«ԱՊԱԳԱՅԻ ԳՐՈՂԸ» (Ինտրա, «Հովին ձայնը» երկհատորյակի հրատարակության առթիվ) / Ալա Ա. ԽԱՌԱՏՅԱՆ

«… կը վազէ ժամե՛ր ժամե՜ր կը վազէ բոկոտն, արիւնլուայ ոտքերով, փնտռելով այն Յորդանանը ուր պիտի վերածնէր ու մաքրուէր աշխարհի աղտէն, կը վազէ՝ յուսահատ հեռուներէն ընդնշմարած՝ իր հրեղէն տեսիլքովը հարկադրած իրականացուցած՝ դէպի գետակ մը, ահա՛, կը վազէ իր երգած Լոյսին պէս արագ ու ազատ, ու ահա կը նետուի հոն, անհուն ճողփիւնով մը, իբրև թէ բովանդակ աստղ մը՝ բևեռային արեգակ մը փլած ըլլար այն ջուրին ծոցը… Նա՛, Ինտրա՛ն է, և ի՛նքը միայն»:

Արևմտահայ գրականության 20-րդ դարասկիզբն ընդունված է անվանել գրականության զարգացման մեծագույն փուլ՝ լի գեղարվեստական ծրագրերով և նորարարական հղացքներով, որոնք գրականության մեջ բացեցին խոր հուն: Գրական այդ բուռն ընթացքում բացառիկ է Տիրան Չրաքյանի տեղն ու դերը: Նրա «Ներաշխարհը» կառուցվածքային, ժանրային, գեղագիտական ու փիլիսոփայական մասնահատկություններով, իմպրեսոնիստական ու սիմվոլիստական մտածողության միաձուլմամբ, գիտակցական հոսքի առկայությամբ, էքզիստենցիալ ինքնօրինակ հարցադրումներով հայ գրականության համապատկերում, հիրավի, գեղարվեստական մեծագույն ձեռքբերում է, որ գրված է հայ գրականությանն այնքան խորթ՝ ոչ ավանդական, տարերային ու անդիպաշար հղացքի ձևով: Այս առումով հեղինակը պիտի դրվեր 20-րդ դարասկզբի տաղանդավոր գրողների՝ Վարուժանի, Մեծարենցի, Սիամանթոյի, Տերյանի և այլոց կողքին, սակայն նա մինչ օրս միանշանակ չի գնահատվել: Գնահատող ու արժեքավոր ուսումնասիրությունների կողքին երբեմն գրվել են նաև ներհակ կարծիքներ պարունակող հոդվածներ կամ, որ թերևս ամենավատն է, շատերը անգամ լռության են մատնել այդ արժանավոր հեղինակին ու նրա արժեքավոր գործը…
Տիրան Չրաքյանի ստեղծագործության մասին արժեքավոր հոդվածներ և ուսումնասիրություններ գրվել են իր կենդանության օրերից մինչ այսօր. «Ներաշխարհին» և «Նոճաստանին» վերաբերող մեծածավալ աշխատություններ են գրել Հակոբ Օշականը իր «Արվեստագետ սերունդ» համապատկերում, Ստեփան Թոփչյանը` «Անհունի անդրադարձը» հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուում (համանուն վերնագրով), Գրիգոր Պըլտյանը՝ «Տրամի» էջերում, Վլադիմիր Կիրակոսյանը՝ բանաստեղծության ընդհանուր զարգացման համատեքստում («Արևմտահայ բանաստեղծությունը: 1890-1907 թթ.»), Պետրոս Դեմիրճյանի «Վարք Ինտրայի» կենսապատումը, Ալբերտ Կոստանյանի «Բացարձակի որոնումը» ուսումնասիրության մեջ Ինտրային նվիրած էջերը և այլոց հոդվածները: Նրա մասին այսօր էլ շարունակում են գրել, ինչն անհատական ու գրականագիտական ազատ մտքի արգասիք է: Բայց չենք կարող չնշել, որ չնայած մեծաթիվ ուսումնասիրությունների ու հոդվածների առկայությանը, որոնցում բարձրացվել են գրականագիտական ու գեղագիտական-փիլիսոփայական զանազան կարևոր հարցեր, այս հեղինակը շարունակում է հաճախ անծանոթ մնալ ընթերցողներին ու անգամ մասնագիտական կրթություն ստացողներին:
Այսօր մեզանում առաջնահերթ են դարձել գրականության պատմության վերաբերյալ նոր հայացքի կարևորությունն ու անհրաժեշտությունը, որի դիտանկյունից գուցե վերանայվեն բուհական ծրագրերն ու մասնագիտական վերաբերմունքը, որոնք հաճախ ուղղորդվել են որոշակի գաղափարախոսությամբ, և շատ բաներ, որ չեն տեղավորվել դրա շրջանակներում կամ չեն համապատասխանել գաղափարական ուղղվածություն ունեցող որոշ պատկերացումների, ցավալիորեն դուրս են մնացել ուշադրությունից:
Մերօրյա լայն թափ ստացած տպագրությունների ու կարևոր արժեքների թարգմանությունների համապատկերում հայ գրականության և շեշտեմ՝ նոր, ինչ-որ տեղ նաև վերարժևորման ու վերագնահատման դժվարին դերը ստանձնած գրականագիտության ձեռքբերումներից պետք է համարենք Տիրան Չրաքյանի երկհատորյակի հրատարակությունը (Ինտրա, Հովին ձայնը, Երկեր 2 հատորով, /Կազմեց, առաջաբանը և ծանօթագրութիւնները գրեց՝ Երուանդ Տէր-Խաչատրեանը.- Եր., Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, 2014), որը ազդակ կդառնա գրականագիտական նոր վերաբերմունքի և ուսումնասիրությունների համար: Այս նոր հրատարակությունը թվով երրորդն է Երևանում:
Առաջինը 1981 թվականին էր, երբ միհատորյակով հրատարակվեց Ս. Յափուջյանի կազմած և ծանոթագրած՝ Տիրան Չրաքյանի երկերի ժողովածուն (խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Ստեփան Թոփչյան), ուր զետեղված են «Ներաշխարհը», «Նոճաստանը», «Առ հեռավոր շոգենավն», «Հրվանդան». «Սիհուն», «Արձակ էջեր» պայմանական վերտառումով՝ «Սապանճա լիճը». «Սև ծով, Այվազովսկի, Աստված». «Նկարը», «Առ Եղիա». «Տորոսեն անցք». «Պտույտ» և «Ի Խալքի», հինգ հոդված՝ «Բանաստեղծության վախճանը», ««Ներաշխարհ»ն իր հեղինակեն դիտված», «Պատասխան», «Կարծիքներ և կարծողներ» և «Ռ. Յ. Պերպերյան, գրագետը», և Վերժինին ուղղված նամակներ: Բացի նրանից, որ այս հատորյակում, ժամանակի պահանջով, պահպանված չէր բնագրի դասական ուղղագրությունը, «Ներաշխարհ»-ից էլ, խորհրդային գրաքննության հետևանքով, մկրատված է մոտ երկու էջ: Այդ բնագրային բացը հետագայում ուղղվում է. 2006 թվականին Պետրոս Դեմիրճյանի աշխատասիրությամբ առաջին հրատարակության հիման վրա լույս է տեսնում «Ներաշխարհի» ամբողջական տարբերակը: Սակայն որքան էլ «Ներաշխարհը» հեղինակի ամենակարևոր երկն է, այնուամենայնիվ եղած հրատարակությունները հեղինակի մասին լիարժեք պատկերացում չէին կարող տալ ընթերցողին:
Ցավոք, չնայած մեծ ցանկությանն ու ջանքին՝ զանազան պատճառներով ամբողջական չի դարձել նաև այս երկհատորյակը, ինչը, սակայն, բնավ չի նվազեցնում երկհատորյակի կարևոր արժեքն ու կատարված մատենագիտական ու բանասիրական հսկայածավալ աշխատանքը և այն բոլոր առավելությունները, որ պետք է բնորոշ լինեն ցանկացած բնագրի հրատարակությանը, և որն այստեղ այդքան բծախնդրորեն արված է: Բացի այդ, մեզ հայտնի է դարձել, որ Երվանդ Տեր-Խաչատրյանը հրատարակության է պատրաստում այս շարքի երրորդ հատորը:
Կարծում եմ՝ անհարկի է այս հրատարակության համեմատությունը նախորդի հետ, որովհետև վերջինս ունեցել է իր կարևոր դերակատարումը` լինելով հայաստանյան առաջին հրատարակությունը, ինչի համար չենք կարող շնորհակալ չլինել:
Այս երկհատորյակի արժեքը տարբեր մակարդակներում է՝ բնագրագիտական, կենսագրական, գեղագիտական, որոնք տարբեր կողմերից մոտենալու ու ընթերցելու և զանազան ուսումնասիրությունների հնարավորություն են ընձեռում՝ լինելով ամենաամբողջականը:
Հատորյակի՝ կազմողի կողմից առաջաբան-հոդվածը լրացնում է Ա. Լ. Փոլադյանի՝ «Ներաշխարհի» Բեյրութի հրատարակության մեջ (1955) զետեղված «Կենսագրական նօթեր»-ը և Պ. Դեմիրճյանի «Վարք Ինտրայի» կենսապատումը:
ա) Հատորյակի առավելությունը ոչ միայն բազմաթիվ նյութերի հրապարակումն է մի գրքում, այլ նաև դրանց՝ նախորդների հետ համեմատական քննությամբ հրապարակելը և եղած տեքստաբանական վրիպումները շտկելն ու համապատասխան ծանոթագրություններով մեկնաբանելը:
բ) 20-րդ դարի շատ գրողների, հատկապես գիտակցական հոսքի հետևորդների ու մոդեռնիստական հեղինակների գործերը հնարավոր չէ կարդալ առանց հատուկ պատրաստվածության և ինտելեկտի: Այս առումով, եթե անգամ շեշտը դնենք միայն «Ներաշխարհ»-ի ծանոթագրություններին՝ տեսանելի է դառնում նրանց դերը նոր ընթերցանության համար: «Ներաշխարհ»-ում բազմաթիվ են այս կամ այն երկին կամ հեղինակներին արված հղումները՝ կապված որևէ մտքի կամ գաղափարի, երբեմն անգամ սիմվոլների կամ բառ-պատկերների հետ, ու ծածկագրված փոխկանչերը, ինչը զուգահեռելի է մոդեռնիստական գրականության տեքստային հղումներին: Ինչպես ցանկացած «բաց տեքստի» վերլուծության, այնպես էլ Ինտրայի ստեղծագործական աշխարհի համար այդ փոխկանչերի ու հղումների ակունքները գտնելը ինտելեկտուալ լրջմիտ ջանքեր է պահանջում ընթերցողից: Ծանոթագրությունների անգամ «նվազագոյնի» հասցված լինելը, ինչպես գրում է Ե. Տեր-Խաչատրյանը, ընթերցանության այլ հորիզոն է բացում: Այդ առումով որքան էլ դրանք նվազագույն են թվում հատորը կազմողին, այնուամենայնիվ, դրանց նշանակությունը փոքր չէ և անվիճելիորեն կարևոր են Ինտրայի նման բարդ ստեղծագործողի «բաց տեքստի» աշխարհը մտնելու դժվարությունը հաղթահարելու համար. անտիկ մշակույթից մինչև հին եգիպտական ու հնդկական միֆական աշխարհը, ծովի իմաստավորման փիլիսոփայական ու գեղարվեստական ինտերտեքստային բազմաթիվ կապերը, փիլիսոփայական հղացքի ակունքներն ու ազդակները, կրոնականության սաղմերն ու դրանց զարգացումները և աստվածաբանական տեքստերի ճանաչողությունը, կենսաբանական ու բնախոսական գիտելիքների ակունքները, գրական տեքստերի մանրակրկիտ իմացությունը և այլն. սրանք բազում հուշումներն են…
գ) Տիրան Չրաքյանի կյանքի ու գործունեության մասին քիչ փոխանցված հուշերն ու հիշատակումներն անգամ ամբողջովին հասանելի չեն եղել ընթերցողին: Կցկտուր տեղեկություններն ու հատուկենտ վկայությունները խորհրդավորության քողի տակ են պահել մտածողի առանց այն էլ թաքնված էջերով լի կենսագրությունը: Միշտ խորհրդավոր թվացած հոգեհարցության հետ կապված շատ հարցերի վրա լույս է սփռում «Գիր եւ ուղի» ուղեկցող հոդված-առաջաբանը, որտեղ էլ ճշտվում են կենսագրական ամենատարբեր տվյալներ ու հնարավոր մանրամասներ, որ կարևոր հորիզոններ են բացում հետագա ուսումնասիրության համար: Տիրան Չրաքյանի նկարիչ լինելու փաստը վաղուց հայտնի է: Նրա այդ տաղանդն ու նկարչական տեխնիկան փոխանցվել են նաև բանաստեղծական աշխարհ՝ բառային պատկերին միահյուսելով տեսողական պատկերի հմտությունը: Սակայն թեմատիկ կամ պատկերային համընկնումների (նկարների ու գրականության) և ստեղծագործական հիմնական ու շարունակական հղացքները, որ տարբեր պարույրներում զարգացել և փոխանցվել են «Ներաշխարհ»-ին, բացահայտվում են ճշտված կենսագրականով ու տարեգրությամբ: Այսպես, «Գիր եւ ուղի» նախաբանում տեսնում ենք, թե ինչպես է կազմողը ջանադրաբար ու բծախնդրորեն հուշերի փշրանքներից հավաքում կորսվածի մասին պատկերացումը. «Ուրեմն՝ Չրաքյանը «փոքր պաստառներու վրայ» նկարում է բնութեան ընդարձակ տեսարաններ, նոճիներ ու նոճաստաններ եւ դրանց միջից բխող աղբիւրներ: Հաւանաբար սրանք բնական լոյսով ողողուած տեսարաններ են եղել…», կամ մեկ այլ պատկերի նկարագրություն. «հոյակապ աղբիւր մը, մանկամարդուհի մը որ ջուրի ամանը կը կարկառէ ալեփառ ծերունիի մը, եւ հեռուն երկնասլաց նոճիներու խումբ մը»»: Հեղինակի ստեղծագործական՝ մեկ ամբողջական աշխարհի, դրանցում առկա ներտեքստային կապերի մասին հուշող վավերականություն է սա, որ նորովի մեկնաբանություն է պահանջում անգամ «Ներաշխարհ»-ի պատկերների համար:
Մի այլ կողմից կենսագրական մանրամասները հնարավորություն են տալիս այլ կերպ հասկանալու, օրինակ, Ոգու բացարձակացման, դրա բանաստեղծականացման և տեսական ուսումնասիրության դրդապատճառները, կրոնի ու կրոնականության նկատմամբ նախասիրությունը, եկեղեցու պատկերումը զանազան ձևերի մեջ՝ ընդհուպ «Ներաշխարհ» և դրանց աներևակայելի համադրությունը սիրո ու սիրո ձևերի հետ, նաև «Ներաշխարհից» հետո գրված մյուս գործերը: Առհասարակ կենսագրության շատ մանրամասներ օգնում են հասկանալու դրանց փոխակերպումները ստեղծագործության տարբեր մակարդակներում:
Որքան էլ այսօր ափսոսանք զգանք կորսված նկարների ու դեռևս չգտնված գործերի համար, ամեն դեպքում Երվանդ Տեր-Խաչատրյանի պատրաստած այս երկահատորյակը նշանակալի մշակութային ձեռքբերում է Ինտրայի տեքստերի հրատարակության համապատկերում, և մնում է հուսալ, որ այս բացառիկ գեղագետ գրողի ու փիլիսոփայական մտքի տեր մտածողի նամականին ևս շուտով կդրվի մեր սեղանին ու կամբողջացնի գրողի մասին ունեցած մեր պատկերացումները: Իսկ մի գեղեցիկ օր Ինտրայի լույսը անտարակուսելիորեն կթափանցի մեր մեջ, մեր գրականության մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։