Կը տեսնեմ որ անկախ իմ կամեցողութենէն, ընդհանուր հետաքրքրութիւն մը կայ գնահատելու իմ գրականութիւնը ու այդ առիթով ալ գնահատելու հայ գրականութիւնը առհասարակ: Ես կրնամ միայն առիթ մը ըլլալ: Տակաւին չեմ կրցած ինքզինքս համոզել որ լաւ բան մը ըրած եմ կամ գոյն մը աւելցուցած մեր գրականութեան: Ինծի համար այդ բոլորը բնական եղած է, ինչպէս ծառի մը գոյութիւնը յարմար հողի մը մէջ: Այդ հողը ինքը, հայ ժողովուրդն է: Ինչ լավ բան ըրած եմ, կը պարտիմ ժողովուրդին: Մնացած թերութիւնները իմն են1:
Որքան ավելի մեծ է հոգևոր իրական ժառանգություն ստեղծած գրողը՝ լինելով այսքան խոնարհ. (եթե առաջարկեք համեստ բառը, այն ո՛չ մի կերպ չի պատշաճելու իր մեծ գրականությանը): Համաստեղի ներքին Մարդը, որ, անկասկած, ուներ իր «ճշմարիտ ես»-ի արժևորման խոր գիտակցությունը՝ հենց «Աղօթարան»ի հեղինակն է, Աստծո հետ մտերմության մատյանի աղոթական բանաստեղծը, որ կյանքի հավիտենականության, իր զգայարանքների ու բնության, արևի ու ծլարձակման համանվագ զարթոնքի, աստվածային սիրո երգիչն է, և եթե հայ քերթությունն ունի իր մեծագույն աղոթամատյանը՝ Տիեզերական վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու անչափելի հանճարով գրված, որպես «Մատյան ողբերգության», ապա տիեզերական այդ հսկա չափումներում, որպես պայծառ մի համաստեղություն, կարող է տեսնել Համաստեղի «Աղօթարան»ը՝ իբրև Մատյան բերկրության, իբրև՝ Մատյան լռության խորհրդի և իմացականության, իբրև Աստծո հետ մտերմությամբ իր բանաձևած «ճշմարիտ ես»-ը բացահայտող մարդու՝ կատարելությանը հասնելու ճանապարհ…
«Անոնք Քեզ փնտռեցին եւ չգտան, Տէր, որովհետեւ իրենց մարմնէն ու զգայարանքներէն դուրս փնտռեցին իրենց աստուածը ու մարմինը ձգեցին մեղքերու մէջ անօգնական»: (ը)
«Իրիկնադէմին, ինչպէս սար ու ձոր արածող գառները իրենց հօտին կը վերադառնան, այնպէս ալ, Տէր, իմ կորսուած բառերը ինծի կուգան, երբ ուզեմ երգել երգը մեղուին, երգը եղնիկին, երգը խնձորենիի ծաղիկին, որ ցանկապատէն ինծի կ’երկարի. երբ ուզեմ քեզի երգել, Տէր»: (թ) 2
Դռան երեք թակոց ձմռան գիշերին.- Համաստեղն ականջալուր է և գիտե, որ եկողն ինքը Աստված է… Ինչպե՞ս չլսել մտերմիդ թակոցը, ինչպե՞ս չլսել Աստծուն… Ինչպե՞ս չսիրել Աստծո հետ մտերմացնող այս գիրը… Իսկ Համաստեղի սիրելի հերոսները մարդկանցից և բնության տարերքներից հալածված մարդիկ են՝ չարքաշ գյուղացիներ, որ ծայրահեղ բարության, հեզության տիպարներ են՝ ինչպես Փիլիկ Աղբարը, որբության ու երեխայության արկածախնդրությունների զոհ՝ ինչպես Միջոն, իր հողի ու մշակության նահատակը՝ ինչպես Տափան Մարգարը: Համաստեղը իր խոսքի և կերպարների խոսվածքի միանգամայն բնական համադրումով շնչավորում է իր բնաշխարհը՝ բարբառային կամ փոխառված ձևերի գործածմամբ՝ տեղին ու չափավոր. չափի զգացումը նրա բացառիկ հատկություններից մեկն է: Համաստեղի պարզ ու պատկերավոր լեզուն անդիմադրելի գրավիչ է. ձգողականությունն այնքան է զորավոր, որ պատահած տողից անգամ եթե անծանոթ մեկը սկսի որևէ գործի ընթերցում, այն մագնիսացած պիտի ավարտին հասցնի՝ գործի սկիզբն անհամբեր ընթերցելու փութաջանությամբ և ամբողջը վերընթերցելու մեծ ցանկությամբ: Համաստեղի համեմատություններն անակնկալ գյուտեր են, միանգամից տպավորվում ու մնում են հիշողությանդ մեջ. ահավասիկ՝ «Միջոն անհանգիստ էր, ինչպես հողի տակի ցորենի հունտը, երբ արև կտեսնե: Լուսիկ Միջոյի արևն էր»3:
