ՊՈԵԶԻԱՆ` ՀՈԳՈՒ ԾԻՐԵՐՈՒՄ / Վարդգես ԽԱՆՈՅԱՆ

Հրապարակի վրա է Դարիկո Խաչատրյանի 12-րդ ժողովածուն` «Նավարկումի զարկերակ» խորագրով, որի փակագծերը բացելով ու խորանալով նրա ենթաբնագրային շերտերում, ինքնաբերաբար շոշափում ես զարկերակդ` ստուգելու, թե արդյո՞ք ժամանակի կենսածովի ծփանքում նավարկումդ վստահելի է, կայուն, նպատակամետ:
Այս հաճելի զգացումով էլ ծանոթանալով ժողովածուի գործերին` աշխարհայեցողության երկու փոթորկված ուղեծիր է փռվում քո առջև, երկու վերաբերմունք` քո ապրած անցյալ և ներկա ժամանակների մասին: Գիրքն ընթերցելուց հետո, տեսիլք անվանենք թե իրական երևույթ, քո առջև հառնում է բանաստեղծուհին` բոլորիս կողմից սիրված ու հարգված այն հայուհին, ով իր կյանքի իմաստն ու գեղեցկությունը տեսնում է հայրենի օջախում` մայր երկրում` Հայաստան անունով` իր կրած ցավերով ու հառնումներով, լուծված ու չլուծված խնդիրներով, հույսով ու հավատով, որոնումներով ու ելքերով:
Այդպես է լինում: Այն գիրքը, որի պատկերներում տեսնում ես քեզ, շոշափում ու զգում քո ապրումները, անպայմանորեն, կամա թե ակամա, ասես զրուցում ես գրքի հեղինակի հետ, կիսում խոհերդ ու զգացումներդ, համոզմունքներդ ու պատկերացումներդ: Այս երևույթը փարվում է սրտիդ առանձնապես այնպիսի գիրք ընթերցելուց հետո, ինչպիսին Դարիկոյի սույն ժողովածուն է:
Գրքի նախաբանը գրել է ճանաչված ու հարգված մտավորական Մանասեն` ելնելով ֆիզիկայի ու մետաֆիզիկայի օրենքներից, Դարիկոյի ստեղծագործության մեջ նկատվող կենսասիրության ու իրականությունից բխած դժգոհության ալեկոծումներից: Եվ ողջունելին ու համոզիչն այն է, որ գրքի նախաբանի հեղինակը, որպես պոեզիայի օրինաչափությունների գիտակ, Դարիկոյի մեջ տեսնում է աստվածաշնորհ բանաստեղծին, ում խոսքի մոտով հնարավոր չէ անցնել անտարբերությամբ:
Այս առումով, միանում ենք նախաբանի հեղինակին և հոլովում այն միտքը, որ Դարիկոն հաստատում է այն կարծիքը, թե բանաստեղծ ծնվում են, ոչ թե դառնում:
Ամեն դեպքում Դարիկոյի նավարկում-զարկերակն իրեն զգալ է տալիս ոչ թե գրողի միտումից, այլ դարաշրջանի հակասական ոգորումներից ու մոլորություններից, խենթություններից ու սայթաքումներից, ժողովրդի հուզաշխարհի գունազարդ ու գունազուրկ շափաղումներից, ավելի կոնկրետ` աշխարհասփյուռ հայության հույս ու հավատի հանգրվան Հայաստանի ճակատագրից:
Պոեզիայի հասարակական նշանակությունը միակողմանի ընկալող ընթերցողը կարող է եզրակացնել, որ բանաստեղծուհի Դարիկո Խաչատրյանը հարազատ երկրում լավ բան չի տեսնում, տրվել է հուսալքության ալեբախումին, որի հետևանքով ճչում է տխրաթախիծ.
Թշնամուն ի՞նչ ասեմ,//Երբ ինքներս ենք մեր երախի առաջ//Պատրաստ կուլ գնալու`//Հոգնած, ջարդված, առանց ակոսադարձ:
Այս մտորումները ծնված են թուրքի դեմ մղված պատերազմական հրդեհների պատճառով մեր կրած զոհերի ցավը կուլ տալուց հետո: Միաժամանակ ծավալվում է բանաստեղծուհու հուսահատ ապրումը.
