Երեք հարց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին

«ԳԹ» – Սփյուռքի հայագիր և օտարագիր հայ գրողների առաջին համատեղ համաժողովը մեր գրական կյանքի կարևոր իրադարձություն դառնալու հայտ ունի: Համաժողովը արժանավայել և արդյունավետ անցկացնելու համար ի՞նչ կազմակերպչական աշխատանքներ են տարվում:
Էդ. Միլիտոնյան – Հոկտեմբերի 8-12-ը Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի կունենա Սփյուռքի հայագիր և օտարագիր հայ գրողների առաջին համատեղ համաժողովը: Մինչ այս, երկու տարին մեկ առանձին-առանձին լինում էին Սփյուռքի հայագիր գրողների և օտարագիր հայ գրողների համաժողովներ: Այս տարի ընդառաջ գնացինք մեր հովանավորի ցանկությանը` մեկտեղելով այդ երկու ձևաչափերը: Հրավերներն արդեն ուղարկվել են ինչպես մեր Միության անդամներին, այնպես էլ Իրանի, Լիբանանի և այլ երկրների գրական կազմակերպություններին: Համաժողովի գլխավոր թեման է «Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև», որի շրջանակում նախատեսվում են ենթաթեմաներ` «Հայ գրականությունն աշխարհի թարգմանական քարտեզում», «Նոր ժամանակներ և նոր մարտահրավերներ», «Գրական մամուլը Հայաստանում և Սփյուռքում» և «Ժամանակակից հայ գրականության տարածման ուղիներում»: Նախապես թեմաների քննարկում է կազմակերպվել, որին ներկա են եղել գրականագետներ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից և Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնից, ովքեր ցանկություն են հայտնել հանդես գալու այդ թեմաներով: Զեկուցումները հիմնականում արդեն պատրաստ են: Հրավերում նշել ենք նաև, որ մեր Սփյուռքի հայագիր և օտարագիր հայ գրողները ցանկության դեպքում կարող են ուղարկել իրենց գրավոր ելույթները վերոնշյալ թեմաների շուրջ: Արդեն ոմանք ցանկություն են հայտնել և առաջարկել են իրենց զեկուցումն ընդգրկել ծրագրում: Համաժողովի ժամանակ առանձին հանդիպում կլինի գրական մամուլի ղեկավարների հետ` ծանոթանալու, նրանց հետ աշխատելու, համատեղ քննարկումներ կազմակերպելու նպատակով: Հանդիպումներ կլինեն նաև ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցների հետ: Կլինեն որոշակի ձևաչափերով միջոցառումների ծրագրեր:
Համաժողովի գլխավոր հովանավորը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է, ով մշտապես եղել է նման համաժողովների գլխավոր աջակցողը: Համաժողովին կմասնակցեն նաև ՀԳՄ անդամներ: Գրական մամուլի խմբագիրների հետ հանդիպումը կանցկացվի ՀԳՄ դահլիճում:
«ԳԹ» – Վերջերս գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի` գրողների և գրականության մասին մի շարք կարծիքներ բանավեճի պատճառ դարձան սոցիալական տարբեր հարթակներում: Ձեր կարծիքը երևույթի շուրջ:
Էդ. Մ. – Ծանոթացա այդ քննարկումներին և՛ ընթացքում, և՛ հետո էլ` որոշ հարցեր ճշտելու համար: Մեր գնահատված գրողներից, չգիտեմ բարեբախտաբար, թե ցավ ի սիրտ, քիչ մասնակցեցին այդ ալեկոծություններին:
Թռուցիկ հայացքն էլ պարզաբանում է մի բան, որ մեր սոցիալական ցանցերում գրականության վերաբերյալ կա լուրջ հետաքրքրություն, և ցանկալի է, որ այդ լուրջ հետաքրքրությունը նաև լուրջ մեկնաբանությունների, եզրահանգումների, վերլուծությունների տեղիք տա, դա լինի որոշակի բարեկրթության, գրականությանը վայել բարձունքի վրա: Իհարկե, կարող է գրականագետը կամ որևէ ուսումնասիրող իր կարծիքը հայտնել, բնականաբար, դա իր կարծիքն է, և ճշտի ու սխալի տերը ինքն է: Իր կատարած ուսումնասիրության հիման վրա ներկայացնել իր թվերը, թե որ գրողից որքան գիրք է վաճառվել, կամ հրատարակված որևէ գիրք ընթերցանության ինչ ծավալներ է գրավել և այլն, սրանք իսկապես ուսումնասիրության նյութ են, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ եթե մի հեղինակից տասը գիրք է վաճառվել, մյուսից` ութ, ուրեմն տասը գիրք վաճառածն ավելի լավ հեղինակ է, քան մյուսները: Վաճառքի թվերն էլ հաճախ առանձնապես նշանակություն չունեն, երբ խոսքը վերաբերում է խոհուն գրականագիտությանը: Մանկապատանեկան գրականության ընթերցողները հարյուր հազար են, դրամատուրգիան դահլիճում հազարավոր մարդկանց է հավաքում, մանկապատանեկան գրականության լավագույն նմուշներն ընդգրկվում են դասագրքերում, բազմաթիվ երեխաներ են ընթերցում: Կցանկանայի, որ այդ ամենի խորքում լիներ լուրջ գրականագիտական եզրահանգում: Ցավոք սրտի, մեզանում շարունակվում է այն հոգեբանությունը, որի դեմ Հովհաննես Թումանյանը խոսել է դեռևս անցյալ դարի սկզբներին: Կարդում էի Սուսաննա Հովհաննիսյանի «Մանուկ Աբեղյանի և Թումանյանի գրական համագործակցության պատմությունից» հոդվածը, որտեղ նշում է Թումանյանի վերաբերմունքը քննադատության վերաբերյալ` «Ես կընդունեմ ամեն տեսակ աննպաստ կարծիք, եթե նա փաստ լիներ…»: Կամ Սուսաննայի կարծիքը` «Թումանյանը, որ հաճախ է խոսել քննադատի դերի կամ կոչման մասին, երբեք չի ընդունել որևէ քննադատի, ով ճշմարիտ արվեստին հասու լինելու համար տքնաջան աշխատանքի փոխարեն կատեգորիկ դատողություններ ու կտրուկ որակումներ է անում, լավ թե վատ, կարևոր չէ»: Փաստորեն, Թումանյանը հարյուր տարի առաջ խոսում է այն մասին, ինչ մենք հիմա ենք փորձում ասել: Այսինքն` մեր վերաբերմունքը գրականության հանդեպ մնացել է և հավանելու-չհավանելու, լավ-վատ մակարդակին: Զարմանալիորեն նման գաղափար է հայտնել նաև, ցավոք սրտի, վերջերս կյանքից հեռացած հրաշալի գրող Պերճ Զեյթունցյանը 1971 թ. «ԳԹ»-ի մայիսի 28-ի «Սահմանների մասին» հոդվածում. «Պատահական չէ, որ մեր առօրյա խոսակցությունների ժամանակ սովորական են դարձել «ջարդել» և «գովել» արտահայտությունները, որոնք ժամանակին սիրում էին օգտագործել գավառական ինտելիգենտները: Մի՞թե իսկական քննադատությունը կարող է երբևիցե նման որակումների արժանանալ, կամ, ասենք, մի դեպքում փաղաքշանքներով «երես տալ» գրողին, մյուս դեպքում` նեղացնել ու վիրավորել, մի խոսքով, ընտանեկան փոխհարաբերություններ ստեղծել: Սա արդեն այն դեպքն է, երբ ականատես ենք լինում «գրական ընտանիք» հասկացությունը տնարարության վերածելու փաստին: Գրական տնարարությունը, «տաքուկ ընտանիքն» են հենց ծնում միակողմանի ճաշակն ու ցածր չափանիշները, ինքնագոհությունն ու ինքնասիրահարվածությունը, խմբակայնությունն ու անհանդուրժողականությունը: Ի վերջո` գավառամտությունն ու սահմանափակությունը»: Երկու անվիճելի սիրված գրողների խոսքեր մեջբերեցի` արտահայտելով այսօրվա իրողությունը: Եվ եթե մենք չանսանք այսպիսի կարծիքների, դիտողությունների, ապա կշարունակենք նույն կերպ մակերեսայնորեն ներկայացնել մեր ժամանակակից գրականությունը, որն արժանի է ամենայն խորությամբ ուսումնասիրելու, քննարկելու, վերլուծելու, և այդ դեպքում և՛ դրականը, և՛ բացասականը կարտահայտվեն վերլուծական խորության մեջ` առանց ածականների: Նշեմ, որ ՀԳՄ-ն արձակի և պոեզիայի լիանիստերում որոշակի չափորոշիչներ-չափանիշներ է ներկայացրել զեկուցողների և մյուս գրողների ելույթներով, բայց դրանք չես կարող որպես վերջնական արդյունք ներկայացնել: Ընթացիկ գրական կյանքը պիտի ընդգրկուն լինի, և՛ սոցիալական կայքերում, և՛ գրական մամուլում, և ամենուրեք այդ վերլուծությունները պիտի լինեն, բայց արժանի գրականությանը, իր մտքի ինքնատիպությամբ, ժամանակակից գրականագիտական խորաթափանցությամբ: Սերգեյ Սարինյանի և Ժենյա Քալանթարյանի ուսումնասիրությունները ժամանակակից գրականության վերաբերյալ հենց ուղիներ ցույց տվող գործեր են, որոնք մեր քննադատական միտքը պիտի ճանաչի, վերլուծի: Այնքան կուրախանայի, որ մեր գրականագետների, գրաքննադատների հոդվածները տպագրվեին արտասահմանյան լուրջ հանդեսներում, ներկայացնեին մեր գրականությունը կամ բաղդատեին համաշխարհային ժամանակակից գրական ընթացքի հետ և այդպիսով ներկայացնեին մեր գեղարվեստական մտածողության ժամանակակից մակարդակը ոչ միայն պոեզիայի ու արձակի, այլև դրամատուրգիայի, մանկապատանեկան գրականության, թարգմանական հարցերի վերաբերյալ: Գրականագիտությունը ներկայանա որպես գիտություն, ինչպես կարդում ենք Բախտինի, Լոտմանի, Բարտի, Բոնֆուայի և մյուսների հոդվածներն ու գրքերը` որպես առանձնահատուկ գիտություն: Որոշ գրականագետների գրքերում, հոդվածներում այդ գիտությունն արտահայտվում է խոհագրության ոգով կամ գեղարվեստական տարրեր կրելով: Այնպես որ, գրականագիտությունն անընդմեջ շարժման մեջ է, և վերջնական կարծիք չես կարող ասել` հենց այսպիսին պիտի լինի գրականագիտությունը: Բայց որ գիտություն պիտի լինի իսկապես, սա է կարևոր:
Ի տարբերություն Թումանյանի և Զեյթունցյանի նշած ժամանակների` այսօր որոշակի բան փոխվել է: Գովազդն արդեն իր լուրջ տեղն է ամրակայել և հանուն իր տարածքներն ընդլայնելու` ինքնավստահ մուտք է գործում գեղարվեստական գրականության ասպարեզ և սկսում է այն գովազդի ենթարկել իր շահերի համաձայն: Օրինակ` որևէ հրատարակչություն գնահատում է իր տպած գրողների գրքերը: Սա ընդունելի է, սակայն դա դարձնել կռվախնձոր և ներկայացնել, թե նրանք են վերջնական դեմքերը, վիճելի է: Այս կռիվը ծնելու է կռիվ, ինչպես և սոցիալական ցանցերում ստեղծվեց: Սակայն հանուն գովազդի, հանուն սեփական արտադրանքի պետք չէ մյուսների ինքնասիրությանը դիպչել: Դա նկատվում է նաև երգիչների, նկարիչների ասպարեզում: Գովազդը ինքն իր համար տարածքներ է ուզում գրավել, բայց, էլի եմ ասում, գովազդը գովազդ, բայց իրական գրականությունը պիտի գրականագիտորեն ներկայացվի, սրա մասին է խոսքը: Մեր մտահոգությունն այն է, որ գիտությունը մնա գիտություն, գովազդը մնա գովազդ, գովազդային գործակալն ունենա իր խնդիրները, խմբագիրը` իր, հրատարակիչը` իր, ընթերցողն էլ` իր: Այդ բոլորը չխառնենք ու ներկայացնենք որպես մի լավ փաթեթավորված միակ գերագույն ապրանք: Պիտի հաշվի առնենք նաև մյուս հրատարակիչների հրատարակած գրքերը: Մի՞թե միայն մի աղբյուրից է լուրջ գրականություն հոսում, մանավանդ, երբ այսօր նկատելի է մի բան` որևէ հրատարակչություն իր կողմից լուրջ համարվող հեղինակներին սկզբնապես ինքը չի հրատարակել, ինքը չի ներկայացրել, դրանք արել են տարբեր հրատարակչություններ, ուղղակի որևէ հրատարակչություն հրատարակում է նաև այդ գրողներին: Բնականաբար այդ ամենը հիմնականում արվել է Մշակույթի նախարարության պետական աջակցության գումարներով, որի դեմ, չգիտես ինչու, մեկ-երկու հրատարակիչ պայքարեցին, գուցե իրենց պահեստներում եղած գրքերը վաճառելու նպատակով: Դա էլ իրենց խնդիրն է, իրենց առևտրական շահերն են պաշտպանում: Բայց կա նաև օբյեկտիվ իրականություն, որտեղ, կարծում եմ, ճիշտ կլինի հանուն գրականության դատել, մանավանդ, երբ սուղ միջոցներ ունեն և՛ հրատարակիչները, և՛ գրողները, և՛ կազմակերպությունները, և՛ պետությունն է սուղ միջոցներ տրամադրում: Ուրեմն` կարողանանք այդ սուղ միջոցների պայմաններում չկորցնել լուրջ գրականությունը: Իհարկե, լուրջ գրականություն ասելով` նկատի ունեմ այն գրողների գործերը, որոնց տաղանդավոր քննադատներն են վերլուծել, ովքեր գրական մամուլով բազմաթիվ մեկնաբանությունների են արժանացել, թարգմանվել են տարբեր երկրներում, նրանց ճանաչում են տարբեր երկրներում, մեր ու տարբեր երկրների գրական մրցանակներ են ստացել: Այդ մարդիկ, կարծում եմ, արժանի են, որ տպագրվեն ու գնահատվեն, և չէի ցանկանա մեր գրական ընկերներին տեսնել արմունկներով իրար հրմշտելիս, այդպես Պառնաս չեն բարձրանում և Պառնասում էլ չեն նստում-կարդում այդ գովազդային կամ գրականագիտություն, ուսումնասիրություն համարվող հոդվածները: Կարծում եմ` միմյանց հանդեպ գրական հարգանք, գրական կուլտուրա պիտի կարողանանք ունենալ: Չընկնենք ագրեսիվ որակումների ետևից և մեկին բարձրացնենք մյուսին գցելու հաշվին կամ մի խմբի բարձրացնենք` մյուս մարդկանց ոտատակ տալով: Հրատարակչական շահին ու գովազդին հավատարիմ լինելը հասկանալի է, սակայն ավագ ընկերոջ իրավունքով հորդորում եմ իմ կրտսեր և ավագ ընկերներին, և ինձ հատկապես, դուրս գալ կավիճով գծած շրջանից ու առավել լայն բացված աչքերով դիտարկել գրական կյանքի ընթացքը և հանդուրժել այլոց կարծիքը, իհարկե, եթե ասվել է գրական շահի ըմբռնումով և մտավորականի դիրքից: Բացառենք խմբակայնությունը, թող ներվի ասել` թայֆաբազությունը, որը նկատվում է. որևէ նպատակ հետապնդող խմբակայնությունը ինքն իր դեմ է պայքարում: Իր պաշտպանած տաղանդավոր գրողին էլ չի նպաստում, որովհետև նրա շուրջ ստեղծելու է բացասական մթնոլորտ: Ես ցանկանում եմ, որ և՛ մամուլում, և՛ սոցիալական ցանցերում նպատակը լինի իսկապես կարևոր, հետաքրքիր գրականություն, գրող ներկայացնելը, անկախ` որ հրատարակչությունն է դա հրատարակել:
Երբ Պերճ Զեյթունցյանը գրում էր, գրական մթնոլորտում շոշափվում էր գյուղագրություն, քաղաքագրություն հասկացությունները, որոնք որոշակի խմբերի էին բաժանում գրողական համայնքը: Հետաքրքիրն այն էր, որ երկու խմբերում էլ կային շատ տաղանդավոր մարդիկ: Հաճախ այդ կռիվը բորբոքում էին որոշ գրականագետներ ու գրաքննադատներ: Այսօրվա աչքերով երբ նայում ենք, ո՛չ գյուղագրությունն է որպես եզրույթ հիշվում, ո՛չ քաղաքագրությունը: Հիշվում են այդ գրողների տաղանդավոր գործերը: Որակումները չեն հիշվում: Այդ ամենը իմանալով` այսօր այդ որակումներից պետք է հեռու մնանք, և իսկապես առաջնահերթ լինի գրականությունը, խորությամբ ներկայացվող գրողը իր գրածով, թեմայով, լեզվամտածողությամբ, ոճով, բաղդատումներով հայ դասական ու աշխարհի գրականության հետ: Չէ՞ որ մեր գրողը աշխարհից կտրված օազիս չէ, նա աշխարհի գրի, պատմության մեջ է: Մեծ չափումներով պիտի վերլուծվի գրողը: Պիտի հաշվի առնենք նաև համաշխարհային գրականագիտական փորձը: Կա մոտ քսան չափորոշիչ, որոնք ներկայացնում են գրողին: Առանց այդ չափորոշիչների դժվար է ապացուցել` գրողը մեծ գրող է, թե փոքր, դրանցով են ընդգծվում գրողի անհատականությունը, թեման, լեզվամտածողությունը, բառամթերքը, ոճը, ժանրի ընկալումը, ձևի ու բովանդակության հարաբերակցությունը և այլն: Մեր գրողները, ինչպես դասականներից շատերը, իրենց վերլուծականներով, գրչընկերների մասին գրելով, կարծում եմ, օբյեկտիվ գնահատականի դաշտը կընդլայնեն:

ԳԹ – Սոցկայքերում բուռն քննարկումների առիթ էր նաև Հրանտ Բագրատյանի «Հայերենն այսօր աղքատ է, գեղեցիկ է, չքնաղ է, բայց աղքատ է» արտահայտությունը: Խնդիրը որքանո՞վ է համահունչ այսօրվա իրականությանը:
Էդ. Մ. – Բագրատյանը մեր հարգելի տնտեսագետներից է, նրա ելույթները հետաքրքիր են, անշուշտ, հետաքրքիր են նաև նրա կարծիքները այլ բնագավառների մասին: Երբ կարդացի նրա խոսքը, մեկնաբանությունները հայոց լեզվի մասին, ինձ որոշակի զարմանք պատեց: Նա կտրուկ կարծիք է հայտնում, թեպետ ես խուսափում եմ նման կարծիքներից, որովհետև մարդը վերջնական չի կարող ընդգրկել մի բնագավառ կտրուկ գնահատելու համար: Համենայնդեպս, պարոն Բագրատյանը հավանաբար հազարամյակների հայոց լեզվին այդքան խորապես չի տիրապետում, մեր լեզվի պատմությունը երևի գիտի, բայց, իհարկե, բառաշերտերի հարստությունը, լեզվի յուրահատկությունը, ճկունությունը և լեզվի ամբողջականությունը գնահատել, չեմ կարծում, թե հաջողվել է իրեն: Բնութագրել «աղքատիկ» բառով մի լեզու, որով աշխարհահռչակ գրքեր են թարգմանվել, ներկայացվել, այդ լեզվով գրքեր են տարածվել աշխարհում, այդ լեզուն դեռ չվերծանված գաղտնիքներ է կրում, գեղարվեստի բարձունքներ է նվաճել, բանաստեղծական հրաշքներ արարել. ճիշտ չէ տնտեսագիտորեն չափել նրա տեսանելի և անտեսանելի էությունը: Մեր լեզուն այսօր կենսունակ լեզու է, բառի երկարությունը չի որոշում լեզվի խորությունն ու հարստությունը: Կարծում եմ` պարոն Բագրատյանը, ընդհանուր լեզվին գնահատական տալով, երևի թե նկատի չի ունեցել ամբողջական լեզուն, այլ` այսօր օգտագործվող լեզուն: Խոսակցական կամ հաղորդակցական միջավայրն է նկատի ունեցել, որովհետև այսօր տարբեր հարթակներում հնչող հայերենը իրոք աղքատիկ է հաճախ: Ոչ թե մեր լեզուն է աղքատ, այլ` խոսողներն են աղքատիկ լեզվամտածողության տեր: Ցավը սա է, որի մասին բոլորս պիտի մտածենք: Կարդանք հայերեն հրաշալի գեղարվեստական, պատմագիտական, բնության և այլ ասպարեզների մասին հրատարակված գրքերը և կտեսնենք, որ մեր լեզուն աննման, վայրի կատվի պես կախարդական ճապուկությամբ լեզու է: Ժամանակակից գրականության իրողությունն էլ դա է ապացուցում: Եթե կարդան մեր գրականությունը` դասական և ժամանակակից, կտեսնեն` ինչ խորը, շքեղ, հետաքրքիր է այն: Հիշենք Բայրոնի, Մանդելշտամի, ինչու չէ, նաև Անդրեյ Բիտովի խոսքերը հայոց լեզվի մասին: Մեր մեծերի խոսքերը, կարծեմ, հիշում ենք, և եթե հայերենը թույլ ու խեղճ լեզու լիներ, մեր ժողովուրդը չէր գոյատևի որպես ինքնատիպ ու արարող տեսակ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։