Խոստովանեմ, որ Համաստեղի հանդեպ հենց սկզբից զգացողությունս Արամ Հայկազի պես «տեսակ մը սիրահարություն է» եղել, ավելի ճիշտ՝ հենց Միջոյի նման պատանեկան սիրո զմայլանք… և, ինչպես որ Միջոն կուզեր Սուգիկենց մշակը լինել, ես էլ՝ որքան կուզեի ի՛ր մշակը լինել առավոտեն մինչև երեկո, միայն իր գրին, իրեն մոտ լինելու համար… և պատկերացրեք ուրախությունս, երբ օրերից մի օր ինձ վստահվեց մշակել Համաստեղի արխիվը, այսինքն՝ ճիշտ ու ճիշտ՝ իր գրի մշակը լինել:
Աշխատանքիս բերումով (Չարենցի անվան գրականության թանգարանում), մինչ այդ իմ մշակած Վահե Հայկի արխիվից ինձ ծանոթ Խարբերդը՝ հսկայածավալ տեղա-պատմագրական, մշակութային «Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտ» աշխատությամբ, որքան էլ որ հանգամանալի (ուր, իհարկե, նաև Համաստեղն է ներկա «Երնեկ այն օրերուն» պատմվածքով), Խարբերդի կենդանի շունչն ու բնաշխարհի մարդկանց տիպական կերպարներն իրականում ինձ ավելի հարազատ ու սիրելի եղան հատկապես Համաստեղի գրականության շնորհիվ: Արևմտահայ գյուղը՝ շնչավորված, իր կենդանի միջավայրով՝ իր ոսկեջրած թևերով մեղուների աշխատավոր բզզյունով, հասուն արտերի բերքին նայող մշակի հոգու թեթևությամբ ու ժայռակոփ լծկան գոմեշների ծանրաքարշ տքնությամբ, բանջարանոցի նապաստակի ինքնուրույն աշխարհով, ճամփաներու վրա թրթուրներից մինչև որդերը՝ հողերէն դուրս ելած, մինչև շունը բանական, Չալոն, կամ Փիլիկ աղբարի միակ հուղարկավոր ծերացած ձին…
Մի օր Անտոնիոս շան աչքերով կարոտը գալիս է ուղեկիցը դառնալու պանդուխտ երգչի, որ երազում է մեկնել իր Հայրենի գյուղն ավերակ, և «չորս հովերուն ցրուած» հայությանը լսելի դարձնել իր երգը՝ «հզօր ու աւելի գեղեցիկ»… Եվ մեր ազգային էպոսի հանգույն, արդեն ոչ թե ուրիշին ծառայելու, այլ մեզ համար այդ երգի կանչով «պիտի գան եօթը վարպետներ գիւղին եկեղեցին շինելու: Անոնք ժառանգորդներն են մեր հինաւուրց վանքերը շինող վարպետներուն: Պիտի գան կամուրջ շինող Ուստա Անտոնի աշակերտները, պիտի գան հազար-հազար բանուորներ, աղիւս թափողներ, գերան տաշողներ, ջուր կրողներ, փայտ կտրողներ, որմնադիրներ, տախտակ շինողներ, գամ գամողներ, քարկոփներ, ցուիք կապողներ: Պիտի գան առու շինողներ, վար ընողներ, սերմ նետողներ, հնձուորներ…»4…
«Զրույց շունի մը հետ» պատմվածքով Համաստեղն իր գյուղի դրացիներին, որ իր մյուս գործերում հարազատ միջավայրից անբաժան տիպական կերպարներ են, պատկերում է Դեր Զօրի ավազների մեջ կմախքացած, դեպի իրեն կարկառող. նրանք պատմում են իրենց պատմությունները՝ ընդհատված տեղից: Նրանց է, որ անուն առ անուն ասես խոստում է տալիս վերստին շենացնել իրենց գյուղը, և այդ ահեղ խոստումը իրագործելու համար է, որ ինքը պատրաստ է մի օր վերջապես ժպտալ արաբի ցանկապատի ցցից գողացած գանգի առեղծվածային, հեգնոտ ժպիտով…
Ժամանակին Արամ Հայկազն այնքան տեղին է բնութագրել Համաստեղին որպես պատկերով խոսելու և բառով նկարելու վարպետ, որ մեզ մնում է վկայել, թե որքան անվրեպ է այդ վարպետը, որքան ամբողջական է փոխանցում իր ներքին աչքով տեսածը՝ խոսքի վճիտ պարզությամբ, միևնույն ժամանակ՝ հարուստ ու կենսունակ լեզվով, թե՝ իր նկարածը, ճշգրիտ գտած բառով, ինչպես որ մեկ վրձնահարվածով գտնված գույնն է կտավի ծաղկաթերթին իջած բզեզը կենդանացնում, անճիգ ու բնական, միևնույն ժամանակ՝ արտահայտիչ, կարևորի մանրամասնությամբ, միայն թե՝ զերծ ավելորդաբանությունից… ու թե՝ ինչպես է շունչը պահած ընթերցողին պահում այն նույն հափշտակության մեջ, որով՝ տեսնելուն պես ինքն է տարվել, որով զգացել է իր հերոսներին համակող ապրումի ամեն թրթիռը և կերպարների շնչավորումով տեսանելի ու զգայելի է դարձրել շարժումն ու հոգեբանական բոլոր ներքին տեղաշարժերը՝ դրանք զարգացնելով պատումի սկզբից մինչև վերջ:
Այսօրվա հայացքով Համաստեղի բնագրում լեզվի, պատկերի, գեղագիտության, մտքի արգասավոր թռիչքի հետ միասին, որ անուրանալի արժանիքներ են՝ եթե ավելին փնտրելու էլ չլինենք՝ կա մի աննյութական շաղախ` ոգի, որ հիմա էլ հայի համար աներկրորդելի է՝ ինչպես որ դրախտում հայտնված Երանոս Աղբարի տխրությունը, կարոտը՝ իր Հայրենիքի, իր տան երդիկի ծղրիդին, ինչպես որ Մխսիի ու Մնուշի նախ անհաշտ հարևանությունը և ապա՝ թանկ հարազատի անպարփակ սերը պատուհասի ճամփաներին, ինչպես որ Կար Ամուի երազների դյութանքը, կամ Վարդանի երազանքը՝ մի օր հայրենի երկրում հոր աշխատանքը շարունակել…
Տեսնես կգա՞ այդ օրը, երբ մեր ազգի կենսափորձը՝ գեղարվեստական գործի բարձր մակարդակում այսպես մեզ ժառանգված՝ վերջապես գործի մեզ համար որպես ինքնաճանաչողության բանաձև, որը նաև ինքնահաղթահարումի ու նորացման զորավոր միջոց կդառնա.- ասածս այսօր թերևս դառը հումորի պես հնչի…
Իսկ հումորը (երբեմն նաև դառն) Համաստեղի թե՛ չափածո գործերի, թե՛ արձակի աղն է: Երգիծական չափածո վիպերգության մի նմուշ է նրա «Այծետոմարը», որն իրավամբ կդասեի մեր ինքնահաղթահարման միջոցների շարքում: Թումանյանի մի կաթիլ մեղրի նման սա էլ՝ ավելի տիպական կերպարներով (անունները համարյա Չարենցա-Երկիրնաիրիական), տերպապի ու գյուղի մյուս հեղինակավոր մարդկանց առաջնորդությամբ՝ հընթացս հեղինակազրկվող հերոսների, ուրվական նպատակի ետևից դևերի դեմ կռվի, Չոր գեղին պատուհասած խռովության, ինքնապառակտման ու ավերումի պատմությունն է՝ հրաշալի օրինակ այսօրվա մեր աշխարհի կարգը ճանաչելու և միգուցե կանխելու համար:
Անընդգրկելին այդպես էլ չհամարելով նույնիսկ մասնակիորեն շոշափված, ասեմ որ Համաստեղն, իմ խորին համոզմամբ, արձակի մեջ դարձյալ բանաստեղծ է, որի հարազատ երանգներն ինձ ծանոթ ու սիրելի են ինչպես Վազգեն Շուշանյանի, այնպես էլ Ակսել Բակունցի արձակում, գրողի մի չափ, որ բնօրինակ է լավագույնների համար, ուրեմն և հավերժական է, ինչպես որ Հայոց լեզուն՝ որքան էլ անցողիկն ու հարկադրականը արշավելու լինեն հավերժականի վրա…
——–
1. «Յոբելեար գրագէտ Համաստեղի գիրը Արամեան Սանուց Միութեան ուղղուած», «Մարմարա», Ստամբուլ, 1966, ապրիլ:
2. Համաստեղ, «Աղօթարան», Պէյրութ, 1957:
3. Համաստեղ, «Հայաստանի լեռներու սրնգահարը», էջ 21, Երևան, 1989:
4. Համաստեղ, «Հայաստանի լեռներու սրնգահարը», էջ 348, Երևան, 1989: