և գնահատված լինելու բախտը: Այդպիսիներից է Իսկուհի Մինասը: Բանաստեղծուհի, որի անձը և ստեղծագործությունը լի է առեղծվածով ու գրեթե անհայտ՝ հայ ընթերցողին:
Ո՞վ է այս կինը՝ քրմուհու նման գաղտնախորհուրդ, հեթանոս անմիջականությամբ ու համարձակությամբ, անբռնազբոս իր ցանկություններում և անկեղծ՝ դրանք արտահայտելիս, հմայիչ ու հուզառատ այնքան, որքան կարող է լինել կինը: Նրա բանաստեղծություններն են, անշուշտ, ենթադրում այս հատկանիշները, որոնք, կարծում ենք, հավասարապես վերագրելի են թե՛ իրեն, թե՛ իր քնարական հերոսուհուն: Մինասի բանաստեղծությունները ծնունդ են առնում կանացի գայթակղությունից, սակայն չեն սահմանափակվում այդ զգացման մակերեսային վերապատմումով: Հուզականությունը, որ շատ դեպքերում միակ և որոշող արժանիքն է կնոջ ստեղծագործության, Իսկուհի Մինասի մոտ դառնում է արտաքին երանգ, որի տակ դժվար չէ նկատել գեղագիտուհու ինքնօրինակ մտածողության բազմաթիվ շերտերը: Զգացմունքի և կրքի բանաստեղծական նկարագիրը Մինասի մոտ անցնում է բանականության, վերլուծության պրիզմայով: Նրա բանաստեղծությունները հագեցած են խոհով, առանձնահատուկ են իրենց մեջ ամփոփած մտքի ու գաղափարի խտությամբ և միևնույն ժամանակ թափանցիկ ու եթերային են, ինչպես հույզը:
Մասնագետ-հետազոտողների ունեցած սուղ տվյալների համաձայն՝ Իսկուհի Մինասը ծնվել է Շենիքիայում, 1884 թվականին: Նախնական կրթություն է ստացել Կ. Պոլսի օրիորդաց վարժարանում, ապա՝ Բերայի Քերց իտալական վարժարանում: Ուսումնառությունը շարունակել և ավարտել է Ֆրանսիայում: Շառավիղն է Ակնի ազնվազարմ գերդաստաններից մեկի: Հայրը՝ Հակոբ Մինասյանը, Ծովային նախարարության բժիշկ էր, գնդապետ: Ամուսինը՝ Ժան Մինասյանը, որ նույն տոհմից էր, հայտնի մտավորական էր Պոլսում, հրատարակիչ, թարգմանիչ, «La Patrie» (Հայրենիք) ֆրանսալեզու հանդեսի խմբագիրը, հանդես, որը հաճախ էր տպագրում Իսկուհի Մինասին: Արծվի Բախչինյանի «Ծագումով հայերը» գրքից տեղեկանում ենք, որ բանաստեղծուհու որդին՝ Լևոն Մինասյանը՝ ծնված 1905-ին, հայտնի նկարիչ է եղել Իտալիայում:
Իսկուհի Մինասի բանաստեղծական տաղանդը բարձր են գնահատել ժամանակի հայ և եվրոպացի արվեստագետները: Ֆրանսիացի գրաքննադատ Ֆրեդերիկ Մակլերը, դիմելով բանաստեղծուհուն, գրել է. «Անշուշտ Դուք հարստացնում եք ֆրանսիական գրականությունը, քանի որ Ձեր ստեղծագործությունները մտածված և գրված են մեր լեզվով և այնպիսի ոճով, որի համար շատ ֆրանսիացիներ կարող էին նախանձել Ձեզ»:
Արշակ Չոպանյանն այսպես է բնորոշել Իսկուհի Մինասի պոեզիան. «Այս արձակ բանաստեղծություններուն մեջ արտահայտված գլխավոր զգացումը սիրո զգացումն է, արևելյան խոր հեշտասիրությամբ ապրված ու արևմտյան հստակ ու ներդաշնակ արվեստով թարգմանված»:
Մինասը ստեղծագործել է արձակ բանաստեղծության և նորավեպի ժանրերում, գրել է ֆրանսերեն և իտալերեն, գերազանցապես տպագրվել Կ. Պոլսի ֆրանսալեզու մամուլում: Նրա առաջին գիրքը լույս է տեսել 1900-1901թթ.: Մինասից պահպանվել և մեզ են հասել մի շարք ժողովածուներ՝ «Վենետիկյան մարգարիտներ» (1914), «Հեծեծանքներ», «Ներուժ ժամեր», «Ինչ որ մեռնում է», «Աթենքի վարդերը», «Իտալիայի լուսաստվերը» (1928), «Ապրել» (1930): Վերջին ժողովածուի նորավեպերից մեկը պատկերում է Գրիգոր Զոհրապի կյանքը:
Իսկուհի Մինասին հայերեն են թարգմանել Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը: Վերջինիս թարգմանությամբ բանաստեղծուհու գործերը տպագրվել են «Շանթ» և «Նավասարդ» հանդեսներում, իսկ նրա կարծիքը Իսկուհի Մինասի մասին այսպիսին էր. «Իսկուհի Մինաս և՛ քերթող է, և՛ հոգեգետ մը: Նախազգացումների գրագիտուհին է ան… Անկեղծ է իբր մտածող և հանդուգն ՝ իբր արտահայտող…»:
Իսկուհի Մինասի գրական ժառանգության առավել ամփոփ նկարագիր է Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուն՝ «Աստվածային խաբկանք» վերնագրով: Այստեղ ներկայացված շուրջ 40 բանաստեղծությունները ծաղկաքաղ են բանաստեղծուհու վերոհիշյալ ժողովածուներից: Դրանք վկայությունն են ոչ միայն Մինասի բանաստեղծական արվեստի բացառիկ հմայքի, այլև թարգմանչուհու կողմից այն խորապես ու ճիշտ զգալու, լեզվական և հոգեբանական տեսանկյունից բնագրին հարազատ ու ներդաշնակ վերարտադրելու կարողության: Շնորհիվ այս բարձրարժեք թարգմանությունների հայ ընթերցողն այսօր հնարավորություն ունի ճանաչել և գնահատել իր մեծաշնորհ հայրենակցուհուն:
«Աստվածային խաբկանք» գրքից ստացած հաճույքի համար հավասարապես պարտական ենք թե՛ Իսկուհի Մինասին, թե՛ նրա թարգմանչուհուն:
Իսկուհի Մինասին այս անդրադարձի համար խթան եղան Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող հայաստանյան միջոցառումները: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում կազմակերպված գրական ցերեկույթը, ի թիվս ֆրանսերենի և ֆրանսիական իրականության հետ դեմիրճյանական առնչությունների, ներկայացրեց նաև Մինասի բանաստեղծությունները՝ նպատակ ունենալով վկայակոչել հայ-ֆրանսիական գրական փոխշփումների ևս մեկ արժեքավոր իրողություն: Սա տուն-թանգարանի որդեգրած աշխատաոճի բնորոշ դրսևորումն էր՝ հանրահռչակել ոչ միայն Դերենիկ Դեմիրճյանի, այլև ցանկացած գրողի բարձրարվեստ ժառանգության գոհարները, որոնցով հարստանում և ամբողջանում է հայ գրականությունը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի
տուն-թանգարանի վարիչ