Պատկեր-առարկաները Ռաֆայել Նահապետյանի «Գրա-մեքենա» և «Հեռախոսը» պատմվածքներում / Կարեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

 

 

Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունը հայ ժամանակակից գրականության ամենահետաքրքիր արտահայտություններից է: Փոքր և միջին ծավալի արձակի տիրույթներում Ռ. Նահապետյանը գեղարվեստական հետաքրքիր հնարների միջոցով կարողացավ ընդհանրացնել ժամանակի հասարակական կյանքի պատկերը: Նրա ողջ ստեղծագործության միջով կարմիր թելի պես անցնում են նուրբ հումորը, ջերմ համակրանքը մարդկայնորեն դրականի ու լուսավորի նկատմամբ և խորշանքը ամենայն կեղծիքից ու անարդարությունից:

Սույն հոդվածում մեր նպատակը վերն ասվածը «Գրա-մեքենա» և «Հեռախոսը» պատմվածքներում ցույց տալն է: Այս պատմվածքները  կառուցված են պատկեր-առարկաների շուրջ: Վերջիններս հակադրված կամ զուգահեռված են մարդկային արարքներին ու բնավորությանը: Պատկեր-առարկաների` մարդկային գծերով օժտված լինելու հանգամանքն անձնավորման սովորական արտահայտություն չէ: «Գրա-մեքենա» պատմվածքում լայն առումով չկա անձնավորման դրսևորում: Գրամեքենան, ի տարբերություն հեռախոսի, չունի ընդգծված մարդկային գծեր: Հակառակը` պատմվածքում ներկայացվում է գրամեքենայի գործունեության խաթարման զուտ տեխնիկական նկարագիրը: Գերիշխողը զուգահեռականության հնարն է: Վերջինս ենթադրում է երկու պլանի առկայություն: Երկրորդ պլանում մարդն է` գլխավոր հերոսը: Գրամեքենայի տեխնիկական խաթարման յուրաքանչյուր դրվագ պայմանավորում է հերոսի հոգեբանական տեղաշարժի նոր փուլ: Այս զուգահեռականության մեջ գերիշխողը փաստորեն պատկեր-առարկան է, որի տեխնիկական խաթարման գործընթացը դառնում է մարդու` աշխարհի ու հասարակության հետ ունեցած հարաբերությունների խզման «նախապատկեր»: Այս պատմվածքը ներկայացնում է մարդու օտարման անկումային գործընթաց, և անկման յուրաքանչյուր նոր փուլն սկսվում է գրամեքենայի տեխնիկական խաթարման հերթական արտահայտությունից հետո: Կարճ ասած` հերոսը նույնացել է գրամեքենայի հետ. «Ես նրան ցանկացա պատմել գրամեքենայիս հետ նույնանալու երևույթի մասին, բայց հետո մտածեցի, որ դրանով գործն ավելի կփչացնեմ, նա ինձ չի հասկանա կամ խենթի տեղ կդնի»: Եթե քայլ առ քայլ հետևենք այս զուգահեռականությանը, ապա ավելի առարկայական կդառնա Ռ. Նահապետյանի գեղարվեստական հնարը: Այսպես` գրամեքենայի տեխնիկական խաթարման առաջին փուլը ճիշտ բառերի փոխարեն բոլորովին այլ, համատեքստին անհաղորդ բառերի տպագրումն է. «Սովորական ու պարզ որևէ բառ մեքենագրելիս, ասենք, «իրիկնամուտ», երբ աչքս պատահաբար թղթին էր ընկնում, ձեռքս օդի մեջ քարանում էր: «Տրանսկրիպցիա»` ապշած կարդում էի ես` ոչ մի կերպ չկարողանալով հասկանալ, թե այդ անսովոր ու համարյա մոռացված բառը որտեղից հայտնվեց»: Սա հերոսի և հասարակության հարաբերությունների խզման առաջին փուլն է, որ արտահայտվում է շփման տրամաբանական կապի խախտումներով: Մեքենայի բառատպագրության անհետևողականությունը հերոսի գործողություններում արտահայտվում է անկապակից, խոսակցության համատեքստին անհաղորդ բառերի և արտահայտությունների կիրարկումներով. «Ասենք,  «Երեկոյան գնալու եմ թատրոն» սովորական նախադասությունը արտաբերելիս ականջներս հանկարծ սարսռանքով արձանագրում էին «Երեկոյան գնալու եմ կոլտնտեսություն» անիմաստ բառակապակցությունը»: Գրամեքենայի խաթարման հաջորդ փուլը տառաֆոնդից «վերջակետի» կոճակի ընկնելն է. «Համոզվելով, որ չի հաջողվում այն իր տեղն ամրացնել, գործս շարունակելիս ես նախադասություններն այնպես էի կառուցում, որ դրանք շատ երկար լինեն, և բազմակետերով ավարտելն արդարացվի»: Զուգահեռ պլանի վրա այս փոփոխությունն արտահայտվում է մարդկային շփման ոլորտում բազմիմաստության, մշուշոտության, անհասկանալիության և անավարտության հատկանիշներով: Սա մարդ-հասարակություն խզման երկրորդ փուլն է. «- Մի տեսակ ցրված ես դարձել,- ասաց ծանոթս,- տեղի-անտեղի անիմաստ ու անհեթեթ բառեր ես օգտագործում, միտքդ շատ խճճված ես արտահայտում, ավարտում բազմիմաստ, մշուշոտ բառերով կամ ընդհանրապես չես ավարտում»: Գրամեքենայի տեխնիկական խաթարման հաջորդ փուլը տարբեր տառակոճակների անկումն է: Սա հերոսի հոգեբանության և առօրյա գործողությունների դաշտում արտահայտվում է ներփակվածությամբ, սակավախոսությամբ, իսկ վերջում` լռությամբ: Դա մարդ-հասարակություն խզման առավել հասուն փուլն է: Դրա ենթափուլը հերոսի և սիրելիի խզումն է, որ գրամեքենայի տեխնիկական խաթարման դաշտում արտահայտվում է հաջորդաբար «ս», «թ», «մ» տառակոճակների անկումով` բացառելով «սիրելիս», «թանկագին», «իմ միակ» դիմելաձևերը. «Պահպանեցի «Թանկագին»-ը, այն փոքրիկ տարբերությամբ միայն, որ «Թ» չէի մեքենագրում: «Անկագին,- գրում էի,- երեկ երեկոյան…»: Եվ այլն»: Այսպիսով` մարդը գրեթե լիովին օտարված է հասարակությունից, փակվել են հաղորդակցման գրեթե բոլոր եզրերը. «Բավականին ժամանակ անց սկսեցի հստակորեն գիտակցել, որ մարդկանց կողմից լքված ու շատ միայնակ մեկն եմ դարձել, և որ ինձ սկսում են մոռանալ` չնայած կամ, շարունակում եմ լինել»: Այսքանով չի ավարտվում մարդ-հասարակություն կապի խզման գործընթացը: Հաջորդում է թվացյալ մեծամտության փուլը: Այդ իրավիճակի զուգահեռը գրամեքենայի մեծատառերի մեխանիզմի փչանալն է. «Հիմա արդեն բոլորը բարձրաձայն, անթաքույց չարությամբ հայտարարում էին, որ անասելի մեծամտացել եմ ու մարդկանց սկսել եմ վերաբերվել արհամարհանքով և անհարգալից»: Մարդ-հասարակություն խզման վերջին կետը հարբեցողությունն է: Զուգահեռը գրամեքենան յուղելու անհրաժեշտության գիտակցումն է: Այսպես` մարդը լիակատար օտարման փուլում է: Քայլ առ քայլ խորացել է պատնեշը: Ամբողջ ընթացքում առկախ է մնում այն հարցը, թե մարդն արդյո՞ք ցանկանում է  դեմ գնալ խզման օրինաչափ գործընթացին: Օտարման ակամա բնույթը կարծես թե հետին պլան էր մղել ցանկության հարցը: Սակայն դա արծարծվում է այն պահին, երբ կար գրամեքենան վերանորոգելու, այսինքն` աշխարհի հետ խաթարված կապը վերականգնելու հնարավորություն: Հենց այստեղ է, որ օտարման գործընթացին ակամա ենթարկված հերոսը դրան գումարում է ցանկության գործոնը: Արտաքին հանգամանքների կառուցած պատնեշն էլ ավելի է ամրանում հերոսի ներքին ցանկությամբ: Մարդ-հասարակություն կապի հեղհեղուկությունը գիտակցող հերոսը ցանկանում է մնալ ներփակվածության մեջ. «Իմաստ ունե՞ր որոնել ու գտնել մի բան,  որը մշտապես կորչելու վտանգի է ենթակա: Գրամեքենայիս գլխավերևում կանգնած` ես մեքենայաբար սկսեցի հարվածել միակ պահպանված տառի ստեղնին` շշշշշշշշշշշշշշ…

Ու տառը վայր ընկավ: Ես դա իբրև բացարձակ լռության խորհուրդ ընդունեցի»:

Այսպիսով` մարդու օտարման գործընթացն այս պատմվածքում անցնում է հետևյալ ենթափուլերով` անտրամաբանականություն-անհասկանալիություն-սակավախոսություն-լռություն-կարծեցյալ գոռոզություն-հարբեցողություն-կապը վերականգնելու բացակայություն: Հոգեբանական այս բարդ գործընթացը զուգահեռված է գրամեքենայի խարխլման տարբեր փուլերում` կոնտեքստին անհաղորդ բառերի տպագրություն-վերջակետի կոճակի անկում-«ս», «թ» և «մ» տառակոճակների անկում-այլ կոճակների անկում-մեծատառերի մեխանիզմի խարխլում-մեքենան յուղելու անհրաժեշտություն-վերջին կոճակի անկում:

«Հեռախոսը» պատմվածքում Ռ. Նահապետյանը դարձյալ կենտրոնում դրել է  պատկեր-առարկան, սակայն ընդհանուր առմամբ գործ ունենք այլ գեղարվեստական համակարգի հետ: Կենտրոնում դրված պատկեր-առարկան խորապես մարդկային հատկանիշների կրողն է: Ըստ էության` այն պատմվածքի գլխավոր կերպարն է, որ կողքի հայացքի միջոցով ներկայացնում է հասարակական հարաբերությունների խոր աններդաշնակությունը: Այս դեպքում հեռախոսի գործունեությունը չի մնում զուտ տեխնիկական հարաբերությունների հարթակում: Հեռախոսը մարդկայնորեն տեսնում և ընկալում է աշխարհը. «Ընկալուչի վերին փողրակով հրաշալիորեն զգալով խոսողների քունքերի զարկերակների տրոփյունը և անսխալ կարդալով նրանց մտքերը, ցածի փողրակով հաղորդելով այդ նույն անձանց բառերը` հեռախոսը վերջնականապես դադարեց մարդկանց հասկանալ: Ու ցնդեց: Ահավոր տարբերություն կար իրենից օգտվողների ասածների և մտածածների միջև»: Ինչպես նախորդ պատմվածքում, այստեղ էլ ժամանակ առ ժամանակ դրսևորվում են տեխնիկական խաթարումներ, սակայն, ի տարբերություն նախորդ օրինակի, այստեղ ամեն մի խաթարում պատճառաբանվում է զուտ մարդկայնորեն: Հեռախոսի տեխնիկական առաջին խաթարման պատճառը մարդկային կեղծիքն է.  «Այս տարօրինակ երևույթի հետ առաջին հանդիպումը հեռախոսի վրա շատ ծանր նստեց` ծակվեց նրա հուսալի սխեմայում եղած լավագույն կուտակիչը»: Այդ դեպքից հետո սկսվում է հեռախոսի ոդիսականը: Տնից տուն թափառումների ընթացքում նա որսում է մարդկային տարբեր արատներ, որոնցից գլխավորը կեղծավորությունն է: Երկրորդ տանը հեռախոսին անհանգստացնում է նաև մարդկային ծածկամտությունը.  «Անասելի ծածկամիտ մարդիկ էին, ու հեռախոսը նրանց մտքերը մեծ դժվարությամբ էր կարդում, չնայած կարդալուց հետո էլ ոչ մի բան համարյա չէր հասկանում, քանի որ այդ մտքերն, ասես, գաղտնագրված լինեին»: Մարդկային կեղծիքի անհանդուրժողականության արտահայտություն է դառնում հեռախոսի տեխնիկական երկրորդ խաթարումը: Այն արտահայտվում է զուգահեռ գծերի միացումներով.  «Ցանկանալով անպայման այդ տանից ազատվել` հեռախոսը երբեմն, երբ տերը կարևոր խոսակցություններ էր վարում ծանոթների հետ, «զբաղված է» ցույց տալու փոխարեն, տիրոջը զուգահեռաբար միացնում էր այդ պահին զանգահարողների հետ»: Հեռախոսի երրորդ հանգրվանը Գեղեցկադեմ Երիտասարդի բնակարանն է: Այս փուլում հեռախոսն ականատես է լինում մարդկային կեղծիքի նոր արտահայտությունների: Ավտոմատ քարտուղարի ձայնագրությունները ներկայացնում են Գեղեցկադեմ Երիտասարդի վարած կյանքը, որ բազմաթիվ աղջիկների և կանանց դժբախտությունների պատճառ է դարձել: Կեղծիքի և խաբեության այդ արտահայտությանը հեռախոսն արձագանքում է տեխնիկական հերթական խաթարմամբ.  «Հենց այստեղ հեռախոսը տարօրինակ մի քայլ կատարեց` ավտոմատ-քարտուղարին հրահանգեց ձայնագրությունը չմաքրել: Հետագայում ինքն իրեն չէր կարողանում բացատրել այդ քայլի պատճառը: Որոշակի ոչ մի նպատակ չուներ տվյալ պահին, կարծես թե, չուներ և չէր էլ պատկերացնում հետևանքը»: Հետևանքը ցավալի է դառնում Գեղեցկադեմ Երիտասարդի համար: Նա արժանի պատիժն է կրում: Պատմվածքի ավարտը հերթական անգամ շեշտում է մարդ-հասարակություն հարաբերության հարցը: Հասարակությանն անհաղորդ մարդու ֆունկցիան կատարողը տվյալ դեպքում հեռախոսն է: Երբ Գեղեցկադեմ Երիտասարդը նետում է հեռախոսը, վերջինիս դատողություններում արտահայտվում է աշխարհից և մարդկային հասարակությունից հիասթափության ողջ ուժը.  «Դեռևս օդի մեջ, դեպի դիմացի պատը թռչելիս, հեռախոսը հասկացավ, որ դա իր վերջն է: Բայց ամենևին չցավեց: Պարզ գիտակցեց, որ հոգնել էր մարդկանցից: Հետո հիշեց, թե ինչպես իր պատճառով նախկին տերն ինքնասպանություն գործեց, ու զգաց, որ գոյություն ունենալուց նույնպես հոգնել էր»:

Այսպիսով` այս պատմվածքների կենտրոնում դրված են պատկեր-առարկաները, սակայն վերջիններս նկատելիորեն տարբեր գործառույթ են իրականացնում: Կիրառված են զուգահեռականության և հակադրության հնարները: Խոսքը զուտ պատկեր-առարկաների կառուցվածքային դերի մասին է: Առաջին դեպքում պատկեր-առարկան զուգահեռվում է մարդկային հոգեբանությանը: Դրա տեխնիկական խաթարումը մոդելավորում է հերոսի օտարման գործընթացը` ներկայացնելով հերոս-պատկեր-առարկա նույնացումը կամ զուգահեռումը: Երկրորդ պատմվածքում չկա զուգահեռման արտահայտություն: Հեռախոսը ներկայացնում է հասարակությունից օտարված մարդու պատկերը` առանց որևէ միջնորդության: Կարճ ասած` հենց հեռախոսն է դառնում գլխավոր կերպար, որ արդեն ոչ թե գործողությունների մոդելավորողն է, այլ անուղղակի մասնակիցը` հակադրված մարդկային հասարակությանը: Ի տարբերություն գրամեքենայի` հեռախոսը գործողությունների զուգահեռ պլանը կառուցող չէ, այլ հենց հիմնական պլանի անուղղակի, բայց միաժամանակ կարևորագույն մասնակից: Նրա ֆունկցիան գործողությունների համատեքստում ինչ-որ չափով քողարկված է, բայց հենց հեռախոսի տեխնիկական խաթարումներն են ստեղծում պատմվածքի բեկումնային դրվագները: Առաջին պատմվածքում խաթարումը զուտ տեխնիկական բնույթ ուներ, և մարդկային հոգեբանության տեղաշարժերն են «հարմարեցվում» դրան: Երկրորդում կատարվում է հակառակը. հեռախոսի տեխնիկական խաթարումներն են «հարմարեցվում» մարդկային հոգեբանությանը: Այսինքն` այս առումով պատկեր-առարկաները հակադրվում են միմյանց: Առաջին դեպքում մարդկային հոգեբանությունն է ստորադասված պատկեր-առարկային, երկրորդում` ճիշտ հակառակը: Եվ դա է պատճառը, որ երկրորդում այդ պատկեր-առարկան վերածվել է լիարժեք կերպարի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։