«Գիշերային էսքիզներ»` բառափշուր շուշան / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Երջանկության ընկալումը վերաիմաստավորող բանաստեղծուհի է Նաիրա Սիմոնյանը: Ասվածն ապացուցելու համար հարկ չկա թերթել նրա «Գիշերային էսքիզներ»-ը, կամ ետ գնալով, իրար ետևից բացել մինչ այդ հրատարակված նրա բանաստեղծական բոլոր երեք ժողովածուները: Այդ մասին խոսում է «Գիշերային էսքիզների» մուտքը պահող հենց առաջին «էսքիզը».
Ինչ երջանկություն,
կանգնել հինավուրց
վանքերիդ առջև ու լուռ աղոթել,
աղոթել մեռած հին աստվածներին,
նորին` աղոթել,
թարգմանիչ դառնալ լռող քարերին`
սարսուռով պատվել,
կյանքը այս զգալ իմ երակներով
հոսող արյան մեջ,
ու ալիքներին իմ մունջ մտքերի
երերալ անվերջ,
որտեղ չկայի` ինձ տեսնել այնտեղ,
թախիծը զգալ, որ չեմ լինելու,
և պատմությունը քարի լեզվի մեջ
բա՜րձր է հնչելու:

Ժողովածուն բացող այս բանաստեղծությունը, որ ժամանակագրված է`13.03.12 թ. Հռոմ, հատկապես` «որտեղ չկայի` ինձ տեսնել այնտեղ» արտահայտությունը, յուրահատուկ հարթակ է բանաստեղծուհու հոգևոր թռիչքների համար, որոնց էլ հանդիպում ենք գրքույկի հաջորդ էջերում: Հանդիպում ենք հասկանալով, որ Նաիրա Սիմոնյանի համար գոյության իմաստի որոնումն այլևս ավարտված է: Նա փնտրել և գտել է, որ գոյությունը հավերժի մեջ շարունակվելու հնարավորություն է, և որքան երջանիկ է նա, ով իրեն կարող է զգալ այնտեղ, որտեղ ֆիզիկապես չկա:
Մարդն իր տեղում է այնքանով, որքանով պատրաստ է հասնելու «Աստծո դռանը», ասել է, թե` պատրաստ է միանալու Հավերժությանը: Բայց դա բոլորովին էլ սահուն ու հեշտ ճանապարհ չէ, այլ` ցածրից բարձրին հասնելու պայքար է ու դիմադրություն, գիշերային մութի միջով արշալույսին հասնելու կամք ու տոկունություն.
Թե ձայնս եղավ հասու ունկերին`
ուրեմն եղել եմ,
մարմինս տված կենաց չար հողմին`
լուռ դիմադրել եմ,
մեկ անունով համայնն եմ գտել`
արդեն սիրել եմ,
ցածր կենցաղից մինչ երազ բարձունք`
քեզ ամուր գրկած
տարել-հանել եմ…
Եկել-հասել եմ վաղ արշալույսին,
Երբ քնի մեջ եք
Աշխարհը և դու,
Ու արդեն գիտեմ, թե այդ որ ճամփան
Ինձ պիտի հանի
Դուռը Աստծու…

Սփյուռքահայություն: Հայրենիքից հեռու ապրողի կարոտն անթարգման է: Երբ փորձում ես «թարգմանել», այսինքն` հասկանալ նրանցից որևէ մեկին, պարզապես թախծում ես նրա հետ, հուսադրող խոսքեր գտնում…: Նաիրա Սիմոնյանը ևս հայրենիքից հեռու է ապրում: Ի՞նչ թախիծ, կամ հուսադրող ի՞նչ խոսքեր, երբ հոգին գալարվում է ցավից, մի պահ, ասես, նվաղում, նրբանում ծաղկի պես, հաջորդ պահին` անհայտի գիրկն ընկած աստղի պես տառապում: Սարսուռ ես ապրում, երբ փորձում ես «թարգմանել» բանաստեղծուհու ապրումները.
Ես կմնամ այստեղ,
կեչիների խորքում`
Որպես կարոտների
անթարգման գիրք,
Ես կմնամ`
որպես ծաղիկների լեզու`
Որպես կենաց-մահու
սակարկվող կիրք:
Ես կմնամ այստեղ`
հայրենիքից հեռու`
Որպես արարատյան
բառափշուր շուշան,
Եվ հյուսիսային ձյուների գրկում`
Որպես հեռավոր աստղ անհայտում:

Պատկերացնել է պետք` «Արարատյան բառափշուր շուշան»…: Ահա, թե ինչպիսին կարող է լինել հեռուներում, հայրենյաց կարոտներով ապրող պոետ կինը: Նրա արարատյան բառը փշրված է` երբ հեռվում է, բայց փշուրը նուրբ է ու ազնիվ, ինչպես շուշանը ծաղիկ:
Քչի մեջ շատը գտնող, աշնան թախծի մեջ`գարուն, «օդը նյութեղ» տեսնող, «մշուշը` մարմնեղ», Աստծո վրձինը գարունների մեջ տեսնող, ձյունաշատ երկրում արևի ժլատությունը իր ջերմությամբ լրացնող բանաստեղծուհի է Նաիրա Սիմոնյանը:
«Գիշերային էսքիզներ» ժողովածուն նրա կյանքի այն ճանապարհն է, որտեղ միջավայրը գրական է, որտեղ նրա հետ են «աստղազարմ անուն» ունեցող պոետ ընկերները, նույնիսկ նրանք` ովքեր ջահերն արդեն Երկնքից են վառելու, ովքեր հեռացել են` առանց հեռանալու… Ճանապարհ, որտեղ ներկա են հարազատներն ու մտերիմները, որոնց սիրով էլ լցվել են կյանքի դավադիր խոր խութերը:
Սա Նաիրա Սիմոնյանի կյանքի ճանապարհն է` լուսնկա գիշերվա միջով, ուղիղ ու անխոտոր, լի մութը ցրող լուսնի արծաթահունչ զրնգոցով, անցյալը, ներկան ու ապագան իրար հետ աննկատելի կապակցումով, մտերմիկ կանչերով առինքնող, ճիշտ այնպիսին, ինչպիսին Իսահակ Լևիտանի «Լուսնկա գիշեր: Ճանապարհ» գեղանկարն է, որ արարվել է դեռևս 120 տարի առաջ: Նաիրա Սիմոնյանի բանաստեղծությունները ճիշտ նույն ծառերն են, որ ինչպես հանճարեղ կտավում, այս ժողովածուում էլ ձգվում են դեպի լուսնառատ երկինք՝ երկրի վրա պահելով իրենց ուղիղ ու անխոտոր ընթացքը: Հենց սա է երջանկությունը վերաիմաստավորելը մեր օրերում` ձգվել դեպի հավերժություն, երկրի լուսնառատ ճանապարհներին թողնելով գոյությանդ ստվերը: Դարձյալ ճիշտ այնպես, ինչպես հանճարեղ կտավում, որի պատկերը զարդարում է բանաստեղծուհու «Գիշերային էսքիզներ» ժողովածուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։