Ամենընտել, ամենալից, ամենասփյուռ ֆեյսբուքը հայ իրականության մեջ, վերջին հաշվով, ինքնարտահայտման, ինքնահաստատման հարթակ է նաև` իր տարատեսակ, ներհակ դրսևորումներով, որի ժխորում ում ասես ու ինչ ասես չես գտնի: Այդ հարթակում շուրջ մեկ տարի առաջ սկսեցին առկայծել Գլենդելում բնակվող Նունե Փեներջյանի «Կյանքամեջում» վերնագրով հակիրճ գրառումները:
Եվ, ահա, 2017-ի վերջերին, Երևանում, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատարակչությամբ, Նունե Փեն գրական անվամբ լույս տեսավ «Կյանքամեջում սղված երիտասարդություն» վիպակը` Դավիթ Մշեցու խմբագրմամբ:
Պատումը Լոս Անջելես-Մոսկվա չվերթով հայրենիք եկող հայուհու մտորումներն են` թռիչքի ողջ ընթացքում: Նա վերադառնում է հայրենիքը թողնելուց 25 տարի, վեց ամիս ու տասնչորս օր հետո: Որպես տուրիստ է վերադառնում: Օտարության մեջ անցկացրած օրերի թիվը նրա պատմության մեջ մի քանի անգամ շեշտվում է, և դա սոսկ հայրենիքից բացակայելու ժամանակահատված չէ, այլ ինքն իրենից, իր արմատներից ու իրական ԵՍ-ից հեռանալու, օտարված լինելու, ոգու սովի, անդառնալի կորուստների տառապալից ապրումներով լեցուն հավերժություն է:
Պատումի հերոսուհին, ով հենց ինքը` հեղինակն է, ներհայեցությամբ, հայրենաբաղձության տառապանքն ապրում է բախտակից շատերի պես, սակայն շատերից երևի միակն է, որ այդ տառապանքի ու ցավի ակունքը հարազատ շրջապատից ու վայրերից բաժանված լինելն ու կարոտը չի համարում միայն: Դրա խոր ակունքը օտարվածի, թող որ` համեմատաբար բարեկեցիկ ապրող, բայց գաղթականի իրական էությունն է, հայրենիք ունենալով` կամովին անհայրենիք դառնալու անփարատելի ողբերգությունը:
«Մեր սերունդը, աչքը չբացած, ծերացավ ու չնկատեց` ինչպես: Դա այն սերունդն էր, որ այդպես էլ երիտասարդություն չունեցավ… Չապրեցինք` սպասեցինք: Սպասեցինք, որ մի օր տուն ենք վերադառնալու»:
Այսպես` օտար միջավայրին հարմարվելու, հպատակագրվելու ինքնապարտադրանքով, զրկանքներով ու տառապանքով լի օտարական հայի կերպարը հայ գրականության մեջ առաջին անգամ հառնում է անողոք իրականությամբ, առանց սնապարծ պաճուճանքների, որոնք շատերի համար, թերևս, սեփական մեղքի զգացումն ու հոգու անտերունչ վիճակը կաղապարող պատյան են: «Ձեր (մեր) Հայաստանում ցուրտ ու մութ էր, սրանց (մեր) ամերիկաներում ցուրտ ու մութ` մեր հոգիներում,- մտորում է վիպակի հերոսուհին, ապա փշրում է սնապարծության կաղապարը,-…արդուկ արեցինք չինացիների արտադրամասերում, ավտո լվացինք պարսիկների «մոյկաներում», մեր մեջ երշիկ կտրող դերասան է եղել, տոպրակ լցնող երկրաբան: Մեր մեջ լեզուն չիմանալու պատճառով պրոբլեմի մեջ հայտնված ու դատված ուսուցիչ է եղել, տատիկ խնամող դասախոս է եղել մեր մեջ: Ես չգիտեմ` արդյո՞ք այս կողմից ճանաչել եք «մեր» Ամերիկան, թե՞ միայն մյուս կողմից` ուղարկված նկարներից, որտեղ մարդիկ նստած էին սեղանների ետևում, որտեղ բանանն ու անանասը պիտի պարտադիր երևային` որպես ընտանիքի սեղանին նստած տան անդամներ»:
Հեղինակը գուշակում է նաև, որ ոմանք` բախտակից քաղքենիներից, որքան էլ որ ներքուստ համաձայնեն իր հետ, այնուամենայնիվ, չեն ընդունելու իր ասածը, չեն ցանկանա տեսնել իրենց այնպես, ինչպես կան, չեն ներելու ամերիկյան «իդեալական» մաշկի տակ թաքցրած խոցն առերես հանելը, ուստի և, չնահանջելով, փորձում է ի՛ր (իմա, բոլորի՛) ցավը մեկտեղել` «Եղել է, բոլորիս հետ էլ եղել է: Մի՛ նեղվեք, որ ասում եմ»: Ապա և` «…Ամեն մեկիս պատին մի հատ ձեռքով նկարած Մասիս, մի քանի խաչքար ու այբուբեն… Ամեն մեկիս աչքում մի թեքված բնով թթենի, բակի նստարան ու կարուսել: Ամեն մեկիս քթում` փշատի հոտ, առավոտյան Երևանի հոտ, հայրենիքի հոտ»…
Անհնար է առանց հուզվելու կարդալ այս գիրքը:
Նունե Փենը ներկայացնում է նաև անդրօվկիանոսյան «դրախտի»` շատերի համար անծանոթ, չերևացող ներսը` «Լոսը միայն Գլենդել-Փասադենա չէ: Հակառակ կարծողները Դաուն Թաուն չե՞ն գնում, որտեղ մրջնանոցի նման պատերի տակ շարված են անտուն, թափառական մարդիկ, որտեղ թմրանյութը ձեռքի վրա պտտվում է, որտեղ աղբամաններից ուտում ու մեջն էլ քնում են հաճախ»: Այդ թոհուբոհում նրան ցավ է պատճառում հայազգի նոր սերնդի օտարացումը ծնողներից, հարազատներից, հայրենիքից… (Տողերիս հեղինակն առիթ ունեցել է անձամբ ու քննաբար ուսումնասիրելու լոսանջելեսյան գաղութի կյանքն ու այդ բազմալեզու, բազմակենցաղ քաղաքի նիստուկացը, գոնե այնքանով, որքանով որ հնարավոր էր 100 օրում: Կարդալով այս գիրքը` ես հաղորդակցվեցի Նունե Փեն հայուհու 100 տարվա մենությանը, որը տևել է 25 տարի, վեց ամիս ու տասնչորս օր և, դժբախտաբար, դեռ շարունակվելու է տասնամյակներ, մինչև վերջին արտագաղթածի հիշողության վերջին թելի կտրվելը)…
«Կյանքամեջում սղված երիտասարդությունը» հեղինակի անձնական ապրումների պատմությունը լինելով` գեղարվեստական հաջողված պատում է, յուրօրինակ դրամա` ներկայացված հերոսի մենախոսությամբ: «Գիրք, որը մեկ հոգու կյանքն է, իսկ այդ մեկ հոգին մի ողջ հալածական ժողովրդի հավաքական կերպար է»,- իրավացիորեն նկատել է խմբագիրն իր ներածական խոսքում:
Գրական ու առօրյա-խոսակցական լեզվի համադրմամբ հեղինակին հաջողվել է տիպականորեն ներկայացնել գլխավոր ու երկրորդական հերոսներին, լիարյուն կերպարներ ունենալ: Անափ անկեղծ են ու փոթորկուն անցած-ապրվածից մինչև ներկայիս իրողության բազմաթիվ պատումները` անսպասելի անցումներով: Իրադարձությունների և իրավիճակների հարահոս հերթափոխումը, հոգեվիճակների ճշմարիտ, կոլորիտային բացահայտումները, չպարտադրող մտերմիկությունն ու հուզականությունը, հոգու ցավին մխիթարանքի դեր կատարող ինքնահեգնումն ու հումորը գրքի աներկբա արժանիքներն են:
Արտագաղթը, որ մեր իրականության մեջ դարձել է տասնյակ ազգերի ու ժողովուրդների դժբախտությունը, իսկ հայրենաբաղձությունն ու կարոտախտը վաղուց ի վեր համաճարակի են վերածվել, յուրաքանչյուրի համար յուրովի են դրսևորվում, բայց և` ընդհանրական են այն տվայտանքներն ու ապրումները, որոնք արտահայտված են Նունե Փենի վիպակում: Ուստի, այդ երկն ազգային լինելով` համամարդկային ապրումների համայնապատկերում է:
Նունե Փենի երախայրիքը հանդիսացող «Կյանքամեջում սղված երիտասարդություն» վիպակը արդի սփյուռքահայ արձակում նոր թեմա և նոր էջ է բացում, և հուսանք, որ նա, որպես գրող, կիսաճամփին չի մնա:
Հ.Գ. Նունե Փենի գրքում հայրենիքում տիրող սոցիալական, քաղաքական թշվառ վիճակի, արտագաղթը խրախուսող արհեստածին պայմանների ու մթնոլորտի մասին քննադատություն չկա: Նա իր կամ բախտակիցների կողմից մոդայիկ դարձած ինքնարդարացման նախահարձակ այդ քայլին չի դիմում: Նրա համար հայրենիքն անաղարտ ու վեհ է ծնողի պես, Աստծու պես: Սակայն ես և, համոզված եմ, յուրաքանչյուր հայ մարդ, ով երբևէ աչքի չի ընկել հայրենի իրականության քննադատությամբ, ընթերցելով «Կյանքամեջում սղված երիտասարդությունը», չի կարող ակամա չհարցնել` ինչո՞ւ, ո՞ւմ մեղքով…