Պոեզիան, երգը, սերը… / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Լևոն ԲլբուլյանՍամվել ԿՈՍՅԱՆ – Կա՞ այնպիսի թեմա, որը Ձեր առաջին՝ «Քեզ սերն է ծնել» գրքից մինչև բանաստեղծական վերջին շարքը ուղեկցել է և հավանաբար կշարունակի հավատարիմ մնալ Ձեզ…
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ – Ինչպես շատ բանաստեղծների դեպքում, առաջին իմ գրչափորձերն էլ սիրային թոթովանքներ են եղել, իսկ առաջին գրքիս վերնագիրն ինքնին հուշում է, որ գլխավոր թեման սերն է: Երկրորդ ժողովածուս «Համբույրի ծաղիկն» էր, երրորդը՝ «Գաղտնիքների խեցին», ու դարձյալ խորագրերը մատնում են, թե դրանցում ինչ մոտիվներ են գերակշռողը: Այսինքն, ինչպես ասում են, իմ քնարի նախ սիրո լարն էր հաճախ ու լավ հնչում: Բայց երրորդ գրքում արդեն զգալի բաժին էին կազմում խոհական բանաստեղծությունները, ու դրանից սկսած արդեն խոհականությունը հատկանշական դարձավ իմ ստեղծագործություններին, հետագա գրքերին. տեսած-ապրածս իմաստավորող դիտարկումներ ու ընդհանրացումներ, ինքնաճանաչման, ինքնորոնման փորձեր, պատասխան փնտրող հարցեր: Բանն աստիճանաբար հասավ նաև քառյակների, անգամ քառյակների ամբողջական ժողովածու տպագրեցի, որն, ի դեպ, այդ տարվա լավագույն բանաստեղծական գիրք ճանաչվեց…
Բայց վստահ կարող եմ ասել, որ, այնուամենայնիվ, սիրո թեման երբեք չի լքել ինձ և ուղեկցում է միշտ: Բոլոր ժողովածուներիս մեջ առանձին խորագրի ներքո սիրո բաժին է եղել: Ժամանակի ընթացքում նույնիսկ սիրային գործերի ընտրանի հրատարակելու պահանջ հասունացավ, որը տպագրվեց «Գիրք սիրո» խորագրով: Տրամադրությամբ, հնչերանգով, տեսակով այդ բանաստեղծություններն, իհարկե, էականորեն տարբերվում են իրարից, ու փորձառու ընթերցողը շատ հեշտ կգուշակի, թե դրանցից որը կյանքի որ շրջանում, ինչ տարիքում է գրվել: «Գրական թերթում» տպագրված սիրային վերջին շարքս կոչվում էր «Աշնանային ծաղիկներ»: Թեև դանդաղ, բայց այն կարծես թե շարունակում է համալրվել ու հավակնում է առանձին ժողովածու դառնալ…
Իսկ առհասարակ, լայն առումով, իմ (նաև բոլորիս) գլխավոր թեման կյանքն է՝ իր հայտնի-անհայտներով, հարցականներով, կարելի է ասել՝ հոգուս պատմությունը օրերիս մեջ: Ի վերջո, մեր ապրած կյանքն է հուշում, մեր միջով անցնող օրերն են թելադրում այն տողերը, որ երգ ու բանաստեղծություն են դառնում: Ըստ իս, կյանքի մասին, իր և նրա փոխհարաբերությունների մասին խորհրդածելով, նույնիսկ ցավը, կորուստները, թախիծը, անորոշությունը իմաստավորելով, իսկական բանաստեղծը, վերջին հաշվով, յուրովի շարունակում է կյանքի գեղեցկությունները, բարությունը, սիրո հավերժական հմայքները երգել ու մերժել չարը…

Ս. Կ. – Դուք բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ եք: Հետաքրքիր է, ավելի ճանաչված եք Ձեր հեղինակած գրքերո՞վ, թե՞ երգի տեքստերով:
Լ. Բ. – Այո՛, ես բարեբախտություն եմ ունեցել երգեր ստեղծել մեր գրեթե բոլոր երևելի երգահանների հետ. Կոնստանտին Օրբելյան, Ալեքսանդր Աճեմյան, Ռոբերտ Ամիրխանյան, Տիգրան Մանսուրյան, Արամ Սաթյան, Սասուն Պասկևիչյան, Արա Գևորգյան, Մարտին Վարդազարյան… Միայն Առնո Բաբաջանյանի հետ չհաջողվեց հանդիպել, բայց կարծես շտկել եմ ճակատագրի սխալը. նրա նախ ռուսերեն հայտնի մի քանի երգեր այսօր հնչում են նաև իմ հայերեն տեքստերով: Կարող եմ նաև պարծենալ, որ անգամ Արամ Խաչատրյանի հետ եմ «համագործակցել». վերջերս նրա անունը կրող մեծ համերգասրահում կայացած իմ հոբելյանական երեկոյում հնչեց շատերի կողմից այնքան սիրված խաչատրյանական օրհներգը՝ իմ գրած նոր խոսքերով, ու ես անչափ հուզված էի դահլիճի ջերմ, ես կասեի՝ խանդավառ ընդունելությունից…
Հաճույքով եմ հիշում այն տարիները, երբ պարբերաբար նոր երգեր էին ծնվում իմ խոսքերով ու անմիջապես ընդունվում, սիրվում ունկնդրի կողմից (անշուշտ, նաև այդ գործում հմուտ իմ ավագ գրչեղբայրների՝ Արամայիս Սահակյանի, Լյուդվիգ Դուրյանի, Գարիկ Բանդուրյանի խոսքերով): Յուրաքանչյուր կոմպոզիտորի հետ աշխատելը յուրովի հետաքրքիր էր և ուսանելի: Ավաղ, պատկառելի այդ ցանկից ոմանք արդեն չկան, իսկ մյուսները կարծես ասպարեզն ինքնուսներին են զիջել, որոնք լուրջ կարևորություն չեն տալիս երգերի տեքստերին: Նրանք, առանց փոքր-ինչ կաշկանդվելու, կա՛մ իրենք են ինչ-որ բառեր կցմցում, հարմարեցնում իրենց երաժշտությանը, կա՛մ դա հանձնարարում են գրական հակումներ ունեցող իրենց ծանոթ-բարեկամներին, ու… այսօր պարզապես հաճելիորեն զարմանում ես, երբ հանկարծ որոշակի ասելիք ունեցող, մեր լեզվի հանդեպ չմեղանչող, միտք ու լսողություն չվիրավորող տեքստով երգ ես լսում: Մարդ մնում է ապշած, թե ինչպես են նորօրյա երգահանների, հետո արդեն կատարողների, ապա նաև ռադիոյի ու հեռուստատեսության պատասխանատուների կողմից ընդունվում այդ բառակույտերն ու ազատ ներկայացվում հանրությանը:
Նախկինում նման բան լինել չէր կարող պարզապես… Բայց սա, իհարկե, առանձին ու լուրջ խոսակցության նյութ է, շատ ցավոտ խնդիր, որի կողքով չկարողացա անցնել: Իսկ դառնալով հարցին, վստահ կարող եմ ասել, որ ինձ ավելի շատ գիտեն շնորհիվ երգերի (եթե խոսքը միայն գրական, գրասեր շրջանակների մասին չէ): Ուզում եմ հուսալ, որ երգերի «միջնորդությամբ» ունկնդիրների գոնե մի մասը հետաքրքրվում ու նաև գրքերս է կարդում: Մեկ-երկու անգամ տարբեր մարդկանցից նման խոստովանություն եմ լսել:

Ս. Կ. – Ձեր թարգմանությունների ցանկում իրենց աշխարհայացքով, ոճով և փիլիսոփայությամբ անպայմանորեն առանձնանում են Օմար Խայամն ու Վլադիմիր Վիսոցկին: Անցումը՝ մեկից մյուսին, հեշտ չես համարի… Սիրո՞ւմ եք ռիսկի դիմել:
Լ. Բ. – Իրոք, ոճ ու մտածողությամբ իրարից շատ տարբեր նշված «ոչ սովորական» հեղինակների ստեղծագործություններին ձեռք զարկելը հազիվ թե կարելի է սովորական քայլ համարել: Բայց այսօրվա գնահատմամբ՝ Վիսոցկու առումով ռիսկը շատ ավելի մեծ էր, որովհետև այն օրերին գեղարվեստական թարգմանության դեռ չնչին փորձ ունեի: Այսինքն՝ թարգմանական նկատելի հակումներ չունեի, ինչ-որ ներքին մղում, թելադրանք չկար, անկեղծ ասած, հետաքրքրությունն էր շարժիչ ուժը. կկարողանա՞մ «հայացնել» նման անսովոր, յուրահատուկ, շա՜տ շատերից այնքան տարբեր մի պոետի: Այդ հետո միայն, ընթացքում որոշակիորեն զգացի նրա իրական մեծությունը, հասկացա, որ գործ ունեմ մի բանաստեղծի հետ, ում մեջ, ինչպես մենք մեր Չարենցի մասին ենք ասում, մի քանի բանաստեղծ կա: Հիմա մտածում եմ, որ եթե սկզբում այդ ամենը լրջորեն գիտակցեի, հաստատ համարձակությունս չէր ների նման «բեռի տակ մտնել»: Բայց եղավ՝ ինչ եղավ: Առաջին հրապարակումից հետո արձագանքն այնպիսին էր, որ ես գրեթե «ստիպված եղա» նոր գործեր թարգմանել, ու Վիսոցկին աստիճանաբար այնքան հոգեհարազատ դարձավ, շարունակաբար բացվեց ինձ համար, որ, կարելի է ասել, ինչ-որ չափով անգամ ազդեց իմ հետագա ստեղծագործությունների, երևի նույնիսկ բնավորությանս վրա: Էլ չեմ խոսում այն մասին, թե թարգմանական աշխատանքի ինչպիսի փորձառություն ձեռք բերեցի նրա բառ ու տողի, հանգավորման, ոճ ու մտածողության դիմադրությունը հաղթահարելիս: Դա ամենաիսկական փորձաքար ու մեծ դպրոց էր ինձ համար: Տարիների ընթացքում ձեռագիրն ամբողջացավ, հարստացավ նաև հեղինակի մասին հիշողություններով, կյանքի, արվեստի մասին նրա ուշագրավ խորհրդածություններով ու ընթերցողի սեղանին դրվեց բանաստեղծի 60-ամյակի օրերին, որ առանձնահատուկ շուքով նշվեց Խորհրդային Միությունով մեկ:
Իսկ վերջին երկու-երեք տարիներին ես Օմար Խայամի քառյակների թարգմանությանն էի տրվել (բնագրի տողացիներից) միանգամայն ներքին մղումով, ամենայն պատասխանատվությամբ, ասես նրա հանդեպ հին, վաղեմի բարեկամություն, հարազատություն զգալով: Այս դեպքում քայլս լիովին գիտակցված էր: Որքան դժվարին ու պատասխանատու, նույնքան և հաճելի, ստեղծագործական վայելքով ուղեկցվող տևական աշխատանք էր: Ե՛վ որպես մարդու, և՛ որպես գրողի այն շատ բան տվեց ինձ. ներքուստ հարստացած, իմաստնացած զգացի ինձ կարծես և ուզում եմ հուսալ, որ գիրքը կարդալուց, Խայամի՝ մեկը մյուսից իմաստուն խորհուրդ-խրատներին, փիլիսոփայական խորունկ մտածումներին հաղորդակցվելով, նույն զգացողությունը կունենան նաև ընթերցողները: Բարեբախտաբար, արձագանքներն այդ մասին են վկայում: Շնորհանդեսին շատ լավ կարծիքներ լսեցի և, որ շատ կարևոր է, իրենց անաչառությամբ ու խստապահանջությամբ հայտնի իմ մի շարք գրչընկերներից: Իսկ այդ ամենի «վավերացումը» ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխությունում ժողովածուի՝ Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակին արժանանալն էր:
Բարեբախտություն եմ համարում, որ շուրջ չորս տասնամյակ իմ ստեղծագործության անբաժան մասն է կազմում նաև գեղարվեստական թարգմանությունը, քանզի թարգմանելիս գրեթե նույն վայելքն եմ ապրում, ինչպես սեփական ստեղծագործություններիս վրա աշխատելիս: Իհարկե, հատկապես այն դեպքերում, երբ «քեզ մոտիկ» հեղինակի ես թարգմանում:
Ս. Կ. – Պարզվում է, Լևոն Բլբուլյանը նաև բանահավաք է, ապացույցը՝ «Բոյիդ մեռնեմ» խորագրով Ձեր ծննդավայր Գավառի զվարճապատումների երեք գրքույկներն են: Շարունակություն կլինի՞…
Լ. Բ. – Բոլորի կողմից սիրված այդ կատակները ես գրի առնում, ի մի եմ բերում ամենայն հաճույքով ու նաև` պատասխանատվությամբ. դրանք ժողովրդական բանահյուսության յուրահատուկ նմուշներ են և ափսոս է, որ կորչեն: Արդեն չորրորդ գրքույկն էր ընթացքի մեջ, երբ ծնվեց բոլոր պատումները մի գրքի մեջ ամփոփելու գաղափարը, ու նոր գրառումներն էլ տեղ գտան ամբողջական մեծ հատորում՝ ծնունդով քյավառցի անվանի գրականագետի՝ Ազատ Եղիազարյանի ջերմ առաջաբանով: Տեսնենք՝ շարունակություն կլինի՞: Հիմա, իհարկե, ժամանակներն այնքան էլ նպաստավոր չեն…

Ս. Կ. – Եթե գնահատելու լինեք արդեն արվածը, արդյոք դեռ պիտի թվա՞, թե հիմնական անելիքն առջևում է:
Լ. Բ. – Այդպես մտածելը երևի շատ հավակնոտ կլինի. անցյալ տարի յոթանասունս հատեցի: Բայց որ առջևում անելիքներ կան ու կլինեն, վստահ եմ: Արդեն երկար տարիներ մի նշանաբան ունեմ. «Ապրածդ ամեն օրվան քեզանից ինչ-որ բան պիտի տաս ու նրանից ինչ-որ բան վերցնես»: Դեռ որ կարողացել եմ սկզբունքիս հավատարիմ մնալ:
Վերջին շրջանում իմ մեջ կարծես թարգմանիչն է ակտիվացել: Արդեն մի քանի ամիս, Աննա Ախմատովայի թարգմանական ժողովածուն է «ձեռքիս», վերջին շտկումները, լրացումներն եմ անում: Սա, կարելի է ասել, Քովիդ 19-ի նվերն էր ինձ. կարանտինի ճնշող օրերին վճռեցի տանը մնալս արդարացնել ռուս հրաշալի բանաստեղծուհուց ամփոփ մի ժողովածու պատրաստելու վաղեմի ցանկությունս իրականացնելով (որքան էլ զարմանալի է, նման բանաստեղծուհուց մենք հատ ու կենտ թարգմանություններ ունենք միայն): Ահա դժվար թարգմանվող, բայց դարձյալ շատ արժանավոր ու մեծ մի հեղինակ ևս՝ թվացյալ պարզության, հասարակ, առօրյա խոսվածքի մեջ՝ խորն ու բարդ, շատ ուրույն, գրավիչ ոճ ու մտածողությամբ: Բայց ինձ հաճելի է հենց այդ դժվարությունների, տեսանելի ու թաքուն արգելքների հաղթահարումը: Վերևում ասացի՝ կարևոր է, երբ թարգմանվող հեղինակը «քոնն» է, բայց ասվածը չի կարելի բացարձակացնել: Ըստ իս, թարգմանական արվեստն ինչ-որ տեղ դերասանական արվեստի հետ կարելի է համեմատել. ինչպես լավ դերասանը, իսկական պրոֆեսիոնալը պիտի կարողանա, պարտավո՛ր է մտնել հերթական հերոսի «մաշկի տակ», այդպես էլ թարգմանիչը պիտի «վերամարմնավորի», բացահայտի ա՛յն բանաստեղծին, ում թարգմանում է: Ե՛վ հաճելի, և՛ տանջալի մի ընթացք է դա, ավելի ճիշտ` բերկրալի տանջանք: Մանավանդ, երբ որոշ դեպքերում քեզ հուսահատության մատնող արգելքներ ես կարողանում հաղթահարել, կարծես նորից ու կրկին սիրահարվում ես հայոց լեզվին, նրա հանդեպ շնորհակալությամբ լցվում, թերևս, ավելի շատ զգում, գնահատում մայրենիի հարստությունը, ճկունությունն ու գեղեցկությունը, քան սեփական բանաստեղծությունները գրելիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։