Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Էդ. Միլիտոնյանի ստեղծագործական մղումները սահմաններ չունեն, քանզի իր երևակայած յուրաքանչյուր դրական հերոսի մեջ ինքն իրեն է տեսնում: Այս դեպքում նրան կարելի է համարել բազմահայաց ռեալիստ` ռոմանտիկական երևակայությամբ: Ինչո՞վ բացատրել ստեղծագործական այս առանձնահատկությունը: Միայն ու միայն իր գեղագիտական իդեալի աստվածահաճո մաքրությամբ: Էդվարդը, սնված մայրենի և համաշխարհային դասականների գեղարվեստական ժողովրդաերազ թթխմորով, ցանկանում է կյանքը տեսնել սիրո ծփանքներով, աշխարհը` մայրական տենչերով համեմված, խաղաղ, շեքսպիրյան և թումանյանական ներաշխարհի երանգներով ծիածանված:
Բնութագրական այս դիտարկումի լավագույն վկայություններից մեկն էլ նրա «Քթաշխարհի հերոս Արարը» վեպն է, որի գլխավոր հերոսը քթերի մոլորակում հայտնված պատանի բանաստեղծն է` Արար անունով:
Արարը խորհրդանշական կերպար է, որը թե՛ երևակայությամբ, թե՛ ձգտումներով իր մեջ խտացնում է Արարատյան դաշտի Մրգամիրգ գյուղի, չարենցյան բնութագրմամբ, «Արևահամ բառը»: Պատահական չէ Էդվարդի ընտրած գյուղի անունը` Մրգամիրգ: Հետաքրքիր է նաև Արարի ստեղծագործական կարողությունների միլիտոնյանական բնութագրումը. «Արարատ սարի դիմաց մեծացած, Արաքս գետի ափից եղեգն կտրած ու գրիչ սարքած բանաստեղծ, հորինող. նա հա՛մ գրում էր, հա՛մ պատմում, նրան կարդում էին, լսում, և նրա հորինվածքները բերնեբերան էին անցնում, թեպետ Արարը դեռ 15 տարեկան էր» (Էդ. Միլիտոնյան, «Քթաշխարհի հերոս Արարը», Ե., «Ծիծեռնակ» հրատ., 2018, էջ 4):
Դիմանկարային այս պատկերը ընթերցողին թևերին առած տանում է դեպի Գողթան գավառի ժողովրդական երգիչների աշխարհը, դեպի 8-10-րդ դարերի Սասուն, ուր մեր իմաստուն նախնիները արարել են «Սասնա ծռեր» էպոսը, որի մերօրյա ներկայացուցիչներից է ոչ միայն պատանյակ Արարը, այլև Հայաստանում շատ աղջիկ ու տղա:
Մի շարք պատմվածքների ու բանաստեղծությունների հեղինակ Արարը մի օր գլխի է ընկնում, «որ շատ քիչ, համարյա ոչինչ չի գրել քթի մասին, այնինչ աշխարհում որքա՜ն տարբեր քթեր կան…» (էջ 41): Նա գիտակցում է, որ մարդկանց ու ժողովուրդներին հաճախ տարբերում են քթի ձևից, ուստի՝ որոշում է անպայման խորանալ «քիթ» կոչվածի էության մեջ:
Վեպի հեղինակը հենց սկզբից ակնարկում է ստեղծագործական աշխարհին հատուկ նախանձի գոյության մասին, ուստի՝ հերոսին ուղեկցում է քթերի աշխարհ, որպեսզի իր աչքով տեսնի ու իր գրչով գրի կամ իր բերանով պատմի, «թե չէ չարախոսները կշշնջան` սուտումուտ բաներ է բստրում» (էջ 4):
