(«Գ.Թ.»-ի հարցազրույցը «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի հետ)
«Գ.Թ.» – Ե՞րբ որոշվեց ստեղծել Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանը, և քանի՞ տարում այդ որոշումը դարձավ այն, ինչ այսօր ունենք:
ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ – Հրանտ Մաթևոսյանի հեռանալուց հետո, երկար քննարկումներից հետո, 2003 թվականին ստեղծվեց մեր հիմնադրամը՝ որպես Մաթևոսյանի ժառանգությամբ զբաղվող մասնավոր պաշտոնական մարմին: 2005-ին՝ Մաթևոսյանի հոբելյանական տարում, հոբելյանական հանձնաժողովը մի շարք առաջարկություններ արեց, օրինակ՝ հուշաքարի տեղադրման խնդիրը քննարկվեց, բայց չիրականացվեց, գրքեր հրատարակվեցին, նաև քաղաքապետարանը կենտրոն-թանգարանի նախագծի մրցույթ հայտարարեց, և հաղթած թիմն սկսեց աշխատել: Նախնական տարբերակում տարածքը պիտի հատկացվեր Սիրահարների զբոսայգու հարևանությամբ, Դեմիրճյան փողոցի վրա, բայց հանգամանքների բերումով եղավ տարածքների փոխանակում, մասնավոր անձանց հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ պետական ֆինանսավորումից բացի, նաև նրանք պետք է մասնակցություն բերեին կենտրոնի կառուցմանը: Բայց եղան տարաձայնություններ, այո՛, նաև՝ մեքենայություններ, և, ի վերջո, տեղ հատկացվեց Աբովյան պուրակի հարևանությամբ՝ այգուն հարակից տարածք է, որը, ասում են՝ նախկին կարուսելի հիմք է եղել:
«Գ.Թ.» – Այդ տարածքը ե՞րբ տրվեց Մաթևոսյան կենտրոնին:
Դ.Մ. – 2011 թ.-ից արդեն հստակ էր, որ այդ տարածքը պիտի լինի, 2013 թ. ունենք նվիրաբերության պայմանագրի հիման վրա սեփականության վկայական:
«Գ.Թ.» – Իրավական կողմը հստակ է, շինարարությունը սկսվել է 2014 թ.-ից և հիմա ավարտո՞ւն տեսք ունի:
Դ.Մ. – Այո՛, եթե մեկը պատկերացում չունի շինարարության և շենքի կառույցի ճարտարապետության մասին, կարելի է ասել՝ ավարտուն տեսք ունի:
«Գ.Թ.» – Համենայնդեպս, այն նախագիծը, որը հաստատվել էր Կառավարության կողմից, իրականացվել է:
Դ.Մ. – Ո՛չ, դա այդպես չէ:
«Գ.Թ.» – Կա շենքը, կան պատերը, ներքին հարդարվածությունը:
Դ.Մ. – Ո՛չ, կոսմետիկ տարրեր կան միայն:
«Գ.Թ.» – Եվ գործընթացը սառեցվա՞ծ է:
Դ.Մ. – Ուղիղ մեկ տարի:
«Գ.Թ.» – Այդ մեկ տարվա ընթացքում, նաև այս պահին ի՞նչ է կատարվում, որևէ ելք տեսնո՞ւմ եք, որևէ առաջարկ ստանում կամ առաջարկո՞ւմ եք:
Դ.Մ. – Վերադառնամ ելակետին, ինչը շատ կարևոր է: 2011 թ., հաշվի առնելով իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-մշակույթ փոխհարաբերությունների որոշակի առանձնահատկությունը, մեզ պարտադրվեց, որ անպայման կազմակերպենք կառույցի հանրային քննար-կում, և նույն թվականին՝ ՀՀ ճարտարապետների միության և մեր նախաձեռնությամբ, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների հրապարակային իրազեկմամբ տեղի ունեցավ հանրային քննարկում, որի արդյունքները պաշտոնական նամակով Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ուղարկեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այսինքն՝ այստեղ էլ մենք ունեինք նախագիծ, որն անցել է հանրային քննարկում, որով սևով սպիտակի վրա գրված էր՝ երեք վերգետնյա, մեկ հարկ՝ ստորգետնյա: Հիմա էլ, երբ ասում են՝ ինչի՞ց եք դժգոհ (այդ հարցը մեզ հաճախ է ոչ պաշտոնապես տրվում), մնում է միայն զարմանալ, որովհետև այդ հարցը տվողներից ոչ մեկը անձամբ կառույցում չի եղել, ոչ մեկը կառույցի էքսպոզիցիոն, ճարտարապետական և քաղաքաշինական երեք տարրերին չի ծանոթացել, ոչ էլ ցանկացել է լսել դրա մասին: Նրանց համար ինչ-որ շենք գոյություն ունի, որը, իրենց ձևակերպմամբ, ունի երրորդ հարկ ավելացնելու խնդիր, ինչը դեմագոգիա է: Ոչ ոք երրորդ հարկ չի ավելացնում, մենք ստիպում ենք, որ երրորդ հարկը վերադարձվի:
«Գ.Թ.» – Այսինքն՝ նախագծով եղել է երեք հարկ, իրականում առկա է երկու հարկ և ստորգետնյա հարկը:
Դ.Մ. – Դրան հակառակ մեզ պնդելու են, որ քաղշին կոմիտե է մտել երկհարկ նախագիծը, բայց դա քաղշին կոմիտե է մտել քաղշին կոմիտեի մեքենայությունների շնորհիվ:
«Գ.Թ.» – Հիմա կա շենք, որի շինարարության համար պետությունը հսկայական գումարներ է ծախսել, և թվում էր, թե այսօր արդեն պիտի ունենայինք կենտրոն, որը շնչում է, ապրում է և կանչում է Մաթևոսյանի գրականության նվիրյալներին: Ի՞նչն է պատճառը, որ շենքի կառուցումից հետո առաջ չի գնում գործը: Հասել է ինչ-որ մի կետի ու կանգ է առել: Ի՞նչն է պատճառը:
Դ.Մ. – Որևէ տրամաբանություն չեմ տեսնում, որևէ բացատրություն չեմ ստացել, բացի այն, որ նոր իշխանության որոշ ներկայացուցիչներ ոչ պաշտոնական զրույցներում ինձ ասում են՝ եկել ես, երրորդ հարկ ես ուզում: Դա առնվազն չիմացություն է: Ես ուզում եմ, որ նախագիծը իր նախնական քաղաքաշինական թանգարանագիտական և ճարտարապետական ամբողջության մեջ համատեղ քննարկվի և լուծում ստանա: Եթե պետությունը հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, պաշտոնապես պիտի հայտարարի այդ մասին: Ոչ մի քայլ չի ձեռնարկվում, շենքը՝ գույքը, որի վրա ծախսվել է 1 միլիոն դոլար, փաստորեն, փողոցում է մնացել, և պատասխանատվություն ստանձնող չկա:
«Գ.Թ.» – Եթե համաձայնեիք ստեղծված իրավիճակին, շենքի կառուցապատման աշխատանքները կշարունակվեի՞ն:
Դ.Մ. – Չգիտեմ, ես որևէ պատասխան չեմ ստացել:
«Գ.Թ.» – Ե՞րբ դադարեց շինարարությունը:
Դ.Մ. – Շինարարությունը դադարեց անցյալ տարվա սկզբին՝ 2018-ի հունվարին:
«Գ.Թ.» – Ինչո՞վ դա բացատրվեց:
Դ.Մ. – Բացատրվեց, որ նախագիծը ընդունել ենք երկհարկով, հիմա քանի որ երրորդ հարկը վերադարձվում է, որովհետև դուք վերադասներին՝ ՀՀ նախագահին, բողոքել եք, և ինքը մեզ պարտադրել է վերադառնալ նախնական նախագծին, հիմա երրորդ հարկը պիտի վերադարձնենք, բայց քանի որ շենքի շինարարությունը, նախագիծը նախապես երկհարկ է ընդունվել, հիմա որպես նոր շինարարություն պիտի երրորդ հարկի շինարարություն սկսենք: Գործընթացը սկսված էր, հեղափոխություն տեղի ունեցավ:
«Գ.Թ.» – Հեղափոխությունից հետո, այս մեկ տարվա ընթացքում որևէ զարգացում չի՞ եղել:
Դ.Մ. – Շենքի հանձնման-ընդունման ակտ է ստորագրվել անցյալ տարվա ամռանը, ստորագրել են՝ քաղշին կոմիտեի տնօրինությունը, հասարակության ներկայացուցիչներ, Ճարտարապետների միության ներկայացուցիչներ և ես՝ որպես հիմնադրամի ներկայացուցիչ: Այսինքն՝ դրանից հետո շենքը պիտի դրվեր պետական հաշվեկշռում, ինչը չի արվել, և շենքը հիմա անտեր վիճակում է հայտնվել, առանց տիրոջ, առանց որևէ մեկի պատասխանատվության, ենթակայության տակ:
«Գ.Թ.» – Դուք Մշակույթի նախարարի խորհրդականն էիք, որպես հիմնադրամի ներկայացուցիչ, որևէ քայլ չե՞ք ձեռնարկել շենքի հետագա ճակատագիրը պարզելու համար:
Դ.Մ. – Բազմիցս հարցը քննարկվել է: Բայց քանի որ խնդիրը Քաղշին կոմիտեի իրավասության դաշտում է, որևէ քայլ չի ձեռնարկվել: Չորս անգամ պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ վարչապետին հիմնադրամի անունից, պատճեններն ուղարկվել են այն ժամանակվա փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Լռություն: Մշակույթի նախարարին ոչ պաշտոնապես, ուղղակի ասվել է, նա խնդրի մեջ խորամուխ չի եղել: Իսկ քաղշինկոմիտեի նախագահը իմ բոլոր ոչ պաշտոնական հորդորներին և պաշտոնական նամակագրությանը պատասխանել է, թե վարչապետն իրեն ասել է՝ զբաղվել միայն աղետի գոտիով:
«Գ.Թ.» – Ի վերջո, շենքը որքան էլ տեր չունենա, որոշակի խնամքի, պահպանման խնդիրներ ունի: Այդ ծախսերը ո՞վ է հոգում:
Դ.Մ. – Հիմնադրամը: Բայց քանի որ շենքը որևէ գրանցման չի ենթարկվել, պահակներին չեմ կարող պաշտոնապես վճարել, ես եմ վճարում նրանց ամսական վճարը որպես պարգևավճար: Ես գրանցված եմ որպես կաթսայատան, վերելակի և էլեկտրականության պատասխանատու, այսինքն՝ այդ ծախսերն էլ ենք վճարում: Ուզում եմ մեկ անգամ ևս հորդորել թե՛ իշխանություններին, թե՛ հանրությանը՝ Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարան նախագծին վերաբերվելով որպես մշակութային կենտրոն-թանգարանի, որը ոչ միայն Մաթևոսյանի անվամբ, այլև մշակութային կրթության, մշակույթի և ժառանգության հարցերով է զբաղվելու: Այն մեծ նախագիծ է, որը նախատեսում է շրջակա այգին, փողոցի աջ և ահյակ կողմերում, դարձնել բուսաբանական փոքրիկ հավաքածու-այգի, որը թանգարանի էքսպոզիցիոն ծրագրի անբաժան մասն է լինելու, որովհետև ցուցանմուշային ցուցադրություն է, և գաղափարականը սկսվելու է դրսից, մոդելավորելու ենք Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական միջավայրը, այսինքն՝ պայմանական ասած՝ Ծմակուտն ու Անտառամեջը: