ՊՈԵԶԻԱՆ Է ԿԵՐՏՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

նորայր գրիգորյան

Սամվել ԿՈՍՅԱՆ – Ըստ Ձեր տողերի՝
Վերադարձի համար
երկինքը փոքր է,
ծովը՝ նեղ,
տարածությունը՝ քիչ…
Արդյոք բանաստեղծի ուղին անվերջ վերադա՞րձ է. կարևոր չէ՝ անցյալից թե ապագայից:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ – Պոեզիան ներդաշնակության բարձրագույն դրսևորում է առաջին հերթին Աստծո, հետո՝ տիեզերքի, նոր միայն բնության հետ: Աստծո հետ ներդաշնակության հասնելու համար գրեթե բոլոր պոետների ընտրած ուղին բնությունն է, որից հետո՝ տիեզերական ներդաշնակությունը, նոր միայն՝ Աստծո հետ ներդաշնակության աննշան չափաբաժին գտնելու տառապագին փորձը: Անգամ այդ դեպքում պոետը, ընթերցողը երջանիկ են, զի քիչ թե շատ մերձեցել են Աստծուն:
Ասացինք՝ այդ կապին հասնելու համար գրեթե բոլոր պոետները գնում են դեպի բնություն: Ինչո՞ւ: Որովհետև բնության մեջ ամեն ինչ ներդաշնակորեն և սերտորեն կապված են իրար, նույնը՝ տիեզերքում: Ներդաշնակ է նաև Աստծո, տիեզերքի և բնության կապը: Այստեղ է, որ մարդը ժամանակ առ ժամանակ հայտնվում է այդ Կապից դուրս վիճակում, և պոետներն են, որ փորձում են դառնալ այդ կապի մի մասնիկը, որն իրեն ու իր ընթերցողին քիչ թե շատ կներդաշնակի բնությանը:
Ինչո՞ւ է պոետը համընդհանուր ներդաշնակության հասնելու համար սկսում բնությունից: Որովհետև ինքը պարզ աչքերով տեսնում, շոշափում է երևույթներ, որոնք բնությունը, տիեզերքը դարձնում են ներդաշնակ: Տեսնում է նաև տիեզերական լուսատուների՝ արեգակի, լուսնի, աստղերի հարաբերակցությունը, որոնք ներդաշնակ են դառնում ձգողական ուժի շնորհիվ, բայց չի կարող տեսնել, ենթադրենք, Երկիր մոլորակի կամ մյուս մոլորակների պտույտը արեգակի շուրջ: Դա գրեթե նույնքան առեղծվածային է, ինչքան Աստծո գոյությունը, որը չի խախտվում աշխարհստեղծման առաջին օրից առ այսօր:
Վերջնական սահմանումն, ըստ իս, մեկն է՝ բնության հետ ներդաշնակության խոշոր չափաբաժինը միայն պոետին կարող է թույլ տալ բարձրանալու ավելի վերև՝ տիեզերք, այնուհետև՝ դեպի Աստված: Այս սահմանման սահմանախախտը թե՛ հայ, թե՛ համաշխարհային գրականության մեջ առաջինը և անգերազանցելին եղավ Նարեկացին: Նա բնության և տիեզերքի հետ ներդաշնակ լինելու համար գնաց դեպի Աստված, նոր միայն տիեզերք ու բնություն: Եթե իրենից առաջ, իր ժամանակի ու անգամ մեր ժամանակի պոետները Աստծո հետ խոսում էին ոչ ուղղակի, ծնկի իջած կամ ձեռքերը դեպի Աստված պարզած, ապա Նարեկացին խոսեց ինչպես հավասարը հավասարի հետ, սակայն ժամանակ առ ժամանակ շեշտելով Աստծո արարչական անսահմանափակ կարողությունները՝ չմոռանալով իր իսկ ստեղծածի, իր պատկերով ստեղծածի՝ մարդու արժանապատվությունը և տիեզերական համընդհանուր ներդաշնակության ամենակարևոր մասնիկը լինելու հանգամանքը:
Եվ, այդուհանդերձ, ըստ իս, պոեզիան տիեզերական ներդաշնակության առաջին բանաձևման հիմքն է, զի ամեն ինչից առաջ, բացի Աստծուց, Բանն է եղել: Եվ Բանը վեր է տիեզերական բոլոր երևույթներից, բացի Աստծո գոյությունից: Եվ Բանի հիմնական առաքելությունը Աստծո հետ ներդաշնակ լինելու դրսևորումն է: Այս առումով բանաստեղծի ուղին հետևյալն է՝ հավերժական պտույտ Աստծուց դեպի մարդ, մարդուց դեպի Աստված: Բոլոր ժամանակներում:

Ս. Կ. – Բանաստեղծությունն ի՞նչ իրավիճակում կարող է փոխարինել զենքին, եթե կարող է:
Ն. Գ. – Անշուշտ, բանաստեղծությունը պատերազմական իրավիճակում կարող է փոխարինել զենքին, սակայն մինչ այդ մշակույթը, հատկապես պոեզիան է, որ կերտում է հայրենիք, մարդուն դեմ դիմաց կանգնեցնում հայրենիքի հետ, սիրել, նվիրվել տալիս, թաքուն զրուցել տալիս հայրենիքի հետ, տիրոջ հպարտություն ունենալ, տիրոջ հպարտությամբ պայքարել նրա ամեն քարի, թփի, մի կաթիլ ջրի, երկնքի, հողի ու, վերջապես, սահմանի համար:
Պատմությունից հազարավոր օրինակներ կարող ենք բերել, բայց բավական է անդրադառնանք Մեծ հայրենականի, Արցախյան ազատամարտի տարիներին ստեղծված բանաստեղծություններին, որոնցից շատերը երգեր են դարձել ու զինվորին ռազմաճակատ ուղեկցել վեհ գաղափարներով: Եվ չմոռանանք, որ մեզ բաժին հասած հաղթանակներում՝ Սարդարապատ, Արցախ, անուրանալի է ոչ միայն պոեզիայի, այլև գրողների դերը, որոնք կամավորականներ են դարձել և կերտել այդ հաղթանակները:

Ս. Կ. – Ե՞րբ եք նախընտրում գրել՝ գիշե՞րը, թե՞ ցերեկը: Գրասեղանի առջև ի՞նչ հաճախականությամբ եք նստում և ի՞նչն եք նախընտրում՝ համակարգի՞չը, թե՞ թուղթն ու գրիչը:
Ն. Գ. – Բանաստեղծություններիս վերջին ժողովածուն կոչվում է «Ամեն առավոտ»: Իհարկե, տարբեր մեկնաբանություններ կարող եմ տալ այս վերնագրին, սակայն ամենակարևորը՝ գրում եմ ամեն առավոտ, ժամը 8-10-ի սահմաններում: Ինչ-որ կարևոր խոչընդոտ պետք է լինի, որ այդ ռեժիմը խախտվի: Իհարկե, օրվա մեջ տարբեր ժամերի էլ կարող եմ գրել, կարող եմ գրել տանը, այգում, սրճարանում, կարող եմ կանգնած գրել, նստած գրել, նայած՝ որտեղ եմ գտնվում: Տանը պարտադիր համակարգչով եմ գրում, բայց թուղթն ու գրիչը չեն խորթացել: Եղել է, որ անձեռոցիկի, երբ ծխում էի, սիգարետի տուփի վրա եմ գրել: Եղել է, որ ձայնագրել եմ բանաստեղծությունն ամբողջությամբ, հետո թղթին կամ համակարգչին հանձնել: Մի խոսքով, ստեղծագործելու տեխնիկական բոլոր ձևերն էլ ինձ համար ընդունելի են:

Ս. Կ. – Գիրք և համացանց. կա՞ հակամարտություն:
Ն. Գ. – Կարծում եմ՝ արդեն ո՛չ: Գուցե համակարգչի նոր մուտք գործելու տարիներին եղել է հակասություն, հիմա էլ ինչ-որ չափով կա, բայց, կարծում եմ, վերջիվերջո համակարգիչն՝ իր, գիրքն իր տեղն ունի: Չէ՞ որ գրքից առաջ էլ ուրիշ բաներ են եղել. ժայռերի վրա են գրել, կավե սալիկների, մագաղաթի: Ինչո՞ւ ենք մոռանում գրամեքենան, որը թանկ ու չճարվող հաճույք էր, համակարգչից հետո արժեզրկվեց ու ոչնչի պետք չեկավ: Գուցե վաղը, մյուս օրը մի այնպիսի տեխնիկա հայտնվի, որ համակարգիչն էլ արժանանա գրամեքենայի ճակատագրին: Այնպես որ, ժամանակի հետ միջոցները փոխվում են, և այն, ինչը կարող է գիրքը տալ, համակարգիչը չի տալիս: Կարծում եմ՝ ցանկացած նորին պետք է հարմարվել և պատրաստ լինել ավելի նորին: Այդպես է ապահովվել մարդկության զարգացման ընթացքը: Իսկ գիրքը, համոզված եմ, բոլոր ժամանակներում էլ իր տեղն ու դերը կունենա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.