ՎԵՊ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ՄԻ ՈՂՋ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ. «ՍՄԲԱՏ ԳՈՒՆԴՍՏԱԲԼ» / Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Արձակագիր Էդուարդ Խաչիկյանի պատմավեպը՝ «Սմբատ Գունդստաբլ» վերտառությամբ, հայոց պատմության՝ մեզ համար բավական անհայտ կամ ոչ բավարար կերպով ուսումնասիրված (համենայնդեպս՝ լայն հանրության կողմից) էջերից մեկի գեղարվեստական շարադրանքն է՝ հերոսականությանն ու արիությանը շաղախված արյունալի ու դաժան պատերազմների, քաղաքական բարդ շրջադարձերի, դավադրությունների, հեռամիտ որոշումների դարձդարձվող հյուսքով: Եթե Էդ. Խաչիկյանի նախորդ՝ «Ղեբուբան կամ արքայի գործակալը» պատմավեպը նախաքրիստոնեական շրջանում Հայաստանը մասնատող պատերազմներում երկու գերտերությունների ազդեցության հաստատման համար արյունալի պատերազմների, հայոց անմիաբանության, սեփական շահերը ժողովրդի և պետության շահերից գերադասող իշխանավորների վարքի, կրոնական հայացքների բախումների, պատերա՞զմ, թե՞ խաղաղություն դիլեմայի վերաբերյալ է, ապա «Սմբատ Գունդստաբլ» պատմական վեպում կենդանանում են 13-րդ դարում հայկական Կիլիկյան թագավորության պանծալի ժամանակաշրջանի իրադարձությունները՝ հնարավորինս մանրակրկիտ: Այն ներառում է այդ բարդ ու խառնակ ժամանակների անցքերի նկարագրությունը՝ գեղարվեստի ուժով արված նկարագրություններն ու գրչով կերտված կերպարները ծառայեցնելով իրական իրադարձությունները կենդանի կերպով պատկերելու խնդրին:
Հայոց պետականությունը վերականգնելու և ամրապնդելու, Կիլիկիո հարստության պատմությունը վերարտադրելու խնդիրն առաջնային համարելով՝ հեղինակը պատմական «էքսկուրսներ» է կատարում դեպի զանազան ժամանակաշրջաններ, և վեպի բազում էջեր պարունակում են հենց պատմական իրական փաստերի նկարագրությունները, որոնք սովորաբար կցվում են գեղարվեստական երկերին՝ իբրև ծանոթա­գրություններ կամ հավելվածներ: Թե՛ նախորդ և թե՛ այս վեպում պատմական դեմքերի ու դեպքերի նկարագրությունները դառնում են վեպերի անքակտելի մասը: Գեղարվեստական շարադրանքը տեղ-տեղ ընդհատվում է հուշերի, հերոսների մտածումների, խոհերի տեսքով, և դրանցում ամենայն մանրամասնությամբ շարադրվում են Կիլիկյան հայկական պետության կայացման պատմության մանրամասներ, պետական-քաղաքական անցքեր, միջպետական հարաբերությունների և իշխանական տների ու դինաստիաների մասին տեղեկություններ, որոնք, ըստ էության, զուտ գեղարվեստական շարադրանք չեն, այլ՝ իմացական նշանակություն ունեն: Սրանից, իհարկե, վիպական գործողությունների ընթացքը երբեմնակի դանդաղում է, բայց հեղինակը պատմավեպով, ասես, գալիս է լրացնելու լայն ընթերցողական լսարանի իմացության պակասը: Արդարացվա՞ծ են արդյոք նման «դադարները» վեպում, որը բավական հետաքրքիր սյուժե ունի, և, նկատենք, գործողությունների սրընթաց զարգացմանը զգալիորեն խոչընդոտում են հենց այս պատմական «էքսկուրսները»: Մեր տպավորությամբ՝ միայն գեղարվեստականությունը չէ հեղինակի խնդիրը վեպը շարադրելիս, այլ՝ պատմական մի ողջ ժամանակաշրջանի մանրամասն վերականգնումը և շարադրանքի հավաստիությունը, ինչը ևս ինքնանպատակ չի արվում:
Հայոց պատմության այդ պանծալի հատվածն ի ցույց դնելը, նաև ամենաբարդ ժամանակներում խելամիտ ու հեռատես կառավարելու արվեստի շնորհիվ հաջողության հասնելու գաղտնիքները բացահայտելը վիպագրի կարևոր առաքելություններից են: Իրադարձությունները զարգանում են աննկարագրելի բարդ իրավիճակում, երբ տարատեսակ հակառակորդներով շրջապատված երկրի կառավարիչները պետք է ճիշտ կողմնորոշվեն. ամենուր քաղաքական խժդժություններ, տարբեր պետությունների ու ցեղերի կողմից հայոց հողից պատառ պոկելու ախորժակ, հակառակորդների և դաշնակիցների միջև հարաբերությունների տեսանելի ու անտեսանելի, անքանդելի հանգույցներ, խարդավանքներով ու անհաշտությամբ լեցուն ժամանակներում կայուն կամք ու վճռականություն դրսևորելու աննախադեպ օրինակներ: Բարդ հանգույցներով հեղինակը հյուսում է վեպի ընթացքը՝ տեղափոխվելով մե՛րթ տարատեսակ հակառակորդների ճամբարները՝ տալով դրանց կառավարիչների վարք ու բարքը և շարադրելով նրանց ձեռնարկումների տրամաբանությունը, մե՛րթ դառնալով դեպի Հայոց արքա Հեթումին ու եղբորը՝ զորավար ու իմաստասեր Սմբատ Գունդստաբլին, մե՛րթ անցնելով ռազմի ու ավերածությունների ճանապարհներով, մե՛րթ շրջելով տարբեր երկրների արքունիքներում, մե՛րթ ավարառուների ճամբարներում հանգրվանելով, մե՛րթ դեգերելով անապատներում հայոց պատվիրակների քարավանների հետ: Եվ ամենուրեք ավեր ու ավար է, արյուն ու դաժանություն:
Պատերազմական գործողությունների նկարագրություններն այնքան բնական են ու կենդանի գծված, որ երբեմն շունչդ կտրվում է, սարսռում ես՝ հայտնվելով մարտական գործողությունների կիզակետում: Էդուարդ Խաչիկյանը մարտարվեստի խորին իմացությամբ, գործողությունների բնական նկարագրություններով պատերազմի, մենամարտերի, ճակատամարտերի, մարտական հետապնդումների և այս ամենին առնչվող մյուս մանրամասների նկարագրությունը տալիս է մի առանձին արվեստով: Եվ, սակայն, ինքն իր համոզմունքով և հերոսների ներքին մենախոսությունների շարադրանքով հակառակվում է պատերազմին ու թափվող արյանը՝ արյունահեղությունն արդարացնելով միայն այն դեպքում, երբ այն հայրենիքի պաշտպանության և երբեմնի սահմանները վերականգնելու համար է արվում: Թե չլինեին պատմական իրադարձությունների ճշգրտությունն ու Սմբատ Պապեռոնցու իմաստնասիրական պրպտումները, մտածումներն ու խոհերը, գուցե թե բազում հատվածներում վեպը արկածային համարվեր: Այդ նշված հատվածները լի են հետապնդումներով, խարդավանքների ու դրանց բացահայտումների պատմություններով և այլն: Կերպարները գծված են այնպես տպավորիչ, որ հիշվում են երկար. յուրաքանչյուրն իր բնավորությամբ, պահվածքով, գործողությունների դրդապատճառներով տարբեր է մյուսից: Հայոց արքան հիշվում է իր մտահոգ, բայց վճռական, տեղ-տեղ հերոսական պահվածքով, որ չի հանդուրժում ոտնձգություն իր պատվի հանդեպ, բայց և, հանուն պետության շահերի, գլուխ է խոնարհում հզոր հակառակորդի առջև՝ նրա ուժն ու կարողությունն ի վերջո դարձնելով իրեն դաշնակից:
Բազմաթիվ ու բազմազան են այս բազմահանգույց վեպում Էդ. Խաչիկյանի կերտած կերպարները. ընթերցողի հիշողության մեջ են մնում տիրակալների և հոգևոր հայրերի, եվրոպացի ասպետների ու կղերականների, առևտրականների և այլազգի զինյալների կերպարները՝ բոլորն առանձին-առանձին իրենց հատուկ գույնով ու իրենց բնույթին հարիր մանրամասներով գծված: Կանանց կերպարների մեջ ընդգծված մանրամասներով աչքի են ընկնում Սմբատի կնոջ՝ մոնղոլուհի Իթիրայի և Կիլիկիո Զաբել թագուհու կերպարները. առաջինը՝ կրքոտ, ճարպիկ, գրավիչ, մյուսը՝ երկվություններով լեցուն, տառապանքի կնճիռը հոգում: Բայց ամենից ցայտուն, ընդգծված, խորապես ու բազմակողմանիորեն ներկայացված է Սմբատ Պապեռոնցու կերպարը: Նրա մտածումները պետության, իրավունքի, պատերազմի և խաղաղության, հավատքի և կրոնի վերաբերյալ գալիս-լրացնում են կերպարը անձի, որ զորավար էր ու օրենսգետ, պատմիչ ու պետական գործիչ: Ստեղծարար լինելով՝ հասկանում է տարվող պատերազմների անհրաժեշտությունը, քանզի ժամանակներն են այդպիսին. հնարավոր չէ խույս տալ պատերազմներից, երբ հրդեհ է ներսում ու դրսում, սահմաններին մոտիկ: Հեռուներում կատարվող քաղաքական տեղաշարժերն անգամ արձագանք են գտնում հայկական պետությունում, վտանգի տակ առնում նրա ամբողջականությունը, անգամ գոյությունը: Ուստի մեծ հեռատեսություն է պետք՝ տեսնելու ապագան և ճիշտ քայլեր ձեռնարկելու…
Մեզնից շուրջ ութ դար հեռավորությամբ դեպքերն ու իրադարձություններն անմիջականորեն հիշեցնում են մեր ապրած օրերը: Հեղինակը չի էլ թաքցնում իր մտադրությունը՝ ցուցանելու մեր ապրած ժամանակների և հեռավոր Կիլիկյան հարստության պանծալի, բայց և բազում վտանգներով ու մարտահրավերներով լեցուն դարաշրջանի նմանությունները: Ասես դաս է տալիս, պատմությունից օրինակներ առնելու առիթ է ստեղծում:
Կյանքի ու մահվան, կատարյալ օրենքների գոյության նպատակահարմարության, ճշմարտության ու Աստծո որոնումների, մարդու կյանքում արվեստի տեղի վերաբերյալ իր մտածումները հեղինակը շարադրել է բազմաթիվ հերոսների բերանով: Դրանք միանշանակ չեն, լեցուն են երկվություններով: Վեպի թերևս ամենից գեղեցիկ և ազդեցիկ, գեղարվեստորեն համոզիչ շարադրված հատվածը Սմբատի և լեռներում ապաստանած վանականի հանդիպման դրվագի նկարագրությունն է: Լեռան բարձունքները Սմբատի վերելքը դեպի իմաստնություն նրա ձգտման արտահայտությունն է. վանականը իմաստնության անմար կանթեղն է, իսկ նրանց զրույցը օրենքների վերաբերյալ աշխարհականի և հոգևոր այրի հայեցակետերի բախումն է, որ փիլիսոփայական խոր մտածումների տեղիք է տալիս: Վեպի հեղինակը վեպի և ոչ մի կերպարում ծայրահեղ բացասական կամ դրական գծեր չի դնում: Այստեղ բոլորն ունեն իրենց ճշմարտությունը, և սրանով են նաև կերպարները համոզիչ:
Էդ. Խաչիկյան արձակագրի լեզուն հարուստ է, բազմաշերտ, գծած պատկերները գունագեղ են, բառապաշարը՝ լեցուն համեմատություններով ու մակդիրներով: Չկա վեպի մի հատված, իրերի ու մարդկանց նկարա­գրություն, որում գեղարվեստական արտահայտչամիջոց գործածված չլինի: Գեղարվեստի լեզվով շարադրված իմաստնախոսությունները ևս, որոնք կարելի է մեջբերել այս կամ այն առիթով, բազմաթիվ են:
Ահա դրանցից մի քանիսը.
«Ամեն ոք մի առաքելությամբ է հանդես գալիս, ու քանի դեռ Աստծո շնորհածն ուժի մեջ է, մահն անզոր է»: «Մի՞թե խոսքերով կարելի է սովածին կերակրել կամ ողջախոհության կոչերով փակել մարդկանց ականջները»: «Իմաստության լույսը հասնում է ուղեղին, երբ մարդը մոտենում է իր վերջնագծին»: «Աստծո կարողությունները անսահմանափակ են, բայց ո՛չ համբերությունը»: «Գլուխ խոնարհելը դեռ չի նշանակում կոտրվել»: «Եթե նավակն անղեկ է ու անառագաստ, հույսերս էլի համընթաց քամին է լինելու»: «Մարդկության հույսը ծաղկելու է միայն մահվան սնարում»: «Ինչո՞ւ անմիաբանության մոլախոտն առատորեն աճում է հենց հայկական հողում»: «Անձկալի սխրանքի համար ոգի է պետք»: «Ե՛վ խաչ եմ ուսել, և՛ խփել եմ գամերը» և այլն:
Մեջբերենք նաև արձակագրի գեղարվեստական նկարագրությունների, համեմատությունների մի «փունջ»՝ քաղած այս վեպից. «Արևը հակինթի պես կարմրել, նմանվել էր սրատված, արնաբոսոր գլխի, որին հին աստվածները երկնակամարից կախել-մոռացել էին»: «Ցայգալույսի նորածագ արևն էր շողում պայծառ, մանկան խինդով…»: «Օրը փորձանքի հուն է մտել» և այլն:
Էդուարդ Խաչիկյանն ընթերցողի սեղանին է դրել մի պատմավեպ, որ կարող է փոխարինել մի ողջ պատմության դասագրքի, ինչից կարելի է և պե՛տք է դասել քաղել ներկայի և ապագայի համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։