Ստեղծագործական տարիների հարուստ փորձը հնարավորություն է ընձեռել հեղինակին` քթերի աշխարհ ուղեկցելու ոչ միայն իր հերոսին, այլև ընթերցողին: Ամեն մի գրողի չի տրված հեքիաթասացի պատմելու շնորհքը: Էդ. Միլիտոնյանը այս առումով ևս աստվածաշնորհ գրող է: Վեպի առաջին պատումը ընթերցողին ևս տանում է այն ճանապարհով, որը բռնում է Արարը մի պայծառ առավոտ: Սակայն անծանոթ ճանապարհ չէ դա: Հեղինակը չի մոռանում հայրենիքի պատմության կարևորությունը մարդու կյանքում: Ուստի ընդգծում է, որ Արարը «հիշեց, որ այդ տեղերով քայլել է Նոյ նահապետը (ջրհեղեղից հետո), և մի մեծ հպարտություն պատեց Արարի սիրտը. նրան թվաց, թե ինքն էլ քթերի Նոյ նահապետն է լինելու: Արարատ սարը կողքից` իր ճերմակ գագաթով, կապույտ վիհով և մանուշակագույն լանջերով ուղեկցում էր իր Արար որդուն» (էջ 5):
Ճանապարհը բարդ է, վտանգավոր: Արարի հանդիպումն Առյուծի հետ ընթերցողին տանում է Մեծ Մհերի մոտ, որը ճանապարհը կտրած Առյուծի երախը ձեռքով երկու մասի է բաժանում: Իհարկե, հեղինակը չի կրկնում մեր էպոսային դրվագը, սակայն հիշեցնում է Առյուծաձև Մհերի խիզախությունը, որ արմատներ է նետել հայ նորանոր սերունդների սրտերում: Արարը այն սերնդի ներկայացուցիչն է, որ զրույցի է մտնում Առյուծի հետ` ընդգծելով իր հայրենածարավ նպատակը. «Նրանք գիտեն, պիտի գնամ, իմանամ ու գամ, մեր աշխարհը փրկեմ, թե չէ և՛ մարդիկ, և՛ գազանները ոտնատակ կերթան… ուզո՞ւմ ես, արի իրար հետ գնանք» (էջ 5):
Առյուծը, մերժելով Արարի առաջարկը քթերի աշխարհ միասին գնալու մասին, բարի ճանապարհ է մաղթում, զգալով Արարի ձեռքի ուժը, որն ընդունակ է փրկել աշխարհը նույնիսկ նոր ջրհեղեղից: Այստեղ ուշագրավը նաև այն է, որ հեղինակը Առյուծի շուրթերով կրկին ակնարկում է ժամանակի մարդկանց աղավաղված բնույթը: Առյուծն ասում է. «Կսպասեմ, բայց չխաբես, մարդիկ վերջերս միայն խաբելով են զբաղվում… հաջողություն քեզ» (էջ 6):
Սովորական զբոսաշրջիկ չէ Արարը: Նա նախ որոշում է գնալ Ծաղկաձոր, որն իր մանկության տարիներին թվացել է «Տիեզերք», բարձրանալ «Քաչալ» կոչվող սարի մեծ քարանձավը, շփվել հայրենիքի հրաշքների հետ, որ ուր էլ գնալու լինի, զգա հարազատ երկրի կարոտն ու վերադարձի կանչը:
Հենց հայրենի քարանձավից, որտեղ Արարը ասես կրկին ու կրկին սնունդ էր առել մայրական կաթից ու հայրենական կաթնաղբյուրներից, մի անտեսանելի ձեռք վերցնում է նրան ու հանձնում քթերի աշխարհ, որն, ի դեպ, հեռվից նման էր մեր լեռնաշխարհին:
Վեպի հաջորդ էջերում Արարը գտնվում է այն աշխարհում, ինչ ինքը փնտրել է. «Ահա այդ աշխարհը, ուր «արծվաքթերից, կճատ քթերից, ցից քթերից, բարձրաքթերից, ցածրաքթերից, լայնապինչ քթերից, կլոր քթերից, նաև ջարդված քթերից այնպիսի տարօրինակ պատկեր էր գոյացել, որ Արարին թվաց, միայն քթերի աշխարհն ավելի հետաքրքիր ու զարմանազան է, քան մեր աշխարհը, մանավանդ քթային այնպիսի զարմանալի երաժշտություն էր լսվում, որ գլուխդ բռնի ու փախի, մե՛րթ ջազային խռմփոց, մե՛րթ սիմֆոնիկ, դանդաղ սվսվոց, մե՛րթ ռոմանսային տխուր ելևէջ, մե՛րթ ռոքի զիլ աղմուկ, մե՛րթ վրա-վրա պայթող փռշտոցներ, ասես շեփորի ու թմբուկի զուգերգ, էհ, ի՞նչ ասեմ, Արարը կարծես ընկել էր երաժշտական խանութ, որտեղ բոլոր կողմերից հնչում էր պարեղանակ ու գլխացավ առաջացնող ճչվչոց» (էջ 11):
Ծանոթանալով քթերի տարօրինակ աշխարհին` Արարը համոզվում է, «որ այս աշխարհում ինքդ քեզ հետ խոսելն էլ վտանգավոր է, լսում են ու անհարկի մեջ ընկնում, այս քթերը ասես ականջ լինեն» (էջ 11):
Անսալով Արծվաքթի նախազգուշացումին` Արարն զգում է, որ «Քթաշխարհում մտածելն էլ վտանգավոր է, քթերն ըմբռնում են չասված, մտածված խոսքը և երևի պատժեն իրենց հատուկ օրենքներով» (էջ 11-12):
Քթաշխարհի նկարագրությունը պայմանականորեն այնպիսի վարպետությամբ է ներկայացվում, որ կամա-ակամա ընթերցողի աչքի առաջ ալիքվում են մերօրյա հասարակական կյանքում տեղի ունեցող անբարո երևույթներն ու օրինախախտումներն առաջին հերթին ղեկավար մարդկանց կողմից: Այս դիտարկման փայլուն վկայությունը Արարի հանդիպումն է երկրի թիվ 1 քթին, որին ոչ թե քիթ են անվանում, այլ կնճիթ: Արարին պատահած առաջին քիթը, լսելով հարցը, թե որտեղ է նստում հ. 1 քիթը, փռթկում է ու պատասխանում. «Հարգելի՛ անծանոթ, մեր աշխարհը ղեկավարում է ոչ թե քիթ, այլ կնճիթ, իսկ հետո քեզ կասեմ, նա չի նստում, մեր աշխարհում չեն գահակալում, պառկում են, մեր ղեկավար մեծադղորդ, երկարարև, վսեմաշունչ Կնճիթը սիրում է պառկել երկար-երկար, խռմփացնել ամպագոռգոռ, որպեսզի բոլորն իմանան, որ նա կա և հսկում է իր աշխարհի անցուդարձը, այլ դեպքում քթերն իրար կբզկտեն, նրանք խոնարհվում են միայն փղի կնճիթի առջև» (էջ 12):
Քթաշխարհի քթերը սարսափի մեջ են: Եվ նրանք զարմանքով են նայում Արարին ու մտածում. «Էս ի՞նչ երկոտանի մազախռիվ է հայտնվել իրենց աշխարհում: Նրանք իրենց դասագրքերից գիտեն, որ իրենց աշխարհից զատ տիեզերքում կան այլ մոլորակներ, որոնց վրա ապրում են ոտավոր, ձեռնավոր, մազավոր, բերանավոր, աչքավոր և, մի խոսքով, մորուքավոր շնչավորներ, որոնց հիմնական օրգանը քիթն է, տիեզերքի հիմնական գյուտը քիթն է» (էջ 13):
Սարսափն ու վախն այնպես և այնքան են ճզմել քթերին, որ Արարին բանտախցում են պահում, մինչև հաջորդ օրը թույլատրեն հանդիպել հ. 1 կնճիթի հետ:
Դժվար չէ կռահել հեղինակի միտումն այն մասին, որ մարդկային հասարակության բոլոր կացութաձևերում իշխել և իշխում են կնճիթավորները:
Տեղի է ունենում հանդիպումը Վսեմաշունչ Կնճիթի պալատում: Ամեն ինչ անսովոր է այդտեղ: Վսեմաշունչի և Արարի միջև տեղի ունեցած զրույցից պարզվում է, որ Քթերի աշխարհում ամեն ինչ ընթանում է Վսեմաշունչի հրամանով ու ցանկությամբ: Նա իրեն զգում է որպես թագավոր-տիրակալ: Արարն այդտեղ ներկայացնում է իրեն որպես մարդ-գրող, գրում է մարդկային էության մարմնակազմության մասին, որ ինքը հազվադեպ է գրում քթի մասին: Այդ նպատակով էլ եկել է Քթաշխարհ` ավելի խորքից ծանոթանալու քթի արտաքին ու ներքին բարեմասնություններին:
Քթաշխարհում` ծայրից ծայր բոլոր խավերում տիրում է քծնանքը, որն ավելի ընդգծված երևում է զորահրամանատար Ռունգի զրույցից: Արարն ավելի է զարմանում` տեսնելով դահլիճի պատերի միջից լսվող քթերի միաձայն փառաձայները, որտեղ ծածուկ քթեր կան` պատրաստ վտանգավոր հոտեր առնելով շտապ տեղեկացնել Կնճիթին:
Վեպում անսովորը այնպես է մերված սովորական երևույթներին, ասես մեր գորգագործ տատիկների հյուսածներից ամենավառն ու ազգապատկերն է:
Միայն վերնագիրը` «Դեպի Անգելիա» վերտառությամբ, ձեռքիցդ բռնած իմաստուն Ալադինի պես քեզ տանում է դեպի դժվարամարս հրաշքների մի աշխարհ: Ճիշտ է, մարդկային կյանքից միանգամայն տարբերվող Քթերի աշխարհն է դա, սակայն երկի ենթաբնագրային շորշոփները երկրային են, մարդկային հասարակությանը հուզող հարցադրումներով:
Անգելիան լեռ է` աստվածակերտ-քթաշունչ, մարդամոտ: Դեպի այդ սարը բոլոր քթերին ու Արարին առաջինը հրավիրում է Մենաշունչ հրամանատար, Վսեմաշունչ Կնճիթ Ամպագոռգոռը:
Մեր մարդկային հասարակության կյանքում ու գործընթացում Մենաշունչ հրամանատարը, Վսեմաշունչ Ամպագոռգոռ Կնճիթը, տարբեր երկրներում ղեկավարող դաժան Նախագահն է, Վարչապետը, Սուլթանը և այլ տիրակալներ: Հենց այս զգայական ու նկատելի համեմատության հաջող հյուսվածքն է, որ ընթերցողը միլիտոնյանական ծիծաղով տողից տող, էջից էջ անցնում է առաջ` գոհունակության ներքին հոգեպարար զգացումով: Ի՞նչ է տեսնում, ինչի՞ մասին է խորհում բանաստեղծ Արարը Անգելիայում: Նախ Արարը Կճատից լսում է Քթերի աշխարհին հատուկ ապրելու բանաձևի, օրենքների, շնչառության օրգանների դերի մասին, նույնիսկ այն մասին, որ երևի հարկ լինի ազատվել Արարի ավելորդ մարմնամասերից: Արարը չի ըմբռնում քթային այս հումորը, լրջորեն վախենում է, թե կարող են իրեն լավություն անելու միտումով մասնատեն, ուստի՝ վազքն արագացնելով ասում է. «Չեմ դժգոհում ոչ մի մարմնամասից, բայց ֆիզիկական վարժություններ քիչ եմ անում, սա դառը ճշմարտություն է, Երկիր վերադառնալուց հետո կփոխեմ օրակարգս և ավելի շատ կզբաղվեմ սպորտով, քան բանաստեղծություններ գրելով» (էջ 26):
Նման զրույցի մեջ Արարին հուզում է մի նպատակ` պահ առաջ հասնել Անգելիա: Ճանապարհին հանգստանալու, ննջելու պահին անգամ Արարը նույնիսկ երազի մեջ փորձում է հասնել մարդկանց երկիր, բայց ճայի պես ընկնում է թռիչքի ժամանակ:
Այստեղ փայլատակում են Միլիտոնյանի երևակայությունն ու հմուտ հոգեբանի սրատեսությունը: Արարի երազ տեսնելու կապակցությամբ Քթաշխարհի հայտնիները` Ռունգն ու Կճատը եզրակացնում են, որ մարդիկ երազում սիրում են թռչել, բայց ճիշտ չեն հաշվարկում և ընկնում են ներքև: Այս ուսանելի գնահատականին հետևում է գրողի ավելի սուր դիտարկումը: Երազը պարզապես գիտականորեն մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Իբր մարդիկ սերել են կապիկներից և պահպանել են ծառից ծառ թռչելու կապիկների սովորությունը, և քանի որ արդեն մարդ են` պիտի ընկնեն ու վեր թռնեն երազից» (էջ 27): Արարի անընդհատ երազի կապակցությամբ Ռունգն ու Կնճիթը եզրակացնում են. «Մարդիկ նույն փոցխին անընդհատ ոտք են դնում, ու փոցխահարվածը նրանց ճակատին կրկնվում է անընդհատ, այսինքն՝ մարդիկ իրենց սխալներից դաս չեն քաղում, և մարդկային պատմությունը ունայն նախազգուշացում է, որը ոչ մի դեպքում հաշվի չի առնվում» (էջ 27):
Շարունակվում է պատումը: Ռունգի ու Կնճիթի ուղեկցությամբ Արարը հասնում է Անգեղ տիտանի կացարան քարայրը, որտեղ արդեն հասել էր Վսեմաշունչը: Անգեղը առաջին անգամ պիտի մարդ տեսներ: Նրան թվում էր, թե մարդը չղջիկի նման պիտի լինի:
Տեղի է ունենում հանդիպումը Վսեմաշունչի հետ, որի ֆշշոցի մեջ հնչում է նրա ողջույնի խոսքը. «Հարգելի գրող Արար, դու հասար Անգելիայի Անգեղ տիտանի քարայրը, հիմա կտեսնես նրա ուժը, դա աստվածների և քթերի միացյալ հզորությունն է, նա երկնքից, այլ մոլորակից է իջել և մեր նախահոր պատկերն ունի» (էջ 31):
Եվ սկսվում է զարմանահրաշ գործողությունը: Հայ ժողովրդական բանահյուսությանը քաջատեղյակ հեղինակը` Էդվարդ Միլիտոնյանը, ներքին հպարտության ազգաբույր զգացումով վերապատմում է Տորք Անգեղի շուրջը հյուսված լեգենդը: Անգեղը ցից ձգվում է, խորը շնչում, որի ընթացքում մի հսկա քարաբեկոր պոկվում է մոտակա քարայրից, և արտաշնչելով` այդ զանգվածն ուղարկում ներքևում փոթորկվող ծովի վրա:
Այս պատկերի շարունակության մեջ ծածանվում է Միլիտոնյան-երգիծաբանի նոր դիտարկումը: Քաջությունն ու հերոսությունը կատարում է Անգեղը, մինչդեռ փառաբանվում է Վսեմաշունչը, որ տվել էր հրամանը` սկսել մարտը, և Անգեղը կատարել էր նրա հանձնարարականը:
Արարը հանդիպում է երևույթների, որոնք խորթ չեն մարդկային գործառույթներին: Նա համոզվում է, որ Քթաշխարհին էլ է հատուկ կոչումների և մեդալների բաշխումը: Ու զարմանում է, երբ կարդում է հրամանը. «Մարդ Արարը պարգևատրվում է Անգեղի անվան հուշամեդալով»: Այս հրամանը անսպասելի էր Արարի համար, ուստի հանկարծակիի գալով` կմկմում է. «Ախր ես ի՞նչ եմ արել»: Հնչում է միլիտոնյանական սատիրայի շառաչը Ռունգի շուրթերից. «Դու հերոսաբար հետևել ես մեծ պատերազմին և չես զոհվել վախից ու սարսափից, սա ևս հատուկ խիզախություն է… Լավ կլինի չվիճարկես: Վսեմաշունչի հրամանն է, հերոս ես, և վերջ» (էջ 35):
Արարը Քթաշխարհի ազդեցիկ ղեկավարների հետ շոշափում է հարցեր էկոլոգիական ավերների, մարդկային ագահության, նույնիսկ գրողների նյութական անապահով վիճակի, գրքերի հանդեպ ընթերցողների անտարբերության և այլ կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ:
Արարի համար ոչ պակաս աշխարհ է բացվում Քթերի աստղադիտարանում: Մինչև այդ նա մտքում հաստատ որոշել էր վերադառնալ մարդկանց երկիր, սակայն վերհիշում է, որ ինքն արդեն Քթաշխարհի հերոս է: Եվ անսպասելի բացվում է հյուրասենյակի դուռը, ու շեմքին հայտնվում են Կճատն ու Քթոցը, հայտնում, որ Վսեմաշունչի հրամանով իրեն պետք է տանեն աստղադիտարան:
Արարը հասնում է քարե աստղադիտարան` Քարափունջ անունով:
Զարմանալի – ազգային որդիական զգացումների մի նոր պատկեր է ստեղծում Միլիտոնյանը Քթաշխարհի աստղադիտարանի համապատկերին:
Արարը ձախ աչքով նայում ու նկատում է, որ այդտեղ՝ քարերի վերին մասում, սուր ծայրերի մեջ բացվում էին կլոր անցքեր: Նայում է անցքերից մեկով երկնքի խորքը ու զարմանալով, ասես ափի մեջ տեսնում է Օրիոն համաստեղությունը, որ հայերը Հայաստան երկրում Հայկ են անվանում, երկիրն էլ կոչվում է Հայաստան, այսինքն` Հայկի երկիր: Սա այն առասպելական Հայկ նահապետն է, որ, հաղթելով հանրահայտ Բելին, հիմնել է Արարի հայրենիքը:
Ծանոթանալով Քթաշխարհի աստղադիտարանը ներկայացնող պատկերներին՝ քայլ առ քայլ հասնում ես այն լեռնալանջերին, որոնք հիշեցնում են Արարի Հայաստան երկիրը` պատմական անցյալի հավերժախոս էջերով: Եվ ոչ միայն այդ: Անսպասելի մի պատմություն քեզ տանում է իրական այն լեռնագագաթները, ուր մեր նախնիները, հիրավի, ստեղծել են յուրօրինակ քարե աստղադիտարան:
Վեպի սյուժեի ընթացքում Էդ. Միլիտոնյանը դիմում է ստեղծագործական տարբեր հնարանքների: Նրա համար սյուժեն ոչ միայն մարդկային արարքների ու հարաբերությունների ընթացքն է, այլև կերպարների զարգացման յուրօրինակ պատմությունը: Այսպես, Արարին մենք տեսնում ենք նախ դեպի Քթերի աշխարհ ճանապարհելիս, այցը Ծաղկաձորի քարանձավ, ապա՝ մուտքը Քթաշխարհ, ընդունելությունը Վսեմաշունչ Կնճիթի պալատում, այցը Անգելիա, մասնակցությունը Քթերի մրցույթին, հետո Քթերի աստղադիտարան… Ու թվում է, թե նրա բնավորության երանգների ընդհանրացումը պետք է տեղի ունենա հենց Քթաշխարհում: Սակայն Էդ. Միլիտոնյանը զարգացման ընթացքը փոխում է դեպքերի ու մարդկային հարաբերությունների նկարագրության մեջ գնալով հետ, դեպի գլխավոր հերոսի ընտանիքը, դեպի Մրգամիրգ գյուղ, ուր մարդիկ կորցրել են քունը: Տղամարդիկ ու պատանիները, նաև որոշ կանայք ու աղջիկներ զանգում են աջ ու ձախ, բարձրանում են սար ու բլուր, հասնում են Խոսրովի անտառ ու Գառնո ձոր, փնտրում են Արաքսի շամբուտների մեջ:
Ու ստացվում է մի շատ հետաքրքիր իրապատում-հեքիաթ, որտեղ ընթերցողն իրեն գտնում է կոնկրետ հայրենի երկրում, հարազատ մարդկանց միջավայրում, և որ շատ կարևոր է, դեպքերը տեղի են ունենում մեր օրերում:
Վեպի հերթական մասը, որ կոչվում է «Արարի հայր Սմբատն ու հարևան տղամարդիկ փնտրում են տղային», պարզապես համեմված է հայածին ու հայաբնույթ ծիծաղով ու հայ լինելու անբիծ զգացումով:
Հարազատ գյուղից Արարին որոնող խումբը Արաքսի ափից ձեռնունայն թեքվում է Մրգաշատ գյուղի բլուրների կողմը: Ընթերցողն սպասում է, որ հեղինակը կնշի մի նոր գյուղի անուն: Սական թվարկում է գյուղերի այնպիսի անուններ, որոնք հաճելիորեն բնութագրում են Հայոց հողի բերրիությունն ու հայ մարդու բերքաբեր ձեռքի ուժը: Այսպես Մրգամիրգ գյուղին միանում են Մրգաշատ, ապա Մրգազարդ գյուղերի բնակիչները` որոնելու Արարին: Ապա խմբի հարգված տարեց Սամսոնի առաջարկով գնում են դեպի Արտաշատի կողմերը: Եվ ո՞նց զսպես ծիծաղդ, երբ, ինչպես մատնանշում է հեղինակը, «Ոմանք հեռախոսազանգերով հասել էին Լոս Անջելես, Մոսկվա, Ռոստով, Ստամբուլ ու չգիտես ուր: Արարի բոլոր բարեկամները ոտքի վրա էին: Հայաստան երկրի ողջ ոստիկանական համակարգը լարել էր գործակալական ու ոչ գործակալական ցանցը» (էջ 52-54):
Դա դեռ բոլորը չէ: Հատուկ ուշադրության կենտրոնում են նաև Արարի դասընկեր Անահիտի տեղափոխությունները տնից դպրոց, դպրոցից տուն: Բանը հասնում է նրան, որ երրորդ օրը Արարի դիմանկարը հայտնվում է հեռուստատեսային «Ոստիկանական լրատու» հաղորդման մեջ: Հանրապետությունը մեծ ու փոքրով անհանգստացած էր:
Ռեալիստական` համով-հոտով հումորի համեմով օծված մի պատկեր է Արարի հոր` Սմբատի այցը ճանաչված գրականագետ Սիսակյան Մինասի մոտ: Թեպետ նա ծանրաբեռնված էր, բայց մի քանի րոպեում թերթելով Արարի տետրերն ու մատյանները, ստույգ եզրակացնում է, որ նման լուսավոր տաղանդը չի կորչի, ուր էլ գնա, առաջիկա օրերին կվերադառնա: Նաև սիրտ է տալիս` օրինակ բերելով մեր պանդուխտ երգիչներին, որոնք կորած են համարվել, բայց վերադարձել են:
Սմբատի և արցախցի գրականագետ Սիսակյան Մինասի միջև տեղի ունեցած զրույցը Խաչատուր Աբովյանի, Արցախյան պատերազմի վերաբերյալ հիշեցնում է ժողովրդական ամենասուր հումորը, որից օգտվել են բոլոր սրամիտ մարդիկ: Բացի այդ, նրանց զրույցն ասես Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկի շարունակությունն է: Մոռացած որդու` Արարի որոնման առաջնայնությունը` հայրը հարցնում է. «Պարո՛ն պրոֆեսոր, ասում ես որդիս կմնա՞ հայ բանաստեղծության անդաստանում» (էջ 59):
Ակնոցի վրայից նայելով` գրականագետը պատասխանում է. «Հաստատապես»:
Բացի այդ, Սմբատը երեկոյան տանը պատմում է գրականագետի հետ հանդիպման մանրամասնությունները ու բերում նրա շեշտած հավատն այն մասին, որ Արարը կմնա հայ գրականության անդաստանում ու անպայման ետ կգա, անգամ երկնքի ծերից կիջնի թռչնի թևով: Ու պրոֆեսորի խորհրդով Սմբատն շտապում է Բյուրականի աստղադիտարան` ուշադիր նայելու դեպի աստղերի խորքը:
Իսկ այդ պահին Արարը դեռ լսում էր ֆլեյտայի հոգեպարար նվագը:
Եվ ո՞վ էր նվագի հեղինակը: Պարզվում է, որ նվագողը Վսեմաշունչի աղջիկն է, որը հանդես է գալու արքայական նվագախմբի համերգում: Սակայն Արարի համար բացահայտվում է անսովոր մի երևույթ: Կճատը հայտնում է, որ Քթաշխարհում ֆլեյտա գործիք չկա: Վսեմաշունչի աղջիկ Նրբաշունչն է իր բնական քթով նվագում և կարող է այնպիսի երաժշտություն պարգևել բոլորին, որ ոչ մի անշունչ գործիք ի վիճակի չէ մրցել նրա հետ:
Էդ. Միլիտոնյանի չափազանցված երգիծանքն այստեղ ընթերցողին շատ է հետաքրքրում: Գրողը խոսում է Վսեմաշունչի կնոջ` Ցածրագոռգոռի արվեստի մասին: Նրա նվագը երկնային է, միջազգային փառատոների յոթակի դափնեկիրի կատարում:
Էդ. Միլիտոնյանի երգիծանքը մի նոր ծփանք է տալիս, երբ ներկայացնում է Նրբաշունչ արքայադստեր նվագը: Կճատը դիմում է Արարին. «Դու պիտի ջոկած լինեիր Ցածրաշունչ թագուհու և Նրբաշունչ արքայադստեր նվագները. թագուհու նվագի մեջ զգալի են միջազգային ձայներանգներ, այլմոլորակային ռիթմեր. ինչքան չլինի, նա մասնակցել է տարբեր փառատոների, իսկ Նրբաշունչի նվագը զուլալ, մեր տեղական բանահյուսության անկեղծ շունչն ունի, երկուսն իրար հետ հասնում են աներևակայելի կախարդանքի»:
Պարզ է, Էդ. Միլիտոնյանը Կճատի շուրթերով հաստատում է այն կարծիքը, որ ազգային արվեստը չի կարող ունենալ բազմաբնույթ երանգներ, եթե արվեստագետը չյուրացնի համամարդկայինի գեղեցիկ ավանդույթները:
Միլիտոնյանը վեպի սույն մասի վերջում կատարում է մի շատ նրբագեղ ընդհանրացում` երաժշտության ազդեցությունը համեմատելով ծաղկի բուրմունքի հետ:
Նախաճաշից հետո Նաժիշտը բերում է մի ծաղկի տերև ու նվիրում Արարին: Կճատը տեղեկացնում է, որ դա հրավիրատոմս է, որ իրենց համերգներին հրավիրում են ծաղկի տերևներով:
Արարը, հմայված այս գեղեցիկ ավանդույթով, խնդրում է, որ իր խոնարհումը փոխանցեն թագուհուն և արքայադստերը. տերև-հրավիրատոմսը մի հրաշալի գյուտ է, տիեզերական գյուտ, և ասում է. «Երաժշտության համար միայն ծաղկի տերևն է արժանի, կեցցե՛ք» (էջ 59):
Որդիների հանդեպ ծնողական աներևակայելի, հավերժական սիրո արտահայտություն է վեպի «Տիեզերքի լռությունը» բաժինը: Արարի հոր` Սմբատի, հորեղբոր` Լմբատի, ակադեմիկոս Պետրոսյանի զրույցը Բյուրականի աստղադիտարանում:
Ամպագոռգոռի հետ հանդիպելուց նա համոզվում է, որ իրեն վտանգ է սպառնում: Նրա հարցին, թե Արարը նախորդ օրը լսե՞լ է իր աղջկա համերգը, վերջինս ազնվորեն պատասխանում է. «Իհարկե, ես անմահիկի տերև տոմսակով հրավիրված էի համերգի ու մեծ բավականությամբ զգացի, որ արքայադուստրը հրաշալի, մեղմ, Նրբաշնչին հատուկ վարպետությամբ երգեց, նվագեց, մենք էլ երբեմն ձայնակցում էինք նրան» (էջ 84):
Ամպագոռգոռի նոր հարցին, թե Արարն ինչ է զգում աղջկան նայելով, Արարը պատասխանում է. «Նա նրբագեղ է, նրբաշունչ, նրբակերտ»:
Քթաշխարհի, Արարի հայրենի երկրի, Վենետիկի, Վիեննայի, Գերմանիայի և այլ հարցերի հոլովմամբ Ամպագոռգոռը վերջապես հարցնում է. «Տղա՛ ջան, դու շրջանցում ես հարցս, ճշգրիտ ասա, դու սիրահարվեցի՞ր աղջկաս, թե՞…» (էջ 88):
Որպես Քթաշխարհի հերոս` Արարը հարգանքով պատասխանում է. «Ամպագոռգոռ Վսեմաշունչ, նա աննման է, աստվածային ձայն ու երգով, դյութում է մարդու հոգին, բայց իմ երկիրն է կանչում, իմ սիրտը թռչում է Արարատյան դաշտ» (էջ 89):
Ամպագոռգոռը հրամայում է կախել Արարին:
Հրապարակում կատարվում է Տիրակալի հրամանը: Երջանիկ պատահականությամբ փրկվում է Արարը: Անսպասելի հնչում է Ամպագոռգոռի հրամանը. «Ամեն կերպով Քթաշխարհից ու նրան շրջապատող օդային տարածքներից հեռացնել օտարին: Օգտագործել Քթաշխարհի 3-րդ օրենքի հնարքը» (էջ 91):
Արարը պոկվում է Քթաշխարհից, տիեզերագնացների պես փափուկ վայրէջք կատարում Արարատ սարի գագաթին:
Բարձր գնահատելով Էդ. Միլիտոնյանի այս վեպը` կցանկանայինք մեր գոհունակությունը հայտնել նկարիչ Մարգարիտ Փարեմուզյանին՝ վառ երևակայության ու շոշափելի-խոսուն նկարների համար:
Էդվարդ Միլիտոնյանի «Քթաշխարհի հերոս Արարը» վեպը հայ մանկապատանեկան գրականության աննախադեպ երկ է, որին դեռևս անդրադառնալու է ապագա մեր գրականագիտությունը: