ՊԵՐՃ  ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Պերճ Զեյթունցյան
Նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին:
«Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր դրամատուրգիային նոր շունչ հաղորդելու և թատերական կյանքը հարստացնելու գործում:
Մեր ազգային նորօրյա զարթոնքի շրջանում նորովի և առանձնահատուկ կերպով դրսևորվեց Պերճ Զեյթունցյանի հրապարակախոսական տաղանդը»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

***

Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս և թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է:
Նա ստեղծեց գրականություն, որը երբևէ ժամանակ չճանաչեց:
Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ:
Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները:
Նա կամուրջ էր արվեստի և հասարակության, քաղաքացու, մտավորականի և մշակույթի միջև:
Պերճ Զեյթունցյանն այլևս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը և բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:
Ցավակցում եմ Պերճ Զեյթունցյանի ընտանիքին, հարազատներին, նրա գրչի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը:

Արա ԲԱԲԼՈՅԱՆ
ՀՀ ԱԺ նախագահ

Ո՞ԻՐ ԵՍ, ՊԵ՛ՐՃ
Առանց քեզ դժվար է լինելու ապրելը, Պե՛րճ:
Գրելը` առավել ևս:
Դու քո առաջին` «Նրա առաջին ընկերը» գրքով իմ գրական ընկերն ու ուսուցիչը դարձար ու մնացիր քո արձակով, հրապարակագրությամբ, թարգմանություններով (վերջերս ասում էիր, որ պահպանվել է այն նամակը, որ քեզ գրել եմ 7-րդ, թե՞ 8-րդ դասարա- նում):
Դու իմ անդրանիկ գրքի` պատմվածքների ժողովածուի ներքին գրախոսողը եղար, ու կարևորը այն չէ, որ գիրքը տպվեց, այլ այն, որ հանդիպելիս ինձ մի խորհուրդ տվեցիր.
– Այսօր որ տուն գնաս, Մոպասանի «Ճարպագունդը» կկարդաս:
– Կարդացել եմ,- վիրավորվեցի:
– Նորից կարդա,- պնդեցիր,- մի՛շտ:
Նորից կարդացի, Պե՛րճ, կարդում եմ` մի՛շտ:
Հիվանդանալուցդ հետո խուսափում էի քեզ այցելել, կարծում էի` խանգարում եմ (խոստովանեմ` ինձ համար էլ հեշտ չէր քեզ այդ վիճակում տեսնելը), գալիս էի միայն այն ժամանակ, երբ որպիսությունդ իմանալու համար հեռաձայնում էի, ու դու համարյա հանդիմանում էիր.
– Ո՞ւր ես:
Այսուհետև քեզ կարոտելու, երկար եմ պտտվելու ձեր շենքի շուրջը ու եթե ինքս ինձ խաբեմ, աստիճաններով բարձրանամ, սանդղահարթակին չտեսնեմ ջեռուցման խողովակին շղթայված աթոռը, որի վրա հանգստանում էիր հարկաբաժին բարձրանալիս կամ իջնելիս, ինքս եմ հարցնելու.
– Ո՞ւր ես, Պե՛րճ:
Հարցնելու, ու քանի որ վերջին երկու ներկայացումներիդ ցուցանորը միասին ենք դիտել Սունդուկյանի, Ղափլանյանի անվան թատրոններում, տեսել եմ հանդիսատեսի սերը քո նկատմամբ, ինքս էլ պատասխանելու եմ.
– Ժողովրդի սրտում:
– Բազմադարյա հայ գրականությունում:
Ընդմի՛շտ:

Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ 

***

Կյանքից հեռացավ մեր գրականության ևս մեկ նվիրյալ` արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը, ում ողջ կյանքն ու գործը շաղկապված են մեր ժողովրդի պատմությանը, ներկային ու, հավատացած եմ, ապագային: Նաև հաստատապես օտար երկրների նրա ընթերցողներն ու գրչընկերներն այսօր կցավեն իսկական մարդու և գրողի մահվան կապակցությամբ:
Նա ՀՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր էր, Հռոմի «Թիբերնա» ակադեմիայի անդամ էր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արժանացել էր Երևանի պատվավոր քաղաքացի, «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մեր հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանների:
Սակայն ինչպես ինքն էր գրել, այնքան էլ կարևոր չեն կոչումներն ու մեդալները, կարևորը` գրողի անունը սիրելի լինի: Այդ առումով, սիրելի գրողին ոչ միայն սիրում, այլև նրանից սպասում էին ու պահանջում նոր ստեղծագործություններ:
Պերճ Զեյթունցյանի մուտքը համընկավ 60-ականների սերնդի հետ` Աղասի Այվազյան, Հրանտ Մաթևոսյան, Վարդգես Պետրոսյան, Ռուբեն Հովսեփյան, Զորայր Խալափյան, Նորայր Ադալյան, Մուշեղ Գալշոյան, Վահագն Գրիգորյան. ամեն մեկն իր ուրույն ձեռագրով:
Ամերիկյան արձակի հետք փնտրեցին նրա գործերում, ինչի առիթով 70-ականների սկզբում Դերենիկ Դեմիրճյանի մասին իր հոդվածով պատասխանեց իրեն եվրոպական և ամերիկյան ազդեցություն կրողի մակնիշ կպցնողներին, ասելով. «Պատմությունը արդիական շունչ ունի: Պատմությունը միջոց է, ոչ նպատակ: Ծառայում է այսօրվա նպատակներին»:
Այսպիսի գաղափարներ դավանողը պիտի գրեր «Արշակ Երկրորդ» վեպը, «Ամենատխուր մարդը», «Մեծ լռություն» և այլ ժողովածուներ, շուրջ 35 գիրք` վեպեր, վիպակներ, պիեսներ, հոդվածներ:
Հարկ է առանձին ասել նրա հոդվածների մասին, որոնցում արտահայտված էր նրա հավատամքը` «Սիրում եմ, ցավում եմ, ուզում եմ լավ լինի իմ երկիրը: Խիղճս հանգիստ չէ, մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհն այն է, որ բարեկեցիկ երկիր կառուցենք թուրքի քթի տակ, բարոյապես ուժեղ, կեղտից ու աղտից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք: Գոնե մասամբ»:
Մարդ և քաղաքացի` շիտակ, ուղիղ աչքերին նայող և ճշմարտություն ասող: Ասում էր. «Պետք է միշտ գրել, հոգնելու իրավունք չունենք, թեպետ մեր գրածների ազդեցությունը կարճատև է և անցողիկ»:
Ո՛չ, սիրելի՛ Պերճ, Ձեր ստեղծածը երկար է մնալու, երկար, որքան հայ ընթերցողը, ում հետ ապագայում էլ զրուցելու եք և մենախոսելու, փոխկանչի մեջ եք լինելու…

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Պերճը ի ծնե տաղանդ էր` մեծ ապագայի սպասելիքներով
Ես Պերճի բազմաթիվ մտերիմ ընկերներից էի ու առաջին պահից զգացի`
1948 թ. Եգիպտոսից ներգաղթել է մի պատանի, ով իր որդիական նվիրվածությամբ ու հեքիաթային երազանքներով սիրում է Երևանն ու Հայաստանը: Նա իր պաշտոնավարությամբ ու որպես դրամատուրգ նվիրվեց Հայրենիքին, դատապարտեց ցեղասպանությունը, մերկաց- րեց, անարգանքի սյունին գամեց թուրք ջարդարարներին:
Պերճ Զեյթունցյանն իր լուսավոր կերպարով, գրական հարուստ ժառանգությամբ հավերժացավ ժողովրդի սրտում:

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մենք Պերճին հրաժեշտ չենք տալիս
Կան գրչի մարդիկ, որոնց կարդալիս մտածում եմ` մեկ այլ աշխատանք կարող էին կատարել և, գուցե, հաջողությամբ: Պերճ Զեյթունցյանին վիճակված էր ծառայելու միայն գրականությանն ու թատրոնին, նրա այս տաղանդն ի ծնե էր` պայմանավորված իր ժողովրդի արյան կանչով: Երիտասարդական տարիների պատմվածքներից մինչև հասուն շրջանի վեպերն ու դրամատիկական երկերը ցուցադրում են կատարյալ գրողի մտավոր և հուզական անշփոթելի նկարագիրը, եթե, նույնիսկ, անուն-ազգանունը ստեղծագործության գլխամասում բացակայի, հասկանում ես` դա Պերճն է, շատ քիչ գրողներ ունեն նման ոճական անձնագիր: Նա հարևանություն է անում ազգային ու համաշխարհային գրական-գեղարվեստական մշակույթի մնայուն արժեքներին: Հայ արդի գրական դաշտում նա առաջիններից էր, ով ձանձրացած իրեն մերձ գրողների պահպանողականությունից, որոնք կոլխոզային, մութ և կաղապարված խորհրդային գրականություն էին ստեղծում, հետևեց մայրենիի լուսավոր կողմնորոշումներին և, մանավանդ, լսեց դրսի` համաշխարհային գրական զարգացման ղողանջները: Այս «դրսի» համար էլ ուրիշ «մոլորյալների» հետ, պաշտոնական գրաքննադատության կողմից պիտի որակվեր որպես արտասահմանյան գրականությունից մեզ մոտ իջած դեսանտ, որը քաղաքական վտանգավոր երկիմաստ ուներ: Նաև Պերճի շնորհիվ վերազինվեց հայ նորագույն արձակագրությունը:
Պերճ Զեյթունցյանը թողեց հարուստ, իր անվան պես պերճաշուք գրական ժառանգություն: Եվ մենք այսօր հրաժեշտ չենք տալիս նրան:

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

***

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամների և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում հայ ազգի ազնվագույն զավակ, Հանրապետության ականավոր մշակութային գործիչ, կոմպոզիտորների լավ բարեկամ, անվանի գրող Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Համոզված ենք, որ նրա գործերը մշտապես կապրեն բեմերի վրա, գրասեր հասարակության սրտերում և հայ գրականության պատմության մեջ: Նրա հիշատակը երկար տարիներ վառ կմնա մեր բոլորի սրտերում:

Արամ ՍԱԹՅԱՆ
Կոմպոզիտորների միության նախագահ

***

Հայաստանի ժուռնալիստների միությունը անհուն վիշտ է ապրում տաղանդավոր հրապարակախոս, «Ոսկե գրիչ» մրցույթի դափնեկիր, մեծ հայրենասեր, հանճարեղ գրող ու դրամատուրգ, անձնվեր մարդ, քաղաքացի, անփոխարինելի ընկեր ու բարեկամ, մեր շատ սիրելի Պերճ Զեյթունցյանի անդառնալի կորստյան կապակցությամբ:
Նրա անունն իր կենդանության օրոք արդեն ոսկե տառերով գրվեց ինչպես հայ գրականության, մշակույթի, այնպես էլ հայ մամուլի պատմության մեջ:
Ափսոս, հազար ափսոս… Մեր մեծերից մի անկրկնելի, անզուգական մարդ էլ հրաժեշտ տվեց մեզ:

Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

***

Հայաստանի մշակույթի աշխատողների արհմիության ճյուղային հանրապետական միությունը սրտանց ցավում է մեծ մարդու, մեծ հայրենասերի, մեծ ճանաչում և սեր վայելող գրող-մտավորականի` Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ և իր վշտակցությունն է հայտնում նրա մերձավորներին, գործընկերներին, Գրողների միության անդամներին:

Ժ. ԹՈՐՈՍՅԱՆ
Ճյուղային հանրապետական միության նախագահ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.