Երբ հեռավոր 1985-ին հեղինակից ստացա և կարդացի նրա «Ապակե քաղաք» բանաստեղծությունների գիրքը, հասկացա, որ բանաստեղծներով հարուստ մեր ժամանակում Հրաչյա Թամրազյանն այլ է՝ նոր ու թարմ, մի քիչ էլ անսովոր: Իրար հաջորդող ժողովածուները վկայում էին, որ կարդացողի իմ բնազդն ինձ չի խաբել: Եվ յուրաքանչյուր նոր ժողովածուի հետ ցանկություն էր ծնվում թղթին հանձնել մտածումներս, ու չէր հաջողվում: Ինչ-որ աներևույթ, անհասկանալի ուժ կարծես խանգարում էր: «Ներաշխարհը» ստիպեց գրել, ափսո՜ս, թերևս ուշացած խոսք:
Վերը բերված բնաբանը վերցված է նրա գրքից, որ վկայում է ոչ միայն Հ. Թամրազյան-բանաստեղծի խոսքի ներուժի ու անկեղծության, այլև այն մասին, որ բանաստեղծն ու առօրեական մարդը նրա մեջ զարմանալի ներդաշնություն էին, գրեթե նույնական: Եվ ես այնպես եմ կարծում, թե Հ. Թամրազյանի պարագայում ամենադիպուկ բնութագրումներն իսկ ի զորու չեն ավարտուն ձևակերպումներ տալու նրա երգի ելևէջումներին: Այսինքն՝ միանգամից, մի այցելությամբ նրա երգերն իրենց դռները չեն բացում քննաբանի առջև, քանի որ դրանց քնարականության ձևաչափում խոհականության անսանձ տարերք կա և անձնականություն, ես-ի ինքնաբացահայտման արտասովոր բազմաշերտություն և բազմերանգություն:
Ահա թե ինչու հեռու եմ «Ներաշխարհ»-ին ավարտուն մեկնություն տալու ամենաչնչին հավակնությունից անգամ՝ գրքի ընթերցողին թողնելով սեփական ներաշխարհը Հ. Թամրազյանի ներաշխարհային մեկնություններով թարգմանելու բացարձակ իրավունքը:
Ասում են՝ երբ գրական նույն ընտանիքում նույն խորագրով ու նույն ժանրի երկեր են ծնվում, նշանակում է՝ հաջորդող գրողը չի բավարարվում նախորդի կողմից թեմայի բացահայտումներով, կամ էլ ժամանակ անց այն կրում է կենսական նոր փոփոխություններ, և հանդես գալիս նոր դրսևորումներով և պահանջում նոր անդրադարձներ: Այդպես էր, թերևս, Մեծարենց-Չարենց զուգահեռում, երբ վերջինս երկրորդեց իր իսկ բնութագրմամբ՝ «հիվանդ, հանճարեղ պատանու» «Ծիածանը»՝ ընդամենը մեկ տասնամյակ անց բերելով սեփական «Ծիածանի» գունապնակը՝ միանգամայն նոր ու տարբեր նախորդից: Հ. Թամրազյանի «Ներաշխարհը» եկավ վերաձևակերպելու Ինտրայի «Ներաշխարհ հարցադրումներն ու տարերքը»՝ բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով: Դարասկզբին Ինտրան, իր իսկ բնորոշմամբ՝ «միշտ սև հողին մած ծնկունքով» որոնում էր հույսի ու լույսի հովիտներ՝ ներկայացնելով սեփական ներաշխարհը զգացումային ընդգծված արտահայտչականությամբ և չգտնելով լույսի որոնվող շողը՝ հակվում դեպի անհուսություն:
Այլ է Հ. Թամրազյանի «Ներաշխարհը». նորօրյա բանաստեղծը կենդանի և իրական ապրումների հոսքում, որը չի խանգարում գիտակցության հոսքի ձևավորմանը, բացատրում-մեկնում է ներաշխարհն իբրև հասկացություն, եթե կարելի է ասել՝ ներկայացնում է նրա մեխանիկան, բաղադրությունը: «Ներաշխարհը» կենսափիլիսոփայության ուրույն մատյան է, ուր բանաստեղծը ինքնաճանաչողության դեգերումներում բացում է նորօրյա մարդու խոհաշխարհը:
Կյանքի-մահվան գաղտնիքը//Ներաշխարհի մե՛ջ փնտրիր,//Ու խորացի՛ր քո ներսում//Անցորդի պես մի օտար//Ու շոշափի՛ր գալիքը//Ու այդ շեմից նե՛րս մտիր// Ու ճանաչի՛ր ինքդ քեզ,//Ու հյուրերին քո նոր տան:1
Դատելով գրքում զետեղված բանաստեղծությունների ժամանակացույցից՝ դրանց մեծ մասը գրվել է 2013 թ.-ին: Դա այն շրջանն էր, երբ դեռ չգոյավորված, բայց արդեն լինելիության մեջ գտնվող անողոք ցավը սողոսկում էր բանաստեղծի մարմնի մեջ… ազդակներ տալով սրտին ու հոգուն: Զարմանալի կոնկրետությամբ ու դիպուկ դիտարկումներով Հ. Թամրազյանը բացում է սիրտ-հոգի հյուսվածքի երկվությունը, ներաշխարհային մեկնությունների միջոցով գնում ինքնաբացահայտումների: Ինչ-որ զգայարանով, գուցե միայն բանաստեղծներին հատուկ, զգում է ժամի ու ժամանակի պակասը, դեռևս չգիտե ՝ ինչու, բայց համոզումը կա, որ`
Վերջ-արդեն չկա ժամ ու ժամանակ//Քեզ հետ խոսելու-ես շտապում եմ,//Մի քամու նման-անզուսպ, անառակ,//Որի անունը-այն ջերմ համբույրն էր…//Գեթ մի ակնթարթ-լինելով քեզ հետ//Ես հասկանում եմ-որ գեթ մեկը կա// Որ մեզ գեթ մի պահ կյանք է// շնորհել//Այն էլ այնպիսի՜ ջերմ ու կաթոգին,//Որ համբույրներն այդ հետքեր դրոշմեն//Սրտիս, ուր հավետ ննջում է հոգիս /73/:
Տարօրինակ կերպով, թվում է՝ խուսափելով բուն իրականությունից՝ Հ. Թամրազյանի քնարական հերոսը ներաշխարհային ներսուզումներով կանխագուշակում է գալիքը, թաքուն քայլերով, բայց հաստատ ընթացքով մոտեցող աղետը.
Իմ կյանքը փոխվեց մեն մի երազից//Որն իմ արյան մայր երակը դարձավ//Ու ես հեռացա լքված առանձին//Ու վերադարձա դարձյալ ու դարձյալ…
Ի՞նչ է զգացել պոետն այս տողերը գրելիս, ինչո՞ւ է կորցրել «սրտի մայրուղին», ի՞նչ դառնություն, թե՞ մորմոք կա սրտում ննջող հոգու մեջ, որ ստիպում է նրան բարձրաձայնել, թե՝
Ու երգիս ծիրը իզուր չեմ փնտրի//Որը, ես գիտեմ, չեմ ավարտելու… (ընդգծումը իմն է՝ Ս.Ս.):
Գրականության մեջ հայտնի է ռուս տեսաբան Լիխաչովի բնութագիրը քնարական հերոսի և հեղինակի փոխհարաբերության մասին: Նա կարծում է, թե որքան էլ քնարական հերոսը գրողի գաղափարակիրն է ու նմանակը, միևնույն է՝ նրանք իրարից միշտ տարբեր են, բայց ինչ-որ տեղ փոխլրացնող: Հրաչյա Թամրազյանի պոեզիան, գոնե «Ներաշխարհը», կարծես այս դատողության բացասումն է: Ուզում եմ ասել՝ նրա հերոսը և ինքը՝ պոետը, նույնական են, կամ, ավելի ճիշտ՝ Հ. Թամրազյանի պոեզիայում վերանում են քնարական հերոսի և հեղինակի միջև գոյություն ունեցող բոլոր հնարավոր սահմաններն ու տարբերությունները: Եվ սա ոչ միայն այն պատճառով, որ աշխարհում ու նրա դեմ մեն- մենակ է նա, այլև դրականորեն պարզ ու մերկ է իր ներաշխարհում ու նրա հետ.
Ես մենակ եմ աշխարհի դեմ//Որ փխրուն է, երերուն,// Ես փորձում եմ շուրջս դիտել//Բայց ոչինչ չի երևում//… Ու տնտղում եմ ես անցյալն իմ, ոգեկոչում ապագան,//Ու հոգիս է կծկվում ցավից//Ու հասկանում եմ հանկարծ//Որ աշխարհն այդ, ավա՜ղ, ես եմ,// Եվ իմ մեջ եմ ես շրջում (ընդգծումը իմն է՝ Ս.Ս.) //Իմ մեջ փորձում նրան տեսնել//Ու արթմնի մի նինջում…(26-27)
Մարդու սահմանավոր ներաշխարհը բանաստեղծի ընկալմամբ ավելի ընդարձակ և ընկալունակ է, քան տիեզերքն իր անսահմանությամբ: Վերջինս տեղավորվում է այդ անհուն ներաշխարհում, որ նաև տեսիլների աշխարհ է.
Ու քնի մեջ ներաշխարհն է կլանում// Տիեզերքը-իբրև անհուն մի անձավ,//Ու երազը-իբրև մի խոր անցահուն//Խորացնում է արդեն հուներն իր բացած… (19)
Ահա ներաշխարհն այդ, որ տիեզերքի հյուրատունն ու տերն է միաժամանակ, կլանում-տեղավորում է իր մեջ մայր բնության բոլոր տանելի ու անտանելի, ընդունելի ու մերժելի արժեքները, որով ոչ միայն դառնում է անսահմանելի, այլև անհաղթահարելի.
Ու ներհյուսված են ցնծություն ու ցավ,//Ինչպե՞ս աշխարհն այս դու հաղթահարես,//եթե մասնիկն ես դու այս բնության//Եվ տիեզերքը քո ներաշխարհն է…(35)
Ճշմարիտ գրականության կարևոր առանձնահատկությունն այն է, որ բառը նրանում գեղագիտորեն արժևորվում է, երբ անկեղծ հոգուց է ծնվում և վերադառնալով իր սուբստանցին՝ նորից վերածվում է հոգո՛ւ, Հրաչյա Թամրազյանի դեպքում՝ ներաշխարհի անսեթևեթ թարգմանի: Նրա երգում բազմաթիվ են բառ-ներաշխարհի բնութագրումները, և դրանք ոչ միայն իմաստավորվում են իրենց նախաստեղծ աստվածաշնչյան որակումներում, այլև նույն արարչագործությամբ օծուն և գիտակցությամբ օժտված բանաստեղծական կիրարկումներում.
Ու բնակալած բառերն են ծաղկում,//Ու ճյուղավորվում մեր հոգու հողում,//Ու կենաց ծառն է սաղարթ արձակում// Ու կենաց ջուրն է նրանց ողողում:(32)
Ինչպես ասում են՝ ավելի լավ չես ասի: Եվ սա պարզ բնութագիր չէ, ոչ էլ բանաստեղծություն ստեղծելու տենչ: Սա ներաշխարհի մեջ ու նրա միջոցով՝ անցյալի մեջ գալիքը տեսնելու յուրօրինակ շնորհների տիրապետելու առայժմ թեև ոչ հստակ, բայց հաստատ զգացողությունն է, որ աստիճանաբար, բայց արագորեն վերածվելու էր իրական ու անխախտ համոզման: Եվ այդ գալիքն իր հետ բերում կամ իր մեջ պահում է մահվան տեսիլքներ, որ դեռ ոչ այնքան հստակ են, բայց կան ու անզոր են սպանել կյանքի տենչը, ավելի ճիշտ՝ նրա հավերժ գոյության առասպելը: Կյանքի և մահվան ներաշխարհային բախումները սրվում են 2013-ի երգերում, երբ դեռ ցավը չկար, իսկ բանաստեղծական միտքն ու հոգին, ողողված անսպառ էներգիայով և խորունկ հավատով, ավելի շատ կյանքի, քան մահվան հովիտներում էին: Մի շարք բանաստեղծություններում հյուսվում է մահվան վախճանի և կյանքի հավիտենականության միֆը.
Ամեն օր քո մեջ մահն ես սպանում//Հանուն մի օտար, անծանոթ կյանքի,//Ու գոյանում է ու հասակ առնում// Ընտելանում ես նրան քիչ առ քիչ: (49)
կամ՝
Քո ապրած կյանքում լինում են օրեր,//Երբ ներաշխարհդ մարմին է առնում// Կյանք է սերմանվում ամեն օր քո մեջ//Ամեն օր քո մեջ մահն է մահանում: (51)
կամ՝
Ամեն օր քո մեջ մահն ես սպանում//Քեզնից սկսվող մի ուրիշ կյանքով,// Նա սփռվում է, բայց չի սպառվում,//Նա տարածվում է քեզանից այն կողմ: (52)
կամ՝
Ամեն օր քո մեջ մահն ես սպանում//Հոգում արթնացող մի ուրիշ կյանքով,//Չգիտես, թե քեզ ի՞նչն է սպառնում,//Ի՞նչ է սպասում քեզ մի քայլ այն կողմ…
Պատկերները կարելի է շարունակել, բայց փորձենք հասկանալ մարդկային հոգու առեղծվածը, կամ այս դեպքում՝ ներաշխարհային ներքնատեսության խորհուրդը: Ինչո՞ւ է բանաստեղծը, տակավին ցավը չտեսած, անվերջ խոսում կյանքի ու մահվան, անցողիկության ու հավերժի մասին: Ի՞նչն է փոթորկում նրա պարզ ու մաքուր, և այս առումով՝ «ժամանակավրեպ» թվացող ներաշխարհը, և ինչո՞ւ էր նա ներսուզված ինքն իր մեջ և մարդկանց հետ հաղորդակցվում էր երգի միջոցով ու նրա մեջ: Այս հարցերից ոչ բոլորին է հնարավոր պատասխանել, բայց փորձել հասկանալ անհրաժեշտ է: Ինչ-որ մեծարենցյան բույր կա Հ. Թամրազյանի երգում: Նկատի չունեմ ազդեցությունները, ոչ էլ տարիքային կամ ճակատագրային տարբերությունները: Այլ մահի հետ հարաբերակցության խնդիրը: Նրանք երկուսն էլ մահվան տագնապ են ապրել՝ անկախ տարիքից և ճակատագրից, երկուսն էլ կենսասեր են եղել և մահից ազատվելու անհնարինության գիտակցումով մղվել են դեպի կենսականության ոլորտ, մահի մեջ հայտնաբերել ապրելու, հաստատվելու խորհուրդը: Մեծարենցի բանաձևումներում դրանք հայտնաբերվել են «ըլլայի»-ների ու «անանձնական ուրախության» հայտնություններում, իսկ Հ. Թամրազյանի մոտ տիրապետողը ճախրն է , մե՜ծ ու անպարագիծ թևածումը իրականի ու տեսիլների մեջ:
Ես պատկանում եմ այն մարդկանց դասին,//Որ երազում է թևե՜լ ու թևե՜լ,//Որ չիմանալով ոչինչ իր մասին,//Ու չունենալով մինչև իսկ թևեր-//Ճախրո՜ւմ է, ճախրո՜ւմ իր երազներում//Անրջանքներում իր աստվածատուր//Չիմանալով իսկ՝ երբ է ասելու,//Աստվա՜ծ,Աստվա՜ծ իմ, թևերս ի՛նձ տուր…
Թևաբաղձ ու թռիչքի պատրաստ նրա քնարական հերոսը, որ հավերժ շարժման մեջ է, մշտատև է իր տեսակի մեջ, որովհետև կյանքի երկչափական դրսևորումից վաղուց ազատվել և ճախրում է նրա եռաչափության մեջ: Բանաստեղծը բանաձևել է երրորդ կյանքի խորհուրդը՝ իրբև անառարկելի ու ապացույց չպահանջող աքսիոմատիկ ճշմարտություն.
Չկա կյանք կամ մահ,//այլ մի երրորդ կյանք,//Եվ լույս ու խավար,//այլ մի մեծ օվկիան//Ու կաթիլ է կյանքն/անհուն օվկիանում,//Մի վայրկյան կարոտ կամ անուրջ//…Որ վերածվում է//պայծառ ցնծության,//Ու մեզ օծում է//անանուն մի ցավ//Հանուն բյուրավոր մեր անցավորաց//Որ միանում են օղակ առ օղակ//Ու շղթայվում են//երրորդ երկնքում//Հանուն ապրողաց ու հանուն հոգու: (156)
Երրորդ երկնքի հայտնությունը բանաստեղծին կարծես ազատում է մահվան մղձավանջային տեսիլքներից: Նա գտնում է նաև վաղանցուկ կյանքի իմաստավորման կերպն ու իսկությունը, Արևելքի երգի պերճաշուք ոճով, խայամավարի մեկնում իր իսկ կողմից կատարված հայտնության խորհուրդը՝ մարդու գոյության առեղծվածը:
Մարդ ծնվել է, որ մերձենա իր գոյության առեղծվածին//Հանուն դրա նա պատրաստ է տիեզերքներ անցնել անծիր//…Մարդ ծնվել է, որ երազում մաքրագործի կյանքն իր պղտոր.//Որ մերձենա առեղծվածին՝ գիշերներով հոգին տնտղող/Որ հագենա իր մարմինը ու մոտենա խաղաղ ափին…//Անցնի հոգու տիեզերքով, անհուններում ահագնանա,//Պարզի կյանքի առեղծվածը՝ ինքն իր ներսում անմահանա…(245)
Այսպես հայտնաբերում է լինելիության խորհուրդը, բացահայտում կյանքի առեղծվածը, բայց ի տարբերություն Մեծարենցի՝ մինչև վերջ ու վերջնականապես չի ազատվում մահվան տագնապներից, և թվում է՝ թիկունքին միշտ զգացել է նրա հևքն ու սառը շունչը: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ հոռետես էր կամ հաշտվողական, այլ որ անկեղծ ու իմաստնացած էր բանաստեղծական իր հոգին, և որ լավ էր ըմբռնել նաև կյանքի խորհուրդը.
Ու ապրում են այդպես մարդիկ//Գրկում լույսի ամեն շող//Գիտեն, որ կյանքն ակնթարթի// Ճառագայթն է հավերժող…(215)
Սակայն մահվան հետապնդումները տևում էին: Ու նրա երգերում, անգամ կենսականությամբ և հավատով օծուն տաղերում անվերջ զգացվում է ինչ-որ համառ, հետապնդող միտք, որ չի դադարում և գոյատևում է անգամ աղոթքներում և պատարագի երգերում:
Եվ նա՝ այդ մահը, եկավ: Եկավ անողորմ ու անկասելի: Ճակատագրի հեգնանքով գրողը հեռացավ այն նույն օրը, որից ճիշտ 90 տարի առաջ՝ նույն օրը աշխարհ էր եկել հայրը՝ Հրանտ Թամրազյանը: Որդին չուներ հոր կռվազան բնավորությունը, բայց նրա պես ու նրա չափ անհանդուրժող էր կեղծիքի ու երեսպաշտության հանդեպ: Նա եկավ՝ թերևս շարունակելու հոր կիսատ գործը: Եվ շարունակեց: Եկավ նրա նման, ու տարբեր էր նրանից: Հայրը նրբատես էր ու արվեստաբան, նույնն էր նաև ինքը: Հայրը բանաստեղծություն գրելը թողել էր, երբ դեռ մանուկ էր, որդին շտկեց հոր բացթողումը՝ հայ երգը հարստացնելով տաղանդավոր ու նուրբ երգերի 1,5 տասնյակից ավելի գրքերով: Հոր նման օժտված էր ահռելի աշխատասիրությամբ և նրա նման հայ գրականագիտությանը թողեց մնայուն շատ գրքեր:
Դեռ 2009-ին, բոլորովին այլ առիթով, Արթուր Մեսչյանին նվիրված մի երգում, նկատի չունենալով, անշուշտ, իր երգի ուղին, ենթագիտակցաբար հյուսում է հրաժեշտի երգը.
Ահա և վերջ… Ահա և վերջ//Վերջ հարաժամ ու հարատև// Իբրև վերջին, փակվող մի էջ.//Եվ վերադարձ չկա արդեն//Իբրև հոգում բացված մի վերք//Իբրև անզոր մի աղաղակ,//Մնաս բարո՜վ, վերջի՛ն իմ երգ,// Շղթայակիր մայրաքաղաք…(223)
Եվ այս դեպքում, ընդամենը այս մի դեպքում ուզում ես հակադրվել բանաստեղծին և ասել, որ վերջին երգը մի մեծ հավերժի սկիզբն է միայն: Նա ընտրեց երկնային ճանապարհը, և գնաց դեպի իր Հայրը, ինչպես Հիսուսը գնաց իր Հոր մոտ: Եվ դա հավերժի ճանապարհն է: Սակայն ինքն ավելի դիպուկ է բանաձևում:
Ու պիտի կրկին մենք հյուլեանանք,
Միանանք նրա խորքին անսահման,
Որ այդ ակունքից կրկին էանանք՝
Ա՛յդ է մեզ համար նախասահմանված…
——————————-
1.Հ. Թամրազյան, «Ներաշխարհ», Եր., «Նաիրի», 2013թ. էջ 12: Այսուհետ սույն գրքից կատարված մեջբերումների կողքին՝ տեքստում կգրվի միայն էջը: