Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների ժողովածուն նշանավորում է ժանրի զարգացման նոր մակարդակը: Պահպանելով դասական հեքիաթի կաղապարային ինչ-ինչ հատկանիշներ` հեղինակը ժանրը հարստացրել է և՛ բովանդակային, և՛ կառուցվածքային տեսանկյուններից: Է. Զոհրաբյանի հեքիաթագրության առանձնահատկություններն ըմբռնելու համար անհրաժեշտ է հիշել Մ. Բախտինի` ժանրերի տեսությանը վերաբերող դիտարկումները. «Ժանրում պահպանվում են հնամենիության չմեռնող տարրերը, այդ հնությունը պահպանվում է նրանում միայն մշտանորոգման, այսպես ասած, արդիականացման շնորհիվ: Ժանրը միշտ այն է և այլ է, միշտ միաժամանակ թե՛ նոր է և թե՛ հին…. Ժանրը գրական զարգացման պրոցեսում ստեղծագործության հիշողության ներկայացուցիչն է»1: Այս հարցին բավականին հանգամանորեն է անդրադարձել Սլավի-Ավիկ Հարությունյանը: Խոսելով ժանրերի տեսության խնդիրների մասին` Ս. Հարությունյանը հատկապես կարևորում էր Մ. Բախտինի և Յու. Տինյանովի աշխատությունները: Հատկապես ա՛յս գիտնականներին էր բնորոշ էվոլյուցիոն մտածողությունը: Յու. Տինյանովը «զարգացման» փոխարեն կիրառում է «տեղաշարժ» եզրույթը. «Ժանրը, նրա կարծիքով, ո՛չ ցատկ է կատարում, ո՛չ էլ զարգանում է, այլ ենթարկվում է տեղաշարժի, այսինքն` գալիս է մի պահ, երբ ժանրը դառնում է անճանաչելի, սակայն, այնուամենայնիվ, նրա մեջ ինչ-որ բան պահպանվում է այն բավարար չափով, որ ոչ-պոեմը նույնպես համարվի պոեմ: Ժանրի վիճակագրական սահմանումն անհնար է. ժանրը տեղաշարժվում է»2:
Հենց այս դիտարկումների հիման վրա էլ պետք է կառուցենք Է. Զոհրաբյանի հեքիաթների քննությունը: Ինչքանո՞վ է Է. Զոհրաբյանի հեքիաթը համապատասխանում արդի գրական միտումներին: «Հայ ժողովրդական և գրական հեքիաթի արդի հիմնախնդիրները» կոլեկտիվ մենագրության երկրորդ մասում Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանն անդրադարձել է արդի գրական հեքիաթի պոետիկական հատկանիշներին: Ըստ նյութի ստեղծման և մշակման առանձնահատկությունների` հեղինակն արդի գրական հեքիաթները բաժանում է չորս խմբի. «ա. երբ բանահյուսական հեքիաթի պոետիկայի հենքի վրա ստեղծվում են նոր հեղինակային հեքիաթներ, որոնցում պահպանվում են ֆոլկլորային հեքիաթի կանոնները (օրինակ` Վահագն Գրիգորյանի «Հեքիաթների գիրքը», Երազիկ Գրիգորյանի հեղինակած հեքիաթները, մասնավորապես «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» գիրքը, Էդվարդ Միլիտոնյանի «Արքայադուստր Թարսինեն», «Շաքարավազ արքայազնը» և այլն),
բ. ավանդական ժողովրդական հեքիաթների հեղինակային մշակումներ (օրինակ` Լևոն Խեչոյանի «Տան պահապան հրեշտակը» հեքիաթների ժողովածուն),
գ. լրիվ նոր հեքիաթային-գերբնական աշխարհ ստեղծելու հեղինակային միտում, երևույթ, որին սովորաբար տալիս են ֆենթզի ժանրանվանումը (օրինակ` Արմինե Անդայի «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպը),
դ. ավանդական բանահյուսական և գրական հեքիաթների վերաիմաստավորում և քայքայում (օրինակ` Արփի Ոսկանյանի «Կարմիր գլխարկով գայլը», Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» և այլն)»3: Հեղինակն ընդհանրացրել է արդի հեքիաթագրության կարևոր հատկանիշները: Դրանցից ամենահետաքրքրականը, թերևս, ժանրային համադրականության երևույթն է: Վերջինս հաճախ հանգեցնում է ժանրային սահմանների տարակերպ խախտումների` պայմանավորելով ժանրային բնորոշման անհստակություններ4: Ա. Սեմիրջյան-Բեքմեզյանը կարևորում է նաև ավանդականի և նորի յուրօրինակ խաչաձևումների, այլաբանական շերտերի միջոցով քաղաքական-հասարակական երևույթների պատկերման արտահայտությունները: Համառոտ ակնարկը ցույց է տալիս, որ վերը նշված ժանրային զարգացում-տեղաշարժը կատարվել է նաև հեքիաթի տիրույթում: Արդի հեքիաթը նկատելիորեն տարբերվում է դասական հեքիաթից, բայց, այնուամենայնիվ, դեռևս պահպանվում է ավանդականի այն տարրը, որ թույլ է տալիս այդ ստեղծագործությունները քննել հեքիաթի ժանրային տիրույթներում: Այժմ փորձենք տեսնել Է. Զոհրաբյանի հեքիաթագրության դերն արդի հեքիաթի համատեքստում: Ժանրային ի՞նչ միավորներ են առկա Է. Զոհրաբյանի հեքիաթի կառուցվածքում: Այստեղ մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ գործ ունենք բազմաժանր ստեղծագործողի հետ: Հեքիաթներն Է. Զոհրաբյանի ստեղծագործության մակրոհամակարգի այն միավորներն են, որոնք ներկայացնում են ժանրային սինթեզը: Արդի հեքիաթագրությանը բնորոշ ժանրային համադրականությունը լավագույն կերպով դրսևորվել է «Բյուրեղապակե մարդը» ժողովածուի հեքիաթներում: Հեքիաթ-պատմվածք, հեքիաթ-սատիրա ժանրային առնչություններն առկա են ողջ ժողովածուում: Դրանք երբեմն պայմանավորում են ժանրաքայքայման մասնավոր արտահայտություններ, բայց այդ միտումը տվյալ ժողովածուում հետևողական չէ: Ժանրային առնչություններն ստիպում են անդրադառնալ հեղինակի մյուս ստեղծագործություններին և հեքիաթները քննել ընդհանուր համատեքստում: Ամենավառ կերպով արտահայտվել են հեքիաթ-սատիրա առնչությունները: Սատիրաներում հեղինակը հաճախ էր անդրադառնում մշակութային թեմաներին: Այդ ֆոնի վրա լայն դրսևորում էր ստանում մրցակցության մոտիվը: Այս առումով բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Հոգեվիճակ 13» ժողովածուում տպագրված «Գրողը ձեզ տանի, հարգելինե՛րս» սատիրան: Մշակույթի ոլորտում առկա կեղծ պարգևների, անձնական հանգամանքներով պայմանավորված քննադատությունների ու գովասանքների, ավագ և կրտսեր սերունդների միջև առկա զավեշտական բախումներն է ներկայացնում սատիրան. «- Վա՜յ, խեղճ Կոնդյան,- չլսելու տալով ճշմարտությունը` շարունակեց ծերունազարդ պարողը,- քառասուն տարի պարողների սերունդներ տաս, վերջում էլ ասեն` ի՞նչ ես արել:
– Դե մի անուն տվեք ձեր սաներից,- աննորմալ հանգստությամբ ասաց պարուհին,- որ ցնցել է իր հզոր անհատականությամբ: Ինձ չհաշվեք. ես ինքնակրթությամբ եմ հասել բարձունքների»5: Սա այն մոտիվն է, որ լավագույն կերպով դրսևորվել է տարբեր հեքիաթներում: Այս մոտիվի ներթափանցումը հեքիաթի ժանրային տիրույթ պայմանավորել է ժանրային առնչությունների հետաքրքիր արտահայտություններ: «Բյուրեղապակե մարդը» ժողովածուի «Ամենակարևոր գրքերը», «Սոխակն ու Սիրամարգը», «Ծաղիկն ու Փուշը», «Հազարամյա քարը» հեքիաթներում տարբեր չափերով ու տարբեր ձևերով արտահայտվել է այս մոտիվը: Այդ հեքիաթների գլխավոր կերպարները հանդես են գալիս իբրև մրցակցող եզրեր, իսկ այդ մրցակցության գործընթացի բովանդակային կողմը խորապես սատիրիկ է: Կարելի է ասել` սատիրիկ բովանդակությունը մարմնավորվել է հեքիաթային ձևի մեջ` պայմանավորելով հեքիաթ-սատիրա ժանրային առնչություններ: Հեքիաթի պոետիկան պարտադրել է ի՛ր օրենքները, և մրցակցող եզրերն այստեղ ոչ թե մարդիկ են, այլ կենդանական, բուսական և իրային աշխարհի ներկայացուցիչներ («Ամենակարևոր գրքերը», «Սոխակն ու Սիրամարգը», «Ծաղիկն ու Փուշը»): Մրցակցության մոտիվի մասնավոր արտահայտություն կարելի է տեսնել նաև «Ամոթի գույնը» հեքիաթի սկզբնամասում: Այս դեպքում մրցակցող եզրերը վհուկներն են: Նրանց խոսակցություններում կարելի է որսալ այնպիսի խնդիրներ, որոնք նկատելի էին նաև սատիրաներում: Խոսքը մասնավորապես գլխավոր վհուկի ընտրության գործընթացում առաջացած վեճերի, ավագ և կրտսեր սերունդների ներկայացուցիչների բախման մասին է:
«Սոխակն ու Սիրամարգը» հեքիաթի և վերը նշված սատիրայի թեմատիկ զուգահեռների քննությունը, թերևս, ամենահետաքրքիրն է: Սատիրայում կենտրոնական նշանակություն ուներ անունների պոետիկան: Կերպարների անունները բովանդակային բնույթ ունեին (Պնակալեզով, Քսքսյան, Պակասյան, Ներկարարյան, Մալյար): Ըստ էության` այդ անունները կերպարի հեղինակային չափման նախնական արտահայտությունն են: Դրանք դառնում են բնավորության կենտրոնական գծի ցուցիչը: Հեքիաթում այլ գեղարվեստական հնարների օգնությամբ է լուծվել այս խնդիրը: Գործողությունների տիրույթում կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներն են: Եթե սատիրայում բովանդակային բնույթի անուններն էին դառնում կերպարի չափման գլխավոր ցուցիչը, ապա այստեղ բուսական և կենդանական աշխարհի համապատասխան միավորն արդեն իսկ կրում է որոշակի բովանդակություն (Մոլախոտ-ավելորդության ներկայացուցչի սիմվոլացում, Սոխակ-ներքին գեղեցկության արտահայտիչ, Սիրամարգ-արտաքին գեղեցկություն ունեցող, բայց բովանդակազուրկ էություն, Ագռավ-սեփական թերությունները չնկատող կերպար): Լայն առումով գործ ունենք բովանդակային նույն կամ նմանատիպ իրողությունների հետ: Ե՛վ հեքիաթում, և՛ սատիրայում ներկայացված են մշակութային աշխարհի ներքին հակասությունները, անարդար մրցակցությունը: Բայց արդեն իսկ նկատեցինք, որ հեքիաթի պոետիկան պարտադրել է նոր, զուտ հեքիաթային գեղարվեստական հնարներ: Դրա արդյունքում էլ տեղի է ունեցել ժանրային սինթեզը:
«Ամենակարևոր գրքերը» հեքիաթում կա մի դրվագ, որ հիշեցնում է «Կրկին հարստացավ գրականության աղբարկղը, և հայտնաբերվել են ընթերցողներ» սատիրան: Վերջինս արծարծում էր արդի պոեզիայի լեզվի աղճատման խնդիրները. «Օրիո՛րդ Չամուռյան, որքա՜ն դժբախտ է Տերյանը, որ ծնվել է Ձեզնից առաջ, այլապես նա էլ «է» օժանդակ բայը կփոխարիներ «ա»-ով` սնվելով քաղցր իրականությունից….»6: Հեքիաթում նույնպես ակնարկային կերպով դրսևորվել է դա: Իհարկե, այս դեպքում դա ոչ թե կենտրոնական, այլ ածանցյալ խնդիր է. «- Արա՛, ոնց որ բոմժեր ըլեք, հլը ձեր կազմին նայեք, հարիֆնե՛ր,- հոխորտաց ժարգոնալեզվով գրված «Մեռնող պոեզիա» գիրքը,- հա՛մ դուք եք հնացել, հա՛մ ձեր ճիշտը: Սպանեցիք ձեր ռոկոկո ոճով: Ճիշտը մի հատ ա, էդ էլ իմ մեջ ա գրած»7:
Մեկ այլ զուգահեռ կարող ենք ներկայացնել «Ճիլիմոնը» պատմվածքի և «Նարցիսը» հեքիաթի միջև: Կենտրոնում ինքնագնահատականի գերաճի թեման է. «Մինչև նոր լսարան մտնելը, պատկերացրեց, թե իր մասին լեգենդներ լսած ուսանողներն ինչպես հոտնկայս կծափահարեն ու լացակումած կասեն. «Մեր աչքերին չենք հավատում, որ Դուք եք մեզ դաս տալու»»8: Հեքիաթում հեղինակը դիմել է կենդանական աշխարհի ներկայացուցիչերին` կենտրոնական կերպարի բնավորության հիմնական գիծն արտահայտելով բավականին խոսուն անվան միջոցով. «- Կարծում եք` հե՞շտ է լինել անտառի պաշտամունքի առարկան: Արդեն երևի համաշխարհային թերթերում էլ գրած կլինեն իմ մասին, իսկ տատիկս միշտ շնորհակալ ժպտում է ինձ, որ ժառանգել է իմ գեները և զարդարում է օպերան: Եվ սա դեռ իմ կարողությունների կեսի կեսն է,- համեստորեն ասաց Նարցիսը»9: Անունն այս դեպքում նույնպես դառնում է բնավորության ցուցիչը: Կարճ ասած` այն, ինչ պատմվածքում ներկայացված է մարդկային հարաբերությունների տիրույթներում, հեքիաթում փոխադրվել է կենդանական աշխարհ: Խնդիրը դրսևորվել է այլ ժանրային տարածություններում, գործողությունները ենթարկվել են այլ ժանրի տրամաբանությանը:
«Ամոթի գույնը» հեքիաթի սկզբնահատվածում արտահայտվել է մի խնդիր, որ հիշեցնում է «Մարդիկ և ստվերներ» պատմվածքը: Պատմվածքի կենտրոնական թեման աշխարհի արագ ընթացքի հետևանքով մարդու` վազքի մեջ ապրելու և գործելու խնդիրն էր: Հեքիաթի սկզբնահատվածում վհուկներից մեկը հենց ա՛յդ աղետն է կանխագուշակում մարդկության համար. «- Գտա՜: Մարդիկ ժամանակ չեն ունենա: Կսիրեն վազքի մեջ: Կատեն վազքի մեջ: Կուտեն վազքի մեջ: Հա՛, հա՛, հա՛, հա՜, վազք դեպի անորոշություն…- բղավեց Ներկայի Վհուկը»10: Նշենք, որ հեքիաթի տիրույթներում այդ խնդիրը դարձյալ ածանցյալ է, այլ ոչ կենտրոնական:
«Նռնոն ու Դռնոն» հեքիաթն իր բնույթով առանձնանում է այս ժողովածուում: Այստեղ ավելի շատ գործ ունենք ժողովրդական հեքիաթի վերաիմաստավորման ու քայքայման մասնավոր արտահայտության, քան պարզ մշակման հետ: Հեղինակը բանահյուսական նյութը փոխադրել է ժամանակակից հարաբերությունների հարթակ` դրա միջոցով ծաղրելով քաղքենիական սովորությունները:
«Ամոթի գույնը» և «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների սկզբնակետերը և վերջնակետերը պայմանավորված են վհուկների և կախարդների գործողություններով: Վհուկներն են դառնում բուն գործողությունների ծավալման սկզբնապատճառ և լուծումներն ավարտին հասցնող վերջնակետ: «Ամոթի գույնը» և «Սիրո ջերմաչափը» հեքիաթներում հստակ կերպով ընդգծված է քաղաքական շերտը: Այդ հանգամանքը նկատելիորեն ընդլայնում է հեքիաթների բովանդակային տիրույթը:
Այսպիսով` Է. Զոհրաբյանի հեքիաթագրությունը լիովին համահունչ է արդի գրական միտումներին: Այս ժողովածուում տեղ գտած հեքիաթները հիմնականում համապատասխանում են Ա. Սեմիրջյան-Բեքմեզյանի նշած երրորդ կետին, այսինքն` հեղինակն ստեղծել է լրիվ նոր հեքիաթային աշխարհ, որում ներկայացված իրադարձությունները ժամանակակից հասարակական-քաղաքական-մշակութային կյանքի այլաբանական վերապատկերումներն են: Այս միտումը ժանրային մակարդակի նոր որակի, նոր արտահայտության ցուցիչներից մեկն է: Հեքիաթների հարաբերությունները հեղինակի այլ ժանրի գործերի հետ բավականին ուշագրավ են և ներկայացնում են միևնույն երևույթի գեղարվեստական վերապատկերման ժանրային վարիացիաները: Խնդիրն ուսումնասիրվում է տարբեր ժանրային տարածություններում: Նոր ժանրի տրամաբանությունը պարտադրում է գեղարվեստական պատկերի նոր վարիացիա: Պատմվածքի կամ սատիրայի կենտրոնական թեման երբեմն հեքիաթում դրսևորվում է ածանցյալ բնույթով:
Գրականություն
Բախտին Մ. Մ., Դոստոևսկու պոետիկայի խնդիրները, թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի, Ոգի-Նաիրի, Ստեփանակերտ, 2012, 351 էջ:
Զոհրաբյան Է., Բյուրեղապակե մարդը, «Անտարես», Երևան, 2017, 136 էջ:
Զոհրաբյան Է., Հոգեվիճակ 13, Տիր հրատարակչություն, Երևան, 2013, 96 էջ:
Հարությունյան Ս., Արվեստի նշանագիտական սահմանները, թարգմանությունն ու առաջաբանը` Ալա Խառատյանի, ՎՄՎ-Պրինտ, Երևան, 2017, 504 էջ:
Վարդանյան Ն., Սեմիրջյան-Բեքմեզյան Ա., Վարդանյան Ն., Հայ ժողովրդական և գրական հեքիաթի արդի հիմնախնդիրները, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Երևան, 2015, 288 էջ:
—————————————————-
1. Միխայիլ Բախտին, Դոստոևսկու պոետիկայի խնդիրները, Ստեփանակերտ, 2012, էջ 132, ընդգծումը մերն է (Կ.Մ.):
2. Սլավի-Ավիկ Հարությունյան, Արվեստի նշանագիտական սահմանները, Երևան, 2017, էջ 94:
3. Նվարդ Վարդանյան, Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյան, Նարինե Վարդանյան, Հայ ժողովրդական և գրական հեքիաթի արդի հիմնախնդիրները, Երևան, 2015, էջ 92:
4. Տե՛ս նույն տեղում, էջ 93:
5. Էլֆիք Զոհրաբյան, Հոգեվիճակ 13, Երևան, 2013, էջ 77:
6. Տե՛ս նույն տեղում, էջ 65-66:
7. Էլֆիք Զոհրաբյան, Բյուրեղապակե մարդը, Երևան, 2017, էջ 9:
8. Էլֆիք Զոհրաբյան, Հոգեվիճակ 13, Երևան, 2013, էջ 19:
9. Էլֆիք Զոհրաբյան, Բյուրեղապակե մարդը, Երևան, 2017, էջ 72:
10. Տե՛ս նույն տեղում, էջ 34: