ՄՅՈՒՌՈՆԻ ՓՈԽՎԱԾ ԵՐԳԵՐԻ ՀՄԱՅՔԸ / Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Ամեն առավոտ»

 

Ժամանակակից հայ պոեզիան զարգացման արդյունավետ ճանապարհի վրա է: Նրա հիմնական առարկան, ինչպես միշտ, հայ մարդն է՝ իր ազգային ու համամարդկային հուզաշխարհով, մոլորված աշխարհի ճակատագրի հանդեպ տագնապալից վերաբերմունքով: Նշենք նաև, որ մեր պոեզիան արարվում է ստեղծագործական երկու հիմնական ուղիով՝ դասական քնարերգության ավանդույթների և ազատ բանաստեղծության (վերլիբր) երանգների հյուսվածքով: Երկու դեպքում էլ մեր բանաստեղծները՝ հավատարիմ համաշխարհային մեծերի, այդ թվում նաև Մեծ Լոռեցու այն սկզբունքին, որ բանաստեղծը ժողովրդի սիրտն է, ձգտում են ստեղծել գաղափարահուզական բարձրարժեք պատկերներ, որոնք կարող են հուզել, ոգևորել, սփոփել:

Մեր այս դիտարկումի առիթը բանաստեղծ Նորայր Գրիգորյանի «Ամեն առավոտ» ժողովածուն է՝ հրատարակված 2018 թ., Երևանում: Նորայրն ընթերցողների շրջանում հայտնի է մեկ տասնյակի հասնող քնարաշունչ գրքերով, որոնց շնորհիվ արժանացել է գրական տարբեր մրցանակների: Ինչ վերաբերում է «Ամեն առավոտ» ժողովածուին, գոհունակությամբ նշենք, որ այն 2018 թ. շահել է Ավ. Իսահակյանի անվան մրցանակը:  Հիրավի, բարձրարվեստ, ուշադրության արժանի երգափունջ է Նորայրի «Ամեն առավոտ»ը, վերնագիր, որը մեզ տանում է դարերի խորքը, հասցնում 12րդ դարի հսկաներից մեկի՝ Ներսես Շնորհալու շարականների աշխարհը, որից մեր ունկերն է շոյում «Առաւօ՜տ լուսոյ, Արեգա՜կն արդար, Առ իս լոյս ծագեա» իմաստությունը, ապա այնտեղից հասցնում 1516րդ դարեր, Գրիգորիս Աղթամարցու չափածո կենսափիլիսոփայական հյուսվածքին. Պլպուլըն կանչէ այգոյս// Առաւօտէն մինչ ի լոյս.// Ցօղն իջանէ ի յայգոյս,// Յամէն առաւօտ և լոյս…

Հմուտ ընթերցողը վաղուց է նկատել, որ 1920րդ դարերի և մերօրյա հայոց բնապաշտական լիրիկան միջնադարյան հայ քնարերգության շարունակությունն է՝ տարբեր սերունդների աշխարհայեցողության ինքնատիպ դրսևորումներով: Դրա լավագույն վկայությունը հանճարեղ Չարենցի «Տաղարանն» է՝ հյուսված անմահ ՍայաթՆովայի երգարվեստի ոճավորումով, ինչպես նաև Մ. Մեծարենցի, Հ. Շիրազի, Պ. Սևակի, Հ. Սահյանի, Վ. Դավթյանի և մյուս անվանիների բնապաշտական երգերը:

Ն. Գրիգորյանի «Ամեն առավոտ» գիրքը ներկայացված է երկու շարքով՝ «Ամեն առավոտ» և «Ես ու դու» խորագրերով: Երկու շարքերում էլ հեղինակի մտահղացումների և ասելիքների սիմվոլները բնապաշտական քնարերգության գանձարանից են՝ բխած հայ մարդու քրիստոնեական բարոյականության հրամայականից, ապրելու բանաձևից: Մեր միջնադարից մեզ հասած լուսապաշտության, աշխատասիրության, լավատեսության, հայրենասիրության, օջախապաշտության և այլ կենարար գաղափարներ հայ մարդուն մղել են հայրենի բնության գիրկը, արդյունքում նա դարձել է ծննդավայրի կրկնապատկերը, իսկ բնությունը՝ իր տիրոջ: Նորայրը, ծնվելով Արագածոտնի մարզի Թալինի շրջանի ներքին Բազմաբերդ գյուղում, իր մեջ է առել ծննդավայրի աստվածաստեղծ բնության հրաշալիքները ու դարձել նրա խոսքապատկերը. Ես ներս մտա//Երջանկության դռներով,//Ինձ դիմավորեցին մի ծառ,//Մի թռչուն ու մի առու://Մեկը գութանով վարում էր հողը//Եվ ակոսներով գրում՝//Ծննդավայր:

Ն. Գրիգորյանի բանաստեղծություններում եռամիասնության մի պատկեր ուղեկցում է ընթերցողին՝ նրա երևակայությունը ծիածանելով երկնային և երկրային սրբությունների միջև: Սխալված չենք լինի, եթե նշենք, որ բանաստեղծի այդ միտումը առնչված է ԱստվածՈրդիՍուրբ Հոգի եռասրբությանը: Այսպես, եթե վերոնշյալ պատկերում երեքը ծառն է, թռչունը և առուն, «Չի լինելու» հյուսվածքում արևոտ ծնծղան է, սերը և լացը: Կյանքի դրամատիզմը ներկայացնող այս եռանկյունի պատկերին հաջորդում է մի նոր գտածո՝ արևըջուրըարցունքը եռանկյունով:

Նորայրի խոսքը համեմված է ժողովրդական լեզվամտածողության իմաստության ոսկեփոշով: Հմայված բնության երանգներով՝ բանաստեղծը նայում է սրտի խորքը ու նրա ծալքերում տեսնում «Անձրևոտ շողեր, արևոտ շաղեր», «բացվող արևը», եկեղեցիների գմբեթներից ու զանգերի ղողանջներից հյուսում իր երգհավատամքը.

Ես չեմ գնա այս տեղանքից,//անժամանակ ու աննկատ,//աշնան թավշե եղանակի//գունաշաղախ օրերից տաք:

Չի գնա, որովհետև եկեղեցու բակի Աստծո տարիքի ծառի տակ որոնել ու գտել է ասելիքը, որդեգրել օրերի գաղտնիքները՝ դարձյալ եռամիասնությամբ. Լույսի գույնը,//Ժամանակի համբերությունը, //Ծղրիդի համառությունը…

Պատկերավոր է Նորայրի և՛ մտածողությունը, և՛ հայաթույր խոսքը: Նրա օգտագործած պատկերների տեսակներից առավել աչքի են ընկնում պատկերապրումը և բնապատկերը, որոնցից հառնում է քնարական հերոսը: Ն. Գրիգորյանը զարթոնքի ու լույսի բանաստեղծ է: Նա հոգու լուսարձակով է տեսնում «Ծննդատան պատին իջնող լույսը», ձմռանը ծառի մերկ ճյուղերից հերթով թևածող թռչուններին, որոնք գիշերը դարձնում են «լույսի հանդես»:

Ն. Գրիգորյանը նշմարում է «Զարդաքանդակի խոնարհ լռությամբ երկնակամարից թափվող լույսը և սուրբ ճգնավորի երանությամբ արձանագրում, որ մաքուր, մաքուր մի համբերությամբ երկինք է ելնում ճերմակ թախիծը»: Գրել, խոսել գիտեն Ն. Գրիգորյանի պատկերած Հայոց լեռները, դաշտերը, ձորերը, ժամանակներն ու եղանակները: Պարզապես դրանք խոսում են իրենց տիրոջ՝ հայի անունից ու երանությամբ: Այդ նա է խորհուրդ տալիս վիրակապ դնել «աշնան սրտին, ձմեռը կգա», «համբերանք դնել ձմռան սրտին, գարունը կգա», ապա սրտաբաց տանտիրոջ պես ծածանում խորհուրդը.

Հաց դիր ճամփորդներին, անցորդներին,//որբերին, անտուններին, անքուններին….

Բայց մարդասիրության հայապատգամ կոչին, ցավոք, երկրի նախագահը «21րդ դարի մարտահրավերները» զեկույցում կոչում է. «խնայիր հացը»: Իր հակադիր այս անսովոր ու անհասկանալի զեկույցին բանաստեղծը վկայակոչում է Աստծո պատգամը՝ խառնված լույսին. «հաց դիր»:  Եթե ընդհանրացնելու լինենք մեր տպավորությունները, կարող ենք խղճիմտքի ու սրտի թելադրանքով վկայել, որ Ն. Գրիգորյանի «Ամեն առավոտ» ժողովածուն բանաստեղծական մի հրաշալի գոբելեն է՝ հյուսված Հայոց անկրկնելի լեռնաշխարհի բազմերանգ ծաղիկներից: Եվ քանի որ նրա խոսքը հյուսված է ծաղիկներից, այն եռում է բառից բառ, պատկերից պատկեր, դառնում է մյուռոն, սրբագործում ընթերցողի հոգին ու երազանքը: Եվ ընթերցողը գերագույն հաճույքով կարող է Աստծուն դիմել Նորայր դպիրի աղոթքով.

Ստվերների հետ ապրելու համար//Հորինում են չորրորդ ժամանակը,//ուր գետերը գահավիժում են//և ջրի փոխարեն լույս են սփռում դաշտերին,//որից ստվերները հայտնվում են երկնքում,//ուր կապույտը դառնում է կանաչ,//և անձրևը մյուռոն է բուրում՝//կաթկաթ ու առատ:

Մյուռոնի են փոխված նաև սիրային այն երգերը, որոնք զետեղված են գրքի «Ես և դու» բաժնում:

Գոհունակությամբ սեղմելով տաղանդավոր բանաստեղծի ձեռքը՝ խոսքս ուղղում եմ պոեզիայի սիրահարներին. «Կարդացե՛ք Նորայրի «Ամեն առավոտ»ը, անպայման ձեր առավոտները կբացվեն մյուռոնի հաճելի բուրմունքով:

One thought on “ՄՅՈՒՌՈՆԻ ՓՈԽՎԱԾ ԵՐԳԵՐԻ ՀՄԱՅՔԸ / Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։