Մեզ է՜լ հե՛չ աղավնու թևերի շփշփոցը,//Խայթում է ներսի օձը, ամենուր որոմափուշ,//Մեր մանկանց օրորոցը մենք ենք դատարկելու,// Սփոփանքի վայրը քավարանն է`// Մե՛ր հոգու, արթնացած մեր հոգու,//Չէ՞ որ նախիմաց մեզ գուժվել էր//Նպատակը մեր միջի թշնամու…//Մեղա՜ քեզ, ոտնաչափ երկիր իմ,//Մեղա՜ ձեզ, ստինքներ մայրերի… (էջ 15)
Փշուր-փշուր ապրումների արտահայտություններ են նաև հետևյալ պատկերները.
Նզովքը զեղումն է հոգու` տանջված, չարչրկված,//ստիպված են թռչում նզովքաբառերը,//որովհետև տեղ չկա էլ կուլ տալու,//երբ գետնախորշերում մեռնում է մանուկը,//իսկ կողքին դղյակն է հարուստի,//երբ լապտերասյան տակ կանգնած մարմնավաճառը//մսխել է մարմինն իր ու գիտի.//փափկասուն կանանց հոգեվաճառքը,//բայց նրանցն է ինչքը աշխարհի… (էջ 18)
Կամ`
Հարատև է այս պտույտը ներփակումի դռներում,//մեկ հրեշտակն է մեր դեմ ելնում,//մեկ սատանան` ծիկրակում,//մուգ ցնորքը մորթում է մեզ//դատաստանով իշխանաց… (էջ 21)
Նման դառնապատկերները քիչ չեն գրքի մեջ: Սակայն դրանք հենց ժողովրդի ու հայրենիքի հանդեպ ունեցած ջերմ սիրո արտահայտություններ են: Երկրում եղած ու վերածնվող անբարո երևույթները բացառելու միտումով են գրված այդ այրող տողերը: Այստեղ են ասում` «Անտարբերությունը ևս թշնամանք է հարազատի հանդեպ»:
Դարիկո Խաչատրյանը այն զավակներից է, ով պատրաստ է հանելու հարազատի ոտքի փուշը, ում միակ նպատակը մաքուր, ազնվաբարո, բարգավաճ, երջանիկ ժողովուրդ ունենալն է: Ահա նման երազանքից բխած այս ուլունքաշար տողերն են, որ հնարավորություն են տալիս տեսնելու ու կարդալու ժողովրդի սրտացավ դստեր սիրտն ու հոգին: Նվիրյալ որդու խոստումներ են այս տողերը, որ բերում ենք գրքի մուտք-երգից.
Գայթակղված եմ գնում, մեկ տագնապած եմ գնում,//Նորից մրսած եմ գնում կամ ցուրտ հագած եմ գնում,//Ողկույզ խմած եմ գնում կամ խեցու մեջ եմ գնում,//Արմատներս գիրկս առած, անփախեփախ եմ գնում… (էջ 9)
Երկիր պահող քաղաքացու առինքնող մի պատկեր է «Ինձ զիջված կյանք» հյուսվածքը: Արվեստի պայմանականության, օրենքի սահմաններում, դեռ չծնված եղբոր խոսքն է լսում քույրը` որպես պատգամ ու հայուհու ճակատագիր.
Եկ, անցի՛ր, քույր իմ, գիր կա աչքերումդ,//խոտ կհնձես իմ փոխարեն,//գառները կքշես տամուկ փարախից,//իմ կածաններով զգույշ կքայլես`//իմ որսն ինձ մնա, քոնը կորսաս,//ջուրը կհսկես մեր տնամերձի//ու օրորոցը մեր փոքր եղբոր երգով կօրորես://Մախաղդ աբրեշում և Աստվածաբաշխ,//զուլալ սարերում հանգիստ կբացես`//բառերի պարսը հեռու չթռչի,//լույս անդրադարձնի,// մեղրահաց կապի մեր հոր երդիկին.//նախշանկար գիրք…
Նման պատկերն ըմբոշխնելուց և ապա գիրքը ծայրեծայր կարդալուց հետո ինչպե՞ս չգոչես, որ մեր Դարիկոն իր հայաբախտ ու հայաշունչ երգերով մի այնպիսի մեղրահաց է կապել հոր երդիկին, որ մերօրյա հայ պոեզիայի սիրահարը կարող է հեռվից տեսնել ու զգալ նրա խնկաբույրը:
Դարիկո Խաչատրյանի բանաստեղծություններն աչքի են ընկնում անմիջականությամբ, գաղափարահուզական երանգներով: Նրա մտածողությունը պատկերավոր է, աշխարհընկալումը` բանաստեղծական: Բանաստեղծուհու պատկերացմամբ` մարդու օրերը պետք է դառնան նշխարներ, ցնծությունը լինի փոթորկուն, հիշատակը` մարտիրոսված, հավատը` ինքնայրումով… Դարիկոյի քնարական հերոսն իր հսկողին խնդրում է «վերջին շանսը», որ կողմնորոշվի «հրաշալիքների հարցում», որ կոպերի տակ պահի «Սիսն ու Մասիսը», որ հոգու արձագանքը միշտ մնան «Շառլ Ազնավուրի երգերը» և այլն: Դարիկոն իր ժողովրդի դուստրն է` մոր նման օջախապաշտ, համբերատար, արևաշող, ցավի մեջ անգամ ապագայամետ: Այս բնութագրումների կոնկրետ արտահայտություններ են «Եղեռնին զոհ գնացած մանուկներին», «Եղեռնին զոհ գնացած մայրերին», «Ձյունը դրեց», «Մտապահիր, արյուն» հյուսվածքները:
Ե. Չարենցի, Պ. Սևակի, Վ. Դավթյանի ավանդույթի անմարում ճիչն է արձագանք գտել Դարիկոյի այն շարքում, որը վերջանում է աշխարհաճանաչման հետևյալ ընդհանրացմամբ.
Էս ի՞նչ տառապանք է անվերջ զոհաբերման,//մտապահի՛ր, արյուն, քանակով շատ ազգերն են//խառնշտորում կաթսան վարքագծի,//որ թույլերը մեջն ընկած եփվեն,//ապա ոգեկոչվեն իրենց կողմից`//իբրև խոնարհում ամենեցուն:
Դարիկոն մտքի աչքերով ու հոգու շողարձակումով է տեսնում իր ժողովրդի ներկային ու ապագային վերաբերող հարցերն ու անելիքները: Այս իմաստության արձագանքն է «Ասք հնի, նորի և միասնության համանվագի» ստեղծագործությունը, որի բնաբանը Մեծն Նժդեհի իմաստուն խորհուրդն է. «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»: Ըստ բանաստեղծուհու` մեր հին ու նոր պատմության հայացքում ծիրը եռաչափ է. «Միտք, լեզու, արյան տրոփ», «Հույս, Հավատ, Սեր», իսկ այսօր երեք հայրենիք. «Հայաստան երկիր, Արցախ և Սփյուռք», որոնք խորհրդանշում են «Եռաչափ սուրբ երրորդություն»: Բովանդակության ու ձևի միասնությամբ վերոնշյալ ասքը Դարիկոյի քնարաէպիկական մտածողության արդյունք է, հաջողված երկ մեր արդի պոեզիայում:
Դարիկոն բանաստեղծական սույն ժողովածուի վերջում զետեղել է էսսեների մի շարք, որն ընթերցվում է հետաքրքրությամբ: Դ. Խաչատրյանի «Նավարկումի զարկերակ» ժողովածուն նոր խոսք է ոչ միայն իր ստեղծագործական ծաղկեփնջի, այլև հայ ժամանակակից բազմերանգ ու բազմաբնույթ քնարերգության մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։