ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ  ՍՐՏԱԳԻՐՆ  Է / Էդվարդ Միլիտոնյան

«Գրական թերթ» – Պարո՛ն Միլիտոնյան, հոբելյանները, տոնական տրամադրությունից բացի, նաև անցածը ի մի բերելու, արժևորելու բարեբեր առիթ է: Ի՞նչ խորհուրդ և ուղերձներ  ունի ՀԳՄ 85-ամյա հոբելյանը:

Էդվարդ Միլիտոնյան – Հարուստ գրականության ժառանգությունը շարունակվելու ջիղ ունի, և 85-ամյա Գրողների միության պատմությունը ժառանգականության ուղու խորացման, դեպի անվերջը գնալու միտում ունի: Երբ գրականությունը և ստեղծագործական միությունը համատեղվում են, բնականաբար, գրական խնդիրները պիտի առաջնահերթ լինեն:

Միությունը աջակցում է գրողի գրական, սոցիալական, իրավական և այլ հարցերի ապահովմանը: Հաճախ շփոթություն է առաջանում և կարծիք է ձևավորվում, ըստ որի, Միությունն ընդունվում է որպես մեկ դեմք, որն ամեն ինչի հանդեպ պիտի միասնական կարծիք ունենա: Այս թյուրըմբռնումը թերևս արմատակալել է այն ժամանակներում, երբ քաղաքականությունն էր գերակա, և իշխանական թելադրանքով վերից վար հաղորդվող միասնական կարծիքի պարտադրման կնիքն էր կրում այդ հոգեբանությունը: Հատկապես կուզեի շեշտել 30-ական թվականների կեսերից հետո ժամանակահատվածը, երբ Միություն կազմավորվեց: Այդ ընթացքում եղավ միասնական կարծիքի, միասնական դրսևորման իշխանական պահանջի այդ հոգեվիճակը: Շատ լավ հիշում ենք, թե ինչ ողբերգական հետևանքներ եղան, ինչպես մեծ գրողների ճակատագիրը խեղվեց: Գրողի դեմ «մատերիալ» գրելը ոմանք շփոթում էին գրականության հետ: Նմանների անունները հայտնի են: Այդ հոգեբանությունը հետագա տարիներին թեև մեղմացած վիճակում, բայց շարունակվել է մինչև 50-ականների վերջերը: 60-ականներին՝ արդեն խրուշչովյան ձնհալի օրոք, գրողի անհատականությունը առաջ եկավ. գրողը` որպես մտածող, իր կարծիքը, վերաբերմունքը արտահայտող, իր՝ հաճախ նաև վերևներին ոչ հաճո դիրքորոշումները ի ցույց դնող: Եվ ամենակարևորը՝ գրականությունը, կրելով գրողի գեղարվեստական, փիլիսոփայական աշխարհայացքը, դարձավ համաշխարհային բարձր գրականության ուղեկիցը, մասնակիցը: Սրա վառ օրինակն են 60-ականների արձակը և «Գարուն»-ական պոեզիան: Բնականաբար, ամեն միություն անհատների միավորում է: Այդ առումով, վերջին երեսուն՝ անկախության տարիներին, տեսնում ենք, որ հաստատվում է այդ դիրքորոշումը: Եվ յուրաքանչյուր անհատ, անկախ նրանից, թե ինչ հավատ, կուսակցական պատկանելություն, գեղարվեստական մտածողություն ունի, ինքն է իր որոշումների տերը: Այս իմաստով, կարծում եմ, վերջին 30 տարվա փորձը մեզ հուշում է, որ գրողի գլխավոր խնդիրը հիմնականում գրականությունն է: Գրականություն՝ իր մեջ ամփոփած հայոց լեզուն հարուստ շերտերով, ժողովրդի ինքնության պատմություն, ներկա, ապագայի տեսլականներ, մարդու հոգին, մարդկային փոխհարաբերություններ, այն, ինչ որ գրականությունը դարեր ի վեր ամփոփել է, մագնիսական ուժով գրավել է շատ մարդկանց, որոնք փորձել են գրի լեզվով արտահայտել իրենց հոգին: Միությունը նպաստում է այդ ամենը ընթերցողին հասցնելու, հանրահռչակելու, տարածելու և նաև կրթելու ընթերցողական դաշտը, միջազգայնացնելու մեր գրական արդեն առկա լավագույն գրքերը՝ օգտագործելով հնարավորությունները, որոնք այսօր տեխնիկական միջոցներով ավելի դյուրինացնում են գրողի գործը: Ամեն գրող այսօր հնարավորություն ունի իր անձնական գործերը կազմակերպելու: Աշխարհի հայտնի գրողների այսօրվա փորձը հենց դա է հուշում: Մեր ժամանակը գրողին որոշակի հնարավորություն է տվել իր ստեղծագործությունները տարածելու: Ժամանակին սպասում էին, որ մի համագումար կամ համաժողով լինի, որպեսզի գրողները, այսպես ասած, սուր խնդիր արծարծեն, իսկ հասարակությունն էլ տեղյակ լինի այդ մասին, ընդ որում հաճախ այդ խնդիրներն էլ առանձնապես շատ սուր չեն եղել: Սակայն հիմա և՛ համացանցը, և՛ զլմ-ները, և՛ տարբեր հարթակներ, և՛ գրողին, և՛ ընդհանրապես մտավորականին, հնարավորություն են տալիս անդրադառնալու սուր, հետաքրքիր, մտահոգիչ խնդիրներին: Այդ հարթակներում մենք տեսնում ենք բազմաթիվ գրողների, ովքեր գրեթե ամեն օր արտահայտվում են տարբեր թեմաների շուրջ:

Որևէ միության անդամ նախ ինքը պիտի որոշի իր տեղը, իր դերը, իր պատասխանատվությունը:

«Գ. Թ.» – 85 տարիների ընթացքում Գրողների միությունը գործունեության տարբեր  գործառույթներ է իրականացրել: Ինչպե՞ս կբնութագրեիք իրավիճակն այսօր:

Է. Մ. – Միությունը նախ` ստեղծագործությունները հրատարակելու գրական մամուլ ունի: Գրական մամուլը աջակցություն է գրողին, մանավանդ երբ տեսնում ենք, որ այլ թերթեր և ամսագրեր գեղարվեստական գործեր չեն հրապարակում, հեռուստաընկերություններն առանձնապես մեծ տեղ չեն տալիս գրականությանը, թերևս ռադիոյով են տարածվում գրական նյութեր: Սոցիալական ցանցերում են հայտնվում որոշակի ստեղծագործություններ, ինչպես նաև գրողներն իրենց կայքէջերում են ներկայանում իրենց գործերով: Սա մեծ հնարավորություն է: Երկրորդ՝ գրողի արած գործը գնահատելու խնդիր կա: Գրողի գնահատականը առաջին հերթին ուզում եմ տեսնել մեր գրական մամուլում, որտեղ արտահայտվում է գրական միջավայրի կարծիքը, գրականագետի վերլուծականը, գրականությունը ճանաչողի և քննողի մեկնաբանությունը, որոնք ավելի կարևոր են գրողի համար: Ամեն հարթակում քննարկում են բանաստեղծություններ, պատմվածքներ, գրական հարցեր, սակայն առաջնահերթը գրողի համար, կարծում եմ, լուրջ գրականագետի, լուրջ գրողի խոսքն է: Այն գովեստները, որ պատեհ-անպատեհ առիթով սոցիալական ցանցերում հեղեղում են, գրողին կտան վայրկենական ոգևորություն, բայց դա խոր մեկնաբանություն չէ, դրանք ուղղակի հիացական արտահայտություններ են, որոնք արդեն դարձել են սովորական: Երրորդ՝ գրողների սոցիալական հարցերը: Գրողներն ունեն տարբեր խնդիրներ՝ բժշկական, իրավական, սոցիալական, հանգստի և այլն: Մեր Միությունը որոշակի հնարավորություններ ունի, որով օժանդակում է գրողին, մասնավորապես՝ հանգստի կազմակերպում Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տներում, բժշկական որոշակի խնդիրներ լուծելու ճանապարհներ ենք փնտրում, Մեդլայն բժշկական կենտրոնի հետ ունենք պայմանագիր, և նրանք շատ գրողների օգնել են, բժշկական ծառայություններ են մատուցել: Եթե առիթ է եղել, Միությունը գործողություն է ծավալել նաև գրողների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Մյուս գործառույթը գրական-ստեղծագործական դաշտը միջազգայնացնելն է: Դա որևէ մեկը չի անելու: Ընդունենք, որ արտասահմանի հրատարակիչները և թարգմանիչները գլխապատառ չեն փնտրում հայ գրականություն: Դա հազվադեպ կարող է լինել: Մենք ինքներս ենք որոշակի առաջարկում, ուղիներ փնտրում, և ինչպես վերևում նշեցի, ամեն գրող էլ հնարավորություն ունի մասնակցելու միջազգային փառատոների, որովհետև փառատոների ցանկերը տպագրվում են, տարածվում են: Յուրաքանչյուր գրող եթե հնարավորություն ունի, կարող է գնալ-մասնակցել: Կան նաև անձնական հրավերներ:

Միության խնդիրներից է հայ դասական և ժամանակակից գրականությունը տարածելը: Ի՞նչ ենք արել այս տարիների ընթացքում: Երբ երկու տարի առաջ «Գ.Թ.»-ում հրատարակեցինք, թե վերջին հինգ տարում ինչ ստեղծագործություններ են թարգմանվել առանձին գրքերով, հրապարակվել միջազգային մամուլում կամ տպագրվել անթոլոգիաներով, տեսանք, որ պատկառելի ցանկ է գոյանում: Եվ դա գնալով ընդլայնվում է, որովհետև միջազգային կապերի մեջ ընդլայնվում է հայ գրողի դերակատարումը: Այս տարի Թարգմանչաց տոնը միջազգայնացվեց, 7 երկրից 10 գրող մասնակցեց, և սրանք ճանապարհ են ժամանակակից հայ գրականությունը տարածելու: Խնդիրն այն չէ, որ աշխարհում հայտնի գրողներն անպայման հրավիրվեն, մեր հիմնական խնդիրը հայ գրողին տարածելն է, այդ առումով, հրավիրում ենք թարգմանիչների, որ գան, ծանոթանան, կապեր հաստատեն գրողների հետ: Թեև մեր գրական կապերը ընդլայնվել են Ռուսաստան, Իրան, Վրաստան, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Սլովակիա, Բելառուս, Ուկրաինա, Լիտվա, Ղազախստան, բազմաթիվ երկրների և՛ անհատ գրողների, և՛ միությունների հետ մեր Միությունն աշխատակցում է: Վրաստանի և Իրանի հետ ունենք ծրագրային աշխատանք: Իրանի դրամատուրգների հետ կա պայմանագիր, իրանցի դրամատուրգներին ընդունելու, հայ դրամատուրգներին գործուղելու ծրագիր, որ տարիներ շարունակ իրագործել ենք: Այս տարի թարմացվեց պայմանագիրը, նաև Իրանում հրատարակվեց հայ դրամատուրգների ժողովածուն, և Հայաստանում հրատարակեցինք պարսիկ դրամատուրգների գործերը: Սա շարունակական է լինելու: Աֆրազ հրատարակչությունը ծրագրել էր 13 բանաստեղծի գիրք հրատարակել, 8-ն արդեն տպագրվել է: Իրանում ամեն տարի մի շարք դասական և ժամանակակից գրողների գրքեր են հրատարակվում, բեմադրություններ են արվում: Վրաստանի հետ ունենք աշխատանքային սերտ կապեր: Մասնավորապես՝ Վարդատոն, Գանձայում Տերյանական օրեր, Ջիվանու օրը, բացի դրանից, հանդիպումներ՝ վրաց գրողները Հայաստանում, հայ գրողները՝ Վրաստանում տարբեր առիթներով: Սա անվերջ պիտի ընդլայնենք, և այդ միտումները կան: Դրանք ուղիներ են, ու անհատ-գրողը ինչքան էլ հնարավորություն ունենա, այդ բազմաճյուղ տարածման մեջ դժվարություններ կլինեն: Պետք է առանձնացնել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի դերը, որի միջոցով ռուսերեն նյութերը ներկայացվում են, և այդ նյութերը հիմք են դառնում, որպեսզի ԱՊՀ երկրներում հրատարակվեն տարբեր լեզուներով: Մեր առջև գրողին Հայաստանում հրատարակելու խնդիր կա: Մենք աշխարհում ենք ուզում տարածել, բայց առաջնահերթ քո երկրում պիտի կարողանաս հրատարակվել: Կարծիքներ կան, թե գրողը եթե լավ է գրում, անպայման կհրատարակեն: Բայց մեզանում հրատարակչական գործը և հրատարակիչները այնքան հնարավորություններ չունեն, որ ընտրեն լավ գործը, տպագրեն, թարգմանեն, տարածեն, գրողին հոնորար տան: Կխաբենք ինքներս մեզ, եթե ասենք, թե կայացած բազում հրատարակիչներ ունենք: Այդ առումով, ԿԳՄՍ նախարարությունը պետական աջակցության փոխարեն, որը 2017 թ.-ին վերացավ, մի քանի ուղի առաջարկեց, որոնցից մեկը գրողին տրվող դրամաշնորհի մրցույթն է, որը դարձյալ վիճահարույց է այն առումով, թե ինչպես է կազմակերպվում մրցույթը, ովքեր են հանձնաժողովի անդամները, դեռ չգրած գործերին կամ գրքերին դրամաշնորհ տալը որքանով է օգտակար, և այլն: Տարբեր հարցեր կան: Սակայն ինչ-որ չափով դա դրական քայլ է գրողին աջակցելու ուղղությամբ: Մտածում են՝ գրողը չպետք է կախված լինի պետական հովանավորչությունից, բայց հովանավորչության փոխարեն ակնկալում ենք, որ լինեն գուցե պետական մասնաբաժնով որոշակի հիմնադրամներ կամ բարեգործության՝ մեկենասության օրենք, որը որոշակի կաջակցի մշակույթին, գրականության տպագրությանը, տարածմանը: Այս ճանապարհը միջազգայնորեն հայտնի է, որպեսզի գրողը կախված չլինի պետական օղակների բարիկամեցողությունից, և այդտեղ վեճեր չառաջանան՝ ում, ինչպես և այլն: Այլապես միշտ էլ վեճեր կլինեն: Բայց մասնագիտական հանձնաժողովների միջոցով պետք է արվի այդ գործը: Մինչդեռ երբ հանձնաժողովներում մեկ-երկու գրող հազիվ է լինում, իսկ մնացյալն էլ ժամանակակից գրականության մասին գոնե մի հոդված չի գրել, որ իմանաս նրա ճաշակը, մեկնաբանության որակը, այդ մարդն ինչու պիտի որոշի ժամանակակից գրողի տպագրության ճակատագիրը: Համենայն դեպս, կարծում եմ, գրական մամուլին էլ աջակցությունը խրախուսելի է, բայց կայքերին տրվող աջակցությունը ևս պիտի պատճառաբանված լինի: Կարծում եմ՝ այդ կայքերը պետք է գոնե մի քանի տարի գործած լինեն, գործողության մեջ երևան` ինչ ծավալի աշխատանք են անում, իսկապես դա գրական աշխատա՞նք է, թե՞ որևէ գրողի անձնական էջն է: Բնականաբար եթե հանձնաժողովը որոշում է տալ դրամաշնորհ, աջակցություն, ուրեմն պիտի իսկապես, չափորոշիչներ ունենա: Այնուամենայնիվ, կարևորը՝ շարժ կա դեպի գրականությունը, գիրքը: Մենք այս հարցերը ներկայացրել և քննել ենք և՛ ՀՀ մշակույթի, և՛ այժմ ԿԳՄՍ նախարարության ղեկավարության հետ:

«Գ. Թ.»  – Անդրադառնալով երեսուն տարվա՝ անկախության տարիներին ստեղծված գրականությանը՝ արդյոք բավարար չափով ուսումնասիրվե՞լ է այդ տարիներին ստեղծված գրականությունը:

Է. Մ. – Իհարկե, գրական մամուլում, տարբեր հարթակներում դրանք վերլուծվում են, հիմնականում գրախոսականի մակարդակով, սակայն դա լուրջ քննության նյութ է՝ իր բովանդակային, թեմատիկ իմաստով, ոճերի բազմազանության տեսակետից, լեզվամտածողության վիճակով, ինքնատիպության խնդիրներով, նոր գրողների ի հայտ գալով: Կարծում եմ, գրականագիտությունը դեռ պարտք ունի խորագույնս քննելու և որոշակի ձևակերպումներ անելու: 30 տարին քիչ ժամանակ չէ, հատկապես դասագրքերում շատ սակավ է ներկայացված: Եթե տարրական դասարաններում ժամանակակից որոշ մանկագիրներ երևում են, ապա բարձր դասարանների դասագրքերում արդեն ժամանակակից որևէ գրողի անուն փնտրելը անիմաստ է: Անգամ 50, 30 տարվա գրական այդ ժամանակը որևէ կերպ չի երևում: Ես չեմ ասում գրողներին ամեն մեկին առանձին անդրադառնալ, դրա մասին չէ խոսքը, գոնե այդ ժամանակը գնահատվի, գրական հիմնահարցերը, ուղղությունները, որոշակի անուններ երևան, ովքեր գործ են արել գրականության մեջ, ունեն պատկառելի ներկայություն: Այս իմաստով, մենք ցանկանում ենք, որ ավելի լուրջ դիտարկվի ժամանակակից գրականությունը, որը մշտապես թերարժեքության բարդույթի է ենթարկվել` համեմատած դասական գրականության հետ:

Երեսուն տարում և հատկապես վերջին հինգ տարում գրականությունն ու ճշմարտությունը ձուլվեցին իրար: Վերջին հինգ տարվա քաղաքական, հասարակական անցուդարձերը, հեղափոխական իրավիճակը խորազնին ընթերցողը կտեսներ, կզգար ժամանակակից մի շարք գրողների արձակ և բանաստեղծական ստեղծագործություններում: Իհարկե, հրապարակախոսությանն է հատուկ իրերը կոչել իրենց անուններով՝ կոռուպցիա, կլանային տնտեսություն, հովանավորչություն, մենաշնորհներ, սակայն գեղարվեստական գրականության տիրույթում ևս ներքին շերտերում, հերոսների մարդկային հարաբերությունների իրավիճակներում արտահայտվել են այդ նեգատիվ դրսևորումները, որոնք դարձան հեղաբեկման, կյանքի փոփոխման պահանջ: Գրական մամուլը միտված էր արտահայտելու, արտացոլելու թվարկված իրողությունները:

Վերջին հինգ տարում կազմակերպել ենք արձակի, պոեզիայի, մանկագրության, թարգմանական գրականության, գրահրատարակչական հարցերի, դրամատուրգիայի լիանիստեր, որտեղ զեկուցումներ են կարդացել, ելույթներ են ունեցել, այդ ելույթները տպագրվել են մամուլում, այսինքն` Գրողների միությունը այդ ուղղություններով որոշակի աշխատանք կատարել է, բայց դա միայն Գրողների միության խնդիրը չէ, ունենք Գրականության ինստիտուտ, բանասիրական ֆակուլտետներ և այլն: Հնարավորություններ կան, ամբիոններ կան, որտեղ պիտի ժամանակակից գրականությունը ներկայանա, գրողների հետ հանդիպումներով նաև, որովհետև գրողն իր ստեղծագործությամբ, ինչպես նաև այլոց՝ և՛ դասական, և՛ ժամանակակից գործերի մասին խոսք ասելով գուցե ավելի հետաքրքիր դարձնի դասընթացները ուսանողական միջավայրերում:

Դասագրքերի առումով ենք փորձել քայլեր ձեռնարկել: Հրավիրել էինք նախկին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որին դասագրքերի հարցով ներկայացրել ենք մեր առաջարկությունները: Խոստացել էին, որ հանձնաժողովներում անպայման կընդգրկվեն գրողներ, որոնք գոնե կընտրեն ինչ գրական նյութ մատուցել դպրոցականներին: Առաջիկայում ևս կկազմակերպենք նման քննարկումներ: Նախորդ նախագահները, քարտուղարները, Միության անդամները, ամեն մեկն իր չափով, իր ձևով ներկայացրել է Գրողների միությունը աշխարհում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում:

«Գ. Թ.» – Սփյուռքահայ գրողները որքանո՞վ են մասնակից ՀԳՄ աշխատանքներին:

Է. Մ. – Սփյուռքի ճանաչված գրողներն արդեն հինգ տարի Գրողների միության անդամներն են: Ստեղծագործական միությունների մեջ միակն է Հայաստանում: Սփյուռքահայ գրողները և նաև տարբեր լեզուներով գրող հայ գրողները հայոց պատմության, գրականության դերն են բարձրացնում միջազգայնորեն, տարբեր խնդիրներ են ներկայացնում աշխարհին՝ ցեղասպանությունից մինչև ժամանակակից թեմաներ, հատկապես արցախյան, որը մեր գրականության 30 տարվա հիմնական թեմաներից է՝ դարձյալ լավ չուսումնասիրված: Թե ինչ ստեղծագործություններ են գրվել, առաջնահերթ այդ ստեղծագործությունները արդյոք պետականորեն հարկ չէ՞, որ թարգմանվեն այլ լեզուներով և տարբեր երկրների ընթերցողներ ճանաչեն խնդիրը: Կարևոր է, որ պետական ծրագիր լինի: Սփյուռքը այսօր հայ գրողներով ներկա է Հայաստանում, ԳՄ-ն բազմաթիվ հանդիպումներ, շնորհանդեսներ, քննարկումներ է կազմակերպում: Սփյուռքահայ գրողների համաժողովը կազմակերպվեց 2017 թ.-ին: Թարգմանչաց տոնը ավանդական է լինելու:

Այն, ինչ անում է Միությունը, մանրամասն թվարկելու հարկ չկա, դրանք տպագրվում են գրական մամուլում, սակայն հիմնական միջոցառումներ, գրական տոներ կան, որոնք մասսայականություն են վայելում ոչ միայն Հայաստանում: Օրինակ՝ Գիրք նվիրելու օրը թե՛ անցյալ և թե՛ այս տարի, բացի Հայաստանից, նշվեց նաև Բեյրութում, Թբիլիսիում, Մոսկվայում, Թեհրանում, Արցախում: Նույնը նաև Մանկական գրքի շաբաթը: Մանկական գրականության կարևորությունը այսօր խիստ ակնհայտ է, մեզանում ըստ արժանվույն ուշադրություն չի դարձվում: ԿԳՄՍ դրամաշնորհների և Երևանի գրքի փառատոնի մեջ որևէ մանկական գիրք չկա: Այնինչ մանկական գրականությունն այսօր պետական հոգածության կարիք ունի, որովհետև հատուկենտ մանկագիրներ են մնացել: Մանկագրությունը լուրջ, ծանր ասպարեզ է: Եթե երեխան փոքր տարիքում լավ գրականությանը չի կապվում, նա հետո գիրք չի էլ ընթերցի: Մենք լավ մանկագրությունը տարածելու կարիք ունենք: Բանասիրական ֆակուլտետների ուսանողները պիտի ճանաչեն լավ մանկագիրներին, որպեսզի իրենք էլ հետո մատուցեն այն տեղերում, որտեղ պիտի դասավանդեն: Ասեմ, որ մեր մեծերի ծննդյան օրը և հոբելյանները՝ Թումանյան, Իսահակյան, Պարույր Սևակ, Մահարի, Դաշտենց, Բակունց, Թոթովենց, Օտյան, Շանթ, հենց գրականությունը տարածելու մեծ հնարավորություն են տալիս:

Մի խոսքով, Գրողների միության աշխատանքը բոլորի աչքի առաջ է: Ծրագրեր են իրագործվում, որոնք ամենօրյա են և՛ ԳՄ-ում, և՛ տարբեր թանգարաններում, գրադարաններում, ինստիտուտներում: Միայն նոյեմբեր ամսին 20-ից ավելի միջոցառումներ, հանդիպումներ են կազմակերպվել մարզերում, գրադարաններում, թանգարաններում, կրթական օջախներում, և դա շարունակվելու է մինչև դեկտեմբերի 5-ը: Աշխատանքն ամենօրյա է և ընդգրկում է բազմաթիվ ընթերցողներ: Երբ ասում ենք ընթերցողական ճգնաժամ, դա, բնականաբար, կա ամբողջ աշխարհում, երկրներ կան, որտեղ քիչ են ընթերցում, երկրներ էլ՝ հակառակը: Տարբեր երկրներում, տարբեր ոճի գրականություն է տարածված: Ամեն երկրի փորձը իմանալով՝ մենք էլ պիտի մերը, մեր ընթերցողական դաշտը գնահատենք և այնպես գործենք, որ ընդլայնվի այդ դաշտը: Դա աշխատակցելն է բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործառույթներում ունեն գրականության տարածման խնդիրը: Այնպես որ, բոլորիս աշխատանքն է դա: ՀԳՄ յուրաքանչյուր անդամ իր գործունեությամբ, իր խոսքով, իր արածով մի աղյուսիկ պիտի ավելացնի այս շենքին:

Հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդ ստեղծագործողներին: Ունենք «Գրեթերթ», որը տպագրում է բացառապես երիտասարդների ստեղծագործությունները, հատուկ մրցանակներ են տրվում երիտասարդ գրողներին, ամեն տարի Ծաղկաձորում 4 օր տևող հավաք է կազմակերպվում, որտեղ լինում են քննարկումներ, անցկացվում են վարպետության դասեր: Նրանք հնարավորություն ունեն ԳՄ-ում քննարկումներ անցկացնելու, հանդիպումներ կազմակերպելու, «Ցոլքեր» գրական ակումբում բանաստեղծներ Հռիփսիմէն և Արտեմ Հարությունյանը աշխատում են երիտասարդ ստեղծագործողների հետ: Միությունը տասից ավելի մրցանակաբաշխություն ունի: Աշխատում ենք տարբեր նախարարությունների՝ ԿԳՄՍ, ՊՆ և պետական հիմնարկների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Պիտի շնորհակալ լինենք այդ համագործակցության համար: Շնորհակալ ենք նաև անհատ նվիրյալներին, որոնք օժանդակում են մեր Միության աշխատանքներին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։